Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱԲԽԱԶԱԿԱՆ 27

ուբիխերենը։ Ա֊ա. լ. բաժանվում են երկու ենթախմբի՝ աբխազական (աբխազերեն, աբազերեն) և ադըղեական կամ չերքեզական (ադըղեերեն, կաբարդիներեն, ուբիխերեն)։


ԱԲԽԱԶԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1866, հակաֆեոդալական և հակագաղութային ապստամբություն Աբխազիայում։ Պատճառը գյուղացիների դժգոհությունն էր կառավարության կողմից նախապատրաստվող ագրարային ռեֆորմից։ Սկսվել է հուլիսի 26-ին, Լիխնի գյուղում (այժմ Գուդաութայի շրջանում) և ապա ընդգրկել գրեթե ամբողջ Աբխազիան։ Ապստամբները մոտ 20 հզ. մարդ էին։ Ապստամբական ջոկատները (ավելի քան 4 հզ. հոգի) հուլիսի 27-ին գրավեցին Սուխումի արվարձանները. Սուխումի բերդին տիրանալու նրանց բազմակի փորձերը հաջողություն չունեցան։ Գյուղացիների քաղաքական հետամնացության պատճառով ապստամբության ղեկավարությունն անցավ ֆեոդալներին, որոնք համաձայնություն էին փնտրում ցարիզմի հետ։ Նրանց օգնությամբ էլ իշխանությունները ճնշեցին ապստամբությունը։ Դատի տրվեց 15 հոգի, որոնցից երեքը հրապարակայնորեն մահապատժի ենթարկվեցին, շատերն արտաքսվեցին Աբխազիայից։ Դատապարտված գյուղացիների մի մասը կամովին քրիստոնեություն ընդունեց՝ գերադասելով պատիժը կրել Սիբիրում, քան տեղափոխվել սուլթանական Թուրքիա։

Գրկ. Дзидзария Г. А., Восстание 1866 г. в Абхазии, Сухуми, 1955.


ԱԲԽԱԶԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, վաղ ֆեոդալական պետություն Անդրկովկասում, Քութայիս կենտրոնով։ 780-ական թթ. Աբխազիայի կառավարիչ Լևոն II, օգտվելով Բյուզանդիայի ժամանակավոր թուլացումից, իրեն «աբխազների թագավոր» հռչակեց։ X դարի առաջին կեսում, Կոստանդինի և նրա որդի Գեորգի II ժամանակ, Ա. թ. ուժեղ, ընդարձակ պետություն էր և ընդգրկում էր բուն Աբխազիան, Արևմտյան և մասամբ էլ Արևելյան Վրաստանը։ Բնակիչները հիմնականում աբխազներ, մեգրելներ և սվաններ էին։ Առևտր. և քաղ. աշխույժ հարաբերությունների մեջ էր Բյուզանդիայի, Հյուսիսային Կովկասի (հատկապես՝ Թմուտարականի), Կիևյան Ռուսիայի, Ղրիմի, Միջերկրականի երկրների, իսկ Կոստանդինի օրոք՝ հատկապես հայ Բագրատունիների թագավորության հետ։ IX դարի սկզբից Ա. թ., Վրաստանում գերիշխանություն ձեռք բերելու նպատակով, պայքարում էր Բագրատունիների տարբեր ճյուղերի դեմ՝ Տայքում, Կղարջքում և Քարթլիում։ Փորձելով նվաճել Քարթլին և Տփղիսի ամիրայության մատույցները՝ Ա. թ. ի դեմս հայ Բագրատունիների հանդիպեց հզոր մրցակցի։ Սակայն արաբական նոր արշավանքի վտանգը ստիպեց նրանց մերձենալ։ Սմբատ Ա և Աշոտ Բ Երկաթ թագավորները նյութական ու ռազմական օգնություն ստացան աբխազներից՝ ընդդեմ արաբների։ Լևոն III գահակալության տարիներին (955–967) Ա. թ. դեռևս պահպանում էր իր հզորությունը, բայց հաջորդների ժամանակ ներքին գժտությունները թուլացրին իշխանությունը և անկման հասցրին։ 978-ին աբխազական գահն անցավ Բագրատ III, որը 1008-ից սկսեց կրել «Թագավոր Աբխազաց և Վրաց» տիտղոսը։

