Ա․ գտնվում է ալպյան ծալքավորության գոտում։ Օգտակար հանածոներից են՝ գազը, նավթը, քարածուխը, կապարը, ցինկը, ոսկին, երկաթը։ Կլիման չոր է, մերձարևադարձային ցամաքային է, ջերմաստիճանի խիստ տատանումներով։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 24-ից 32°C է, հունվարինը՝ 0-ից 8°C, երբեմն իջնում է մինչև –20-ից –30°C։ Հվ․ հարթավայրերում տարեկան տեղումները 40– 50 մմ են, առավելագույն տեղումները հարթավայրերում՝ 370 մմ, լեռներում՝ 800 մմ։ Գետային ցանցը խիտ է արլև հս–արյ․ շրջաններում։ Գետերի մեծ մասը՝ Մուրղաբ, Հերի ռուդ, Ֆարահ ռուդ, Հիլմենդ, Ամուդարյա (վերին հոսանքում Փյանջ)՝ Կոկչա, Սուրխաբ և այլ վտակներով, բացառությամբ Ինդոսի վտակ Քաբուլի, պատկանում են ներքին հոսքի մարզին։ Գետերն ունեն ձնասառցադաշտային սնում։ Հարթավայրերի գետերը վարարում են գարնանը, իսկ ամռանը դրանցից շատերը կորչում են ավազուտներում կամ օգտագործվում ոռոգման նպատակով։ Գյուղատնտեսության, ինչպես նաև բնակավայրերի կարիքների համար օգտագործվում են ստորերկրյա ջրերը։ Առավել տարածված են լեռնաանապատային գորշ մոխրահոդերը և լեռնային մոխրագույն հողերը։ Մեծ տարածություն են գրավում կիսաամրացած ավազները։ Բուսականությունը գլխավորապես չոր տափաստանային և անապատային է։ Պակիստանին սահմանամերձ լեռնային Նուրիստանի շրջաններում որոշ չափով տարածված է անտառների արևմտահիմալայան տիպը (մինչև 3300–3400 մ), ավելի բարձր՝ մերձալպյան ու ալպյան մարգագետինները։ Կենդանական աշխարհը պատկանում է հոլարկտիկական մարզին։ Կճղակավորներից տարածված են վայրի ոչխարը, այծը, ջեյրանը, վարազը, գիշատիչներից՝ գայլը, բորենին, ընձառյուծը, շնագայլը, սողուններից՝ կրիաները, օձերը։ Ունի հարուստ թռչնաշխարհ, շատ են միջատները։
IV. Բնակչությունը Ա–ում ապրում են տարբեր լեզվախմբերի պատկանող ավելի քան 20 ժողովուրդներ։ Բնակչության կեսից ավելին աֆղաններ են (ավելի քան 8 մլն․)։ Կան նաև տաջիկներ, ուզբեկներ, թուրքմեններ, խազարացիներ, չաար–այմակներ, նուրիստանցիներ, բելուջներ, փաշայներ և այլք։ Ա․ ունի երկու պետական լեզու՝ փուշթու (աֆղաներեն) և դարի (ֆարսի–քաբուլի)։ Պետական կրոնը իսլամն է։ Ա–ում ընդունված են արեգակնային հիջրա (պաշտոնական), լուսնային հիջրա և գրիգորյան տոմարները։ Գյուղական բնակչությունը 90% է, քաղաքայինը՝ 10%։ Մոտ 2,5 մլն․ մարդ դեռևս վարում է քոչվորական և կիսաքոչվորական կյանք։ Նստակյաց բնակչությունը տեղաբաշխված է անհավասարաչափ։ Խոշոր քաղաքներն են՝ Քաբուլը, Ղանդահարը, Հերաթը, Մազարի–Շարիֆը, Ղունդուզը։
V․ Պատմական ակնարկ
