Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փաստի հետևանքով, որ չի երևում թե սկզբում եղել է որևէ ընդհանուր մեծ կուլտուրական լեզու։ Ուստի և ինչպես ամենուրեք, որտեղ աշխատանքը կապված է հատուկ դժվարությունների հետ և որտեղ որևէ բանի մերձենալու դժվարությունը զսպում է զգուշամիտներին [կամ ողջախոհներին (les esprits pradents], բազմանում են, ինչպես այդ երևում է, հապճեպ փորձերը և վաղահաս եզրակացություններն այս բնագավառի նկատմամբ, որտեղ հաճախ ֆանտազիան չափազանց մեծ դեր է խաղում»:

Եթե բացառենք մեկ կողմից այն, որ Ա. Դիրրը անշուշտ ունի իր մատուցած անվիճելի ծառայությունները Կովկասի վերաբերյալ լեզվագիտական աշխատանքի որոշ մասում, մյուս կողմից՝ վերջին ժամանակներս էլ Կովկասի լեզուների և առհասարակ նրա կուլտուրայի վերաբերյալ հապճեպ և վաղահաս դատողությունների իսկապես բազմանալը և միևնույն ժամանակ ոչ իրական այն փաստը, որ «գնալով ավելի ու ավելի» կամ, բառացի հենց Meillet-ի խոսքով ասած՝ «գնալով ավելի ու ավելի լավ» է պարզվում, թե հաբեթական Կովկասի ժողովուրդների ուսումնասիրությունը որքան կարևոր է Եվրոպայի նախապատմության (և արդյո՞ք միայն նախապատմության) ուսումնասիրության համար, ապա մեծարգո լեզվագետ-հնդևրոպաբանի պնդման մեջ մնացածը ծայրեծայր թյուրիմացություն է, որի պատճառը կամ Կովկասի պատմությունը բնավ չիմանալն է, կամ հատկապես Կովկասում լեզվագիտական աշխատանքի բացառիկ բարենպաստ հնարավորությունների մասին իրականությանը չհամապատասխանող պատկերացումը,- կատարելապես խեղաթյուրված մի պատկերացում, որ կախված է իր դարն անցրած լեզվի հին հնդևրոպական ուսմունքի մեռյալությունից:

Մնում է մի բան սովորել և շարունակել ուսումնասիրել ընդարձակելով ուսումնասիրվող լեզուների շրջանը՝ այդ լեզուների մասսայական նյութով հանդերձ և խտացնելով սովորողների հետազոտողների շրջանը՝ վարդագույն բազմերանգ շահերով աշխատանքը կենտրոնացնել մարդկային լեզվի միայնական ստեղծագործական պրոցեսի վրա և հնարավոր դարձնել հին մեռած գիտությունը շուտով փոխարինելու նոր, կենդանի, կենսունակ և ստեղծագործ գիտությամբ: Կա՞ արդյոք դրա հույսն ունենալու հիմքը, այդ ցույց կտա մեր դասընթացի ընթացքը և ձեր մասնակցությունը նրա մեջ: