Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մինարեներ, մեդրեսեներ) են պահպանվել Մեքքայում և Մեդինայում։ Ժող․ բնակարանները կառուցվում են կավից և հում աղյուսից․ Ջիդդայում և Մեդինայում՝ արևից պաշտպանող վանդակավոր պատշգամբներով բազմահարկ աշտարակաձև տներ, Աբհայում՝ ճակատամասերը անձրևից պաշտպանող թերթաքարաշար քիվերով տներ։ Քոչվորների կացարանները այծի բրդե գործվածքով ծածկված վրաններ են։ 1950-ական թթ․ քաղաքներում (Ջիդդա, Էր Ռիյադ) կառուցվում են բազմահարկ տներ, հյուրանոցներ, մարզադաշտեր, օդակայաններ։ Քաղաքներում պատրաստում են ոսկյա զարդեր, կապարե հմայիլներ, ուխտավորների համար՝ հուշանվերներ, զարգացած է ոսկեկարը։ Բեդվինների վրանները զարդարվում են բրդյա վառ, շերտավոր վարագույրներով, կահ-կարասին նախշարզարդված է, տարածված է բրդյա և կաշվե գեղարվեստական իրերի պատրաստումը։

ՍԱՈՒԹԻ (Southey) Ռոբերտ (1774–1843), անգլիացի բանաստեղծ։ «Լճային դպրոցի» ներկայացուցիչ։ Սովորել է Օքսֆորդի համալսարանում (1792–94)։ 1795-ին լույս է տեսել «Պոեմներ» առաջին ժողովածուն։ Սկսել է որպես արմատական («Ուոթ Թայլեր», 1794, հրտ․ 1817, դրամա), 90-ական թթ․ վերջին անցել է հետադիմության դիրքերը, նրա ստեղծագործություններում գնալով մեծ դեր են խաղացել միստիկան, աստվածաբանական դիդակտիկան։ Այդ էվոլյուցիան արտացոլված է «Մեդոք» (1805), «Կեհամայի անեծքը» (1810), «Ռոդերիկը, գոթերից վերջինը» (1814) պոեմներում։ Ս–ի «Դատարանի տեսիլքը» (1821) պոեմը Ջ․ Բայրոնին առիթ է տվել ստեղծելու իր երգիծական համանուն պարոդիան։

ՍԱՓԱՐՈՎԱ–ԱԲԱՇԻՁԵ Մակո (Մարիամ) Միքայելի (1860, Սղնախ-1940 , Թբիլիսի), վրաց․ թատրոնի հայազգի դերասանուհի։ ՎՍՍՀ ժող․ արտիստուհի (1925)։ Վ․ Աբաշիձեի կինը։ Բեմ է բարձրացել 1878-ին՝ Թիֆլիսի վրաց․ դրամատիկական խմբում (Պայխոշ,, Վ․ Սարդուի «Հայրենիք» , Դ․ էրիսթավիի փոխադրությամբ՝ «Սամշոբլո»)։ Եղել է ռեալիստական ուղղության դերասանուհի, որի մարմնավորած դրամատիկ ու կատակերգական կերպարները բողոքել են սոցիալական անարդարությունների դեմ։ Լավագույն դերերից են՝ Մաշո (Ցագարելու «Սիբիրական»), Նատալյա (Սունդուկյանի «Խաթաբալա»), Լիզա (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Պոլինա (Ա․ Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Ռուքայա (Յու–Ժին–Սումբատովի «Դավաճանություն»), Տուանետ (Մոլիերի «Երևակայական հիվանդը»), Օֆելյա (Շեքսպիրի «Համլետ»)։ 1910-ական թթ․ լսողությունը կորցնելու պատճառով թողել է բեմը։ Գրել է հուշեր Գ․ Սունդուկյանի մասին, մասնակցել հայ մշակութային կյանքին։

