Էջ:Axel Bakunts, Collected works, Sovetakan grogh (Ակսել Բակունց, Երկեր, Սովետական գրող).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մինա բիբին նկատեց։ Նրան դուր չեկավ, որ Անժիկը սպիտակ, մաքուր թաշկինակ ունի։ Փոքրիկ աղջկան թաշկինակ չի սազում, լավ չի սովորի։

Միտք արեց Մինա բիբին, տխրեց։ Նրա մտքովն անցավ, որ որդին, հարսն ու թոռը գյուղում չեն ապրելու, քաղաքին են վարժ և էլի պիտի գյուղը թողնեն, հեռանան։ Իսկ ինքը կապված է գյուղին, Ավան ամուն, խնոցուն ու հին ճախարակին, որ շատ ձմեռներ լացել էր իր հետ, տաք քուրսու մոտ, սև նավթի ճրագի տակ։

Մի անգամ էլ Անժիկը թաշկինակով իր գդալը սրբեց։ Այդ նկատեց և Շարմաղ հորքուրը, որ ժպտալով նայեց Անժիկին․

— Մինա, տեսնո՞ւմ ես. թոռդ քեզ հավան չի։

Տիգրանն ուզեց տպավորությունը կոծկել և ասաց, թե նա քաղաքում էլ էր այդպես անում։ Բայց Մինա բիբին էլի տխրեց, կոտրվեց, ինչպես այն ժամանակ, երբ Անժիկը թաշկինակով երեսը սրբեց։

Անժիկի համար գյուղում շատ բան նոր էր։ Նա բազմաթիվ հարցեր էր տալիս հորը, թե ինչո՞ւ գյուղում պատառաքաղ չկա, ինչո՞ւ տատը շաքարը շորի մեջ է փաթաթում ու սանդուղի մեջ պահում։ Գյուղին անվարժ մանուկի հետաքրքրությամբ դիտում էր գյուղական ամեն մի աշխատանք ու հարցնում, թե ինչու են այդպես անում։

Մի օր էլ հարևանի մեկը ներս մտավ ու Տիգրանին խնդրեց մի բան գրել։ Ստորագրելու ժամանակ մարդը ծիծաղեց։ Անժիկի աչքին ընկավ նրա սպիտակ ատամները և այն, որ այդ մարդը գրիչը բռնել էր այնպես, ինչպես Անժիկը կբռներ գոմի թին։

— Հայրիկ, մեր առաջին խմբակում դրանից լավ են գրում։

* * *

Առաջին երկու շաբաթը շատ արագ անցավ, և ամեն ինչ մտավ իր հունի մեջ։ Գյուղն իր մեջ առավ նորեկներին, այլևս դադարեցին նրանց մասին խոսելուց, աչքալուս տալուց։

Միայն երբեմն գյուղի հարս ու աղջիկ հետաքրքիր նայում էին Էլյայի զգեստին, կոշիկներին, գլխարկին։ Ոմանք ծիծաղում էին, գլխարկը համեմատում ծտի բնի հետ, ոմանք էլ ասում էին, թե այդպես ավելի լավ է, ավելի ազատ և աչքի էլ դուրեկան։

Տիգրանը գյուղի ժողովներին էր մասնակցում, ասում-խոսում ահել-ջահելի հետ, պատմում նրանց քաղաքի մասին, հեռավոր երկրների անցուդարձի մասին։