Գրկ. Очерки истории Абхазской АССР, ч. 1–2, Сухуми, 1960–64; Анчабадзе 3. В., Из истории средневековой Абхазии (VI–XVII вв.), Сухуми, 1959․ Ռ. Խոնելիա


ԱԲԽԱԶԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, Աբխազիա, Ափխազիա, ինքնանվանումը՝ Ափըսնի («Հոգու երկիր»), մտնում է ՎՍՍՀ կազմի մեջ։ Գտնվում է Վրաստանի հյուսիս֊արևմուտքում, Սև ծովի ափին։ Կազմվել է 1921-ի մարտի 4-ին։ Տարածությունը՝ 8,6 հզ. կմ², բնակչությունը՝ 492 հզ. (1972)։ Բաժանվում է 6 շրջանի։ Մայրաքաղաքը՝ Սուխում։

Աբխազական ԻՍՍՀ աշխատավորների սոցիալիստական պետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1937-ի օգոստոսի 2-ին։ Իշխանության օրենսդիր մարմինը Աբխազական ԻՍՍՀ Գերագույն սովետն է. ընտրվում է 4 տարի ժամանակով, կազմում է կառավարությունը՝ Աբխազական. ԻՍՍՀ Մինիստրների սովետը և ընտրում Աբխազական ԻՍՍՀ գերագույն դատարանը։

Բնությունը։ Ա֊ի տերիտորիայի մեծ մասը գրավում են Գլխավոր Կովկասյան լշ֊ի հվ֊արմ. լեռնաճյուղերը (Գագրայի, Կոդորի, Աբխազական ու Բզիբի)։ Կարևոր լեռնանցքներն են Կլուխորին (2781 մ) և Մարուխը (2739 մ)։ Ծովափով ձգվում է դաշտավայրային նեղ գոտի, որն ընդարձակվում է դեպի Ղալիձայի հովիտը։ Ա. հարուստ է քարածխով և շինանյութերով։ Մերձծովյան շրջանում կլիման տաք է, խոնավ մերձարևադարձային, միջին ջերմաստիճանը հունվարին 4°C֊ից մինչև 7°C է, հուլիսին՝ 22°C֊ից մինչև 24°C։ Լեռնային մասերում ձմեռը երկարատև Է, ցուրտ։ Տեղումները ցածրադիր վայրերում 1300–1500 մմ են, լեռներում՝ 2000–2400 մմ է։ Բզիբ և Կոդոր գետերն ունեն էներգետիկ մեծ պաշարներ։ Լճերից նշանավոր են Ռիցան և Ամթխելը։ Ցածրադիր վայրերում և նախալեռներում ճահճային, մերձարևադարձային պոդզոլացված հողեր են, կարմրահողեր և դեղնահողեր։ Լեռներում մինչև 1700 մ բարձրությունը, տարածված են կարմրահողեր ու կարբոնատային֊հումուսային, գորշ լեռնաանտառային, իսկ ավելի բարձր՝ ճիմածածկ և ճիմա֊տորֆային լեռնամարգագետնային հողեր։ Ա֊ի տարածության կեսից ավելին ծածկված է տոսախի, կաղնու, բոխու, հաճարենու, եղևնու անտառներով։

Բնակչությունը։ Ա֊ում ապրում է ավելի քան 10 ազգություն։ Աբխազները կազմում են բնակչության 15,9, վրացիները՝ 41,0, ռուսները՝ 19,1, հայերը՝ 15,4% (1970)։ Բնակվում են նաև հույներ, հրեաներ, էստոնացիներ, ուկրաինացիներ, բելոռուսներ։ Քաղաքային բնակչությունը՝ 220 հզ., գյուղականը՝ 272 հզ. (1972)։ Միջին խտությունը՝ 57,2 մարդ 1 կմ² վրա։ Քաղաքներն են՝ Սուխում, Տղվարչելի, Գագրա, Գուդաութա, Օչամչիրա, Գալի։

Պատմական ակնարկ։ Ա֊ի տերիտորիայում հայտնաբերվել են հին և նոր քարեդարյան