շրջանների պլանաչափ համալիր զարգացումը, ձեռնարկությունների մոտեցումը հումքի ու էներգիայի աղբյուրներին, պատրաստի արտադրանքի՝ վաճառահանման ու սպառման շուկաներին, շրջանների միջև աշխատանքի ռացիոնալ բաժանումը։ Արտադրողական ուժերի սոցիալիստական տեղաբաշխումը էապես փոխեց մեր երկրի արտադրության տեղաբաշխման քարտեզը։ Բարձր զարգացած արդյունաբերություն ստեղծվեց բոլոր ազգային հանրապետություններում ու տնտ․ շրջաններում, և արտադրության տեղաշարժ կատարվեց դեպի արևելք։ Ա․ ու․ տ․ մեծապես նպաստեց ազգերի միջև փաստական անհավասարության վերացմանը․ ՍՍՀՄ արդյունաբերության զարգացման ընդհանուր բարձր տեմպերի հետ մեկտեղ է՛լ ավելի արագ տեմպերով զարգացան նախկինում հետամնաց ազգային ծայրամասերը։ Այսպես, եթե արդ․ արտադրանքի ընդհանուր ծավալը ՍՍՀՄ մասշտաբով 1973-ին 1913-ի համեմատությամբ ավելացել է 113 անգամ, ապա Բելոռուսական ՍՍՀ–ում այն աճել է 136, Ղազախական ՍՍՀ–ում՝ 181, Մոլդավական ՍԱՀ–ում՝ 186, Կիրգիզական ՍՍՀ–ում՝ 245, Հայկական ՍՍՀ–ում՝ 222 անգամ։ ՍՍՀՄ–ում Ա․ ու․ տ․ կարևոր նշանակություն ունեցավ երկրի պաշտպանունակության ամրապնդման համար, որն ամբողջությամբ դրսևորվեց 1941–45-ի մեծ հայրենականում։
ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ, աշխատանքի արդյունավետության աստիճան, որ արտահայտվում է միավոր աշխատաժամանակում արտադրվող սպառարժեքների քանակով։ Տարբերում են կենդանի և ամբողջական (կենդանի և առարկայացած) աշխատանքի արտադրողականություն։ Կենդանի աշխատանքի արտադրողականությունն արտահայտվում է ժամանակի միավորի ընթացքում (ժամ, հերթափոխություն, օր, ամիս, տարի) արտադրվող արդյունքների քանակով։ Կենդանի աշխատանքի արտադրողականության բարձրացման դեպքում մեծանում են առարկայացած աշխատանքի ծախսումները։ Գիտատեխնիկական առաջընթացին համեմատ աշխատուժի միևնույն քանակը ժամանակի միավորի ընթացքում նոր արդյունք է դարձնում արտադրամիջոցների ավելի մեծ զանգված։ Կենդանի աշխատանքի արտադրողականությունն ուղիղ համեմատական է արտադրվող արդյունքների քանակին և հակադարձ համեմատական դրանց միավորի արտադրության վրա ծախսվող աշխատաժամանակին։ Ամբողջական աշխատանքի արտադրողականությունն արտահայտվում է միավոր արտադրանքի վրա ծախսվող կենդանի և առարկայացած աշխատանքի մեծությամբ։ Ամբողջական աշխատանքի արտադրողականությունը բարձր կլինի, եթե միավոր արդյունքի մեջ նրա մեծությունը նվազի։ Աշխատանքի արտադրողականության աճի բնորոշ կողմն այն է, որ արտադրության մեջ մեծանում է աշխատամիջոցների (մասնավորապես աշխատանքի գործիքների) զանգվածը, հետևաբար և արդյունքներին փոխանցվող մաշվածքի արժեքը։ Հասարակական աշխատանքի արտադրողականությունը բարձրանում է նաև աշխատանքի տնտեսման և արդյունավետ օգտագործման միջոցով։ Հասարակական աշխատանքի արտադրողականության բարձրացումը նշանակում է արտադրվող սպառարժեքների քանակի ավելացում և դրանց միավորի արտադրության վրա ծախսվող աշխատաժամանակի կրճատում։ Ապրանքային արտադրության պայմաններում աշխատանքի արտադրողականության բարձրացմամբ իջնում է ապրանքի միավորի արժեքը։ Հասարակական աշխատանքի արտադրողականության բարձրացմամբ միավոր արտադրանքի մեջ կենդանի աշխատանքի բաժինը փոքրանում է, իսկ առարկայացած աշխատանքինը՝ մեծանում, այնպես որ, աշխատանքի ընդհանուր քանակը նվազում է։ Աշխատանքի արտադրողականության աճին համազոր է նաև արտադրանքի որակի բարձրացումը։ Որակի բարելավումը նշանակում է արտադրանքի քանակի համապատասխան աճ։
Ամեն մի նոր հասարակարգում արտադրողական ուժերն ավելի արագ են զարգանում, և աշխատանքի արտադրողականությունն ավելի բարձր է լինում, քան նախորդ հասարակարգի պայմաններում։ Աշխատանքի հասարակական բաժանման խորացման, մեքենայական տեխնիկայի կիրառման, վարձու աշխատանքի շահագործման հիման վրա կապիտալիզմը զարգացրեց խոշոր արտադրությունը և Ա․ ա․ հասցրեց անհամեմատ ավելի բարձր մակարդակի, քան ֆեոդալիզմի օրոք։ Սակայն կապիտալիստական հասարակարգում աշխատանքի արտադրողականությունը բարձրանում է նրան հատուկ ներքին հակասությունների սրման պայմաններում։ Արտադրության անարխիան, գերարտադրության տնտեսական ճգնաժամերը, քրոնիկական գործազրկությունը, դասակարգային պայքարի խորացումը, նորագույն տեխնիկայի կիրառման խոչընդոտները ևն այն օբյեկտիվ պատճառներն են, որոնք արգելակում են աշխատանքի արտադրողականության բարձրացումը՝ տալով նրան անկայուն, անհամաչափ բնույթ։
