Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

հաստատուն պահելու համար (օրինակ, լարման կայունարարներում)։ Լարման կայունացման գործակիցը, որը բնութագրում է շղթայի տեղամասի մուտքի և ելքի լարումների հարաբերական փոփոխությունը, որոշվում է Ստաբիլիտրոնի վոլտամպերային բնութագրի տեսքով և բալաստային ռեզիստորի Rբ դիմադրության մեծությամբ։ Գազապարպումային Ստաբիլիտրոների գործողությունը հիմնված է մարմրող և թագաձև պարպումների հատկությունների վրա։ Մարմրող պարպումների Ստաբիլիտրոնի կայունացվող լարման արժեքների տիրույթը 60–150 վ է, հոսանքների աշխատանքային տիրույթը՝ 5–40 մա։ Թագաձև պարպումների Ստաբիլիտրոնը նախատեսված է փոքր հոսանքների (~10-2-ից մինչև 1 – 1,5 մա) դեպքում բարձր լարումների (~3*102–3*104 վ) կայունացման համար։ Կիսահաղորդչային Ստաբիլիտրոնը կիսահաղորդչային դիոդ է, որի ելքի լարումը մնում է գրեթե անփոփոխ՝ դրանով անցնող էլեկտրական հոսանքի փոփոխության դեպքում։ Կիսահաղորդչային սնկերը հիմնականում կիրառում են լարման կայունացման և իմպուլսների ամպլիտուդների սահմանափակման համար, որպես հենարանային լարման աղբյուր, պոտենցիոմետրային հարմարանքներում։

ՍՏԱԴԻՈՆ (հուն․ σιάδιοv – մրցարան, կրկես), կրկեսային, մարզական և այլ խաղերի մրցությունների հրապարակ (տես Մարզադաշտ), ինչպես նաև երկարության չափի միավոր (տես Ասպարեզ)։

ՍՏԱԼ (Stael, ամուսնական ազգանունը՝ Ստալ Հոլշտայն, Stаёl–Holstein) Անն Լուիզ Ժերմեն դը (1766–1817), ֆրանսիացի գրող, գրականության տեսաբան, հրապարակախոս։ Ստալը ոգևորությամբ է դիմավորել Ֆրանս. մեծ հեղափոխությունը, սակայն մերժել է ժողովրդապետության գաղափարը, որ 1793–94-ին իրականացրին յակոբինյանները։ Այդ տարիների հրապարակախոսական և մյուս աշխատությունները ցույց են տալիս հեղինակի քաղ․ հայացքների չափավորությունը, որոնք, այնուամենայնիվ, թշնամական են բռնակալության ու միապետության հանդեպ։ 1800-ին հրատարակել է «Հասարակական կանոնադրումների առնչությամբ քննարկվող գրականության մասին» գիրքը։ Ստալի նորարարական դատողությունները սկզբնավորել են գրականությունների պատմամշակութային ու համեմատական ուսումնասիրումը, մինչդեռ առաջադիմության ու բանականության նկատմամբ հավատը, բոլոր ազգերի ու դարաշրջանների արվեստների առանձնահատկությունների նկատմամբ ուշադրությունը, միջնադարի ու Շեքսպիրի բարձր գնահատումը խարխլում էին կլասիցիզմի հիմքերը։ Ստալի առաջին վեպը «Դելֆին»-ն է (1802), որի ռոմանտիկ հերոսուհին հանուն ազատ զգացմունքի ըմբոստանում է հասարակական նորմաների դեմ։ Անհատի ազատություն քարոզելու և Նապոլեոն I-ի դիկտատուրային ընդդիմանալու համար արտաքսվել է Ֆրանսիայից։ «Կորին կամ Իտալիա» (1807) վեպի հիմքում Ստալի իտալ․ տպավորություններն են․ հերոսուհին, որ բանաստեղծ է և դերասան, դարձել է ռոմանտիկ ազատասիրության խորհրդանիշ։ «Գերմանիայի մասին» (1810) Ստալի գիրքը բռնագրավել է Նապոլեոնը (հրտ․ 1813, Մեծ Բրիտանիայում)։ 1821-ին տպագրվել է նրա «Տասնամյա տարագրություն» անավարտ հուշագրությունը։

Ա․ Գասպարյան

ՍՏԱԼԱԳՄԻՏՆԵՐ (< հուն․ σιάλαyμα – կաթիլ), պտկաքար, հոսանստվածքային (հաճախ կրաքարային) սյունաձև, կոնաձև գոյացումներ, որոնք առաջանում են քարայրերի հատակին, բարձրից կաթող կալցիումի կարբոնատով հագեցած ջրային կաթիլներից գազերի հեռացման և դրանց գոլորշիացման հետևանքով նստող աղերից։ Ստալագմիտները բարձրանում են ստալակտիտներին դեմ հանդիման և երբեմն միանալով նրանց առաջացնում են սյուներ (ստալագնատներ)։

ՍՏԱԼԱԿՏԻՏՆԵՐ (< հուն, σιάλαхιός, – հոսանստվածք կաթիլով), շթաքար, հոսանստվածքային (հաճախ կրաքարային) գոյացումներ, որոնք սառցալեզվակների, սանրի, խողովակների, ծոպերի և դրանց նման տեսքերով կախվում են կարստային քարայրերի առաստաղներից։ Առաջանում են կալցիումի կարբոնատով հագեցած ջրային կաթիլներից գազերի հեռացման և դրանց գոլորշիացման հետևանքով նստող աղերից։ Երբեմն հանդիպում են գիպսային և աղային ստալակտիտներ։

