Jump to content

Քի՜չ էլ, քի՜չ էլ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Վերահղված է Քիչ է՜լ, քիչ է՜լից)
Քի՜չ էլ, քի՜չ էլ

Առասպելն ու իրականը (երկու հակապատկեր)
1

Մեկ աղքատ մարդ մի որդի ուներ մինուճար՝ Քաջիկ անունով։ Քաջիկը շատ սրամիտ էր և շատ խելոք, միայն թե՝ շատ դյուրագրգիռ էր և շուտ բարկացող։ Նա չէր վերցնում ո՛չ մի դառը խոսք, ո՛չ մի կոպիտ վարմունք, և այս պատճառով էլ՝ ոչ մի վարպետի մոտ երկար չէր մնում մի արհեստ սովորելու համար։ Հայրը մի վարպետից մյուսի մոտ էր տանում, մի արհեստից հանում, մյուս արհեստի էր տալիս, բայց որովհետև բոլոր արհեստավորներն էլ միատեսակ կոպիտ վարվեցողություն ունեին, այդ պատճառով էլ Քաջիկը ոչ մեկի մոտ երկար չէր մնում։

Մեկ օր էլ հայրն ասաց.

— Ես որտե՞ղ գտնեմ քեզ համար այնպիսի վարպետ, որ քո բնությանդ հարմար լինի։ Մեր աշխարհի օրենքն այնպես է, որ վարպետը պետք է աշակերտին խրատե, հանդիմանե, ծեծե, որ նա մարդ դառնա։

— Այդ շատ լավ ես ասում, հա՛յր,— պատասխանեց Քաջիկը,— բայց ի՞նչ անեմ, ես չեմ կարողանում վերցնել։ Երբ որ ինձ հետ մարդավարի չեն վարվում, գլուխս շշմում է, աչքերս մթնում, էլ ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ լսում։ Իմ կոպիտ վարպետներս կարծում են, թե ես գիտությամբ եմ կուրանում ու խլանում, և ավելի են բարկանում ու ավելի ծեծում,— այս ասաց Քաջիկը և սկսեց լաց լինիլ։

Հայրը խելոք մարդ էր. գիտեր, որ Քաջիկի ասածն ուղիղ է, բայց ի՞նչ աներ խեղճը, կոպիտ վարպետներին բարեկրթել չէր կարող, մնացել էր տարակուսած և չգիտեր ո՛ւր տաներ յուր որդին։ Վերջը մտածեց, որ տանե մի ուրիշ քաղաք, գուցե կարողանա յուր որդու բնությանը հարմար մի վարպետ գտնել։ Այսպես մտածելուց հետո հայր ու որդի վճռեցին, պատրաստություն տեսան և ճանապարհ ընկան դեպի մի ուրիշ քաղաք։ Շատ գնացին թե քիչ, Աստված գիտե, մինչև հասան մի աղբյուրի, նստեցան աղբյուրի մոտ, որ ճաշեն, հանգստանան և հետո շարունակեն իրանց ճամփան։ Մի փոքր որ հանգստացան՝ հայրը բերանքսիվայր ընկավ աղբյուրի վրա, մի կուշտ խմեց և ասաց.

— Ուխա՜յ…

Այս խոսքի վրա հանկարծ մի մարդ դուրս եկավ աղբյուրից՝ երկար հասակով ու մորուքով, և ասաց.

— Ե՛ս եմ Ուխայը, ի՞նչ եք ուզում ինձանից։

Այս որ տեսան, հայր ու որդի մնացին իրար երեսի մտիկ տալիս, զարմացան, ապշեցան և չիմացան՝ ինչ պատասխան տան։ Վերջը հայրն ասաց.

— Ուխա՛յ ապեր, մենք քեզ չկանչեցինք և ոչինչ չենք ուզում քեզանից։ Մենք ճանապարհորդ ենք. սա իմ որդին է, տանում եմ մի վարպետի տամ, որ մի արհեստ սովորի։

Ուխայն ասաց.

- Տուր ի՛նձ, ես դրան լավ արհեստ կսովորեցնեմ և լավ կպահեմ։ Ես գիտեմ դրա բնությունը, դա ամեն մարդու մոտ չի կենալ, ամեն արհեստ չի սովորիլ, բայց ինձ մոտ կմնա։

Հայրը չիմացավ՝ ինչ պատասխան տար խորհրդավոր Ուխային, որովհետև կարծում էր, թե գուցե նա մարդ չէ, այլ՝ սատանա է կամ հրեշտակ, բայց Քաջիկն ասաց.

— Հա՛յր, ես կերթամ նրա մոտ, երևում է, որ սա մի հնարագետ մարդ պիտի լինի, ես սրա արհեստը կսովորեմ։

Հայրն ասաց.

— Թող քո կամքը լինի։— Եվ որդին տվավ Ուխայ ապորը։

Ուխայ ապերը մի քսակ ոսկի տվավ հորը և ասաց.

— Մի տարուց հետո կգաս էլի այս աղբյուրի մոտ, կխմես և կասես՝ ուխա՜յ, ես էլի դուրս կգամ և քո որդին քեզ կհանձնեմ։

