Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

Ընդհանուր առմամբ, Ռ–թ․ հ–ի ստորագրումը կարևոր իրադարձություն էր հայ ժողովրդի կյանքում, առաջին անգամ Արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը, որը միջազգային իրավունքի օբյեկտ էր դարձել դեռևս 1878-ի Բեռլինի կոնգրեսում (դաշնագրի 61-րդ հոդվածով), կոնկրետ արտահայտություն էր գտնում միջպետական պայմանագրի մեջ։ Հայկ․ վիլայեթների կառավարումը դրվում էր օտարերկրացիների (որոնք նաև բարձրագույն կառավարիչներ էին տվյալ վիլայեթներում) վերահսկողության տակ։ Ընդգծվում էր Ռուսաստանի առաջատար դերը Հայկական հարցում (դրանով թերևս հաստատելով Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը), որը նպաստավոր պայմաններ էր ապահովում թուրք, լծից Արևմտյան Հայաստանի ազատագրման համար։

Համաձայնագիրը արևմտահայերին չէր տալիս ինքնավարական այն լայն իրավունքները, որ նրանք ակնկալում էին։ Այն մի քայլ ետ էր նույնիսկ քննարկման ներկայացված բարենորոգումների ռուս. չափավոր նախագծից, որը նախատեսում էր հայկ․ միասնական մեկ նահանգի ստեղծում վեց վիլայեթներից (դրանք բաժանվում էին 2 մասի՝ իրենց մեջ ներառնելով նաև զուտ մահմեդականներով բնակեցված շրջաններ, ինչպես նաև Տրապիզոնի վիլայեթն ամբողջությամբ), եվրոպ․ տերությունների վերահսկողություն բարենորոգումների կատարման նկատմամբ, կես առ կես քրիստոնյաներից ու մահմեդականներից ընտրված մի նահանգային ժողովի գումարում, հայերից խլված հողերի ետ վերադարձնելը կամ դրանց հատուցում, մուհաջիրների (Բալկաններից գաղթած մահմեդականներ) վերաբնակեցման արգելում Արևմտյան Հայաստանում, բարենորոգումների տարածումը նաև հայաբնակ այլ վայրերի, մասնավորապես Կիլիկիայի վրա ևն։

Հետագայում թուրք. կառավարությունը մշակեց և Կ․ Պոլիս ժամանած Ընդհանուր տեսուչներ Հոֆին (Նորվեգիա) և Վեստենենկին (Հոլանդիա) հանձնեց նրանց իրավասությանը վերաբերող «հրահանգ», որն էլ ավելի էր սահմանափակում տեսուչների իրավունքները և նրանց փաստորեն վերածում թուրք. պաշտոնյաների։ Այդ պակասավոր բարենորոգումների ծրագիրը նույնպես մնաց թղթի վրա, քանի որ առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես Թուրքիան չեղյալ համարեց Ռ–թ․ հ․, իսկ նշանակված Ընդհանուր տեսուչներն այդպես էլ չհասցրին անցնել իրենց պարտականությունների կատարմանը։

ՌՈՒՍ–ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1724, ստորագրվել է հունիսի 12 (23)-ին Կ․ Պոլսում։ Պայմանագրի համաձայն Ռուսաստանը պահպանում էր 1723-ի Պետերբուրգի պայմանագրով (տես Պետերբուրգի պայմանագիր 1723) Իրանից անցած շրջանները Կասպից ծովի արմ–ում և հվ–ում։ Թուրքիային էին մնում վրաց․, հայկ․, ադրբ․ և հյուսիսիրանական հողերը, որոնք առաջ պատկանում էին Իրանին։ Պայմանավորվող կողմերի կառավարությունները պարտավորվում էին աջակցել Իրանական ․պետության անկախության պահպանմանը։ Պայմանագիրը օգնեց պահպանելու խաղաղություն այն կնքող կողմերի միջև, բայց միևնույն ժամանակ հնարավորություն ընձեռեց թուրքերին ներխուժելու Ղարաբաղ և Սյունիք՝ հայ ժողովրդի ազատագրական պայքարը ճնշելու և այնտեղ իրենց տիրապետությունը հաստատելու նպատակով, որը, սակայն նրանց չհաջողվեց։

