Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/562

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Ո՞ւր փախան ձիավորները,- հարցնում է Մակիչը։

Արշավում են։

- Մակիչ,- կանչում է Մինա զիզին։ Մակիչը ետ է նայում։ Իրենց տան դարպասի մոտ կանգնել են մայրը, Սոնան՝ երեխան գրկին։ Մակիչն ուզում է ձին պահել: Ժպտում է, ձեռքով է անում, թե կգամ: Եվ արշավում է:

Երբ նա ձիու գլուխը պահել և հետ է նայում, նկատում է փախած խմբապետի կնոջը, որը երեխաներին փողոց է հանել, ինչպես պատվիրել էր ամուսինը։ Մակիչը բարկացած ասում է նրան.

- Երեխաներին տուն տար... ձիու ոտքի տակ կընկնեն։

Արշավում են։

Խավարում։

ՎԵՑԵՐՈՐԴ ՄԱՍ

1

Պուղանը և մեղմ երգում է, և հագնվում է։ Նա քնել է «կանցելարում»։ Գետնի վրա պառկած են մի քանի ռուս կարմիր բանակայիններ և ջոկի հրամանատարը։ Վերջինիս գլխավերևը ատրճանակն է, թուրը։

Դուռը բացվում է, և ներս են մտնում երկու հոգի՝ մեկը մեզ ծանոթ «կիսաինտելիգենտն» է, մյուսը՝ նրան նման մի տիպ։ Դռան պահակը նրանց չի ուզում ներս թողնել, բայց նրանք արդեն ներս են մտել, և պահակը նրանց ետևից ասում է.

- Վաշշ... Հալա ուսումով էլ են...

- Կարելի՞ է,- և մոտենում են։

Պուղանը ձեռքը տանում է շապիկի կոճակներին։ Նա ամաչում է, որ այդ վիճակումն են իրեն տեսնում։ Նաև զարմացած նայում է, թե առավոտ կանուխ սրանք ի՞նչ գործ ունեն։

- Կարելի՞ է նստել,- հարցնում է «կիսաինտելիգենտը»։

Պուղանը նախ ինքն է նստում, որից հետո նստում են նաև նրանք, առանց հրավեր ստանալու։