Այս ասելուց հետո Քաջիկի ձեռքից բռնեց և անհայտացավ աղբյուրի մեջ…

2

Ուխայը մի ճարպիկ ձեռնածու էր, այսինքն՝ աչքակապ, ֆոկուսնիկ, և միևնույն ժամանակ մի չլսված ու չտեսնված կախարդ։ Նրա բնակարանը մի առանձնացած տեղ էր. երկրի երեսի՞ն էր արդյոք, թե՞ գետնի տակին՝ հայտնի չէ, և այնքան հրաշալի մի շենք էր, որ լեզվով պատմել չի լինիլ։ Բոլոր պատերը, սյուները, հատակը, առաստաղը, վերնածածկը, գավիթը[1], պարիսպը, մի խոսքով՝ ամբողջ շինությունը յուր բոլոր մասներով շինված էր արծաթից, ոսկուց, ադամանդից, յաղութից[2], զումրուխտից և ամեն գույնի գոհարներից ու անգին քարերից, և շինված էր այնպիսի վարպետությամբ ու ճաշակով, որ արեգակի ճառագայթները վրան ընկնելով՝ ամբողջ տունը ամեն մի րոպեից հետո մի նոր ձև, մի նոր պատկեր էր ստանում, որ մարդ նայելիս չձանձրանա, չկշտանա։ Նա ուներ և ընդարձակ այգի՝ ամեն տեսակ ծառ ու ծաղկով զարդարված, միշտ փթթած, միշտ դալար՝ թե՛ ամառ և թե՛ ձմեռ, բայց ո՛չ մի խոտ, ո՛չ մի թուփ, ո՛չ մի ծառ կամ ծաղիկ բուսեղեն չէր, իսկական, բնական բույս չէր, այլ՝ ով գիտե ինչից էին շինված և ինչպես։ Ավազաններ կային տեղ-տեղ՝ հրաշալի ավազաններ, մարջանից[3] շինած խողովակներով և մարմարիոնից շինած հյուրիների[4] չքնաղ անդրիներով[5], որոնց գլուխների վրա դրած ոսկե սափորներից ականակիտ շատրվանները մինչև հիսուն կանգուն[6] վեր էին խփում և ցնցողնած վայր թափվում՝ ծիածանի բոլոր գույներովը զարդարված։ Բայց… ջուր չէր այդ թափվածը, այլ՝ ով գիտե, գուցե ադամանդի, այսինքն՝ բրիլիանտի ու ալմաստի հալվածք էր կամ մի այլ զարմանալի հեղուկ։

Թռչուններ կային տեսակ-տեսակ, ամեն ցեղի և ամեն գույնի, որոնք թևերը շարժելով երգում էին հազար ձայնով, բայց… չէին թռչում, որովհետև նրանց թևերը փետուրից չէին, նրանք իսկական թռչուններ չէին, բայց այնպես էին շինված, որ մի մեղմ հով փչելիս՝ նրանց մեջ սարքած մեքենան շարժել էր տալիս նրանց թևերը, և նրանց կտուցից դուրս էր գալիս մի զմայլելի երգ, և թեպետ ամեն մեկը մի ջոկ ձայնով ու եղանակով էր երգում, բայց բոլորի ձայնը մեկտեղ խառնվելով մի զարմանալի ներդաշնակություն էր հառաջ գալիս, դառնում էր մի սքանչելի մեղեդի, որ մարդ լսելուց չէր կշտանում։ Այդ մեղեդին յուր եղանակը փոխում էր փչած քամու կամ հովի փոխվելու հետ…

Այսպես Ուխայը ամեն ինչ ուներ, բայց բոլորն էլ ճարտարության գործ էր և ո՛չ բնության։ Մի կին ուներ միայն, որ ճշմարիտ, իսկական կին էր, շատ գեղեցիկ ու խելոք, և հմուտ՝ յուր մարդու բոլոր գիտությանը և արվեստին։ Նրանք չունեին ո՛չ խոհանոց, ո՛չ խոհարար և ո՛չ ծառա։ Ճաշելու ժամանակ սեղան էին նստում և ինչ որ ուզում էին՝ իսկույն դրվում էր սեղանի վրա ոսկեղեն ամաններով։ Քաջիկը ո՛չ տեսած և ո՛չ լսած էր. այնպիսի՜ համադամ կերակուրներ կային։ Եթե նրա սիրտը երբեմն յուր թանապուրն էր ուզում կամ մախոխը[7]՝ իսկույն դրվում էր նրա առաջին։ Երբ որ ծարավում էին՝ վերցնում էին դատարկ բաժակը, և նա իսկույն լցվում էր պարզ ու զովարար ջրով։ Հագնել էին ուզում, իսկույն պատրաստ էր լինում հագուստը՝ ինչ ձևի և ինչ կտորից որ ուզենային։ Եվ այսպես ամեն ցանկություն, ամեն փափագ կատարվում էր իսկույնևեթ։ Քաջիկին սկզբում շատ տարօրինակ էր թվում այս ամենը, բայց հետզհետե ընտելացավ և հաշտվեցավ այս զարմանալի վիճակի հետ։

Այսպես մի քանի օր որ անցավ՝ Ուխայն ասաց Քաջիկին.

— Տե՛ս, ահա մենք որդի չունինք, եթե դու լավ սովորես իմ արհեստը, ես քեզ կորդեգրեմ, դու կդառնաս իմ որդին և կպահպանես ինձ ու իմ կնոջը մեր ծերության ժամանակ։

Այս հույսով Ուխայն սկսեց սովորեցնել Քաջիկին յուր կախարդության արհեստը։ Նա սովորեցնում էր կերպարանափոխվելու հնարքը, թե ինչպե՛ս պետք է մարդ յուր ուզած բանը դառնա, օրինակ՝ ձի, թռչուն, քար, ծառ և ուրիշ բան, ինչ որ ուզենա։

Ամեն մի ջոկ բան դառնալու համար մի ջոկ ասելիք կար, այն ասելիքը որ սովորեր և ասեր՝ իսկույն կդառնար յուր ուզած բանը։

Քաջիկն սկսեց սովորել և վարժության համար ինչ ասես դառնում էր. ձի էր դառնում և չափ ընկնում[8] դեսուդեն. մուկն էր դառնում, ծակուծուկ մտնում. կատու էր դառնում, մլավում. շուն էր դառնում, հաչում. թռչուն էր դառնում, թռչում. ծառ էր դառնում, ճղները տարածում դեսուդեն. քար էր դառնում, մի տեղ ցցվում կամ վայր ընկնում. դերվիշ[9] էր դառնում և չանաղը[10] ձեռքն առած երգում, փայ ուզում, աշըղ էր դառնում, սազ ածում և խաղ ասում կամ մի նոր մարաքա[11] սարքում…

