Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

260 ԱՂՈԹՔ

են իրենց միջավայրին։ Ա. օգտակար են. ոչնչացնում են վնասատու միջատներին։ Գ. Ավագյան

ԱՂՈԹՔ ՀՄԱՅԱԿԱՆ, կապքի աղոթք, ախտարական չափածո կամ արձակ բանաձև, որով մարդը փորձել է ներգործել արտաքին աշխարհի վրա և ազատվել բնական ու հասարակական ուժերի իշխանությունից։ Ծագումնաբանորեն կապվում է խոսքի հմայական պաշտամունքին և ուղեկցում հմայական արարողություններին։ Կազմաբանական տեսակետից կարևոր դեր են խաղացել երդումները, անեծքները և օրհնանքները։ Դասական տիպը կազմված է վիպական սկզբնամասից, հմայական արարողության նկարագրությունից և աղոթքի բուն նպատակից։ Երդմնեցման, աղերսանքի կամ հրամանի միջոցով արտահայտում է աղոթողի (հմայողի) բարի կամ չար ցանկությունը, որևէ երևույթ (հիվանդություն, մահ տարաժամ, երաշտ, կարկուտ, զանազան փորձանքներ ևն) կանխելու, ցանկալի արդյունք առաջ բերելու համար։ Սերելով նախնադարից՝ Ա. հ. կրում է հեթանոսության և քրիստոնեության հետքեր։ Գոյատևել է բանավոր և գրավոր ավանդումով, հատուկ անհատների՝ աղոթողների, գրբացների և այլոց շնորհիվ։ Ստվար թիվ են կազմում հայերեն ձեռագրերում գտնվող Ա. հ–ները։ Այդպիսի նյութերի ժողովածուներ են «Ուրբաթագիրք»–ը (հրտ. 1513, «Գիրք աղօթից, որ կոչի Կիպրիանոս, վասն ամենայն ազգ պատահարաց որք գան ի վերայ մարդոյ») և հմայիլները, որոնք փաթեթաձև գրվածքներ են և հայտնի են բազմաթիվ ձեռագրերով ու մի քանի տպագրություններով։ (Տես նաև Ախտարական գրականություն

Գրկ. Անասյան Հ. Ս., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959։ Հ. Անասյան, Ս. Հարությունյան


ԱՂՈՐԻՔ, հացահատիկ, այլ հատիկներ և այլ աղալու հարմարանք։ Հայտնի է հին ժամանակներից (վաղ նեոլիթ) և անցել է կատարելագործման մի շարք փուլեր։ Նախնական ձևը կազմված է եղել անողորկ երկու աղացաքարից, վերինը՝ ավելի փոքր, ուռուցիկ մակերեսով, շրջանաձև (աշխատեցրել են մեկ ձեռքով) կամ ձվաձև, մակույկաձև (աշխատեցրել են երկու ձեռքով), ներքևինը ունեցել է ավելի մեծ, լայն ու երկարավուն, գոգավոր մակերես։ Ցորենը լցրել են ներքևի քարի վրա և վերինը հետ ու առաջ շարժելով մանրացրել։ Հետագայում ստեղծվել է երկանքը՝ բաղկացած զույգ տափակ, բոլորակ, տաշած քարերից։ Վերին աղացաքարը պտտեցվում էր ձեռքով։ Ավելի ուշ աղացաքարը պտտեցնելու համար սկսեցին օգտագործել ջրի ուժը, հայտնագործվեց ջրաղացը։ Մ. թ. ա. VI հազարամյակում Ա. օգտագործել են Առաջավոր Ասիայում։ Մոտ X դ. երևան եկավ հողմաղացը, իսկ XVIII դ.՝ շոգաղացը։ Ներկայումս Ա–ի տարբեր ձևերին փոխարինել են կատարելագործված ալրաղացային սարքեր ու մեքենաներ։ Միջնադարյան Հայաստանում, համաձայն վիմական և մատենագրական տվյալների, հնուց ի վեր գործել են ջրաղացներ։ X–XIII դդ. վիմական արձանագրություններում բազմաթիվ հիշատակություններ կան վանքերին, եկեղեցիներին մեկ կամ երկու ակ ջրաղացների նվիրաբերության մասին։ Զաքարյսւն Իվանե աթաբեկը և իր կինը՝ Խոշաքը, 1231-ին Վերին Շիրակի ջրաղացներից ստացվող հարկը շնորհում են Շիրակավանին։ Դոփյան տոհմի իշխան Հասանի կինը՝ Մամքանը, 1310-ական թթ. Գեղարքունիքի Բրդի այրք գյուղի Ս. Աստվածածին եկեղեցուն է ընծայել մեկ ջրաղաց և կալվածներ։ Արագածոտն գավառի տեր Վաչուտյան Վաչեի եղբայր Սմբատ իշխանը (XIII դ. սկիզբ) մահանալով, իր կնոջը՝ Զմրուխտին է թողել միակ ջրաղացը, որը Զմրուխտն ընծայել է Հոռոմոսի վանքին։ Ժ. Խաչատրյան


