Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պատմում են, որ Ֆրանգուլով Բադալ ապերը մի անգամ նստած, բաց ու խուփ էր անում աջ բուռը։

– Ապեր, էդ ի՞նչ ես անում,– հարցնում է որդին։

– Ա՜յ որդի, նայում եմ բռիս և փառք եմ տալիս աստծուն, թե էս ահագին մահալը, ո՞նց եմ պահում բռիս մեջ...

Ջամբա Ծատուրը՝ հռչակավոր վաշխառուն, երբ բաց էր անում մյուջրին, մուրհակների դարսը զսպանակի նման վեր էր թռչում։

– Կա՛րդա,– ասում էր որդուն։ Եվ որդին առնում էր առաջին մուրհակը.

– Վեր առիմ և պարտ եմ քառասունվեց մանեթ... Էյվազ Խդըր օղլի...

– Էդ չի,– ընդհատում էր հայրը։

– Վեր առիմ... Հիսունմին մանեթ... Գիչունց Տանիել...

– Է՛դ չի...

– Վեր առիմ... Մեհտի Ղուլի Իմամվերդի։

– Թիվը քանի՞ է,– հարցնում էր Ջամբա Ծատուրը։

– Հուլիսի 25-ը։

– Էսօր 16-ը չի՞։

– 15-ն է։

– Էդ մեկը հանի... ասում են Մեհտի Ղուլի Իմամվերդին երկու լավ մատակ ունի,– և այդ մուրհակը հանում էին։

– Կա՛րդա,– և շարունակվում էր ընթերցումն, ինչպես միալար ժամերգություն։

Կային այնպիսի առևտրականներ, որոնք իրենց մահալում միահեծան տեր էին, բառիս լրիվ իմաստով։ Նրանք դատ էին անում, եղբայրը եղբորից բաժանում էին, խառնվում էին ամուսնության գործերի, կալանավորում էին, ծեծում և արյան գին էին որոշում,– մի խոսքով մահալում խան ու սուլթան էին։ Նրանց ձեռքի տակ էին գյուղական գրագիրները, տանուտերերը և մինչև անգամ պրիստավը լսում էր նրանց,– որովհետև նրանք բոլորը կերակրվում էին խոջայի հարուստ սեղանից։

Առևտրականների չափ, գուցե և ավելի, Գորիսն ուներ բեյեր և պաշտոնյաներ։ Կային երեք Ներսես բեյ՝ Հաստ Ներսես բեյ, Խուրդա կամ Կարճիկ Ներսես բեյ և Պրիստավի Ներսես բեյ։ Կային Կևեր բեյ՝ Ճաղար, այսինքն կապուտաչյա և Բալասան Կևեր բեյ։ Կային երկու Զիլֆուղար բեյ՝ հայ և թուրք, որոնց միջև կար միայն մի տարբերություն․ տարին երկու անգամ հայ Զիլֆուղար բեյի անունն օրհնում էր տեր Զավեն քահանան (Տեր զի բազումը՝ ինչպես նրան անվանում էին), իսկ թուրք Զիլֆուղար բեյի տունն օրհնում էր մոլլա Մուսին։ Ուրիշ և ոչ մի տարբերություն