Ուխայի կինն ավելի շատ բան էր սովորեցնում Քաջիկին և շատ սիրում էր նրան։ Նա սկսեց այնպիսի բաներ էլ սովորեցնել, որ մարդուն հաճելի չէր։ Թեպետ այդ բաները նա ծածուկ էր սովորեցնում, բայց սատանա և խորամանկ Ուխայից ի՞նչ կծածկվեր։ Ուխայն ամեն գաղտնիք չէր ուզում հայտնել Քաջիկին, այդ բանը դեռ վաղ էր համարում, չէր ուզում յուր հացը բոլորովին կտրել և տալ ուրիշին։ Երբ որ գլխի ընկավ, որ Քաջիկն ավելի է հառաջ գնացել, քան թե պետք էր, սկսեց խեթ աչքով նայել նրա վրա, և վերջը բանը մինչև այնտեղը հասավ, որ ուզեց սպանել նրան։

Բայց կինն էլ պակաս խորամանկ չէր։ Նա էլ, երբ որ իմացավ մարդու միտքը՝ ուզեց ազատել Քաջիկին, և ասաց նրան, որ խելագար ձևանա և այնպես ցույց տա, որ իբր թե էլ ոչինչ չի կարողանում սովորել, և ինչ որ սովորել է, բոլորն էլ մոռացել է։

Քաջիկը ձևացրեց իրան իբրև խելագար՝ յուր սովորած արվեստի բոլոր ճարտարությամբ, դեղնեց, սփրթնեց և սկսեց խենթ ու խելառ ինչ ասես դուրս տալ գլխիցը և այնպիսի վտանգավոր բաներ անել, որ միայն խելագարը և գլխից ձեռք վերցրած մարդը կաներ։

— Խե՜ղճ տղա,— ասաց մեկ օր էլ կինը մարդուն,— շատ բան սովորելուց գժվեցավ…

Խորամանկ Ուխայը հեշտ և շուտ խաբվող չէր։ Նա ամեն հնար գործ դրավ, որ իմանա, թե արդյոք Քաջիկն ստո՞ւյգ խելագար է, թե՞ ձևանում է միայն, բայց ի վերջո բոլորովին համոզվեցավ, որ Քաջիկի խելագարության մեջ ոչինչ կեղծիք չկա…

Հենց այդ ժամանակները Քաջիկի հայրը եկավ աղբյուրից խմեց, ուխա՜յ ասաց։ Ուխայն իմացավ և իսկույն Քաջիկին տարավ տվավ հորը և ասաց.

— Որդիդ հիվանդացավ, և ինչ որ սովորել էր, մոռացավ։ Տար տուն, երբ որ լավանա՝ էլի՛ բեր ինձ մոտ։— Այս ասելուց հետո նրան մի քսակ ոսկի տվավ և ինքն անհայտացավ։

3

Ուխայը չասաց, թե՝ քո որդին խելագարվել է, և լավ էր, որ չասաց. եթե ասեր՝ շատ վատ կլիներ Քաջիկի համար, նա այնուհետև ինչ խելոք բան էլ որ աներ, հորը խենթություն պիտի թվար։

Ճանապարհին հայրն սկսեց հանդիմանել որդուն և ասել, որ նա կարողանալու չէ մարդ դառնալ։

— Մարդ որ չդառնամ,— պատասխանեց որդին,— մի՞թե մի ուրիշ կենդանի էլ չեմ կարող դառնալ, օրինակ՝ ձի, էշ, ուղտ…

— Ի՞նչ ասել կուզի որ կարող ես. ի՞նչ կա ավելի հեշտ, քան թե էշ դառնալը, դժվարը միայն մարդ դառնալն է…

— Այդպես չէ, հա՛յր, մարդ դառնալու համար ոչինչ դժվարություն չկա. մենք մարդ ենք ու մարդ, էլ ի՞նչ հարկ կա մարդ դառնալ, բայց ուրիշ բան է, եթե մարդը կարողանա էշ դառնալ, ձի դառնալ, քար դառնալ, ծառ դառնալ…

— Այդպես չէ, որդի՛, ով որ օրինավոր մարդ չէ, նա մի որևիցե կենդանու է նման․ հապա չե՞ս լսել, որ ասում ենք՝ այսինչ մարդը հիմար էշ է, փլանը կոպիտ արջ է, փստանը անզգա խոզ է, այսինչը խաբեբա աղվես է, այնինչը գիժ գոմեշ է, Մարկոսը մի խորամանկ օձ է, Կիրակոսը վախկոտ նապաստակ է, Մաթոսը մի կատաղած շուն է…

— Ո՛չ, հայրի՛կ, ես ուրիշ բան եմ ասում, դու՝ ուրիշ։ Ախր, ես ուսում եմ առել, շատ բան եմ սովորել, դու իմ ասածը, իմ լեզուն չես կարող հասկանալ։

— Ինչո՞ւ չեմ հասկանալ, որդի՛, եթե մարդավարի խոսես։ Ես ասում եմ՝ մարդ դառնալն է դժվար, դու ասում ես՝ էշ դառնալն է դժվար, այստեղ ի՞նչ կա չհասկանալու, այդ ի՞նչ ուսում է…

— Այս այն ուսումն է, որ ես կարող եմ ուղտ դառնալ, բայց դու չես կարող…

— Աստված մի՛ արասցե, ես չեմ ուզիլ ուղտ դառնալ։ Ինչո՞ւ մարդ դառնալը թողած՝ ուղտ դառնալը սովորեցիր, մի՞թե մեզանում քիչ ուղտեր կան… Ով որ լսի, մեզ ի՞նչ կասի, չի՞ ասիլ՝ փլանը յուր տղին տարել է տվել ուսումի, որ մարդ դառնա, բայց նա ուղտ է դառել…

Այսպես հայր ու որդի վիճելով շարունակեցին իրանց ճանապարհը, մինչև հասան մի մացառուտ տեղ։ Այնտեղ Քաջիկը ետ ընկավ և, մի թուփի քամակ անցնելով՝ դառավ մի եղնիկ և վազելով գնաց հոր առաջը։ Հայրն ուզեց բռնել, չկարողացավ։ Եղնիկը չէր փախչում, այլ մինչև անգամ բռնել էր տալիս և մեկ էլ հանկարծ դուրս պրծնում։ Հայրը կանչեց Քաջիկին, որ հասնի օգնե, բայց Քաջիկը չերևաց, մինչև եղնիկը փախավ ընկավ մացառուտը, նոր այնտեղից դուրս եկավ Քաջիկը։ Հայրը բարկացավ որդու վրա, թե՝ ինչո՞ւ շուտ չեկավ և սիրուն եղնիկը ձեռքից փախցնել տվավ։ Քաջիկը ծիծաղեց միայն և ոչինչ չասաց, մի քիչ որ առաջ գնացին, նա էլի ետ մնաց, դառավ մի ձիու քուռակ և գնաց հոր առաջին կանգնեց։ Հայրն ուզեց բռնել, բայց քուռակը բռնել չէր տալիս։ Կանչեց որդուն, որդին չերևաց, մինչև քուռակը փախավ, անհայտացավ, նոր երևաց որդին, բայց ուշ էր։ Հայրը դարձյալ հանդիմանեց որդուն, թե՝ ինչո՞ւ ուշացավ, և սկսեց պատմել, թե ինչքա՜ն գեղեցիկ էր քուռակը, կասեիր մի քաշած պատկեր էր, և անպատճառ մի հրեղեն կամ ծովաձիու քուռակ էր։

Այսպես, մինչև տուն հասնելը որդին շատ չարչարեց հորը՝ զանազան բաներ դառնալով։ Հենց որ հայրը հոգնում էր և ուզում էր նստել՝ Քաջիկը մի առիթ էր գտնում, ծածկվում և, ծածուկ մի բան դառնալով՝ հոր առաջն ընկնում վազում, հայրն ընկնում էր հետևիցը և բավական տեղ վազում էր. և մինչև տուն համարյա վազելով գնաց խեղճը։

Երբ որ տուն հասան, մյուս օրը որդին պատմեց հորը, որ ճանապարհին պատահած բոլոր բաներն ի՛նքն էր։ Հետո ասաց.

– Ես հիմա մի լավ ձի կդառնամ, դու ինձ տար ծախիր, միայն իմ սանձը չծախես։ Այս ասելուց հետո մտավ գոմը և այնտեղ դառավ մի կարմիր ձի, և այնքան գեղեցիկ, որ տեսնողը կասեր՝ ո՛չ ուտեմ, ո՛չ խմեմ, միայն սրա շենք ու շնորհքին մտիկ տամ։ Հայրը տարավ բազար, և բոլոր տեսնողները մնացին հիացած։ Հազար մանեթ գին դրավ, և մեկը, առանց խոսելու, հանեց տվավ փողը և ձին առավ տարավ։ Հայրը սանձը չտվավ և փողի հետ տարավ տուն։ Առնողը տարավ ձին և սկսեց խաղացնել, բայց չկարողացավ սանձահարել, և հրաշալի կենդանին, հրեղեն ձիու նման թև առած թռավ անհայտացավ։ Մի ժամից հետո նա իրանց տանն էր և առաջվան Քաջիկն էր։ Այսպես մեր Քաջիկը մի քանի անգամ ձի դառնալով և ամեն անգամ ուրիշ գույնով և ավելի թանկ գնով ծախվեցավ։

Մեկ օր էլ, երբ որ հայրը նրան բազար էր դուրս բերել, մի քոսակ մարդ մոտեցավ, ձեռքը քսեց ձիու բաշին, աչքերին, շատ հավանեց, գովեց և հարցրեց գինը։ Հայրն ասաց, որ գինը տասը հազար մանեթ է՝ առանց սանձի։

— Իսկ սանձն ի՞նչ արժե,— հարցրեց քոսակը։

— Սանձը ծախու չէ,— պատասխանեց հայրը։

— Սո՛ւտ ես ասում, կծախե՛ս,— ժպտալով ասաց քոսակը,— երևի ուզում ես մի բան էլ սանձի համար գջլես[12]։ Ես առանց սանձի չեմ առնիլ, որովհետև այս սանձն ինձ ավելի է դուր գալիս, քան թե ձին, և այս պատճառով ես մի հազար մանեթ էլ սանձի համար կավելացնեմ։

— Չեմ կարող տալ, թեկուզ երկու հազար մանեթ տաս…

— Ի՞նչ անխելք մարդ ես… դե լա՛վ, տասը հազար էլ սանձի համար կտամ։

Այս որ ասաց քոսակը, բոլորի բերանը բաց մնաց, թե՝ գիժ խոմ չէ այս մարդը, որ վեց շահանոց սանձին տասը հազար մանեթ է տալիս։

— Գիժն ավելի չտվողն է,— ասացին շատերը և սկսեցին մեղադրել ձիավաճառին, թե ինչո՛ւ այդպիսի մի առասպելական գնով չի ծախում սանձը։ Ինքը՝ հայրը, մնաց զարմացած այդ գնից և, շշկլվելով՝ սանձն էլ հետը ծախեց։ Քոսակը քսան հազար մանեթ համրեց տվավ հորը և ձիու սանձն առավ ձեռքը։

Երբ որ քոսակը ձիու սանձը ձեռքն առավ՝ ամենքն էլ նկատեցին, որ ձիու աչքերից արտասուքի խոշոր կաթիլներ թափվեցին։ Հայրն էլ տեսավ և զղջաց, ուզեց ետ առնել ձին, բայց քոսակը ժամանակ չտվավ. նա հեծավ ձին և մի ակնթարթի մեջ անհայտացավ։