ՍՏԱԼԻՆ (իսկական ազգանունը՝ Ջուղաշվիլի, հեղ․ ծածկանունները՝ Կոբա, Սոսո) Իոսիֆ Վիսարիոնովիչ [9(21)․12․ 1879, Գորի–5․3․1953, Մոսկվա], ՍՄԿԿ, սովետական պետության, միջազգային կոմունիստական և բանվորական շարժման ղեկավար գործիչ, մարքսիզմ–լենինիզմի աչքի ընկնող տեսաբան և պրոպագանդիստ։ Ծնվել է տնայնագործ–կոշկակարի ընտանիքում։ 1894-ին ավարտել է Գորիի հոգևոր ուսումնարանը և ընդունվել Թիֆլիսի ուղղափառ սեմինարիան։ Անդրկովկասում բնակվող ռուս մարքսիստների ազդեցության տակ ընդգրկվել է հեղափոխական շարժման մեջ՝ անլեգալ խմբակում ուսումնասիրել Կ․ Մարքսի, Ֆ․ Էնգելսի, Վ․ Ի․ Լենինի, Գ․ Վ․ Պլեխանովի աշխատությունները։ ՍՄԿԿ անդամ 1898-ից։ Եղել է «Մեսամեդասի» ս–դ․ խմբում և պրոպագանդիստական աշխատանքներ տարել Թիֆլիսի երկաթուղային բանվորների շրջանում։ Հեղափոխական գործունեության համար 1899-ին հեռացվել է սեմինարիայից, անցել ընդհատակյա գործունեության, դարձել պրոֆեսիոնալ հեղափոխական։ Եղել է ՌՍԴԲԿ Թիֆլիսի, Կովկասյան միութենական և Բաքվի կոմիտեների անդամ, մասնակցել է «Բրձոլա» («Պայքար»), «Պրոլետարիատիս բրձոլա» («Պրոլետարիատի պայքար»), «Բակինսկի պրոլետարի» («Бакинский пролетарий»), «Գուդոկ» («Гудок»), «Բակինսկի ռաբոչի» («Бакинский рабочий») թերթերի հրատարակմանը։ 1905–07-ի հեղափոխության ակտիվ մասնակիցներից Անդրկովկասում։ ՌՍԴԲԿ կազմավորման պահից Ստալինը ակտիվորեն պաշտպանել է հեղափոխական մարքսիստական կուսակցության ամրապնդման լենինյան գաղափարները, պրոլետարիատի դասակարգային պայքարի բոլշևիկյան ստրատեգիան ու տակտիկան, մերկացրել է մենշևիկների և անարխիստների օպորտունիստական դիրքորոշումները հեղափոխության նկատմամբ։ ՌՍԴԲԿ I կոնֆերանսի (Տամերֆորս, 1905), IV (1906) և V (1907) համագումարների պատգամավոր։

Ընդհատակյա հեղափոխական գործունեության շրջանում մի քանի անգամ ձերբակալվել և աքսորվել է, փախել աքսորներից։ ՌՍԴԲԿ VI (Պրագայի) կոնֆերանսի ընտրած ԿԿ–ի նիստում (1912-ի հունվար) Ստալինը, հեռակա կարգով, կոոպտացվել է ԿԿ–ի կազմ և մտցվել ԿԿ–ի Ռուսական բյուրո։ 1912–13-ին աշխատել է Պետերբուրգում, աշխատակցել «Զվեզդա» («Звезда») և «Պրավդա» թերթերին։ ՌՍԴԲԿ ԿԿ–ի Կրակովի խորհրդակցության (1912) մասնակից։ Այդ ժամանակ նա գրել է «Մարքսիզմը և ազգային հարցը» աշխատությունը, որտեղ լուսաբանել է ազգ․ հարցի լուծման լենինյան սկզբունքները, քննադատել «Կուլտուր–ազգային ավտոնոմիայի» օպորտունիստական ծրագիրը։ Աշխատությունն արժանացել է Վ․ Ի. Լենինի դրական գնահատականին։ 1913-ի փետրվարին կրկին ձերբակալվել և աքսորվել է Տուրուխանյան երկրամաս։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո վերադարձել է Պետրոգրադ, մտել ՌՍԴԲ(բ)Կ ԿԿ–ի բյուրոյի և «Պրավդայի» խմբագրության կազմի մեջ, ծավալել ակտիվ գործունեություն՝ նոր պայմաններին համապատասխան։ Ստալինը պաշտպանել է բուրժուադեմոկրատական հեղափոխությունը սոցիալիստականի վերաճելու լենինյան կուրսը։ ՌՍԴԲ(բ)Կ համառուսաստանյան VII (Ապրիլյան) կոնֆերանսում ընտրվել է ԿԿ–ի անդամ, դրանից հետո անընդմեջ ԿԿ–ի անդամ է ընտրվել մինչև կյանքի վերջը։ Կուսակցության VI համագումարում ԿԿ–ի հանձնարարությամբ հանդես է եկել ԿԿ–ի քաղ․ հաշվետվությամբ և քաղ․ վիճակի մասին զեկուցումով։ Նա ակտիվորեն մասնակցել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության (1917) նախապատրաստմանը