Ars poetica

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մանկություն (Եղիշե Չարենց) Ars poetica[1]

Եղիշե Չարենց

Մեֆիստոֆել

[ 137 ]

ARS POETICA
1


Ողջու՜յն ձեզ, ողջու՜յն ձեզ, Լենի՛ն, Մա՛րքս,
Ու գո՛րծ, ու փորձությու՛ն, ու երգեր նո՛ր։—
Էլ չես վերադառնա երբեք դու Կարս՝
Տերյանի, Մահարու, կամ քո երգի հունով։

Ողջու՜յն ձեզ, ողջու՜յն ձեզ, Լենի՛ն, Մա՛րքս,
Ու Շեքսպի՛ր, ու Դա՛նտ, ու վեհություն։—
Օ, ժամեր, հոսեցե՛ք դուք հիմա պարզ
Ու բախե՛ք, ու բախե՛ք բյուրավոր դուռ...
1928

II


Թե ուզում ես, որ խոսքդ կտրի հորիզոններ,

դաշտեր,—

Պիտի վարպետ լինես անօրինակ թափի,
Ինչպես Լենինը — ապստամբության, ինչպես

Էյնշտեյնը —

Թվի, տարածության, ձգողության, չափի։—
1928

[ 138 ]

III


Երբ այնքան ճանաչես դու հույզերը մեր,
Որքան մժեղի մկանը ծանոթ էր Ֆաբրին —
Այնժամ դու բաց կանես պոեմների ֆաբրիկ
Եվ եթե եփվես էպոքում — կդառնաս Դա՛նտ,

Հո՛մեր:—

1928

IV


Քո ամպլուան — տարերքն էր... Այս լենինյան դարում
Թեկուզ, ճիշտ է, երբեմն տարերքն էլ է ազդում,
Բայց կա այսօր մի ա՛յլ իմաստություն՝
Համառ, սիստեմատիկ, խստաբարո,

Ինչպես ինքը՝ Լենինը, ինչպես դիսցիպլինը,
Որ սաստում է թե՛ կամք, թե՛ ինտելեկտ —
Եվ ձգում է գանգից քո դեպի հինը
Եվ դեպի դեռ չեկած ապագան — հազարավոր թելեր...
1928

V


Դու նկատե՞լ ես, որ շատ անգամ
Մի հնչյուն, մի հանգ, մի մելոդի,
Անգամ մի ասոնանս, անգամ մի հանգ
Երգդ փոխում է հանկարծ անկամ կարոտի։

Կան դավաճան շեշտեր, կան ռիթմեր, կան բառեր:
Երբ քաշում է դակտիլը — ըմրոստացի՛ր։—
Պոե՞տ ես — դու այսօր պիտի մաքառես —
Եվ չի օգնի այստեղ քեզ գնդացիրը։
Չի օգնի սվինը։— Հինը հաճախ

Հանճարեղ անցքեր է ճարում,—

[ 139 ]

Եվ չկոտրե՛ս եթե այդ ռիթմը դավաճան —
Քեզ չէ օգնի Լենինը — այս լենինյան դարում...
1929

VI


Ես վախենում եմ, ինչպես նեկրոման, կես-գիշերային

ժամից,

Երբ ելնում է լուսինը դագաղից ու մեռնում է անգամ

քամին:

Այդ ժամին, թե արթուն եմ լինում, զգում եմ

սարսափով,

Որ ահա կգա Բոդլերը, կերևա Էդգար Պոն։

Ծերունի Վերլենը կգա ու ֆավնի ձայնով երգեցիկ
Կերգե աշուն, թախիծ, գիշերվա լապտեր, ակացի։
Եվ դեմը խշշացող բարդին, կթվա կրկին, թե

Հայնե՛ն է —

Եվ լուսինը կրկին վերևում կթերթե իմ տխուր

«Ռուբայները»....

1928

[ 140 ]

ԿԵՍ — ԳԻՇԵՐԱՅԻՆ ԷՍՔԻԶ
VII


Ինչպես սեմինարիստ` պոետը նստել էր
Պատուհանի առաջ։— Նայում էր աստղերին։
Հեռվում ծխնելույզի ծուխը, որ բարակ ձգվում էր

վեր՝

Նրան թվում էր անիրական փերի։

Եվ այդ սենտիմենտալ կես—գիշերին,
Որի մեջ ձայներն էին աննշմար աճում,
Լուսինը կանչում էր նրան իր մեռած ափերից,
Եվ պոետի հոգում հոսում էր սիրազեղ վարդաջուր։
Իսկ հետո, երբ հեռուն ժամացույցը ցնցեց