Այս քոսակը Ուխայն էր, և ճանաչել էր Քաջիկին։

4

Ուխայը ձին տարավ յուր դռանը կապեց, ինքը մտավ տուն, առավ մեծ դանակը և սկսեց սրել, որ նրանով Քաջիկին մորթե։ Կինը նայեց պատուհանից և ճանաչեց Քաջիկին։ Մինչև մարդը դանակը կսրեր, կինը թաքուն վայր իջավ և սանձը վեր առավ ձիու գլխից։ Քաջիկն իսկույն մի աղավնի դառավ և թռավ դեպի տուն։ Ուխայը դուրս եկավ և տեսավ, որ ձին չկա, աչքովն ընկավ աղավնին, և իսկույն ինքն էլ մի բազե դառավ և ընկավ աղավնու հետևիցը։ Աղավնին տեսավ, որ բազեն հետևիցն է ընկել, իսկույն իմացավ, որ Ուխայն է. յուր ուժը կրկնապատկեց, որ նրա ճանկը չընկնի։ Այսպես աղավնին փախավ, բազեն էլ՝ նրա հետևիցը, մինչև հասան մի գյուղ, և հենց այն էր՝ քիչ էր մնում որ բազեն բռներ աղավնուն և քրքրեր՝ աղավնին իսկույն մի կարմիր խնձոր դառավ վայր ընկավ մի տան հերթից[13]։ Այդ տանը հարսանիք կար։ Նորափեսան յուր մակարներով[14] սեղան էին նստած և ուրախություն էին անում։ Նորափեսի առաջին, ինչպես սովորություն է, շատ մրգեղեն կար, որ բերել էին բարեկամները իբրև թագավորի մազա[15]։ Հերթից վայր ընկած կարմիր խնձորն էլ դրին թագավորի առաջին՝ կարծելով, թե բարեկամներից մեկը կլինի վայր ձգած զվարճության համար։ Բայց շուտով ամենքի ուշադրությունը դարձավ այդ խնձորի վրա, ամենքը նկատեցին, որ այդ խնձորը հասարակ խնձոր չէ։ Ամենքն էլ ձեռքներն առան խնձորը, հոտոտեցին, հիացան և գովեցին, ամեն մեկը մի բան ասաց, և վերջումը մեկն էլ ասաց, որ այս խնձորը հասարակ խնձոր չէ. սրան մարդ չի վայր գցել հերթիցը, և ի՞նչ հարկ կար. սա անպատճառ երկնքից է վայր ընկել և այն խնձորներիցն է, որ հեքիաթների մեջ հարսանիքի վերջին երկնքից վայր է ընկնում։

Բազե դառած Ուխայը Քաջիկի խնձոր դառնալը որ տեսավ և իմացավ, որ նույն տանը հարսանիք կա, ինքն էլ աշըղ դառավ և սազը ձեռքին մտավ հարսանքատուն։ Աշըղին պատվով ընդունեցին և նստեցրին փեսայի դեմուդեմը։ Աշըղը լարեց սազը և սկսեց այնպիսի երգեր երգել և այնպիսի եղանակներ ածել, որ բոլորովին մոռացնել տվավ խնձորի ներկայությունը, միայն ինքը աչքը խնձորից չէր հեռացնում։ Վերջը, երբ որ ուզում էին նրան մի լավ պարգև տալ, այսինքն՝ նորահարսի գործած մի ջուխտ նախշուն գուլպա և մի ջուխտ կարմիր տրխատան[16], աշըղը վեր չառավ, և խաղով հասկացրեց, որ յուր ուզածը միայն կարմիր խնձորն է…

Նորափեսան չուզեց աշըղի խաթրը կոտրել, վեր առավ խնձորը, որ տա իրան, բայց խնձորը վայր ընկավ ձեռքիցը և, մի բուռը կորեկ դառնալով, փռվեց հատակի վրա։ Ամենքը ետ-ետ քաշվեցան, որ տեսնեն այդ ինչ հրաշք էր, արդյոք խնձո՞րն էր, որ կորեկ դառավ, թե՞ խնձորը մի աման էր կորեկով լիքը, այդ միջոցին հանկարծ մի հավ լույս ընկավ և սկսեց կտկտալով հավաքել կորեկը։ Հենց որ բոլորն արդեն վերջացնելու վրա էր՝ կորեկի մեկն ասեղ դառավ և թռավ ցցվեց նորահարսի կրծկալի մեջ. հավն էլ իսկույն մի բարակ թել դառավ և թռավ անցավ ասեղի ծակը և ուզեց ասեղը յուր հետ թռցնել, բայց ասեղը հաղթեց թելին և թռավ ընկավ կրակի շեղջի մեջ։ Թելը կրակումն այրվեց իսկույն, իսկ ասեղը դուրս թռավ և դարձավ մեր Քաջիկը և զարմացրեց հանդիսականներին։

Թեպետ Քաջիկն էլի Քաջիկ դառավ և ազատվեց Ուխայից, որ արդեն մոխիր էր դարձել, բայց ինքն էլ այրվեցավ բավականին և ոչ միայն յուր առաջվան գեղեցկությունն ու թարմությունը կորցրեց, այլև՝ իր ձեռք բերած շնորհքը, յուր սովորած արհեստը։ Է՛լ չկարողացավ մի ուրիշ բան դառնալ, նրա բոլոր ասելիքները, բոլոր աղոթքներն ու թալիսմանները կորցրին իրանց զորությունը Ուխայի այրվելու հետ…

5

Շատ ցավում է մարդ, որ մի բան է կորցնում, թեկուզ այդ բանը շատ փոքր լինի։ Երեխան, երբ որ երազումը դանակ է գտնում և մյուս օրը տեսնում է, որ գտած դանակը չկա, սկսում է լաց լինել։ Ուրեմն, ինչքա՜ն կցավեր Քաջիկը, որ ոչ թե երազումը գտած դանակ էր կորցրել, այլ՝ յուր շնորհքը, յուր բոլոր ուսումը, այն էլ՝ այնպիսի ուսում, որ ոչ ոք չգիտեր, բացի իրանից։ Նա շատ դարդ արավ և վերջը մտածեց, որ գնա Ուխայի կնոջ մոտ, պատմե եղելությունը և նորից ձեռք բերե յուր գիտությունը։ Այս մտքով ճանապարհ ընկավ դեպի Ուխայի բնակարանը, բայց… էլ ոչինչ չկար… ամեն ինչ ցնդել էր օդի մեջ. ո՛չ մի հետք, ո՛չ մի նշան անգամ չէր մնացել։ Քաջիկին թվում էր, թե ուրեմն՝ ամեն ինչ երազումն էր տեսել, դանակ գտնող երեխայի նման, բայց չէ՝ նա աշկարա[17] տեսնում էր յուր այրված կաշին, յուր չեչոտված և այլանդակված կերպն ու կերպարանքը։