ՍԱՓՈՐ, վազ, վազա (ֆրանս․ vase, լատ․ vas–անոթ, աման), 1․ լայն փորով և նեղ տակով ու բերանով, կժի նման, կավե կամ մետաղե աման՝ հեղուկների համար։ 2․ Անոթ, որի մեջ պահում են հանգուցյալի դիակի մոխիրը՝ աճյունակալ, աճյունասափոր։ 3․ Հեղուկ և սորուն նյութերի չափ՝ Ս․ կամ փաս (տես Չափագիտություն)։ 4․ Դեկորատիվ անոթների ընդհանուր անվանումը։ Ս․ են կոչվում նաև հին հուն. կավե անոթները, որոնք ըստ ձևի և նշանակության ունեցել են տարբեր անվանումներ։ Ս–ների ստեղծումն ու նկարազարդումը (տես Սափորանկարչություն) եղել է անտիկ արվեստի կարևոր բնագավառ։ Կառուցվածքային պարզությամբ, ձևերի ֆունկցիոնալ արդարացվածությամբ, ներդաշնակ համամասնություններով հին հուն․ Ս–ները եվրոպ․ արվեստի հաջորդ դարաշրջանների համար դարձել են դասական նմուշներ։ Բազմազան ու բազմաբնույթ են տարբեր ժողովուրդների դեկորատիվ և կիրառական գեղարվեստական անոթները (ապակյա, խեցեղեն, մետաղյա և այլ նյութերից Ս–ներ, գավաթներ, սկահակներ, թասեր, սկիհներ, աղամաններ ևն), որոնց ձևն ու դեկորը ստեղծված է հուզական–կերպարային սկզբունքով։ Ինչպես և դեկորատիվ–կիրառական արվեստի այլ գործերը, դրանք ծառայում են ինտերիերի պլաստիկական և գունային հարստացմանը, երբեմն նաև՝ որպես մոնումենտալ–դեկորատիվ արվեստի ստեղծագործություններ (օրինակ, ցանկապատի կամ շենքի ճակատի սկահակները), կրում տվյալ դարաշրջանի գեղագիտական ըմբռնումների, իսկ երբեմն էլ՝ քաղ․ և սոց․ նշանակալից իրադարձության և գաղափարի կնիքը [օրինակ, խորհրդապատկերներով և լոզունգներով (1918–25 թթ․) սովետական ագտոացիոն ճենապակին]։

ՍԱՓՈՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ անտիկ, անտիկ խեցե անոթների նկարազարդում։ Զարգացել է դեռևս Կրետե–Միկենյան մշակույթում։ Մ․ թ․ ա․ XX–XVI դդ․ ազատորեն նկարազարդվել է (բույսեր, ձկներ, ծովաստղեր) անոթի ողջ մակերեսը։ «Պալատական ոճի» (մ․ թ․ ա․ XV դ․ վերջ) սափորների նկարազարդումը աչքի է ընկնում զուսպ կոմպոզիցիայով, երկրաչափականացված բուսազարդերով։ Ուշ միկենյան արվեստում (մ․ թ․ ա․ XIV–XII դդ․) նկարազարդումները (մարդկանց, կենդանիների սխեմատիկ պատկերներ, երկրաչափական մոտիվներ, գալարագծեր) լակոնիկ են ու չոր։ Ս․ առանձնահատուկ կատարելության է հասել հին․ հուն. արվեստում։ Այն որոշ պատկերացում է տալիս հին հուն. գեղանկարչության մասին, որը գրեթե չի պահպանվել։ Սափորը պատում էին այսպես կոչված սև լաքով, սպիտակ, ծիրանագույն, հազվադեպ՝ ոչ դիմացկուն «ջրաներկային» ներկերով (երկնագույն, վարդագույն, կարմիր, մոխրագույն, դեղին) և ոսկու նուրբ շերտով։ Նկարազարդման կոմպոզիցիան օրգանապես ենթարկվել է անոթի ձևակազմությանը։ Հուն․ Ս–յան զարգացման պատմությունը ունեցել է տարբեր շրջափուլեր․ մերձմիկենյան Ս․, որ խարսխվել է ուշ միկենյան ավանդույթների վրա (մ․ թ․ ա․ XI դ․ 1-ին կես, զարդապատկերը կազմված է շրջագծերից, ալիքավոր գծերից, եռանկյունիներից), նախաերկրաչափական ոճ (մ․ թ․ ա․ XI դ․ 2-րդ կես –X դ․), երկրաչափական ոճ (մ․ թ․ ա․ IX–VIII դդ․, սափորի տեկտոնիկան ընդգծող հորիզոնական զարդագոտիներ և երկրաչափականացված պատկերներ), «գորգային ոճ» (մ․ թ․ ա․ VII դ․, բուսական նախշերի հետ համադրված կենդանիների և ֆանտաստիկ էակների բազմագույն պատկերներ)։