ՌՈՒՍ–ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ 1877–1878, ծագել է բալկանյան ժողովուրդների ազգային–ազատագրական շարժումների վերելքի և Մերձավոր Արևելքում միջազգային հակասությունների սրման (տես Արևելյան հարց) պայմաններում։ 1875– 1878-ի Բոսնիայում և Հերցեգովինայում, 1876-ին՝ Բուլղարիայում թուրք, լծի դեմ տեղի ունեցած ապստամբությունները Ռուսաստանում առաջ բերեցին հասարակական լայն շարժում՝ հօգուտ բալկանյան եղբայրակից ժողովուրդների։ Ցարական կառավարությունը իր ազդեցությունը Բալկաններում ուժեղացնելու նպատակով, աջակցում էր ապստամբներին։ Երբ Թուրքիան մերժեց (Մեծ Բրիտանիայի թելադրանքով) Բոսնիային, Հերցեգովինային և Բուլղարիային ինքնավարություն տալու նախագիծը, որը մշակվել էր Կ․ Պոլսում, դեսպանների միջազգային կոնֆերանսում՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ, Ռուսաստանը 1877-ի ապրիլի 12(24)-ին պատերազմ հայտարարեց Թուրքիային։ Ռուսաստանի կողմում հանդես եկավ Ռումինիան, հետագայում նաև Սերբիան, ռազմ, գործողությունները Թուրքիայի դեմ վերսկսեց Չեռնոգորիան։ Հունիսի սկզբին ռուս. զորքերը (195 հզ․ մարդ) մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչի (Ավագ) հրամանատարությամբ կենտրոնացան Դանուբի ձախ ափին, նրանց դեմ կանգնեց թուրք. բանակը (ավելի քան 200 հզ․ մարդ) Աբդուլ Քերիմ Նադիր փաշայի հրամանատարությամբ։ Դրեթե հավասար էին ուժերը նաև Կովկասյան ռազմաճակատում․ Կովկասյան բանակը՝ 75 հզ․ մարդ մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչի հրամանատարությամբ՝ ընդդեմ Ահմեդ Մուխտար փաշայի 65–75 հզ–անոց թուրք, բանակի։ Իր մարտական պատրաստվածությամբ ռուս. բանակը գերազանցում էր թուրքականին, բայց զիջում նրան տեխնիկայով (թուրքերինը անգլիական էր)։ Ռուս. բանակի կազմում գործում էին բուլղ․ աշխարհազորը՝ ռուս․ գեն․ Ն․ Դ․ Ստոլետովի գլխավորությամբ, հայկ․ և վրաց․ միլիցիան։

1877-ի հունիսի 15(27)-ին ռուս. զորքերը, գեն․ Մ․ Ի․ Դրագոմիրովի հրամանատարությամբ, անցան Դանուբը Զիմնիցայի մոտ, այնուհետև երեք ջոկատներով՝ գեն․ Ի․ Վ․ Դուրկոյի Առաջավոր ջոկատը (12 հզ․ մարդ), Արլ․ (75 հզ․ մարդ) և Արմ․ (35 հզ․ մարդ) ջոկատները հարձակում ծավալեցին արլ․ (Ռուսչուկ), արմ․ (Նիկոպոլ, Պլևեն) և հվ․ (Տիռնովո) ուղղություններով։ Առաջավոր ջոկատը հունիսի 25 (հուլիսի 7)-ին գրավեց Տիռնովոն, իսկ հուլիսի 2 (14)-ին հաղթահարեց դժվարանցանելի Հայնքյոյի լեռնանցքը։ Շուտով գրավվեց Շիպկայի լեռնանցքը, ճանապարհը դեպի Կ․ Պոլիս բաց էր, սակայն բավականաչափ ուժեր չկային հարձակումը շարունակելու Բալկաններից այն կողմ։ Արմ․ ջոկատը [հուլիսի 8(20) և 18(30)-ին] անհաջող գրոհեց Պլևենի վրա։ Սուլեյման փաշայի թուրք, ուժեղ բանակի մոտենալը հարկադրեց Դուրկոյի ջոկատին ամրանալ Շիպկայում։ 1877-ի օգոստոսին Սուլեյման փաշայի ուժերը գրոհեցին Շիպկան, որը հերոսաբար պաշտպանեցին ռուս զինվորներն ու բուլղար աշխարհազորայինները։ Օգոստ․ 30–31 (սեպտ․ 11 – 12)-ին ռուս. զորքերի երրորդ գրոհը Պլևենի վրա նորից անհաջող ավարտվեց։