Իր հատու զարկերով լռությունը —
Նա արդեն դանդաղ մռթմռթում էր
Տերյանի երգերից ինչ—որ մի տող հնչեղ։
Հետո կինը նրան սենյակներից կանչեց,
Նա ցնցեց մազերը և մտավ ներս։—

Այս ամենը կատարվում էր կեսգիշերին, երբ
Լուսինը գծում էր երկնքում իր էլիպսիսն անշեղ։—

1928

[ 141 ]

VIII


Դու ճամփա ելար մի առավոտ,
Երբ մութ էր, ամպ էր ու մառախուղ.
Թողիր ետևըդ մի խարխուլ խուղ
Ու մանկություն մի արյունահոտ:

Որպես տկլոր մի թափառական,
Մեջքիդ մաղա՛խ մի ու ձեռքիդ ցուպ՝
Ընկար ուղի՛ն քո և՛ մութ, և՛ ցուրտ,
Եվ կյանքդ տենդ էր անիրական...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

Եվ առաջինը, որ հանդիպեց
Քեզ ճանապարհին քո ահավոր —
Այն խեղճ պոետն էր, այն սրտաբեկ,
Տխուր պոետը արևավոր:
Նա տխուր երգեր սրտիդ երգեց,

Եվ այդ երգերը հրատոչոր
Ծծեց հոգին քո շրթերով չոր
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․

Դու դեռ քայլում ես:— Ու դեռ երկա՜ր,

Դեռ երկա՜ր պիտի այսպես քայլես,
Մինչև երգերը քո դեռ չերգած
Մինչև մոխիրը՝ սիրտդ այրեն։
Մինչև սրտում քո չմնա էլ

[ 142 ]

Հույզի, կրքի ու հրի մի կայծ,

Մինչև մարի՛ հար ու դառնա քար
Քn սի՛րտը, սի՛րտ . . . . . . . .
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
1929

IX


Դու աճում էիր, ինչպես խոտը։— Դու
Լուսնի նման էիր՝ սենտիմենտալ։
Եվ լուսնի լորձունք էր կաթկթում
Քո շրթերից հաճախ։ Խնդալ

Չգիտեիր բնավ։— Քn երգը
Մերթ հոսում էր, որպես հորձանք,
Բարձրանում էր, որպես հանդի բերքը —
Անտեր։— Մերթ, տեսար, որոտաց
Ինչպես թիթեղաձայն թնդյուն։—

Դու խարխափում էիր ու փնտրում
Բայց ի՞նչ — անհայտ էր քեզ։— Հիմա
Դու անփորձ ես ահա աշակերտի նման.
Այս նոր հերկը, որ ուզում ես ցանել —
Օ, իհարկե, կարող է քեզ կործանել։

Բայց պիտի համառես, որպես եզ։ Պիտի
Իմանաս, որ լուսինը քեզ
էլ դժվա՛ր թե փրկե։—
Լուսադեմին, վաղ առավոտին,
Երբ արևը ելնում է, որպես ճարպագունդ,

Ու փռում է իր ճարպը արոտների վրա —
Դու բարձրանաս պիտի ու հունդդ
Ժլատորեն փռես։— Ահա՛։
Պիտի տքնես, քրտնաթոր,— պիտի դեմքդ

[ 143 ]

Ահա։—
1928

X


Քո անկումները եղել են միշտ
Եղանակի՛ պես պատահական,
Այդպես երկինքն է թափում հանկարծ
Թե՛ կարկուտ, թե՛ ձյուն, թե՛ փոթորիկ.

Բայց հետո, հետո,— հետո կրկին
Բացվում է օրը — և վերևից
Պայծառ արև՛ն է ժպտում էլի
Հրով սրբած ու մաքո՛ւր երկրին։—
1929

XI


Օ, դո՛ւ,— կարո՞ղ եմ արդյոք երբեք
Մոռանալ ես քեզ, քանի իմ մեջ
Հնչում է թեկուզ չնչին մի էջ
Մեր կյանքից՝ անցած այնքա՛ն բեկբեկ։—
1929

XII


Դու շա՜տ ես ցրել, տվել քամուն
Քո գանձը, որպես շռայլ տղա.—

[ 144 ]

Դրա համա՞ր էր արդյոք տված
Այս վսեմ բախտը քեզ աշխարհում։
1929

XIII


Նրանք ասում են, որ ես հոգնել եմ,
Որ ես շեղել եմ ուղիս ուղիղ,
Որ մեր պայքարը հոգիս լքել է
Եվ ես ընտրել եմ ուրիշ ուղի։

Նրանք ծամում են այդ ցուրտ խոսքերը,
Զառամ շրթերը քսում իրար,
Կարծես շրշում են դեղին հասկերը,
Կարծես մեռնում են այնտեղ նրանք։—
1929

XIV


Նա մի աղջիկ էր, մի դիցուհի՛,
Որ օրերո՛ւմ այն տրտմաթախիծ
Քեզ նայեց նազով ու ծիծաղեց —
Մի գավառական գեղեցկուհի...

