Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էլ սար չի գնալ առանց Սարոյի։
Սև շորեր հագած կընըստի տանը,
Անցած օրերը միտը կըբերի։
Եվ ամեն մի խոսք, մի հիշողություն
Կըտրատում էին սիրտը ծեր նանի,
Եվ աղաչում էր նա մեռած որդուն՝
Մի անգամ խոսի, աչքը բաց անի։
680 ― Ընչի՞ չես խոսում, ընչի՞ չես նայում,
Իմ օր ու արև, կյանք ու ջան՝ որդի,
Դու իմ գերեզմանն ընչի՞ ես խըլում,
Թըշնամի՛ որդի, դավաճա՛ն որդի․․․
  Բայց չէին բացվում աչքերը փակված,
Շուրթերը սառել չորացել էին.
Նըրանց արանքից ատամները բաց՝
Սիպտակ շարքերով երևում էին։
Ու նա կատաղած՝ հանդուգն անեծքով
Ծառս եղավ դուշման երկընքի դիմաց,
690 Եվ հայհոյում էր, և կուրծքը ծեծում,
Եվ լալիս էին ձեն ձենի տըված․․․
― Կարմիր արևից ընկած, Սարո ջա՜ն,
Կանանչ տերևից ընկած, Սարո ջա՜ն․․․
Արևս հանգավ, Սարո ջա՜ն,
Գիշերս ընկավ, Սարո ջա՜ն․․․
  Գիշերը իջավ, թանձրացավ մութը,
Եվ նըվազեցին ձեները տըրտում,
Հոգնեցի՜ն, հանգա՜ն․․․ Ծերուկ Դեբեդը
Սըգում էր մենակ խավար անդընդում։
700 Սըգվոր գետը՝
      Ծեր Դեբեդը,
      Սիրտը քըրքըրած,
      Ջուրը փըրփըրած,
      Քարոտ ափին,
      Լեռ քարափին,
      Դեռ ծեծում է,
      Հեծեծում է․․․

104