Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱԳԱՐԱԿ 49

ապաճում։ Հոդայինի դեպքում՝ հոդերի բորբոքում, ապա՝ հոդերի անշարժություն։ Ակնային Ա֊ի ժամանակ բորբոքվում է աչքի եղջերաթաղանթը, առաջանում միակողմանի կուրություն։ Ախտականխիչ միջոցառումներ. ծանր հիվանդներին ենթարկում են սպանդի, մնացածներին բուժում պենիցիլինով, նորսուլֆազոլով, 3%-անոց սպիրտ֊գլյուկոզայով։ Հիվանդ կենդանիների կաթը ոչնչացնում են, հիվանդների հետ շփվածներինը՝ օգտագործելուց առաջ եռացնում։ Վարակված մորթիները և ոչխարանոցները ախտահանում են 10 և 20%֊անոց կրակաթի լուծույթով։

ԱԳԱՄԱՆԵՐ (Agamidae), մողեսների ընտանիք։ Ունի 35 ցեղ և մոտ 300 տեսակ։ Հատկանիշներն են՝ մանր վահանիկներով պատած գլուխ, կլոր բիբ, լավ զարգացած կոպեր ու վերջավորություններ, ամուր պոչ։ Որոշ տեսակների գլխի և պարանոցի վրա կան եղջերային ցցվածքներ։ Սնվում են միջատներով և բույսերով։ Հասուն Ա. գրգռվելիս ունակ են գունափոխվելու։ Ա. տարածված են Արևելյան կիսագնդի բարեխառն և արևադարձային շրջաններում։ ՀՍՍՀ֊ում տարածված են կովկասյան Ա. (A. caucasica) և տակիրային կլորագլուխը (Phrynocephalis heliescopus)։

Խորասանյան ագամա։


ԱԳԱՄԵՄՆՈՆ, հին հունական դիցաբանության մեջ Միքենեի (կամ Արգոսի) արքան, հունական բանակի առաջնորդը Տրոյական պատերազմում։ Հռչակված էր իր հարստությամբ։ Աչքի էր ընկնում քաջությամբ, բայց շահամոլ էր և փառասեր։ Տրոյական պատերազմից տուն վերադառնալով՝ սպանվում է կնոջ՝ Կլիտեմնեստրայի և նրա սիրեկան Էգիսթոսի կողմից։ Ա֊ի և Աքիլլեսի գժտությունը դարձել է «Իլիականի սյուժեի զարգացման ելակետը։ Ա֊ի կերպարին անդրադարձել են հին հունական ողբերգակները։


ԱԳԱՆԱ, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, Ջավախքի բարձրավանդակի հյուսիսում։ Շրջկենտրոնից՝ 25 կմ արմ.։ 715 բն. (1968)։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, ակումբ։ Ա. հիմնադրել են Էրզրումի Բրդոնք գյուղից գաղթած հայերը 1830-ին։


ԱԳԱՊՅԱՆ Արշակ Սարգսի (1860—1905), հայ գյուղագիր, մանկավարժ, հրապարակախոս։ Ծնվել է մայիսի 8(20)֊ին, Ղազախի գավառի Լալի (այժմ՝ ՀՍՍՀ Իջևանի շրջանի Նոր Լալա) գյուղում։ Սովորել է Ներսիսյան դպրոցում (1870–75), ավարտել Թիֆլիսի Ալեքսանդրյան ռուսական ուսուցչական ինստ֊ը (1886)։ Դասավանդել է Գետաշենում, Զաքաթալայում, Մոզդոկում, Թիֆլիսում, Երևանում։ Առաջին թղթակցությունը լույս է տեսել 1881-ի մայիսի 30-ին, «Մեղու Հայաստանի»֊ում, իսկ 1888-ից տպագրվել է «Նոր֊դար»֊ում։ Ա֊ի նախասիրած ժանրն ակնարկատիպ պատմվածքն է։ Նա ստեղծել է հայ գյուղացիության սոցիալական կյանքն ու պայքարը վերարտադրող ճշմարիտ պատկերներ («Մուսինի գանգատը», 1888, «Անարդար պահանջ», 1889, «Գյուղի ճամփեն», 1896)։ Ամենածավալուն գործը «Մարդասպանը» վիպակն է (1896)։ Գ. Ի. Ուսպենսկու նման Ա. մերժել է բուրժուական քաղաքը, նշել հողից կտրված գյուղացու կործանման անխուսափելիությունը («Դավթարից ջնջվածը», 1894)։ Նրա հասարակական իդեալը շահագործումից ազատ, լուսավորված գյուղն է։ Իր հոդվածներում Ա. համակրանք է արտահայտել ռուս վաթսունականների նկատմամբ, արձագանքել մայրենի լեզվի ու գրականության հուզող հարցերին, պայքարել հանուն մանկավարժական առաջավոր սկզբունքների արմատավորման և մատաղ սերնդի ազգային դաստիարակության։ Մահացել է հոկտ. 10-ին, ծննդավայրում։

