Jump to content

«Չարի վերջը»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Content deleted Content added
չ 46.70.166.138 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Սահակ մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Rollback
No edit summary
Պիտակներ՝ Reverted Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 180. Տող 180.
Չարի համար թե վաղ, թե ուշ,
Չարի համար թե վաղ, թե ուշ,
Էդ է պահված, Աղվես աղա,
Էդ է պահված, Աղվես աղա,
Ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜…
{{տող|175}}Պատասխանեց Ագռավն ու թռավ:
{{տող|175}}Պատասխանեց Ագռավն ու թռավ:



06:19, 11 Հունիսի 2024-ի տարբերակ

Չարի վերջը
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 137
տ. ― էջ 390, ծ. ― էջ 561

ՉԱՐԻ ՎԵՐՋԸ


Լինում է մի սար,
Էն սարում մի ծառ,
Էն ծառում փըչակ,
Փըչակում մի բուն,
5 Բընում երեք ձագ,
Ու վըրեն Կըկուն։
— Կո՛ւկու, կո՛ւկու, իմ կուկուներ,
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
      Թըռչե՜ք, գընաք,
     10 Ուրախանաք...
Երգում էր մարիկ Կըկուն.
Մին էլ, ըհը՛, Աղվեսն եկավ.
      — Էս սարը իմն է,
      Էս ծառը իմն է,
     10 Ծառում փըչակ կա,
      Փըչակում՝ մի բուն,
      Էս ո՞վ է եկել
      Տիրացել թաքուն։
Ախ դու Կըկու, հիմա՛ր Կըկու,
20 Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու։
— Երեք հատ ձագ, աղա Աղվես։
— Երեք հատ ձագ ցույց կըտամ քեզ։
Ու չե՞ս ասել, դու, անամոթ,
Մինը ծառա ղըրկես ինձ մոտ։
25 Ձըգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հըրեն սըրած,
      Գընամ բերեմ,
      Ծառը կըտրեմ...
      — Վա՜յ, չըկտրես,
30 Աստված սիրես,
      Էս մինն ահա
      Տար քեզ ծառա,
      Միայն թե էդպես
      Մի ջընջիլ մեզ
35 Բընով–տեղով,
      Ամբողջ ցեղով։
Խնդրեց մարիկ Կըկուն ու ձագերից մինը ձգեց ներքև։
Աղվեսը՝ հա՛փ, առավ գնաց։
      — Վայ–վա՜յ, դու–դո՜ւ,
40 Իմ լավ կուկու.
      Ո՞ր սև սարում,
      Ո՞ր անտառում,
      Ո՞ր թըփի տակ
      Կորար մենակ...
45 Վայ–վա՜յ, դու–դո՜ւ,
      Իմ խեղճ կուկու...
Լաց էր լինում մարիկ Կըկուն, մին էլ, ըհը՛, Աղվեսը ետ եկավ։
      — Էս սարը իմն է,
50 Էս ծառը իմն է,
      Ծառում փըչակ կա,
      Փըչակում՝ մի բուն,
      Էս ո՞վ է եկել
      Տիրացել թաքուն։
55 Ախ դու Կըկու, հիմար Կըկու,
Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու:
— Երկու հատ ձագ, աղա Աղվես:
— Երկու հատ ձագ ցույց կըտամ քեզ:
Ա՛խ, չարամիտ դու ավազակ,
60 Ի՜նչ խաբար է, երկո՜ւ հատ ձագ.
Ի՜նչ, ուզում էս էստեղ զոռով
Լըցնես ամբողջ կըկուներո՞վ…
Ձըգի շուտով մի հատը ցած,
Թե չէ՝ կացինս հըրեն սըրած,
65 Գընամ բերեմ,
      Ծառը կըտրեմ…
      — Վա՜յ, չըկտրես,
      Աստված սիրես,
      Էս էլ առ տար,
70 Ու թող դադար՝
      Վերջինը գեթ
      Մընա ինձ հետ…
Աղաչեց մարիկ Կըկուն ու երկրորդ ձագն էլ ձգեց ներքև:
Աղվեսը՝ հա՛փ, էս էլ առավ ու գնաց:
75 — Վայ-վա՜յ, վույ-վո՜ւյ,
      Ընչի՞ համար
      Եկա ես սար,
      Բուն շինեցի,
      Ձագ հանեցի…
80 Աղվեսն եկավ,
      Տարավ, կերավ,
      Երկու, երկու,
      Կուկու… կուկու…