Այսպես դարդ անելով՝ մեր Քաջիկը ճանապարհ ընկավ դեպի ուրիշ երկիր, որ գուցե կարողանա մի նոր արհեստ սովորել և յուր այրված կաշին առողջացնել։ Շատ գնաց թե քիչ, Աստված գիտե, վերջը հասավ մի ծովեզերյա քաղաք։ Այս քաղաքումը նա լսեց, որ ծովումը մի կղզու վրա մի երևելի բժիշկ է կենում, և նա ամեն ցավի դեղ գիտե, ամեն ցավ բժշկում է։ Նա շաբթենը երկու անգամ դուրս է գալիս յուր նավակով և ամեն հիվանդի ասում է, թե ինչո՛վ պիտի բժշկվի, շատ անգամ դեղերն էլ ինքն է տալիս և ոչինչ չի առնում ո՛չ դեղի և ո՛չ բժշկության համար։

Այս լուրը շատ ուրախացրեց Քաջիկին։ Մյուս օրը բժշկի դուրս գալու օրն էր։ Քաջիկը գնաց ծովափ և մյուս հիվանդների հետ կանգնեց։ Անթիվ հիվանդներ կային ոչ միայն մոտիկ տեղերից, այլև՝ շատ հեռավոր երկրներից։ Շատերը մերձիմահ ընկած էին մահիճների մեջ, նրանց բերել էին պատգարակներով։ Բժիշկը դուրս եկավ ափը և ամենից առաջ դժվար հիվանդների մոտ գնաց, նրանց ամենքին էլ դեղ տալով՝ իսկույն ոտքի կանգնեցրեց և, մի քանի խորհուրդ տալով՝ ճանապարհ ձգեց, պատգարակով բերածները վերադարձան իրանց ոտքով։ Հետո մոտեցավ ավելի թեթև հիվանդներին և որին դեղ տվավ, որին՝ խորհուրդ, ամենից վերջը մոտեցավ Քաջիկին և ասաց.

— Դու կգաս ինձ հետ, քեզ ինձ մոտ կբժշկեմ։— Այս խոսքն այնպես քաղցրությամբ և մտերմաբար ասաց, որ կարծես նրա մոտիկ բարեկամը և ծանոթը լիներ։

Քաջիկը բժշկի հետ նստեց նրա նավակի մեջ, և թիավարելով գնացին բժշկի բնակարանը։

Բժշկի կղզին մի փոքր կղզի էր, և բացի իրանից ոչ ոք չէր կենում այնտեղ։ Նա էլ ուներ Ուխայի նման լավ տուն ու տեղ, լավ այգի, բայց բոլորն էլ հասարակ, բնական, ինչպես սովորաբար լինում են աշխարհի լավ տներն ու այգիները, միայն ավելի գեղեցիկ, ավելի ճաշակով էր շինված։ Նրա պարտիզի մեջ ամեն տեսակ խոտ ու ծաղիկ կար. այդ բույսերը աճում, ծաղկում էին և անուշահոտությամբ լցնում ամբողջ պարտեզը։ Նրանք ամենքն էլ պետքական էին, ամեն մինը մի քանի ցավի դեղ էր։ Նրա տունը զարդարած էր գեղեցիկ կահ-կարասիքով։ Մի մեծ սենյակ գրքերով էր լիքը, մի քանիսը՝ հազար ու մեկ տեսակ բաներով։ Այդտեղ կային զանազան հանքեր, չորացած բույսեր, հեղուկ և չորացրած դեղեր։

Բժիշկն սկսեց Քաջիկին հարցուփորձ անել, և երբ որ իմացավ նրա գլխի անցքը՝ ասաց.

– Ուրեմն, դու կմնաս ինձ մոտ, ես քեզ այն բաները կսովորեցնեմ, ինչ որ վայել է մարդուն գիտենալ, քո առաջվան սովորածդ մի անբնական և ցնորական բան է եղել և ցնորքի պես էլ ցնդել է օդի մեջ։ Ես քեզ կսովորեցնեմ բժշկություն, բայց առաջ քեզ կբժշկեմ, որ դու հավատաս իմ դեղերի զորությանը։

Այս ասելուց հետո Քաջիկին մերկացրեց և մի տեսակ յուղ քսեց նրա բոլոր մարմնին և երեսին։ Մյուս օրը մեր Քաջիկն այնպես էր, ինչպես մորից նոր ծնած. նա ոչ միայն բոլորովին լավացավ, առողջացավ, այլև ավելի թարմացավ, գեղեցկացավ, քան թե առաջ էր։

Բժիշկը, որքան որ նշանավոր բժիշկ էր, մի այնքան էլ շնորհալի դաստիարակ էր։ Ինչ որ ուրիշը մի տարումը հազիվ կարող էր սովորեցնել, նա մի քանի օրումն էր սովորեցնում։ Քաջիկն էլ լավ աշակերտ էր, և նրա ուշիմությունն էր, որ գրավում էր բժշկին, եթե ոչ՝ նա իզուր տեղը յուր անցավ գլուխը ցավի մեջ չէր գցիլ։ Տեսավ, որ մի շատ շնորհալի տղա է Քաջիկը, ուզեց մի հիշատակ թողնել իրանից հետո, որ յուր տեղը բռնող մեկը լինի։ Քիչ ժամանակից հետո մեր Քաջիկը դարձավ բժշկի քաջ օգնականը, և ամեն անգամ, երբ բժիշկը դուրս էր գալիս ցամաք՝ հիվանդներին բժշկելու, Քաջիկին էլ հետն էր տանում, որ տեսնի, թե՝ որ տեսակ հիվանդին ի՛նչ տեսակ դեղով է բժշկում։ Դժվար հիվանդներին բերում էին կղզին և իրանց մոտ էին բժշկում։ Դրանք այնպիսի հիվանդներ էին լինում, որոնց պետք էր լինում վիրահատություն։ Պատահում էր, որ շատերի փորը կտրում էին, ներսի վերքերը մաքրում, վրան դեղ ածում, փորը նորմեկանց կարում, առողջացնում։ Այսպես անցավ մի ժամանակ, շատն ու քիչն Աստված գիտե, և Քաջիկը շատ բան սովորեց, բայց որքան շատ սովորեց, այնքան շատացավ սովորելու փափագը, և նրան այնպես էր թվում, թե դեռ ոչինչ չգիտե, որովհետև սկսեց իմանալ, թե ինչքա՜ն բաներ կան գիտենալու, որ ինքը դեռ չգիտե։