Երկ. Երկեր, Ե., 1966։

Գրկ. Դանիելյան Ս., Արշակ Ագապյան, Ե., 1968։ Ա. Բեժանյան


ԱԳԱՊՆԵՐ (հուն. սիրո ընթրիք), առաջին քրիստոնյաների հավաքական ընթրիքներ, որտեղ ի նշան փոխադարձ սիրո հավատացյալներն իրար խաղաղության համբույր էին տալիս և հաղորդվում օրհնված հացով ու գինով՝ ի հիշատակ «խորհրդավոր ընթրիքի»։ Հոգևորականությունն Ա֊ով ձգտում էր հավասարության քողի տակ հավատացյալներին ավելի ամուր կապել քրիստոնեական կրոնի հետ։ Հետագայում, երբ Ա. վերածվեցին խնջույքների, եկեղեցին նրանցից առանձնացրեց հաղորդության խորհուրդը և միացրեց ժամերգության հետ։ Ա. հետզհետե արգելվեցին։


ԱԳԱՍՍԻԶ Ժան Լուի֊Ռոդոլֆ (1807–1873), շվեյցարացի բնագետ և աշխարհագրագետ։ Ծնվել է մայիսի 28-ին։ 1846-ից ապրել է ԱՄՆ֊ում։ Հարվարդի համալսարանում հիմնադրել է համեմատական անատոմիայի թանգարան։ Գիտության համար մեծ նշանակություն են ունեցել Ա֊ի աշխատությունները բրածո և ժամանակակից ձկների դասակարգման մասին, ինչպես նաև աշխարհագրական բաշխմանը և սառցային դարաշրջանին նվիրված հետազոտությունները։ Ա. էվոլյուցիոն ուսմունքի հակառակորդն էր, ուստի ջախջախիչ քննադատության ենթարկվեց Դարվինի և Հեկկելի կողմից։ Մահացել է դեկտ. 12-ին։


ԱԳԱՎԱ (Agave), շքանարգիզազգիների ընտանիքի բազմամյա բույսերի ցեղ։ Ունի կարճ ցողուն, արմատամերձ, մսալի, փշոտ տերևներ։ Որոշ տեսակներ ծաղկում են միայն մեկ անգամ՝ առաջացնելով երկար (մինչև 12 մ) ծաղկակիր։ Պտուղները հասունանալուց հետո բույսի վերգետնյա մասերը մահանում են։ Ա֊ի ամենաարժեքավոր A. sisalana տեսակից ստանում են սիզալ, իսկ մի քանի այլ տեսակներից՝ ոգելից խմիչքներ։ Ա֊ի ավելի քան 300 տեսակ տարածված է Մեքսիկայում և նրան հարող վայրերում։ Տերևներից պատրաստում են ճոպաններ, պարաններ, իսկ թափոններից՝ փաթթոցաթուղթ։ Առանձին դեկորատիվ տեսակներ աճեցվում են ՍՍՀՄ մերձսևծովյան շրջաններում։

Ագավա ամերիկյան։ Ձախից՝ ծաղիկը։


ԱԳԱՏ, միներալ, խալցեդոնի տարատեսակ։ Լինում է տարբեր գույնի և երանգի զուգահեռ նուրբ գծաշերտերով, նախշերով և ցանցով, գետաքարերի, խողովակաձև մարմինների երակների ձևով։ Խտությունը՝ 2570–2640 կգ/մ³, կարծրությունը՝ 6,0–6,5։ Առաջանում է հրաբխային ապարներում՝ ջրային սիլիկաթթվային լուծույթների ներհոսման հետևանքով։ ՀՍՍՀ֊ում հայտնի են Սարիգյուղի և Շահնազարի հանքավայրերը։ Ա. օգտագործվում է տեխնիկայում և ոսկերչության մեջ, նաև հղկանյութ է։


ԱԳԱՐ֊ԱԳԱՐ (մալայերեն), ծովային կարմիր և գորշ ջրիմուռներից ստացվող նյութ՝ կազմված ագարոզ և ագարապեկտին պարզ բազմաշաքարներից։ Ա֊ա. օգտագործվում է որպես սնկերի, ջրիմուռների և մանրէների սննդային միջավայրի բաղադրիչ։ Կիրառվում է նաև սննդարդյունաբերության մեջ՝ ժելեներ, մարմելադներ և ջեմեր պատրաստելիս։


ԱԳԱՐԱԿ, սկզբնապես՝ վարելադաշտ, ապա՝ մասնատիրական երկրագործական տնտեսություն և բնակավայր՝ գյուղական համայնքների հողային տարածություններից դուրս (տես նաև Դաստակերտ)։ Հին Հայաստանում Ա֊ի «մշակները» ստրուկներ էին, իսկ միջնադարում՝ գյուղացի֊համայնքականներից իրավապես ցածր երկրագործներ։ Ա֊ները պատկանում էին թագավորին, ազնվականներին, հարուստ կալվածատերերին և վանքերին։ Այստեղից էլ Ա. անվանումն իբրև բնակավայրերի անուն։ Ա. գործածվում է նաև ֆերմա իմաստով։ Գ. Սարգսյան


ԱԳԱՐԱԿ, քաղաքատիպ ավան (1954-ից) Հայկական ՍՍՀ Մեղրու շրջանում,