Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կային էներգետիկայի, հրթիռային տեխնիկայի, կիսահաղորդիչների և ժամանակակից շինարարական տեխնիկայի զարգացումն ընդլայնեցին Ա. ք–ի առջև դրված խնդիրները։ Փորձարարական տեխնիկայի և տեսության շնորհիվ հնարավոր դարձավ գերմաքուր և հազվագյուտ տարրերի, նրանց միացությունների, ջերմային և մեխանիկական բարձր կայունություն ունեցող նյութերի (որպիսիք հազվադեպ են բնության մեջ) ստացումն ու ուսումնասիրումը։ Բարձր ճնշումների և ջերմաստիճանների կիրառման շնորհիվ ստացվեցին արհեստական ալմաստներ։ Գտնվեցին գերկայուն նյութերի ստացման սկզբունքորեն նոր ուղիներ։ Պարզվեց, որ դժվարահալ օքսիդների, կարբիդների, սիլիցիդների, բորիդների և նիտրիդների բարակ և անընդհատ թաղանթներից կազմված բջջային ցանցերը մետաղներում կարկասի դեր են կատարում և խիստ մեծացնում նրանց մեխանիկական, ջերմային և քիմ. կայունությունը։ Պարզվեց նաև, որ եթե ապակու հիմնական զանգվածը բյուրեղացած է, ապա այն կորցնում է իր փխրունությունը և դառնում կռելի։ Աճող հետաքրքրություն են առաջացնում անօրգ. պոլիմերները, որոնք օրգ. պոլիմերների լավագույն հատկությունները զուգակցում են ջերմային և մեխանիկական բարձր կայունության հետ։ Մոլեկուլում միատեսակ ատոմներից (բազմասիլաններ, բազմագերմաններ, բազմասուլֆոններ են) և պարբերաբար հաջորդող ատոմային խմբերից (բազմասիլօքսաններ, բազմատիտանօքսսւններ, բազմարսենիդներ են) կազմված շղթաներ պարունակող միացությունների ուսումնասիրությունների արդյունքը եղավ «անօրգանական կաուչուկի»՝ բազմաֆոսֆորանիտրիլքլորիդի ստացումը։

Ա. ք. քիմ. արդյունաբերության գիտական հիմքն է։ Աղերի, թթուների, ալկալիների, դեղանյութերի, թունանյութերի, պարարտանյութերի արդյունաբերությունը, մետալուրգիան ստեղծվել և զարգանում են շնորհիվ Ա. ք–ի նվաճումների։

Գրկ. Некрасов Б. В., Основы общей химии, т. 1–3, М., 1965–70; Реми Г., Курс неорганической химии, пер. с нем., т. 1–2, М., 1963-66; Дей М. Клайд младший и Селбин Дж., Теоретическая неорганическая химия, пер. с англ., 2 испр. изд., М., 1971. Լ. Գրիգորյան

ԱՆՖԻԼԱԴ (ֆրանս. enfilade), 1. սենեկաշար, սրահաշար, հաջորդականորեն կից սենյակների շարք, որոնց դռների բացվածքները դասավորված են միևնույն առանցքով և բաց վիճակում երևվում է բոլոր ինտերիերների միջանցուկ հեռապատկերը։ Մասնավորապես, Ա. բնորոշ է բարոկկոյի ու կլասիցիզմի պալատներին և XIX–XX դդ. թանգարանային շենքերին։ Ա. են կոչվում նաև ճարտարապետական անսամբլների համակարգ կազմող, միմյանց նկատմամբ տարածականորեն բաց հրապարակները։ 2. Ռազմ. տողահարություն, ճակատի երկայնքով գնդակոծում։

(նկ․) Հայաստանի պետական պատկերասրահի անֆիլադը։


ԱՇԱՂԱ–ԳՅԱԴԻՔԼԱՐ, գյուղ Կարսի մարզում, Կարս քաղաքից հարավ–արևելք, արգավանդ ու ջրառատ սարահարթի վրա։ 1909-ին ուներ 70 տուն՝ 597 հայ բնակիչներով, որոնք զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի և ուսումնարան։ Ա–գ. ավերվել է 1920-ին։ Բնակչության մեծ մասը փրկվել է կոտորածներից և բնակություն հաստատել Սովետական Հայաստանում :


ԱՇԱՆ, գյուղ Լեռնային Ղարաբաղի ԻՄ Մարտունու շրջանում, շրջկենտրոնից 25 կմ հյուսիս–արևմուտք։ 697 բն. (1970), հայեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբ։ Ա–ում կա միջնակարգ դպրոց (հիմնադրվել է 1907-ին), ակումբ, գրադարան, բուժկայան։ Գյուղի տարածքը իջվածքներ է տալիս, որի պատճառով բնակիչները փոխադրվում են նոր վայր (3 կմ հեռու)։ Ա–ում է ծնվել սովետական պետական ու կուսակցական գործիչ Լ. Միրզոյանը։


ԱՇԱՐ, ուշար, հուշր (արաբ․ տասանորդ), բնամթերային տասանորդային հարկ մահմեդական երկրներում։ Սկսել է գանձվել արաբական խալիֆայությունում VII դարից։ Տարբեր ժամանակներում, տեղական պայմաններից ելնելով, Ա. տարբեր չափերի էր հասնում (տարեկան եկամտի 1/10-ից մինչև կեսը) և ուներ տարբեր անուններ (իքտա, դիմոս, օնդա, օնդալըք, սալարիե՝ Թուրքիայում, դախ–յաք՝ Իրանում ևն)։ Արևելյան Հայաստանում կոչվում էր բահրա և կազմում էր տարեկան եկամտի 1/5 մասը։ Ա. Թուրքիայում վերացվեց 1925-ին, իսկ մահմեդական մի շարք երկրներում (օրինակ, Սաուդյան Արաբիայում) պահպանվում է մինչև այժմ։