ԱՂՋԱ–ԳՅՈՒՆԵՅ, գյուղ Տրապիգոնի վիլայեթի Ջանիկի շրջանում, անտառապատ, լեռնային վայրում։ XIX դ. 70-ական թվականներին ուներ 110 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին այգեգործությամբ, ծխախոտագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ 2 եկեղեցի և դպրոց։ Ա–ի հայկական թաղն ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, բնակչության մեծ մասը փրկվել է և բնակություն հաստատել Վրաստանում։


ԱՂՋԱԿԱԼԱ, գյուղ Կարսի մարզում, բարձրադիր ու արգավանդ սարահարթում, Կարսից Անի տանող ճանապարհի վրա։ 1907-ին Ա. ուներ 491 հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Ա–ում կար եկեղեցի և վարժարան։ Գյուղը հայաթափ է եղել առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։


ԱՂՋԱՂԱԼԱ, գյուղ Հայկական ՍՍՀ Էջմիածնի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ հյուսիս–արևմուտք։ 915 բն. (1970), հայեր, քրդեր։ Կոլտնտը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան։ Ա–ի տերիտորիայում պահպանվել են նախաքրիստոնեական շրջանի հողադամբարանների, կրոմլեխների, քարադամբարանների մնացորդներ։


ԱՂՋԱՂՇԼԱՂ, գյուղ Հայկական ՍՍՀ Մասիսի շրջանում, Հրազդան գետի ձախ ափին, շրջկենտրոնից 12 կմ հյուսիս։ 1147 բն. (1970), հայեր և քրդեր։ Միավորված է Գեղանիստի բանջարաբուծական սովետական տնտեսության հետ։ Ա. ունի տարրական դպրոց, ակումբ, բուժկայան։ Գյուղը հիմնադրել են Սուրմալուի գավառից գաղթած հայերը 1918-ին։


ԱՂՋԱՄԵԼԻՔ, Խաչամելիք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խնուսի գավառում, Խամուր լեռան ստորոտին։ Ենթադրում են, որ պարսկական տիրապետության շրջանում (XVI դ.) գյուղում ապրել է հայ մելիք Աղաջանը (կամ Խաչանը), որի անունով էլ կոչվել է գյուղը։ 1915-ի նախօրեին Ա. ուներ շուրջ 350 հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և որսորդությամբ։ Գյուղի մոտ է գտնվում խնուսցիներին քաջ ծանոթ բնական «ժաժան քար» կոչված շարժվող քարը։ Ա–ի բնակիչները տեղահան են արվել 1915-ին։ Մի մասը զոհվել է, մյուս մասը քշվել Դեր Էլ–Զորի անապատը։ Փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։


ԱՂՋԱՄՈՒՂՋ, մթնշաղ, մթնոլորտային օպտիկական երևույթ, ցերեկային լույսի հետզհետե թուլացումն Արեգակի մայրամուտից հետո և հակառակը՝ Երկրի հետզհետե լուսավորումն արևածագից առաջ։ Առաջանում է մթնոլորտային շերտերից Արեգակի ճառագայթների անդրադարձման ու ցրման պատճառով։ Ա–ի տևողությունը կախված է վայրի աշխարհագրական լայնությունից, որքան մոտ է հասարակածին, այնքան կարճատև է։ Տարբերում են՝ աստղագիտական Ա., որի ավարտը (կամ սկիզբը, եթե առավոտյան է) համարվում է այն պահը, երբ Արեգակի կենտրոնը հորիզոնից ցածր է 18° (երկինքը լրիվ մթնում է), նավագնացային Ա., երբ Արեգակի կենտրոնը հորիզոնից ցածր է 12° (ափին մոտ լողացող նավերից առափնյա կողմնորոշիչները չեն երևում), և քաղաքացիական Ա., երբ Արեգակի կենտրոնը հորիզոնից ցածր է 7° (չի զգացվում արհեստական լուսավորության անհրաժեշտությունը)։ Այն գիշերները, երբ տվյալ վայրում Արեգակի կենտրոնը հորիզոնից 7°–ից ավելի չի իջնում, կոչվում են սպիտակ գիշերներ։


ԱՂՋԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Տարոն գավառում՝ Մուշ քաղաքից հյուսիս, Մեղրագետի աջ ափին, արգավանդ հարթավայրում։ XX դ. սկզբներին ուներ 1000 հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի և դպրոց։ Ա. ավերվել ու ամայացել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակչության մեծ մասը զոհվել է։


ԱՂՋԱՎԵՐԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմար գավառում, լեռնային գեղատեսիլ վայրում։ 1909-ին ուներ 35 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Ստեփանոս) և նախակրթարան։ 1896-ին թուրքերն ավերել են Ա., իսկ Մեծ եղեռնի ժամանակ՝ ամայացրել։ Բնակիչների մեծ մասը զոհվել է։ Փրկվածները գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։


ԱՂՋԱՔԵՆԴ (Խանձաձոր), գյուղ Լեռնային Ղարաբաղի ԻՄ Հադրութի շրջանում,