Սոցիալիզմի ժամանակ արտադրողական ուժերը զարգանում են պլանաչափորեն, աշխատողները շահագրգռված են աշխատաժամանակի տնտեսմամբ, ուստի արտադրողականությունը աճում է անշեղորեն և արագ։ Նրա աճը հասարակական ամբողջական արդյունքի և ազգային եկամտի անընդհատ մեծացման անխախտ պայմանն Է։ Սովետական իշխանության անցած տարիներին ՍՍՀՄ արդ․ արտադրանքի աճի 2/3-ը և գյուղատնտ․ արտադրանքի ամբողջ աճը ձեռք է բերվել աշխատանքի արտադրողականության բարձրացման հաշվին։ 1971-75-ին այդ գործոնի հաշվին է ստացվելու ազգային եկամտի աճի 80%-ը, արդ․ արտադրանքի աճի 87–90%-ը։ 9-րդ հնգամյակի առաջին երեք տարիներին (1971–73) այն կազմել է 83%՝ 8-րդ հնգամյակի 73%-ի փոխարեն։ Աշխատանքի արտադրողականության անշեղ բարձրացումը հնարավորություն է ընձեռում կրճատելու աշխատօրվա ու աշխատանքային շաբաթվա տևողությունը և դրանով իսկ մեծացնելու աշխատավորների ազատ ժամանակը, ապահովելու նրանց համակողմանի զարգացումը, որն իր հերթին նպաստում է աշխատանքի արտադրողականության բարձրացմանը։ Ա․ ա–ի անշեղ աճն իրագործվում է բազմաթիվ գործոնների հիման վրա։ Դրանցից վճռական նշանակություն ունեն հատկապես հասարակական արտադրության պլանաչափ կազմակերպումը, գիտության ու տեխնիկայի նորագույն նվաճումների և արտադրության ու աշխատանքի առաջավոր ձևերի ու մեթոդների կիրառումը, արտադրության արդյունավետ տեղաբաշխումը, աշխատավորների հանրակրթական ու կուլտուր–տեխնիկական մակարդակի բարձրացումը և ստեղծագործական ուժերի զարգացումը, սոցիալիստական մրցությունը, աշխատանքի նյութական և բարոյական նոր խթանները, բնական, նյութական ու աշխատանքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը։ ՍՍՀՄ, ինչպես նաև ՀՍՍՀ նյութական արտադրության բոլոր ճյուղերում բարձրացել է աշխատանքի արտադրողականությունը։ ՍՍՀՄ–ում 1973-ին աշխատանքի արտադրողականությունը 1940-ի համեմատությամբ բարձրացել Է․ արդյունաբերության մեջ՝ 5,83, գյուղատնտեսության մեջ՝ 3,8, երկաթուղային տրանսպորտում՝ 4,32 և շինարարության մեջ՝ 5,17 անգամ։ 9-րդ հնգամյակի պլանով նախատեսված է աշխատանքի արտադրողականաթյունը արդյունաբերության մեջ բարձրացնել 36–40, գյուղատնտեսության մեջ՝ 37–40, շինարարության մեջ՝ 37, ՀՍՍՀ–ում՝ համապատասխանաբար 38, 40 և 37%-ով։ Աշխատանքի արտադրողականության անշեղ աճը կոմունիզմի կառուցման գլխավոր պայմանն Է։ Սպառման տարբեր տեսակի առարկաների առատության ստեղծումը և հասարակության հոգևոր կյանքի ծաղկումը, վերջին հաշվով, կախված են հասարակական աշխատանքի արտադրողականության բարձրացումից։
Գրկ․ Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 1, Ե․, 1974։ Լենին Վ․ Ի․, Երկեր, հհ․ 26, 27, 29, 30, 4-րդ հրտ․։ ՍՄԿԿ XXIV համագումարի նյութերը, Ե․, 1971։
ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՆԱՐԽԻԱ, տնտեսության քաոսայնություն, անպլանայնություն՝ տնտեսական օրենքների տարերային գործողության պայմաններում։ Հատուկ է արտադրության միջոցների մասնավոր սեփականության վրա հիմնված ամեն մի ապրանքային արտադրության, բայց համընդհանուր և կործանարար բնույթ է ստանում կապիտալիստական հասարակարգում։ Պարզ ապրանքային արտադրության ժամանակ դրա հետևանքով անհամապատասխանություն է ստեղծվում ապրանքների առաջարկի և պահանջարկի միջև, որի ընթացքում խորանում է գույքային անհավասարությունը ապրանքարտադրողների միջև։ Պատմական որոշակի պայմաններում աստիճանաբար առաջանում են կապիտալիստական արտադրահարաբերություններ։ Լինելով կապիտալիզմի հիմնական հակասության դրսևորումներից մեկը՝ Ա․ ա․ առաջացնում է կապիտալիստական տնտեսության ճյուղերի անհամամասնական զարգացում, որը դառնում է գերարտադրության տնտեսական ճգնաժամերի անմիջական պատճառներից