Մ․ թ․ ա․ I հազարամյակի 1-ին կեսից Ա–ի տերիտորիայում ձևավորվել են վաղ դասակարգային հարաբերությունները և կազմավորվել առաջին պետությունները, որոնցից հնագույնը Բակտրիան էր։ Մ․ թ․ ա․ VI դարում 30-ական թթ․ Ա–ի տերիտորիան մտել է Աքեմենյանների պետության մեջ։ Մ․ թ․ ա․ 330–329-ին Ա․ գրավել է Ալեքսանդր Մակեդոնացին, ապա անցել է Սելևկյաններին։ Մեծ Քուշանների տիրապետության շրջանում (մ․ թ․ I դ․ վերջ – IV դ․), որոնց պետության կենտրոնը գտնվում էր Ա–ի հս․ մասում, երկրում տարածվեց բուդդայականությունը։ Քուշան– ների հզորությանը մեծ հարված հասցրին Սասանյանները՝ իրենց ենթարկելով Ա–ի մի մասը։ VI դ․ 60-ական թթ․ Ա–ի տերիտորիան բաժանվեց մանր տիրույթների, որոնց մի մասը դարձավ թուրք, կահանատի, իսկ մյուսը՝ Սասանյանների վասալ։ VI –VIII դդ․ Ա–ում ձևավորվեցին ֆեոդալական հարաբերությունները։ VII – VIII դդ․ արաբները գրավեցին Ա–ի մեծ մասը, իսկ 900-ից այն ենթարկվեց Բուխարայի Սամանյան ամիրաներին։ VII – X դդ․ Ա–ում տարածվեց մահմեդականությունը։ Աֆղան ժողովուրդը (փուշթուներ) ձևավորվել է Սուլեյմանի լեռներում, Ղազնի–Ղանդահ արյան և Քվետա–Փիշինյան բարձրավանդակներում։ Այս երկրամասերի հնագույն բնակիչներն էլ, որոնք խոսում էին արևելա–իրանական լեզվախմբին պատկանող լեզուներով (նույն խմբին է պատկանում նաև ժամանակակից աֆղանական լեզուն՝ փուշթուն), կազմեցին աֆղան ժողովրդի հիմնական տարրերը։ Աֆղան ժողովրդի մասին առաջին հիշատակությունները հանդիպում են VI դ․։ XIII դ․ մոնղ․ արշավանքները կասեցրին Ա–ի տնտ․ զարգացումը։ XIV դ․ Ա–ի տերիտորիան գրավեցին Մեծ մողոլները և Սեֆևյանները։ Նրանց տիրապետության դեմ մղված երկարատև պայքարը հանգեցրեց աֆղանների միավորմանը և աֆղանական պետության ստեղծմանը (1747), որի գլուխ կանգնեց Ահմադ խանը (տես Ահմաղ–Շահ Դուրանի)։ 1818-ին Դուրանիների պետությունը մասնատվեց առանձին իշխանությունների։ Անգլո–աֆղանական 1-ին պատերազմը (1838–42) ընդհատեց երկրի վերամիավորման գործը, որն իր ձեռքն էր վերցրել Դոստ Մոհամեդը։ Այն շարունակվեց միայն Ա–ից անգլ․ զորքերի վտարումից հետո։ Անգլո–աֆղանական 2-րդ պատերազմի (1878–80) հետևանքով Ա․ ճանաչեց Անգլիայի վերահսկողությունը երկրի արտաքին քաղաքականության նկատմամբ։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին Ա․ դարձավ համեմատաբար կենտրոնացված ֆեոդալական պետություն։ Դրան նպաստեցին ամիրա Աբդուռահմանի (1880–1901) բարենորոգումները․ ամրապնդվեց բանակը, կարգավորվեցին վարչական ապարատը և հարկերի հավաքումը, սահմանափակվեց արտասահմանյան առևտրական կապիտալի գործունեությունը։ Երևան եկավ ազգային