Հակառակ այնքան գուրգուրանքներին, Թագուկ Տուտուին դուր չէր գալիս, որ լուսահոգիի մասին մի բան էր ասում Ավետիս Ամուճան կամ որևէ առիթով հիշում էր նրան, թեև ոչինչ չէր ասում և ճիգ էր թափում ոչինչ ցույց չտար։ Ժամանակի ընթացքում Ավետիս Ամուճան գլխի ընկավ և այլևս չհիշեց և չխոսեց նրա մասին, և Գուվար Քորոն բոլորովին մոռացվեց այդ տանը։
Մի օր, գրեթե պատահաբար, Ավետիս Ամուճան հարցրեց Թագուկ Տուտուին,
— Ինչո՞ւ անպտուղ մնացիր։
Թագուկ Տուտուն չկարողացավ անմիջապես պատասխանել, աչքերը թացացան և ապա արցունքի խոշոր կաթիլներ կախվեցին նրա կոպերից.
— Լուսահոգին Ստամբոլ գացեր էր, կ՚ըսեին քի՝ հիվնդցեր է,— ի վերջո շշնջաց Թագուկ Տուտուն մռայլագույն թախիծով։
Ավետիս Ամուճան բռնեց նրա գլուխը և ասաց.
— Ընծի ըռաստ գայի՜ր…
Թագուկ Տուտուի աչքերը պայծառացան։
— Տղա մի, աղջիկ մի, էվել չէ,— շշնջաց նա։
— Հա՜, յա՜,— բացականչեց Ավետիս Ամուճան հպարտությամբ։
Մի օր Ավետիս Ամուճան տուն մտնելիս լսեց, որ Թագուկ Տուտուն ինքնիրեն գանգատվում էր. «Էս հավերն ըլ հոգիս հանեցին, քը՜շ, քը՜շ, քըշա՜ ա՜ …»։
Այդ օրվանից Ավետիս Ամուճան սկսեց հավերը մեկիկ-մեկիկ մորթել։ Տասն և հինգ օր նրանք ամեն օր հավ կերան, որպեսզի վերջացնեն։
— Քա՜, մա՛րդ,— ասում էր Թագուկ Տուտուն,— մի՛ մորթեր, մեղք են։
— Դո՞ւն մեղք ես, թե հավերը, անոնց խե՛րն անիծեմ,— ասաց Ավետիս Ամուճան։
Հարևան կանայք, տեսնելով Ավետիս Ամուճայի գուրգուրանքը նոր կնոջ հանդեպ և հիշելով Գուվար Քորոյին, ասում էին.
— Անտե՜ր մնար Գուվարը, արևոտ օր չի տեսավ, հիմա կնկանը Թագուկ մըլ կըսե, Թագուկ մըլ բերն են կըյնի։
Եվ օրերը թռչում էին ուրախ։