սում ներկառուցված կիսահարկ, որ բնորոշ է XVIII դ. և XIX դ. առաջին կեսի մենատներին, կալվածատիրական տներին։ 2. Երկու կիսահարկերի բաժանված սենյակի վերին մասը։ 3. Ժամանակակից տան մեջ՝ դարանահարկ առաստաղի տակ։
(նկ․) Երևանի «Արմենիա» սրճարանի անտրեսոլը։
ԱՆՏՈՒԱՆ (Antoine) Անդրե (1858–1943), ֆրանսիացի ռեժիսոր, դերասան, թատրոնի տեսաբան։ Ծնվել է հունվարի 31-ին, Լիմոժում։ 1887-ին կազմակերպել է «Ազատ թատրոնը», 1897-ին՝ «Անտուանի թատրոնը»։ 1906–14-ին եղել է «Օդեոն» թատրոնի դիրեկտորը։ Այնուհետև աշխատել է կինոյում, զբաղվել գրական–քննադատական ստեղծագործությամբ։ Ա. դերասանական և ռեժիսորական արվեստում եղել է ռեֆորմատոր։ Նա առաջինն է ժամանակակից բովանդակություն հաղորդել ռեժիսորի մասնագիտությանը։ Հանդես է եկել մելոդրամայի, քաղքենիական թատերագրության դեմ։ Առաջին անգամ Ֆրանսիայում նա է բեմադրել Լ. Տոլստոյի «Խավարի իշխանությունը» (1888), Իբսենի «Ուրվականները» (1890), Հաուպտմանի «Ջուլհակները» (1893), Բ. Բյոռնսոնի «Սնանկացումը» (1893) ևն։ «Ազատ թատրոն»–ի օրինակով թատրոններ են ստեղծվել Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում, Բելգիսւյում։ Մահացել է հոկտ. 9-ին, Պուլիգենում։
(նկ․) Ա. Անտուան։ (նկ․) Տեսարան Լ. Տոլստոյի «Խավարի իշխանությունը» պիեսի բեմադրությունից։ Ռեժիսոր Ա. Անտուան։ (նկ․) Ա. Անտուանը Ֆուանի դերում (Զոլայի «Հողը»)։
Երկ. Mes souvenirs sur le Théâthre Libre, P., 1921; Mes souvenirs sur le Théâthre Antoine et sur l’Odéon, P., 1928; ռուս, համառոտ թրգմ. Дневники директора театра, общ. ред. А. А. Гвоздева, М.–Л., 1939.
Գրկ. Гвоздев А. А., Западноевропейский театр на рубеже XIX и XX столетий, Очерки, М.–Л., 1939.
ԱՆՏՈՒՆԻ, հայ ժող. երգի տեսակ։ Բանաստեղծական առումով՝ հնագույն գուսանական հայրենների մի ճյուղը, որ ժողովրդականանալով, Ա. անունով գրի է առնվել XVI դ. մինչև XIX դ. վերջերը։ Բովանդակությամբ Ա–ները հարսանեկան, սիրային, լացի, օրորոցի և, հատկապես, պանդխտի երգեր են։ Ա–ներում պահպանվել են հայրենների հիմնական կերպարային կարգը և բովանդակությունը։ Նրանց սկզբնական՝ գրաբարախառն միջին հայերեն լեզուն կրել է տեղական (մասնավորապես՝ Ակնի) բարբառի ազդեցությունը, երբեմն էլ փոփոխվել են բանաստեղծական չափն ու ռիթմը, կառուցվածքը (սկզբնական ութտող առանձին ոտանավորներ միացել, կազմել են համեմատաբար ծավալուն ամբողջություններ) և գոյացել են միևնույն հայրենների փոփոխակ Ա–ներ։ Պահպանվել են նաև հայրենների արտահայտման սեղմությունը, նրբությունը, պատկերավորությունը, ոտանավորի երաժշտականությունը։ Ձևով և բովանդակությամբ Ա–ները բնիկ ազգային երգեր են։ Երաժշտական առումով՝ միջնադարյան գուսանական եղանակների ժողովրդականացած տեսակ, որ կառուցվածքային մի շարք հատկանիշներով միջին տեղ է գրավում բուն ժողովրդական և տաղային մեղեդիների միջև։ Ա–ներին բնորոշ են զարդարուն ոճի և ազատ իմպրովիզացիոն բնույթի հանդարտահոս, բայց ներքուստ լարված, «քաղցրանվագ» քնարական կամ քնարա–դրամատիկական մեղեդիները, որոնք միատիպ են, ուստի և կոչվել են «անտունի–եղանակ» ընդհանուր անունով։ Երգվելիս (երբեմն՝ նվագակցությամբ) ընդմիջվել են ասերգային կամ արտասանական դարձվածքներով, սովորաբար ամեն մի տողից առաջ հնչել է «հա յար» կամ «հայ յար» կրկնակը։ Լինելով համեմատաբար բարդ կառուցվածքի երգեր՝ քչերին է հաջողվել կատարել։ Ա–ների հայտնի երգիչների կատարողական վարպետությունը փոխանցվել է սերնդից սերունդ։ Կատարման տեղն ու ժամանակն ազատ է եղել, մասնավորապես երգել են օտարության մեջ կամ պանդխտին հիշելիս։ Սիրային Ա–ները հնչել են խնջույքների ևնի ժամանակ։ Ա–ների մի քանի եղանակ տեղ են գտել Կոմիտասի ձայնագրած Ակնա ժողովրդական երգերում։
Երբեմն երաժիշտ բանասերները Ա. են կոչել հայ պանդխտի (անտուն) վիշտն ու կարոտը դրսևորող միջնադարյան բոլոր երգերը, այստեղից էլ ենթադրել նրա ծագումը. կան Ա–ի և այլ բացատրություններ։
Գրկ. Ճանիկյան Հ., Հնությունք Ակնա, Թ., 1895; Չոպանյան Ա., Հայրեններու բուրաստանը, Փարիզ, 1940։ Կոմիտաս, Հայ գեղջուկ երաժշտություն, նրա «Տողվածներ և ուսումնասիրություններ» գրքում, Ե., 1941։ Կոմիտաս, Ազգագրական ժողովածու, [հ. 1], Ե., 1931։ Աբեղյան Մ., Հայրենների հարատևությունը և անտունիներ, նրա Երկ., հ. 2, Ե., 1967։ Кушнеров Х., Гусанская монодия и таги в XII–XIII вв., в его кн.: Вопросы истории и теории армянской монодической музыки, Л., 1958.
«ԱՆՏՈՒՆԻ», Կոմիտասի ստեղծագործությունը՝ մեներգ դաշնամուրի նվագակցությամբ։ Հիմքում ընկած է տնազուրկ պանդխտի ծանր հոգեվիճակն արտահայտող մի գեղջկական երգ, որն իր բանաստեղծական և երաժշտական խոր բովանդակությամբ ընդրանրացնում է հայ ժող. նրգերի այդ ժանրի (տես Պանդխտի երգեր) լավագույն հատկանիշները։ Խոսքն առաջին անգամ գրառել և տպագրել է Գ. Սրվանձտյանը «Ռշտունցիների երգ» վերնագրով («Մանանա», 1876)։ Այս և ժողովրդական այլ տարբերակների հիման վրա,
(նկ․) ԱՆՏՈՒՆԻ