Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/614

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Վշտի ու թախծի երգիչ Հովհաննես Թումանյան» գրքույկը (լույս է տեսել 1905 թ. Թիֆլիսում), 1904 թ. աշնանը նամակներով մի քանի հարցեր է տվել բանաստեղծին՝ նկատի ունենալով նրա այս երկու բանաստեղծությունները (այդ նամակներից մեզ է հասել երկրորդը՝ գրված օգոստոսի 13-ին)։ Թումանյանն այդ հարցերին պատասխանել է օգոստոսի 7-ին և 18-ին գրած նամակներում (տե՛ս ԵԺ V, 273—275 և 277—281): Սրանցում նա վերլուծության է ենթարկում իր երկու բանաստեղծությունները, կատարելով իր համար անսովոր «ինքնադատության փորձ»։ «Դու քո ճամփե՛ն գընա, քույրիկ» բանաստեղծության մասին նա Փ. Վարդազարյանին գրում է. «Վտանգավոր տեղ ես ընկել։ Այս այն ոտանավորներից է, որոնց մեկնությունը իրենցից շատ ու շատ է երկար, որոնք կենսագրություն ունեն, պատմություն ունեն իրենց ետևը։ Այսպիսի ոտանավորների տողերում է, որ թաքնված է լինում բանաստեղծի հոգին» (էջ 273): Այնուհետև նա մեկնաբանում է սիրո և «արտաքին աշխարհի» փոխհարաբերության իր ըմբռնումը, հայտնելով այն միտքը, թե իսկական բանաստեղծությունը կարող է ծնվել միայն անկեղծ ու խոր զգացումից և ոչ երբեք սոսկ այս կամ այն գաղափարի ազդեցությամբ։ Ավելի մանրամասն տե՛ս Էդ. Ջրբաշյան, Չորս գագաթ, էջ 52—56։


ՏՐՏՈՒՆՋ

(«Օրերս անպըտուղ, տխուր, ձանձրալի…»)

(էջ 197, 472)

Գրված է 1902 թ. օգոստոսի առաջին օրերին, Բելի Կլյուչում:

ԳԱԹ ՓՎֆ № 413/10 դ պահվում է Թումանյանի նամակն այս ոտանավորի առաջին տարբերակի ինքնագրով։

Առաջին անգամ, մեզ չհասած ինքնագրից, տպագրվել է Մճ, 1904, № 9, էջ 76, այնուհետև՝ ԲԲ, էջ 20, ապա՝ ԵԺ I, 138։

Արտատպվում է ԲԲ-ից։

Գրության ժամանակը պարզվում է հետևյալ փաստերով. 1902 թ. օգոստոսի 6-ին, Փ. Վարդազարյանին ուղղած նամակում Թումանյանը գրում է. «Անցյալ օրը մի ոտանավոր գրեցի, հետևյալ նամակով կուղարկեմ» (տե՛ս ԵԺ V, 207), իսկ հաջորդ նամակում՝ գրված օգոստոսի 10-ին, կարդում ենք. «Անցյալ անգամ խոստացա հաջորդ նամակով քեզ ղրկել իմ նոր գրած ոտանավորը։ Կատարում եմ խոստումս և մեկի փոխարեն երկուսն եմ ղրկում» (նույն տեղում, 208)։ Եվ, իսկապես, ուղարկում է երկու բանաստեղծություն՝ «Ընկերիս», որը գրել է օգոստոսի 10-ին և այս ոտանավորը, որ խոստացել էր նախորդ նամակում։