Կովկասյան ռազմաճակատում գեն․ Ա․ Տեր–Ղուկ ասովի Երևանյան ջոկատը ապրիլի 17(29)-ին գրավեց Բայազետը։ Մայիսի 5(17)-ին գրավվեց Արդահանը, իսկ մայիսի վերջին պաշարվեց Կարսը։ Թուրք, բանակի հակահարձակումը կասեցվեց Ալաջայի մոտ և Ալաջայի ճակատամարտում հոկտ․ 1–3(13–15)-ին թուրք, բանակը ջախջախվեց (տես Ալաջայի ճակատամարտ 1877)։ Նոյեմբ․ 6(18)-ի գիշերը գեն․ Հ․ Լազարևի զորքերը գրոհով վերցրին Կարսը։ Միաժամանակ գեն․ Դեյմանի և գեն․ Ա․ Տեր–Ղուկասովի զորաջոկատները շարժվեցին էրզրում, որի գրոհը անհաջող ավարտվեց։ Դանուբյան ռազմաճակատում նոյեմբ․ 28 (դեկտ․ 10)-ին, եռամսյա պաշարումից հետո, գրավվեց Պլևենը։ Ռուս. բանակը՝ 377 հզ․ մարդ, հակառակորդի 275 հզ–ի դիմաց, անցավ հարձակման։ Դեն․ Դուրկոյի զորաջոկատը բացառիկ դժվարին պայմաններում անցավ Բալկանները և 1877-ի դեկտ․ 23 (1878-ի հունվ․ 4)-ին գրավեց Սոֆիան։ Դեն․ Ֆ․ Ֆ․ Ռադեցկու զորքերը Շեյնովոյի մոտ ճակատամարտում [դեկտ․ 27–28 (հունվ․ 8–9)-ին] շրջապատեց և գերի վերցրեց Վեսել փաշայի 30 հզ–անոց բանակը։ Ռուս. դանուբյան բանակը, զարգացնելով հարձակումը Բալկաններից այն կողմ, հունվ․ 3–5 (15–17)-ին, Պլովդիվի մոտ ճակատամարտում պարտության մատնեց Սուլեյման փաշայի զորքերին, հունվ․ 8(20)-ին գրավեց Ադրիանուպոլիսը, իսկ մեկ ամիս անց շարժվեց դեպի Կ․ Պոլիս։ Ադրիանուպոլսի գրավումը և ռուս, զորքերի հայտնվելը Կ․ Պոլսի մոտ անհանգստացրեց Անգլիային և Ավստրո–Հունգարիային։ Անգլ․ կառավարությունը ռազմանավեր ուղարկեց, որոնց մուտքը Մարմարա ծով ստիպեց ռուս, կառավարությանը հրաժարվել Կ․ Պոլիսը գրավելու մտքից։ 1878-ի փետր․ 19 (մարտի 3)-ին ստորագրվեց Ռուսաստանի համար շահավետ Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը (տես Սան Ստեֆանոյի պայմանագիր 1878), որով Ռուսաստանին էր վերադարձվում Բեսարաբիայի հվ․ մասը (որ նա կորցրել էր 1853–56-ի Ղրիմի պատերազմից հետո), միացվում էին