Բժիշկը որքան որ բարի մարդ էր և ամեն բան սովորեցնում էր Քաջիկին, բայց Քաջիկը կասկածում էր միշտ, թե՝ նա էլի շատ բան պիտի գիտենա, բայց իրան չի հայտնում։ Ճշմարիտ որ բժիշկը շատ բան ծածկում էր նրանից և հենց յուր անձը, յուր կյանքը, յուր ով լինելը նրանից ծածկած էր պահում, ոչ ոք չգիտեր նրա ով լինելը։ Նրա մի քանի սենյակները միշտ կողպված էին, և Քաջիկը չգիտեր՝ ի՛նչ կա նրանցում, և ինչո՛ւ է ծածկած պահում։ Քաջիկը յուր տարակույսները չէր հայտնում վարպետին, բայց ինքն էլ չէր բավականանում յուր սովորածով, միշտ փորձեր էր անում և շատ բժշկական գյուտեր էլ արավ, որոնց մասին հաշիվ չէր տալիս յուր վարպետին։ Վարժապետի ու աշակերտի այս անհարմար հարաբերությունը վերջ ստացավ հետևյալ դեպքով։

Մեկ անգամ մի հիվանդ բերին իրանց հետ կղզի։ Բժիշկն այդ հիվանդին տարավ մի ջոկ տուն, դուռը ներսից կողպեց, որ Քաջիկը ներս չգնա։ Սրանով արդեն երևացրեց, որ շատ բան ծածկում է Քաջիկից։ Քաջիկն այս տեսնելով շատ նեղացավ, բայց և՝ ուզեց տեսնել, թե ի՛նչ է անում հիվանդին։ Թաքուն բարձրացավ տանիքի վրա, նայեց լուսամուտից և տեսավ, որ հիվանդի գլխի սկավառակը վերցրել է, ուղեղի վրա մի ինչ-որ բղոճ կա, ուզում է մաշով վերցնել, բայց բղոճը չանգերը մեկնում է ուղեղի փառի վրա, բժիշկը ետ է քաշում մաշան։ Ետ քաշելու պատճառն այն էր, որ բժիշկն ուզում էր բղոճն այնպես վերցնել, որ նա յուր չանգերով ուղեղի փառը չպատռե։ Քաջիկը երբ որ տեսավ, թե շատ է չարչարվում բժիշկը և հնար չունի անվնաս վերցնելու բղոճը, է՛լ չդիմացավ և բղավեց տան հերթիկից.

— Մաշան տաքացրո՜ւ, վա՜րպետ, մաշան տաքացրո՜ւ…

Այս որ լսեց բժիշկը՝ ունելին (մաշան) դեն գցեց և դուրս եկավ։ Քաջիկն էլ տանիքից իջավ ու փախավ՝ կարծելով, թե վարպետը դուրս եկավ, որ բարկանա վրան կամ ծեծե։ Մի ժամու չափ թաք կացած մնաց Քաջիկը, հետո կրկին սրտապնդեց և բարձրացավ տանիքի վրա, որ տեսնե՝ ի՛նչ արավ վարպետը։ Նայեց տեսավ, որ վարպետը չկա, իսկ հիվանդը միևնույն դրության մեջ թմրած ընկած է։ Այս որ տեսավ՝ իջավ տանիքից և ներս գնաց, մաշան տաքացրեց և բղոճի մեջքին դրավ թե չէ՝ բղոճը չանչերը ներս քաշեց, կուչ եկավ, և Քաջիկը վեր առավ դեն ձգեց։ Սկավառակը դրավ տեղը, դեղը քսեց, փաթաթեց, հոտ տվավ հիվանդի քթին, և նա իսկույն փռշտաց, վեր կացավ և ինքն իրան բոլորովին առողջ զգաց։

Հիվանդին բժշկելուց հետո Քաջիկը գնաց յուր վարպետին փնտրելու։ Շատ ման եկավ, և ամբողջ կղզին տակնուվրա արավ, բայց վարպետին չգտավ։ Ետ դառնալիս Քաջիկը տեսավ մի արձանի վրա գրված հետևյալ ոտանավորը.

Մարդս ինչքան էլ լինի գիտնական,
Նրա ուղեղը մազի է նման.
Մի չնչին բանից մազը կըկտրի,
Եվ իմաստունը կդառնա անբան։

Այս ոտանավորը կարդալուց հետո Քաջիկը մտածեց, թե չլինի՞ յուր վարպետը խելագարվել է և ինքն իրան ծովն է ձգել։ Եվ ով գիտե, գուցե հենց այդպես էլ էր։


6


Բժշկի անհայտանալուց հետո Քաջիկն ընկավ խոր տխրության մեջ։ Ի՜նչ չարաբախտ աշակերտ եմ ես, ասում էր ինքն իրան, առաջին վարպետս կրակն ընկավ, սա էլ ընկավ ջուրը, ով գիտե ինչպես կլինի իմ էլ վախճանը։ Ես էլ մահկանացու եմ, ես էլ պետք է մեռնիմ, բայց ինձանից հետո էլ ո՞վ կիմանա, թե որ ցավն ինչպես էին բժշկում։ Եվ ի՜նչ հարկ թաքցնելու։ Գիտությունը թաքցնելը լավ բան չէ։ Արի ես աշակերտներ կհավաքեմ ամեն երկրից և ամենքին էլ բժշկություն կսովորեցնեմ…


Ճշմարիտ որ՝ Քաջիկի ժամանակ ով որ մի օգտակար բան գիտեր, ուրիշին չէր հայտնում, չէր սովորեցնում։ Ամեն մի բան գիտցող հայր յուր որդուն էր սովորեցնում յուր գիտցածը, նրան էր հայտնում յուր արհեստի գաղտնիքը և այն էլ այն ժամանակ, երբ որ մեռնելիս էր լինում։ Հանկարծ մեռնողներն ու ժառանգ չունեցողները իրանց գիտությունն էլ հետները տանում էին մյուս աշխարհք…


