Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սուսամբարի հետևից երկու երիտասարդներ աշխատում էին հետ մղել Սուսանի դիակից Սմբատին։ Սմբատի դեմքը ահռելի էր։ Նրա կուրծքը բաց էր և մազերը խճճված ու ճակատին թափված։ Նրա վառված աչքերը փայլում էին կատաղի հրով, և նա անդադար գոռում էր.

— Բա՛ց թողեք, անիծվածներ, բա՛ց թողեք, ես պիտի խեղդեմ, պիտի շանսատակ անեմ, Ռուստա՛մ... Ռուստա՛մ...

Բայց երիտասարդները Սմբատին իրանց գրկում սեղմած, աշխատում էին մի կողմ քաշել նրան։

Սուսանի դիակի ոտների կողմում չոքած էր Մարիամ բաշին։ Արտասուքի բուռն կաթիլները դուրս թափվելով աչքերից, ողողում էին նրա նիհար ու պշկած երեսը։ Նա անդադար ոսկրացած ձեռները բարձրացնելով, մերթ ծնկներին էր խփում, մերթ մերկացած կրծքին։

Մարիամ բաջու հետևից պտույտ էր գաւիս Հայրապետը։ Միամիտ ծերունին, կարծես, չէր կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում և ինչ է պատահել։ Նա զանազան տարօրինակ շարժումներ էր անում։ Նա շարժում էր յուր ալեխառն գլուխը, ձեռները տարածում օդի մեջ, շրջում էր այս ու այն կողմ, սրան ու նրան զանազան անհասկանալի հարցեր առաջարկելով։ Նա գոռում էր, գոչում, և ոչ ոք նրա վրա ուշադրություն չէր դարձնում։

Մինչ դիակի շուրջը կատարվում էր այդ տեսարանը, Սանամի ննջարանում տեղի ուներ մի ուրիշը։ Երկու ոստիկանները սենյակի դռներում կանգնած, հետ էին մղում Սանամին, որ գռռալով, մազերը փետտելով, կուրծքը ճանկռտելով, գլխամոլոր ձգտում էր ներս։ Նրա հետևից խռնվում էր ամբոխը մեծ բազմությամբ։

— Անիծվեք, գյուլլախորով իլիք, բաց թողեք, բալիս երեսը տեսնեմ, նրան տանում են...

Իսկ ի՞նչ էր անում ողբերգության գլխավոր դերակատարը, Ռուստամը։ Նրա ճակատագիրը պարզ էր։ Ռուստամի աջ կողմում կանգնած էր ոստիկանապետը, ձախ կողմում մի փոքրիկ սեղանի շուրջը նստած էր քննիչը։ Ստեպ-ստեպ ակնոցները ուղղելով, քննիչը խոժոռ դեմքով նայում էր հանցավորին և զանազան հարցեր առաջարկում։

Շիրվանզադե, I հ.—15