Էջ:Գաղթականներ 45.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետքերի ուղղությանը մանավանդ, որ Պետոն միշտ ուղիղ գծով էր քայլում։

― Հետևիր ինձ,— ասաց նա Նազիկին։ Ապա փոխեց ուղղությունը քիչ դեպի աջ և սկսեց գնալ դեպի ժայռերը՝ այս անգամ ծուռ գծով։

Պարզ էր սակայն, որ նրանց ետևից գալիս էին․ դա անհանգիստ արեց Պետոյին։ Եթե ինքը մենակ լիներ, շատ հեշտությամբ կարող էր արագացնել քայլերր և անշուշտ կազատվեր․ իսկ այժմ իր հետ կին կար, որ հետզհետե թուլանում էր, հոգնում էր, չէր կարողանում ոչ միայն արագ քայլել, այլ սկսում էր ետ մնալ, կքվել։

— Քայլիր,— գոչում էր նա հուսահատությամբ, բռնած Նազիկի թևից և գրեթե կոպտությամբ,— քուրդերը հասնում են։

Խեղճ աղջիկը ճիգ էր գործում, սեղմում էր ատամները, աշխատում էր քայլել, բայց ոտներր ծանրանում էին․ կայթում էր, շնչասպառ լինում․․․ աչքերը արտասուքով լցվել էին, մարմինը՝ քրտնաթոր․․․

Քայլեց, քարշ եկավ, թափեց ինչ որ ուժ ուներ, բայց վերջապես կանգ առավ շնչասպառ և հազիվ կարողացավ թոթովել․

— Էլ չեմ կարող, թող ինձ այստեղ։

— Քուրդերի՞ն թողնեմ․— բացականչեց Պետրոսը։

— Սպասիր ուրեմն,— նստեց Նազիկը,— էլ չեմ կարող, էլ ուժ չմնաց։

Այն ժամանակ Պետոն ուսին ձգեց հրացանը, հետո ելավ նստեց Նազիկի առջև, մեջքը նրան դարձրեց և ասաց վճռողաբար։

— Շուտ, մեջքիս վրա ելիր․․․ Տուր ձեռքդ… այդպես, լավ… հանգիստ կաց․․․

Ու արագությամբ շալակեց աղջկան, բարձրացավ և սկսեց քայլել։

— Աստված իմ,— գոչեց Նազիկը,— այդ ի՞նչ արիր. Պետրոս․․․

— Ինչ որ պետք էր,— ասաց երիտասարդը,— գրկիր վիզս և հանգիստ մնա․․․ լավ, այդպես։