Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետ (կապիտալիստի համար կատարվող բազմատեսակ նյութական և ոչ նյութական անձնական ծառայություններ)։ Սոցիալիզմի ժամանակ արտադրողական է այն աշխատանքը, որը հասարակության նյութական և հոգևոր աճող պահանջմունքները բավարարելու նպատակով իրագործում է նյութական բարիքների սոցիալիստական արտադրությունը, ստեղծում անհրաժեշտ ու հավելյալ արդյունք։ Աշխատանքի մնացած բոլոր տեսակներն անարտադրողական են։

Վ․ Ներկարարյան

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ, տե՛ս Կապիտալի շրջապտույտ։

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՈՒԺԵՐ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, հասարակական արտադրաեղանակի երկու անբաժան կողմեր։ Արտադրողական ուժերի տարրերն են՝ արտադրության գործիքները, նրանցով զինված արտադրողը, որն իր փորձով և ունակություններով ազդում է երրորդ տարրի՝ աշխատանքի առարկայի վրա և այն հարմարեցնում հասարակության կարիքների բավարարմանը։ Արտադրողական ուժերը մշտապես կատարելագործվում են։ Աշխատանքի միջոցները (գործիքներ, մեքենաներ) կարևոր դեր են կատարում արտադրողական ուժերի համակարգում, քանի որ փոփոխումն ու զարգացումն սկսվում են հենց դրանցից։ Տնտեսական դարաշրջանները միմյանցից տարբերվում են նրանով, թե ինչպիսի աշխատանքի միջոցներով է իրականացվում արտադրությունը։ Գլխավոր արտադրողական ուժը աշխատող մարդիկ են, որոնք ևս, նյութական արտադրողական ուժերի կատարելագործմանը համընթաց, զարգանում են։ Արտադրողական ուժերի կազմում առավել մեծ նշանակություն է ստանձնում գիտությունը («հասարակական համընդհանուր արտադրողական ուժը», Մարքս), որը արդի գիտա-տեխնիկական հեղափոխության դարաշրջանում անմիջական արտադրողական ուժի է վերածվում։ Արտադրողական ուժերի զարգացման մակարդակով է բնութագրվում բնությանը տիրելու մարդկանց իմացության, ինչպես նաև այն իրենց պահանջմունքների համապատասխան վերափոխելու աստիճանը։ Արտադրողական ուժերի զարգացման մակարդակը հասարակական առաջընթացի գլխավոր չափանիշն է։ Հասարակական արտադրությունը կարող է իրականանալ միայն այն ժամանակ, երբ մարդիկ փոխհարաբերության մեջ են մտնում ոչ միայն բնության, այլև միմյանց հետ՝ նյութական բարիքների արտադրության բաշխման, փոխանակության և սպառման պրոցեսում։ Արտադրական հարաբերությունների բնույթը որոշվում է աշխատուժի և արտադրամիջոցների միակցման եղանակով, սեփականատիրության ձևով։ «Այն առանձնահատուկ կերպն ու եղանակը, որով իրականանում է այս միակցումը, իրարից զանազանում է հասարակական կառուցվածքի տարբեր տնտեսական դարաշրջանները» (Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 2, 1936, էջ 14)։ Արտադրահարաբերությունների միագումարը կազմում է հասարակության տնտեսակարգը, այն իրական բազիսը, որի վրա բարձրանում է հասարակական վերնաշենքը։ Պատմությանը հայտնի է հինգ արտադրաեղանակ՝ նախնադարյան–համայնական, ստրկատիրական, ֆեոդալական, կապիտալիստական և կոմունիստական։ Ստրկատիրական, ֆեոդալական և կապիտալիստական հասարակարգերում արտադրահարաբերությունները հիմնվում են արտադրության միջոցների մասնավոր սեփականության տարբեր ձևերի վրա և արտահայտում են շահագործման ու ենթարկման հարաբերություններ, սոցիալիստական հասարակարգում՝ արտադրության միջոցների հանրային սեփականության վրա, ունեն աշխատողների ընկերական համագործակցության ու փոխօգնության բնույթ, որտեղ բացառված է մարդու կողմից մարդու շահագործումը։

Ա․ ու․ և ա․ հ․ զարգանում են փոխադարձ կապակցության մեջ։ Ընդ որում, արտադրողական ուժերը արտադրաեղանակի բովանդակությունն են, իսկ արտադրական հարաբերությունները՝ այդ բովանդակության շարժման և զարգացման ձևը։ Կ․ Մարքսը և Ֆ․ էնգելսը բացահայտեցին արտադրողական ուժերի բնույթին արտադրական հարաբերությունների համապատասխանության օրենքը։ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԲՆՈՒՅԹԻՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ, հասարակության զարգացման օբյեկտիվ տնտեսական օրենք, գործում է հասարակական տնտեսական բոլոր ֆորմացիաներում։ Այդ օրենքի գործողությամբ հասարակական զարգացման յուրաքանչյուր աստիճանում դրսևորվում են արտադրողական ուժերի և արտադրական հարաբերությունների միասնությունը, դրանց փոխներգործությունն ու ներքին անհրաժեշտ կապերը։ Արտադրողական ուժերը արտադրության առավել շարժուն և արագ զարգացող ու փոփոխվող տարրերն են։ Արտադրական հարաբերությունները, պայմանավորված լինելով արտադրողական ուժերի զարգացման աստիճանով, իրենց հերթին ներգործում են այդ ուժերի վրա․ արագացնում կամ արգելակում են դրանց զարգացումը։ Արտադրական հարաբերությունները, լինելով արտադրաեղանակի համեմատաբար պահպանողական կողմը, որոշ ժամանակ ետ են մնում արտադրողական ուժերի զարգացման մակարդակից, և նրանց միջև առաջանում է հակասություն, որը գնալով խորանում է։ Արտադրողական ուժերի ակտիվ ներգործությամբ հին, հետադիմական արտադրական հարաբերությունները փոխարինվում են նոր, առաջադիմական արտադրական հարաբերություններով, որոնք լայն ասպարեզ են բացում արտադրողական ուժերի զարգացման համար։ «Իրենց զարգացման որոշ աստիճանի վրա հասարակության նյութական արտադրողական ուժերը հակասության մեջ են ընկնում գոյություն ունեցող արտադրահարաբերությունների․․․ հետ, որոնց ծոցում նրանք զարգանում էին մինչև այդ։ Արտադրողական ուժերի զարգացման ձևեր լինելուց այդ հարաբերությունները դառնում են նրանց կապանքները» (Մարքս Կ․, Քաղաքատնտեսության քննադատության շուրջը, 1948, էջ 7–8)։ Հասարակական–տնտեսական ֆորմացիաների հաջորդափոխության հիմքում ընկած է այդ օրենքը, որի գործողությունը դասակարգային հակամարտ հասարակություններում դրսևորվում է դասակարգային պայքարի ձևով։ Արտադրության միջոցների մասնավոր սեփականության և շահագործման վրա հիմնված հասարակարգերի զարգացման որոշ շրջանում արտադրողական ուժերի և արտադրական հարաբերությունների միջև եղած կոնֆլիկտը լուծվում է սոցիալական հեղափոխությամբ։ Սոցիալիզմի պայմաններում, որի տնտեսական հիմքն արտադրության միջոցների հանրային սեփականությունն է, այդ օրենքը գործում է առանց հակամարտ հակասությունների։ Սոցիալիստական արտադրահարաբերությունները դառնում են հասարակության արտադրողական ուժերի զարգացման հզոր շարժիչ ուժ։ Միաժամանակ բացառված չէ հակասությունների հնարավորությունը սոցիալիստական արտադրական հարաբերությունների առանձին կողմերի և արտադրողական ուժերի միջև։ Սակայն այդ հակասություններն ունեն ոչ հակամարտ բնույթ և բացահայտվում ու հաղթահարվում են պլանաչափորեն, հասարակության գիտակցված միջամտությամբ։

Ս․ Բադաչյան, Ն․ Թովմասյան

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ, հասարակության տնտեսական օրենքներին համապատասխան արտադրության միջոցների և աշխատուժի բաշխում՝ ըստ տերիտորիալ և տնտեսական շրջանների։ Նրա հիմնական օրինաչափությունները որոշվում են նյութական բարիքների արտադրության եղանակով։ Հավելյալ արժեքի ստացման մրցավազքով է պայմանավորված արտադրողական ուժերի տարերային–անարխիկ, անհամաչափ, ոչ ռացիոնալ տեղաբաշխումը կապիտալիստական հասարակարգում։ Աշխատանքի միջազգային կապիտալիստական համակարգի պայմաններում արդյունաբերության, հատկապես նրա կարևորագույն ճյուղերի գերակշռող մասը կենտրոնացվել է մի քանի երկրներում, ԱՄՆ–ը, Անգլիան, ԳՖՀ–ն, Ֆրանսիան, ճապոնիան, Իտալիան, ունենալով կապիտալիստական աշխարհի տերիտորիայի 10,5 և բնակչության 16,2%-ը, արտադրում են նրա արդ․ արտադրանքի կեսից ավելին։ Արդյունաբերությունն անհամաչափ, ոչ ռացիոնալ է տեղաբաշխված նաև առանձին վերցրած կապիտալիստական երկրներում։ ԱՄՆ–ում արդյունաբերության 3/4-ը տեղաբաշխված է հս–արլ․ նահանգներում։ Մինչհեղափոխական Ռուսաստանում նույնպես արդյունաբերության 3/4-ը կենտրոնացված էր երկրի եվրոպական մասի մի քանի շրջաններում՝ կենտրոնական–արդյունաբերական, հս–արմ․ և ուկրաինական։ Տերիտորիայի մեծ մասը՝ Սիբիր, Հեռավոր Արևելք, Միջին Ասիա, Ղազախստան, Անդրկովկաս (բացառությամբ Բաքվի), ունեցել է աննշան, առավելապես հայթայթող արդյունաբերություն։ Սոցիալիստական հասարակարգում Ա․ ու․ տ–ման հիմքում ընկած է հասարակության բոլոր անդամների բազմակողմանի պահանջմունքների բավարարումը։ Ա․ ու․ տ–ման հիմնական սկզբունքներն են՝ երկրի բոլոր