Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

370 Օսմանը սկսեց հանգիստ խռըմփալ։
Փայլեց պողպատը վառ արևի տակ.
Եվ Մեհրին, ինչպես հոգեհան հրեշտակ,
Խանչալը ձեռքին մնաց խոր քնած
Իգիթի գլխին մի րոպե կանգնած.
Դարձյալ դես ու դեն խենթի պես նայեց,
Զգույշ կորացավ, շունչն իրան պահեց,
Խանչալի ծայրը դնելով կրծքին
Յուր բոլոր ուժով հարեց դաստակին։
Օսմանը գոռաց, վեր թռավ տեղից,
380 Մեհրին սարսափած փախս առավ վախից.
Վագրի թռիչքով ցատկեց Օսմանը,
Հասավ ու բռնեց թիկունքի ծամը.
Ետ դարձավ Մեհրին ահից կատաղած,
Դարձյալ թուրքի դեմ խանչալը շողաց,
Մռնչաց ուժգին. մազերը թողած,
Կրակոտ աչքերն արյուն կոխած,
Կիսաշունչ թուրքը թուրը պտտեց.
Ծղրտաց Մեհրին, աչքերը մթնեց.
Վայր իջավ թուրը, նրա հետ Մեհրին
390 Մի թույլ ճիչ հանեց, խանչալը ձեռին,
Կուրծքը պատառած, արյունաթաթավ,
Մհեի շիրմի վերա վայր ընկավ.
Վայր ընկավ նաև Օսմանը,
Եվ երեք դարձավ մի գերեզմանը։
Դեռ իրար կողքի հանգչում են այնտեղ
Չար սպանողն ու սպանվողն անմեղ.
Եվ ամեն տարի գարունը գալով
Հավասար պճնում է նրանց դալարով։

49