ԱՇԳԱՆԻ, Աշագանի, Էշկյունի, պատմական գյուղ Փոքր Հայքի Չմշկածագի գավառում, Արածանիի աջ ափին, որտեղ Թաղարա վտակը թափվում է Արածանիի մեջ։ Ենթադրվում է, որ Ա. (որը հիշատակվում է դեռևս մ. թ. ա.) հնում էլ եղել է հայկական բնակավայր։ XIX դ. Աշգանի անունով կար երկու գյուղ, հայաբնակ, որին թուրքերն անվանում էին «Գյավուր Էշկյունի», և քրդաբնակ՝ «Քուրդ Էշկյունի»։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար Ս. Գևորգ անունով եկեղեցի, որին գյուղացիները «Ս. Թորոս» էին կոչում։ Ա. ավերվել է 1895-ին։


ԱՇԵԼՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, հնագիտական ժամանակագրմամբ մարդկային մշակույթի զարգացման երկրորդ աստիճանը (շելյան մշակույթից հետո) հին քարի դարում (պալեոլիթ) (մոտ 500–100 հզ. տարի առաջ)։ Անվանումը ստացել է Սենտ–Աշյոլ վայրից (Ամյեն քաղաքի արվարձան, Ֆրանսիա)։ Տարածված է գրեթե ամբողջ Աֆրիկայում, Եվրոպայի և Ասիայի հարավում։ Ա. մ–ի ժամանակաշրջանի մարդը գտնվել է նախնադարյան հասարակարգի զարգացման վաղ աստիճանում։ Նրա հիմնական զբաղմունքը եղել է որսորդությունը և հավաքչությունը։ Բնորոշ գործիքներն էին երկկողմանի մշակված սրտաձև հատիչները, կլոր, ձվաձև, եռանկյունաձև կայծքարե գործիքները, ցլեփները ևն։ Աշելյան շրջանում մարդիկ ծանոթ էին կրակին։ Կենդանական աշխարհին բնորոշ էին՝ հարավային փիղը, մախայրոդը, ավելի ուշ շրջանում՝ մամոնտը, ռնգեղջյուրը, այծյամը։ Հայաստանում հայտնաբերված էն Արտին լեռան (Սատանի դար, Արեգունի բլուր, Հարավային բլուր), Հրազդանի միջին հոսանքի (Արզնի, Լուսակերտ, Ջրաբեր, Կարմիր), Աբխազիայում՝ Յաշտուխի, Ուկրաինայում՝ Լուկա–Վրուբլևեցկայի Ա. մ–ի կայանները։ Հայտնի են նաև Անգլիայում, Սիրիայում, Պաղեստինում, Չինաստանում (Չժոուկոուդյան քարայր, որը եղել է սինանտրոպոսի բնակատեղի) գտնված կայանները։ Ըստ նորագույն տվյալների, որոշ գիտնականներ աշելյան և շելյան մշակույթներից առաջ տեղադրում են Օլդուվեյան փուլը։

Գրկ. Սարդարյան Ս. Հ., Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Ե., 1967, էջ 47–54։ Ефименко П. П., Первобытное общество, 3 изд., Киев, 1953. Ս. Սարդարյան


ԱՇԻՄՈՎ Բայկեն (ծն. 1917), սովետական կուսակցական և պետական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ 1957-ին ավարտել է Լենինգրադի կիրառական կենդանաբանության և ֆիտոպաթոլոգիայի ինստ–ը, 1969-ին՝ ՍՄԿԿ ԿԿ–ին կից Բարձրագույն կուսակցական դպրոցը։ 1959-ից ղեկավար կուսակցական աշխատանք է կատարել Ղազախական ՍՍՀ Կոկչետավի, Կարագանդայի և Տալդի–Կուրգանի մարզերում։ 1970-ի մարտից Ղազախական ՍՍՀ Մինիստրների սովետի նախագահն է։ Ա. 1971-ին ՍՄԿԿ XXIV համագումարում ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ անդամ։ ՍՍՀՄ VIII գումարման Գերագույն սովետի դեպուտատ է։


ԱՇԽԱԲԱԴ (արաբերեն աշկ – սեր, պարսկերեն աբադ – շեն, ն. Ասխաբադ, 1917–1927-ին՝ Պոլտորացկ), Թուրքմենական ՍՍՀ մայրաքաղաքը։ Միութենական հանրապետությունների մայրաքաղաքներից ամենահարավայինն է։ Գտնվում է Կոպետ դաղի նախալեռներում, Աշխաբադի օազիսում, Կրասնովոդսկ–Տաշքենդ երկաթուղու վրա։ Օդային ուղիներով կապված է Մոսկվայի, Տաշքենդի, Բաքվի ևն քաղաքների հետ, ավտոմոբիլային ճանապարհներով՝ հանրապետության քաղաքների ու գյուղերի, ինչպես նաև Իրանի հետ։ 266 հզ. բն. (1972)։

Ա. հիմնադրվել է 1881-ին՝ որպես ռազմական ամրոց։ Հետագայում եղել է Անդրկասպյան մարզի կենտրոնը և խոշոր