Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԺԱ
Թիֆլիս, 10 փետրվարի 1881

Սիրելի Հռիփսիմե,

Դու էլ ես մեղադրում ու հանդիմանում ինձ այն բանի համար, ինչ բանի համար որ մեղադրում և հանդիմանում էր Գրիգորը, նրա ասելով, ես «շատ եմ մտածում»։ Սակայն դու նրանից ավելի խիստ ես դատաքննում իմ այդ վարմունքը, ասելով, թե ես ուղղակի «աթեիստություն» եմ անում, ոտնակոխ եմ անում ամբողջ մարդկության ամենասրբազան, անմերձենալի հավատալիքն և այդտեղ բերում ես Գյոթեի նշանավոր խոսքերը, թե՝ «մտածող մարդու ամենամեծ երջանկությունն այն է, որ քննելին քննած ունենա, իսկ անքննելին խաղաղ հոգով պաշտե»։ Երևակայում եմ, թե ինչ կլիներ դրությունս, եթե ապրելիս լինեի միջին դարերում. անշուշտ Հուսի նման ինձ էլ խարույկ կբարձրացնեին։ Քա՛վ լիցի, սիրելի քույրիկ։ Լուն ուղտ մի՛ շինեք։ Մի՞թե գլխումս խելք է մնացել, որ արարքներիս համար ինքս ինձ հաշիվ տամ։ Ինչո՞ւ չես մտնում դրությունս և ապա թե դատաքննում արարքներս։ Ամբողջ բարոյական աշխարհս ճակատագրից ծանր հարված է ստացել. նա վիրավորված և կատաղած է, որպես մի անզոր գազան, որին խաղաղ դրության ժամանակ սաստիկ անհանգստացրել են։ Հիասթափությունս մեծ է. ես դեմ առ դեմ կանգնած եմ դառն իրականության առաջ, որի մասին կյանքիս մեջ երբեք գաղափար անգամ չեմ ունեցել։ Շա՜տ վատ խաղ է խաղացել ինձ հետ ճակատագիրը. հանկարծակի և անպատրաստ, նա շպրտել է ինձ այդ դառն, այդ սոսկալի իրականության առաջ և ասում է՝ հաստատուն մնա։— Ա՜խ, թշվառականս ի՜նչ եմ ստացել, որ ինչ տամ...

Մեր վիճակն օր-օրի վրա վատթարանում է։ Մի երկու խոսքով նկարագրեմ քեզ մեր կենցաղավարությունը, մեր ապրուստը, և դու ամեն բան կհասկանաս։ Եթե այժմ մտնես մեր տունը, շրջես մեր սենյակները և քեզ ասեն, թե՝ այստեղ Սարոյաններն են ապրում, ոչ աչքերիդ կուզես հավատալ, ոչ ականջներիդ. այն ինչ որ կտեսնես, շատ ծիծաղելի— չեմ ասում դառն— կատակ կթվա քեզ։— Տան մռայլ շինությունն