Քաջիկը մնաց նույն կղզու վրա և շարունակեց յուր վարպետի գործը։ Նա բաց արավ կողպած սենյակները և նրանցում գտավ շատ բժշկարաններ և այն գրքերից սովորեց այն բոլոր բաները, ինչ որ չէր սովորեցրել նրան յուր վարպետը։ Հետո յուր մոտ ժողովեց ամեն կողմից շատ աշակերտներ և ամենքին էլ սովորեցրեց բժշկության արվեստը։ Նրա աշակերտներն էլ աշակերտներ ունեցան, և այսպիսով բժշկության արվեստը տարածվեցավ ամեն տեղ։ Քաջիկի աշակերտները ամեն տեղ գովում էին իրանց վարպետին և ասում էին, որ նա կարող է մեռածներին էլ կենդանություն տալ, բայց այդ բանը չի անում, որովհետև Աստծու հրամանին ընդդեմ է համարում։


Ճշմարիտ որ՝ Քաջիկը գտել էր մեռածին կենդանություն տալու դեղը, բայց երկար ժամանակ գործ չէր դնում։ Վերջը, ասած է. «Մեծ մարդիկների սխալն էլ մեծ կլինի»։ Նա սկսեց մի քանի փորձեր անել։ Դրա համար բարկացավ Գաբրիել հրեշտակը և մտքումը դրեց պատժել Քաջիկին։


Մեկ անգամ Քաջիկը ժողովեց յուր աշակերտներից ավելի հմուտներին և ասաց նրանց.


— Ես շատ եմ ծերացել, էլ առաջվան ուժը չունիմ։ Ուզում եմ վերանորոգվիլ, ջահիլանալ, բայց առանց ձեր օգնության կարող չեմ։ Ես մի դեղ կխմեմ և կթմրեմ կամ կմեռնեմ, դուք կկտրեք իմ փորս ու կուրծքս, այսինչ դեղերով կլվանաք բոլոր փորոտիքս ու թոքերս, կվերցնեք և գլխիս սկավառակը, ուղեղիս խորշերը կմաքրեք այսինչ դեղերով և կսրսկեք այսինչ դեղերը, հետո կմիացնեք ամեն բան ինչպես գիտեք։ Երբ ամեն բան կվերջացնեք ահա այս շիշի դեղը կածեք բերանս, սա մի կենարար հեղուկ է և իմ սեփական գյուտս է։ Երբ որ կկատարեք ճշտությամբ բոլոր իմ ասածներս ես կհայտնեմ ձեզ այս հեղուկի ձեռք բերելու հնարը։

Աշակերտները պատրաստակամություն հայտնեցին և պատրաստեցին իրանց վիրահատության սուր-սուր դանակները։ Քաջիկը մի դեղ խմեց, թմրեց, աշակերտները ճարտարությամբ կատարեցին ամեն բան։ Մնաց վերջին կենարար հեղուկը, որ պիտի ածեին բերանը։ Գաբրիել հրեշտակը աներևութապես կանգնած էր նրանց մոտ և, նրանց արածը մի տեսակ օյինբազություն համարելով՝ ծիծաղում էր։ Վերջին հեղուկը որ ուզեցան ածել Քաջիկի բերանը՝ հրեշտակը խփեց թևովը, և շիշը վայր ընկավ աշակերտի ձեռքիցը, և բոլոր հեղուկը վայր թափվեց ցնդեց, մի կաթիլ միայն ընկավ Քաջիկի բերանը։ Այդ մի կաթիլը կես շունչ և կես կյանք տվավ Քաջիկին, և նա կանչեց.

— Քի՜չ էլ. քի՜չ էլ…

Ուզում էր ասել, «էլի՛ մի քանի կաթիլ կաթեցրեք»,— չիմանալով, թե ի՜նչ փորձանք է պատահել շշի գլխին։

Այսպես ահա խեղճ Քաջիկը մինչև այսօր էլ կա՝ ո՛չ մեռած և ո՛չ կենդանի, և անդադար կանչում է.

— Քի՜չ էլ, քի՜չ էլ…

Այսպիսի մի վախճան է ունեցել և երևելի Լոխման հեքիմը[18]։ Նա էլ յուր կյանքի վերջումը Քաջիկի նման մի փորձ է արել և մինչև այսօր կանչում է բարակ ձայնով. «Բիր ուզ… բիր ուզ»։ Բերանն այնքան բաց չի լինում, որ կարենա ասել. «Բիր ազ, բիր ազ»,– որ նշանակում է՝ մի քիչ, մի քիչ, այսինքն՝ մի քիչ էլ, մի քիչ էլ…


ԲԱՅԱԹԻՔ

Հրեշտա՛կ ջան, քի՜չ էլ, քի՜չ էլ,
Խնդրում եմ քի՜չ էլ, քի՜չ էլ,
Կյանքիս թելը մի՜ կտրիլ,
Թող ապրիմ քի՜չ էլ, քի՜չ էլ…
Ասում եմ քի՜չ էլ, քի՜չ էլ,
Խնդրում եմ քի՜չ էլ, քի՜չ էլ։
Քաջիկի օրն եմ ընկել,
Կանչում եմ քի՜չ էլ, քի՜չ էլ…

  1. Գավիթ - նախասրահ
  2. Յաղութ - հակինթ, շափյուղա
  3. Մարջան - բուստ, կորալ
  4. Հյուրի - հուրի, առասպելական գեղեցկուհի
  5. Անդրի - կիսանդրի՝ արձան, քանդակ
  6. Կանգուն - երկարության չափի միավոր (մոտավորապես կես մետր)
  7. Մախոխ - ձավարով և թթվաշ համեմունքներով պատրաստված ջրալի կերակուր, ապուր
  8. Չափ ընկնել - արշավասույր վազել
  9. Դերվիշ - մահմեդականների թափառաշրջիկ կրոնավոր, խև
  10. Չանաղ - կավե խոր աման
  11. Մարաքա - հետաքրքիր, ուշագրավ բան
  12. Գջլել - պոկել, խլել, կորզել
  13. Հերթ - երդիկ
  14. Մակար - հարսանիքում փեսայի ազապ ընկերը
  15. Մազա - աղանդեր, ատամի տակ գցելու բան
  16. Տրխատան - տրեխաթել
  17. Աշկարա - ակնհայտ, բացահայտ
  18. Հեքիմ - բժիշկ