Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հա է (5,3 մլն․ հա ոռոգելի), որից գյուղատնտեսական կուլտուրաներին հատկացված է 2,6 մլն․ հա ոռոգելի և 1,3 մլն․ հա անջրդի հող։ Վարելահողերի 70% գտնվում է երկրի հս․ նախալեռնային շրջանում։ Ոռոգվող հողերի հիմնական շրջաններն են Քաբուլ, Հերի ռուդ, Հիլմենդ, Սուրխաբ U Բալխ գետերի ավազանները։

Ա–ին բնորոշ է բազմատեսակ կուլտուրաների մշակությունը՝ հացահատիկի գերակշռությամբ։ Բուսաբուծության արտադրանքի մոտ 55% կազմում է ցորենը (2,243 մլն․ տ, 1972), որը մշակում են երկրի շատ շրջաններում, ոռոգվող ու անջրդի հողերում, բրինձ՝ Լոգարի, Սուրխաբի, Ալիշանգայի հովիտներում, եգիպտացորեն՝ հվ-արլ-ում, գարի՝ անջրդի հողերում։ Լեռնային շրջաններում ցանում են նաև հատիկա-ընդերային կուլտուրաներ։ Գրեթե ամենուրեք տարածված է խաղողագործությունը, պտղաբուծությունը։ Հերաթի, Ղանդահարի, Քաբուլի և այլ օազիսներում մշակում են բանջարաբոստանային զանազան կուլտուրաներ։ Տեխնիկական կուլտուրաների ցանքերը կենտրոնացած են Ա–ի հս–ում։ Որոշ վայրերում հողագործությունն իր տեղը զիջում է անասնապահությանը, որի կարևորագույն և բարձր ապրանքային ճյուղը ոչխարաբուծությունն է։ 1972–73-ին հաշվվում էր 20 մլն․ ոչխար, 2,5 մլն․ այծ։ Հս․ Ա–ում բուծում են կարակուլ ցեղի ոչխար (մոտ 6,5 մլն․)։ Կարակուլի արտադրանքով (տարեկան մոտ 1,5–2,5 մլն․ մորթի) Ա․ աշխարհում գրավում է 3-րդ տեղը (ՍՍՀՄ–ից և ԵԱՀ–ից հետո)։ Բուծում են խոշոր եղջերավոր անասուններ, ուղտեր, ձիեր։ Հերաթի, Բաղլանի, Զալալաբադի և Մազարի–Շարիֆի շրջաններում զբաղվում են շերամապահությամբ, հվ․ և հս․ շրջաններում՝ բնափայտի մթերումով։

Արդյունաբերությունը։ Ֆաբրիկա–գործարանային արդյունաբերությունն ստեղծվել է XX դ․ 30-ական թթ․ վերջերին։ էլեկտրաէներգետիկայի, արդյունահանող և մշակող (բացի տեքստիլից) արդյունաբերության կարևորագույն ձեռնարկությունները պատկանում են պետ․ կամ խառը պետական–մասնավոր ակցիոներական ընկերություններին։ Կարկար, Իշփուշթա, Դարա–Ցուսուֆ հանքավայրերում արդյունահանվում է քարածուխ, Թալիքան քաղաքի մոտ՝ քարաղ։ Բադախշանի լեռներում կան լազուրիտի հանքեր։ Շիբարղան քաղաքի շրջակայքում արդյունահանվում է բնական գազ, որի մի մասը գազամուղով փոխադրվում է ՍՍՀՄ։ Մեծ ՀԷԿ–եր են կառուցվել Քաբուլ գետի վրա։ ՍՍՀՄ օգնությամբ կառուցվել է ՋԷԿ և ավարտվել ազոտային պարարտանյութերի գործարանի շինարարությունը Մազարի–Շարիֆում։ Ձեռնարկությունների ընդհանուր թիվը հասել է 230-ի։ 1972–73-ին արտադրվել է 450 մլն․ կվտ էլեկտրաէներգիա, 90 հզ․ տ ցեմենտ, 9 հզ․ տ շաքար։ Արդյունահանվել է 140 հզ․ տ ածուխ, 28 մլրդ․ մ³ բնական գազ, 40 հզ․ տ աղ։ Արհեստագործության մեջ զբաղված է մոտ 200 հզ․ մարդ։ Աֆղանական գորգերն ունեն համաշխարհային համբավ։ Առավել զարգացած է տեքստիլ, սննդի, շինանյութերի արդյունաբերությունը։

Տրանսպորտը։ Ա–ի միակ երկաթուղին Կուշկա–Տորադուն–Դայն Է, որն ունի 7 կմ երկարություն։ Փոխադրումները հիմնականում կատարվում են ավտոմոբիլային տրանսպորտով։ 1973-ին ավտոճանապարհների երկարությունը կազմում Էր 7,8 հզ․ կմ, որից 2,6 հզ․ կմ՝ ասֆալտապատ։ Կարևոր նշանակություն ունի Քաբուլ–Ղանդահար–Հերաթ–Մազարի–Շարիֆ–Քաբուլ օղակաձև ուղին։ Փոքր տարածությունների վրա բեռներ տեղափոխելու համար հիմնականում օգտագործվում են բեռնատար կենդանիներ։ Նավարկելի միակ գետը Ամուդարյան Է։ Օդային տրանսպորտն սպասարկում է արտաքին և ներքին հաղորդակցությանը։ Միջազգային նշանակություն ունեն Քաբուլ և Ղանդահար օդանավակայանները։ Արտահանության 80–90% կազմում են կարակուլը, բուրդը, բամբակը, մրգերը։ Ներմուծում է բազմազան արդ․ ապրանքներ։ Արտաքին առևտրով Ա․ հիմնականում կապված է ՍՍՀՄ–ի, ԱՄՆ–ի, Հնդկաստանի, ԳՖՀ–ի, Անգլիայի, ճապոնիայի, ՉՍՍՀ–ի հետ։ Դրամական միավորը աֆղանին Է․ ՍՍՀՄ Պետական բանկի 1974-ի օգոստոսի կուրսով 100 աֆղանին հավասար է 1 ռ․ 66 կ․։

