Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խանութից գնա,– խոջա-Մակիչն ինքն է անցնում զաստոյկայի հետևը, իսկ մուշտարին, որ արդեն մոտեցել էր դռանը, ետ է վերադառնում։

– Առքի գնից էլ պակաս տուր, միայն դատարկ ձեռքով մի թողնի գնա... Մեզ համար է ամոթ։ Գինը քանի՞ ես առել...

– Գյազը վեց շայի,– վախեցած պատասխանում է գործակատարը:

– Բա սրա գինը վեց շայի՞ է, որ ասել ես,– խոջա-Մակիչը զայրանում է, որ գործակատարը գյազն ութ շահանոց մահուդավարի ռեբենակը առաջարկել է վեց շայի։

– Սխալմունք է, կպատահի, Մակիչ-ապեր,– այն կողմից միջնորդում է ավագ գործակատարը։

Իսկ նա, որ այդ գնից դժգոհ գնում էր ուրիշ խանութ, արդեն տնտղում էր կտորը։

– Սա խալիս մահուդվարի է, քո իմացած թանձիֆը չի։ Դե որ բերանից դուրս է թռել վեց շայի, թող վեց շայի լինի։ Էդ էլ քո բախտը։ Ես կհամարեմ, թե ջեբիցս փող եմ կորցրել. քանի՞ գյազ կտրեմ։

– Կտրի ինը գյազ...

Խոջա-Մակիչը գյազը շուլալում է կտորի մեջ, ծալ-ծալ թափվում է կարմիր հալավացուն։ Ապա խոջան վերադառնում է մաղազայի խորքը, որտեղ մարմանդ ցոլք է տալիս կապույտ ճրագը։

Իսկ ի՞նչ է կատարվում արհեստավորների խանութների առաջ և խանութների մեջ... Կարծես լեռներից մի ամբողջ զորաբանակ է իջել՝ բոբիկ, մերկ և առանց գլխարկի և մի օրում հարկավոր է այդ բանակը հագցնել։

Ահա թափվել են դերձակների խանութների վրա։ Քսան-երեսուն կարած արխալուղ է դուրս հանել Դարզի Հանեսը... «Պա՜հ-պա՜հ-պա՜հ... Եղար խանի տղա»,– կանչում է դերձակը, արխալուղը հագցնելով մի լեռնցու։ Իսկ նա զմայլված կանգնել է և շողում են նրա առողջ ատամները։– «Իսկը քեզ վրա է կարած...»։ Լեռնցին թևերը չի շարժում ու թեև թևերի տակ սեղմում է, բայց արխալուղն այլևս ուսերից չի հանում, այլ ուզում է այդպես, իբրև խանի որդի երևալ հայրենի լեռներում։

Մի ուրիշ տեղ Չաքմաչի Վեսկանը նստեցրել է մի թուրք սարվորի և երկու հոգով նրա ոտքին են քաշում սապոգը. «Հը՜...»,– և երկուսով տնքում են, տնքալով քաշում են։ «Մտավ հա՜, մտավ... Մատներդ մեջը խաղացրո՜ւ, խաղացրո՜ւ...»– և նորից են քաշում, զոռով հագցնում են, և ահա սարվորը զարմացած նայում է, թե ո՞ւր կորան ոտները։

«Մի քիչ ման գաս կբացվի»,– քրտինքը սրբելով ասում է Չաքմաչի Վեսկանը, մի ուրիշին նստեցնելով։