      Լաց էր լինում մարիկ Կըկուն:
85 Էս միջոցին — ղա՜, ղա՜, ղա՜, Ագռավն անց էր կենում
էն կողմերով: Լսեց Կըկվի լացի ձայնը:
      — Էդպես տխուր ու զարհուրիկ
      Ի՞նչ ես լալիս, Կըկու քուրիկ:
      — Ինչպես չըլամ, ա՛ սանամեր.
90 Աղվեսն եկավ էն սըրտամեռ,
      Գըլխիս էսպես փորձանք բերավ,
      Ձագուկներըս տարավ, կերավ:
      — Վո՜ւյ իմ աչքին, անխելք Կըկու,
      Ինչպես իզուր խաբվել ես դու
95 Սուտ խոսքերից չար Աղվեսի:
      Ոն՜ց թե սարը իմն է՝ կասի:
      Ո՞վ է տըվել էն լըրբին սար.
      Սարն ամենքիս է հավասար…
      Ո՞վ կըթողնի վեր կենա նա
100 Ամբողջ սարին գա տիրանա,
      Անունը տա սըրած կացնի,
      Սրան-նրան սուտ վախեցնի,
      Ու մինն էսօր, մյուսը—երեկ,
      Ձագեր տանի, ուտի մեկ-մեկ…
105 Սև գրողի էն տարածին
      Ո՞վ է տըվել սըրած կացին:
      Մին էլ որ գա ու սպառնա,
      Մի՛ վախենա, քըշի գնա:
      Էսպես ասավ Ագռավն ու թըռավ գընաց: Ահա կրկին
110 Աղվեսն եկավ:
      — Էս սարը իմն է,
      Էս ծառը իմն է…
      Հազիվ էր ասել, Կըկուն բնից գլուխը հանեց՝
— Սուտ ես ասում, դու խաբեբա,
115 Անխիղճ գազան, անկուշտ, ագահ:
Ո՞վ է տվել էստեղ քեզ սար,
Սարն ամենքիս է հավասար:
Ի՜նչ ես եկել սուտ տեր դարձել,
Ես էլ հիմար՝ ճիշտ եմ կարծել,
120 Ձագուկներըս տըվել եմ քեզ…
Կորի՛, գընա, դու չար Աղվես,
Հերիք ինչքան սուտ ես ասել.
Հիմի գիտեմ, չեմ վախում էլ.
Կացին չունես ծառը կըտրես:
125 — Ո՞վ ասավ քեզ:
      — Ագռավն ասավ:
      — Ագռա՞վը, լա՜վ:
Ու Ագռավի վրա բարկացած Աղվեսը պոչը քաշեց,
հեռացավ: Գնաց մի դաշտում սուտմեռուկի տվավ, վեր
130 ընկավ, իբրև թե սատկել է: Ագռավն էլ կարծեց՝ իրավ
սատկել է, թռավ եկավ վրեն իջավ, որ աչքերը հանի:
Աղվեսը՝ հա՛փ, հանկարծ բռնեց:
      — Ղա՜-ղա՜, ղա՜-ղա՜,
      Աղվես աղա…
130 — Ա՛յ դու կռավան չարալեզու,
Ո՜նց թե Կըկվին ասել ես դու,
Թե ես կացին չունեմ սըրած…
Կացին չունե՜մ… դե՜ հիմի կա՛ց…
— Վա՜յ, քեզ մեղա,
140 Աղվես աղա,
Ես եմ ասել, չեմ ուրանամ,
Ինձ քըրքըրի, ինձ կեր հում-հում,
Տո՛ւր ինչ պատիժ սիրտըդ կուզի,
Բայց մի վերջին խոսքըս լըսի:
145 Ես էն սարում, հենց դեմ ու դեմ,
Էնպես մի թանկ պահուստ ունեմ,
Որ չես գըտնի դու քո օրում
Ոչ մի թառում կամ անտառում:
Ընչի՞ համար էն ահագին
150 Գանձը կորչի հողի տակին:
Արի գընանք, հանեմ տամ քեզ,
Էնքան ուտե՜ս, էնքան ուտե՜ս…
Թե չըլինի ու սուտ դուրս գամ,
Ես հո էստեղ միշտ կամ ու կամ…
155 — Գնա՛նք, ասավ Աղվեսը: Թե կըլինի, շատ լավ,
թե չի լինի, էլի քեզ կուտեմ:
Գնացին:
      Վերևից թռչելիս Ագռավը նկատել էր, որ մի թփում
պառկած էր գյուղացու շունը: Աղվեսին տարավ, տարավ,
160 դուրս բերավ ուղիղ էն թփի վրա:
      — Ա՛յ, ասեց. էս թփումն է իմ պահուստը:
      Աղվեսն ագահ վրա ընկավ թփին. շունը վեր
թռավ, կոկորդից բռնեց ու դրեց տակին: Աղվեսը
խեղդվելով սկսավ խռխռալ.
165 — Ա՜խ, ե՜ս… ա՜խ, ե՜ս…
      Զգույշ Աղվես,
      Փորձանքի մեջ
      Ընկնեմ էսպե՜ս…
      Ա՜խ, անիրա՜վ
170 Դու սև Ագռավ…
      — Ինչքան էլ որ լինիս զգույշ,
      Չարի համար թե վաղ, թե ուշ,
      Էդ է պահված, Աղվես աղա,
     
175 Պատասխանեց Ագռավն ու թռավ:

1908


Արտաքին հղումներ