VII․ Առողջապահությունը

Ա–ում առողջապահության պաշտոնական ճշգրիտ վիճակագրություն չկա։ Առավելապես տարածված են մալարիան, տուբերկուլոզը, որովայնային տիֆը, դիզենտերիան, տրախոման, լնդախտը, ռախիտը, պելագրան։ 1965-ին կար 67 հիվանդանոց՝ 2615 մահճակալով (0,17 մահճակալ՝ 1000 բնակչին), 59 առողջապահական կենտրոն, բժշկական օգնության 12 կետ, 71 պոլիկլինիկա, 11 դիսպանսեր, 11 շարժական ամբուլատորիա։ 1966-ին աշխատում էին 721 բժիշկ (1 բժիշկ՝ 21 հզ․ բնակչին), 146 ատամնաբույժ, 157 դեղագործ, 465 բուժքույր և 108 մանկաբարձ։ Բժշկական կադրեր են պատրաստվում Քաբուլի և Զալալաբադի համալսարանների բժշկական ֆակուլտետներում։ Հիվանդությունների դեմ մղված պայքարում և բժշկական կադրերի պատրաստման գործում Ա–ին մեծ օգնություն են ցույց տալիս Սովետական Միությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

VIII․ Լուսավորությունը

Մինչև XIX դ․ վերջը Ա․ ուներ միայն մահմեդական դպրոցներ։ Աշխարհիկ առաջին դպրոցը՝ Խաբիբիայի լիցեյը, հիմնադրվել է 1903-ին։ Լուսավորության ժամանակակից համակարգը ձևավորվել է անկախություն ձեռք բերելուց հետո (1919)։ 1931-ից մտցվեց ձրի պարտադիր տարրական ուսուցում 7–8-ից մինչև 13–14 տարեկան երեխաների համար։ Դասավանդումը տարվում է փուշթու կամ դարի պետական լեզուներից մեկով։ Երկրորդ լեզուն ուսուցման պարտադիր առարկա է տարրական դպրոցի IV դասարանից։ 1967–1968 ուս․ տարում տարրական դպրոցներում սովորում էր ավելի քան 447 հզ․, միջնակարգ դպրոցներում՝ 54,3 հզ․ աշակերտ։ 1975-ի ռեֆորմի համաձայն միջնակարգ դպրոցն ունի 3 աստիճան՝ տարրական (1–6 դասարան), միջնակարգ (7–9) և լիցեյ (10–12)։ Նախատեսվում է գյուղական դպրոցներն աստիճանաբար վերածել տարրականի (ուս․ տևողությունը 8 տարի)։ 8-րդ դասարանն ավարտելուց հետո աշակերտները կարող են ուսումը շարունակել պրոֆտեխնիկական դպրոցներում և լիցեյներում։ Մեծ տեղ է հատկացվում պոլիտեխնիկական կրթությանը, ընդլայնվում է պրոֆտեխնիկական ուս․ հաստատությունների ցանցը։ Խոշոր բուհերից է Քաբուլի համալսարանը (հիմնադրված 1946-ին, բժշկ․, իրավաբանական և քաղ․ գիտությունների, բնական գիտությունների, գրականության, տնտեսագիտական, ինժեներական, գյուղատնտ․, մանկավարժական, մահմեդական իրավունքի ֆակուլտետներով)։ 1963-ին Զալալաբադում բացվեց ապագա համալսարանի բժշկական առաջին ֆակուլտետը։ 1967-ին ՍՍՀՄ օգնությամբ բացվեց Քաբուլի պոլիտեխնիկական ինստ–ը՝ նախատեսված 1200 ուսանողի համար։ 1968-1969 ուս․ տարում Ա–ի բուհերում սովորում էր 3,6 հզ․ ուսանող։ Ա․ ունի հանրային գրադարան (Քաբուլ, 1920-ից, 60 հզ․ կտոր գիրք)։ Նշանավոր է Քաբուլի պատմա–ազգա գրական թանգարանը (1922)։

IX․ Գիտությունը և գիտական հիմնարկությունները

Ա–ում գիտական առաջին հիմնարկությունները ստեղծվել են 2-րդ համաշխարհային պատերազմից առաջ։ Բնական և տեխ․ գիտությունների բնագավառում ազգային կադրեր են պատրաստում հիմնականում Քաբուլի համալսարանում։ Աֆղան առաջին գիտնականների թվում են՝ Մուհամմեդ Անասը, Աբդուլագիմ Զիյաին, Աբդուլզաֆար Կակարը,Մուհամմեդ Ֆաքարը, Մուհամմեդ Սիդդիկը։ 1960-ին Քաբուլում ստեղծվել է գիտաքիմիական կենտրոն՝ բնական գիտությունների ակադեմիայի նախահիմքը։ Ընդլայնվում են գիտահետազոտական աշխատանքները ջրաբանության, գյուղատնտեսության, երկրաբանության, բժշկության և այլ բնագավառներում։ Մի շարք գիտական լաբորատորիաներ են ստեղծել ՄԱԿ–ի մասնագիտացված հիմնարկությունները (մասնավո– րապես 6ՈԻՆԵՍԿՈՆ)։ Բնական հարստությունների ուսումնասիրման ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարել արտասահմանյան արշավախմբերն ու գիտնականները։ Մինչև Դուրանիական իշխանության կազմավորումը (1747) աֆղանական պատմագրությունը