Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միավորված է Խծաբերդի կոլտնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, բուժկայան։


«ԱՐՓԱ–ՍԵՎԱՆ», հիդրոտեխնիկական կառույցների համալիր։ Բաղկացած է թունելից (երկարությունը՝ 48,3 կմ), Կեչուտի ջրամբարից (տարողությունը՝ 22,5 մլն․ մ³), ջրընդունիչ, ջրթափ ու ջրառու կառույցներից և բաց ջրանցքից (երկարությունը՝ 867 մ)։

Սովետական իշխանության հաստատման աոաջին իսկ տարիներին Հայաստանում հզոր էներգետիկ բազայի ստեղծման խնդիր դրվեց արդյունաբերության զարգացման և հողերի ոռոգման համար։ էներգիայի այլ աղբյուր չունենալով՝ հայկական ՀՍՍՀ–ում այդ խնդիրը կարող էր լուծվել Սևանա լճի ջրերի օգտագործմամբ։ Ստեղծվեց ՀԷԿ–երի Սևան–Հրազդան կասկադը, որը տարիներ շարունակ ՀՍՍՀ հիմնական էներգետիկ բազան էր, կառուցվեց նաև ոռոգման ջրանցքների մի ամբողջ համակարգ, որի շնորհիվ ոռոգվեցին տասնյակ հազարավոր հեկտար անջրդի հողեր։ Լճից բաց էր թողնվում տարեկան 1․200 մլն․ մ³ ջուր (բնական հոսքից մոտ 10 անգամ ավելի), որի հետևանքով լճի մակարդակն աստիճանաբար իջնում էր։ հետագայում ստեղծվեցին գազով կամ այլ վառելանյութերով աշխատող ջերմային էլեկտրակայաններ, զգալիորեն կրճատվեց էներգետիկ նպատակներով լճից կատարվող թողքը (տարեկան 700–800 մլն մ³-ից հասցըվեց 120 մլն․ մ³)։ Կրճատվեցին նաև ոռոգման նպատակով կատարվող թողքերը (տարեկան 500 մլն․ մ³-ից հասցվեցին մինչև 250 մլն․ մ³) հիմնականում Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրերի օգտագործման շնորհիվ։ Լճի մակարդակի կայունությունը և Էներգետիկայի ու ոռոգման նվազագույն պահանջմունքը բավարարելու համար անհրաժեշտ Էր լիճը ջրով սնել այլ աղբյուրներից։ «Հայհիդրոնախագիծ» և ՀՍՍՀ ԳԱ ջրային պրոբլեմների ինստիտուտների մանրազնին հետազոտությունները ցույց տվեցին, որ ամենանպատակահարմարը, առաջին հերթին, Արփա գետի ջուրը Սևանա լիճ տեղափոխելն Է։ «Հայարդնախագիծ» ինստ–ը 1961–62-ին կազմեց կառույցի սխեման և նախագծային առաջադրանքը։ Նախագծով Արփա գետից տարեկան 250 մլն․ մ³ ջուր կտեղափոխվի Սևանա լիճ, միաժամանակ կապահովվի նաև Արփա գետի ավազանի հողերի ոռոգման պահանջմունքը։ Դա հնարավորություն կտա Սևանա լճում կուտակվող ջրից Էներգետիկ ու ոռոգման նպատակներով տարեկան օգտագործել 420 մլն․ մ³ և լճի մակարդակը պահպանել ծովի մակերևույթից 1899 մ բարձրության վրա։ ՀՍՍՀ ժողովրդական տնտեսության համար կլուծվեն մի շարք կարևոր խնդիրներ, առավելագույն չափով ու տնտ․ արդյունավետությամբ կօգտագործվեն Սևան–Հրազդան կասկադի ՀէԿ–երի ու ոռոգման կոմպլեքսների կառուցվածքներն ու սարքավորումը, կապահովվեն առողջարանների ու հանգստի գոտիների ստեղծման հնարավորությունները են։ Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և ՍՍՀՄ էներգետիկայի ու էլեկտրիֆիկացման մինիստրության որոշմամբ «Ա–Ս․» կոմպլեքսի շինարարությունը սկսվել է 1963-ի մարտից, առաջին փուլում շինարարական աշխատանքները կատարել է «Հայհիդրոէներգոշինը», այնուհետև «Հիդրոսպեցստրոյ» համամիութենական պետական տրեստին կից ստեղծված «Արփա–Սեանշին» հատուկ վարչությունը։

Ջերմուկ առողջարանից ներքև, Կեչուտ գյուղի մոտ քարալիցքային պատվարով Արփա գետի ջրերը բարձրացվում ու հասցվում են 1942 մ բարձրության՝ ստեղծելով Կեչուտի ջրամբարը, որի մակարդակը 44 մ–ով բարձր լինելով Սևանա լճի մակարդակից, հնարավոր է դարձնում ջրի ինքնահոս տեղափոխումը։ Արփա գետից մինչև Սևանա լիճ, Վարդենիսի լեռնաշղթայի տակով թունել է վարվում այն հաշվով, որ ներառնվեն նաև Եղեգիս գետի ջրերը։

Բացառիկ երկարության այս հիդրոտեխնիկական թունելի կառուցումը, կապված լինելով մի շարք բարդ տեխ․ խնդիրների լուծման հետ (փլուզումների կանխում, ստորգետնյա ջրերի հեռացում, բետոնապատում ևն), անհրաժեշտ դարձրեց նաև թունելի առաջին հատվածում մեկ, իսկ երկրորդ հատվածում՝ երեք ուղղաձիգ հորանների փորումը։ Դրանց խորություններն են՝ 193, 358, 668 և 368 մ։ Այդ հորանմերը հնարավոր դարձրեցին թունելի շինարարությունը սկսել միաժամանակ 11 թունելախորշերից։ Թունելը հիմնականում անցնում է պորֆիրիտների, բազալտների և ավազաքարերի միջով, որոնք ամուր են ու կայուն, սակայն առանձին հատվածներում խիստ հողմնահարված, ճեղքավորված ու ջրով հագեցած։ Փլուզումներից խուսափելու, ջրի կորուստը կանխելու համար թունելն ամբողջ երկարությամբ բետոնապատվում է։ Առ 1-ը մայիսի 1975-ի հորատանցված է 45670 մ, բետոնապատված՝ 38210 մ։

Ա․ Տեր–Հովհաննիսյան


ԱՐՓԱՎԵՏ, Արփավուտ, գյուղ Արևմտյան Հայաստանի Խարբերդ գավառում, Խարբերդ–Մատեն ճանապարհի վրա։