Նա խոստացա՛վ քեզ երգեր երգել,
Բերել կարոտներ ու անմար փառք,—
Բայց երբե՛ք, երբե՛ք նա քնքշաբար
Չփարվեց կրծքիդ ու չգերեց։
Այգ գեղեցկուհին... Մուսա՛դ էր նա,

Որ այնտեղ, Կարսում, այն գետափին
Նվիրեց մի օր քեզ գո՛րշ շապիկ
Ու գավառական մի խեղճ քնար...
1929

[ 145 ]

XV


Դու բա՛րձր ես, մե՛ծ ես, դու վիթխարի.
Արյո՛ւն, արյո՛ւն է եղել միշտ քո
Ամե՛ն մի տողը։— Դու քո երգով
Ընդմիշտ կապված ես այս մեծ դարին․

Եվ ինչպես օրը օրացույցից
Անհնարին է նետել մի կողմ —
Այդպես անունը քո աղմըկող
Հա՛ր մնալու է օրերին կից,—
Այս օրերի՛ն, այս տարիների՛ն,

Այս տարիների հրին, սրին։—
1929

XVI


Нет, я не Байрои, я другой...
ЛЕРМОНТОВ

Քայլի՛ր, քայլի՛ր քո ճանապարհով.
Դու ո՛չ Գյոթե ես, ոչ Վերհարեն․
Մեր Վերհարենը — նայի՛ր, հրեն —
Քաշում է փառքը իր պարանով․․․

Քայլի՛ր, քայլի՛ր քո ճանապարհով.
Դու ո՛չ Գյոթե ես, ո՛չ Վերհարեն —
Դու լոկ Չարե՛նց ես, միայն Չարենց՝
. . . . . . . . . ու վարանոտ ...
1929

XVII


․․․Լե՛նին, այո,— Լե՛նին։— Բայց ո՛չ միտինգային,
Բայց ո՛չ թմբուկ թեթև, բայց ո՛չ պլակատ։

[ 146 ]

Լե՛նին — այսօր արդեն ասել է — գագաթ,
Ասել է— ներքի՛ն կառուցում քո նոր թեմայի։

Այդ թեմա՛ն ուռճանում է այսօր քո մեջ,
Աճում է, բայց ո՛չ այնպես, ինչպես խոտը․
Նա աճում է կամքո՛վ, երկաթով,— նա կյանքի՝

առավոտ է՝

Մտքի, խորքի, կառուցման անհուն ելևէջ...
1929

XVIII


Քեզ ժպտում է արևը։— Քեզ կյանքը
Թվում է արյան պես տաք։
Քեզ թովում է աշխատանքդ,
Քեզ թովում է այս հա՛նգդ անգամ։

Բայց այս թովչանքը թանկ է
Քեզ համար ավելի, քան կյանքը,—
Թանի որ, քանի որ դո՛ւ ես
Կառուցում քո այս խնդումը։
1929

XIX


Նյութը դիմադրո՛ւմ է, դիմադրո՛ւմ է միշտ,—
Լինի երկաթ, կղմինդր, լինի մարմար։
Դիմադրում է բառը։— Ահա դեմից
Արդեն վազում է հանգը — «հարմար»։

Դա— հնի՛ ճանապարհն է. հեշտի, բնազդի,
Օ, հնի հո՛ւնն է դա, սովորության հունդը,—
Այնինչ արևը, լուսինը և մեր երկրագունդը
Անվերջ կարծրանում են իրենց անեզրական վազքից
1929

[ 147 ]

XX


Ո՛չ մի ձագ, ոչ մի ձագ ձվի կեղևից
Չի բաժանվում ողբով։
Ողբով չի՛ բաժանվում արյունը վարակից։
Այլ — պայքարով միայն։

Այդպես էլ քանա՛կն է ահ՛ա փոխվում որակի,
Այդպես էլ ե՛րգն է դառնում կարմի՛ր բողբոջ։—
1929

XXI


Կարող են անցնել փոթորիկներ մեծ,
Անցել են ինչպես մրրիկներ բազում,—
Անխախտ կմնա կառուցումն այս մեծ
Գալիք օրերի անջինջ երազում։

Կառուցումն այս վեհ մտքի ու ոգու,
Կյանքը տեսնելու ընթացքն այս ուղիղ,
Կյանքը փոխելու ձգտումն այս տոկուն,
Խոհի, պայքարի այս անծայր ուղին...

  1. «Ars poetica» — «Քերթողական արվեստ»: