Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տիկական թատրոն, Մ. Ֆ. Ախունդովի անվ. աղրբ. օպերայի և բալետի պետական թատրոն), ֆիլհարմոնիա, կրկես, 100-ից ավելի ակումբ և մշակույթի պալատ։ Առողջապահությունը։ 1971-ի տվյալներով Բ-ում եղել են հիվանդանոցային 88 հիմնարկ՝ 18145 մահճակալով, ամբուլատոր-պոլիկլինիկային 228 հիմնարկ, մասնագիտացված 17 դիսպանսեր, սանիտարահակահամաճարակային 17 կայան։ Բժիշկների թիվը եղել է 8444, իսկ միջին բժշկական անձնակազմինը՝ 15420: Բ-ում U նրա շրջակայքում են գտնվում Մարդաքյան, Զագուլբա, Բուզովնի և Բիլգյա առողջարանները։ Տես նաև Ադրբեջանական Սովետական Սոցիալիսաական Հանրապետություն, հոդվածում։

Գրկ. Ашурбейли С. Б., Очерк истории средневекового Баку (VIII-начало XIX вв.), Баку, 1964; Гаджинский Д. Д. и Азизбекова П. А. (сост.), Баку. Исторические и достопримечательные места, Баку, 1956; Бретаницкий Л., Баку, 2 изд., Л.-М., 1970. Ա Ա Նադիբով, Ռ Մահմեդով

ԲԱՖԻՆԻ ԵՐԿԻՐ (Baffin Island), Կանադական արշիպելագի ամենախոշոր կղզին։ Տարածությունը 478 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 3 հզ.։ Կազմված է մինչքեմբրյան բյուրեղային ապարներից։ Կղզու արլ. մասը լեռնային է (մինչև 2591 մ), ծածկված սառցադաշտերով (մոտ 88 հզ. կմ2), արմ. հարթ է, բռնված ճահիճներով ու խոշոր լճերով։ Բնորոշ է մամռա-քարաքոսային և թփուտային տունդրան։ Կղզին կոչել են ի պատիվ անգլիացի բևեռախույզ Ու. Բաֆինի։

ԲԱՖԻՆԻ ԾՈՎ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի կիսափակ ծով, Գրենլանդիայի և Կանադական Արկտիկական արշիպելագի միջև։ Ատլանտյան օվկիանոսին միանում է Դեյվիսի նեղուցով, իսկ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսին՝ Կեյնի ավազանով։ Մակերեսը 689 հզ. կմ2 է, առավելագույն խորությունը՝ 2136 մ2. Հոսանքներն առաջացնում են ցիկլոնային շրջանառություն։ Ջրի միջին ջերմաստիճանը ձմռանը -1°С-ից ցածր է, ամռանը՝ 0°-ից 5°C: Ձմռանը սառցակալում է։ Ծովի կենտրոնական և արմ. մասերում լողացող սառույցները պահպանվում են ողջ տարին։ Մակընթացությունները (4 մ) հիմնականում կեսօրյա բնույթի են։ Աղիությունը՝ 30-34‰: Բնորոշ կենդանիներից են ծովախոզը, ձողաձուկը, տառեխը։ Նավարկելի է միայն օգոստոսին և սեպտեմբերին։ Անվանվել է ի պատիվ անգլիացի բևեռախույզ Ու. Բաֆինի։

ԲԱՖՌԱ, քաղաք Թուրքիայի Տրապիզոնի վիլայեթում, Սամսուն քաղաքից 24 կմ արևմուտք։ 1914-ին Բ-ում բնակվում էր շուրջ 2200 հայ։ Զբաղվում էին արհեստներով և առևտրով։ Բ-ի հայերն ունեին եկեղեցի (Մ. Կարապետ, հիմնված 1823-ին) և վարժարան՝ մոտ 260 երկսեռ աշակերտներով։ Բ-ի հայ բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։ 1059-60-ի տվյալներով Բ-ում կար 400 հայ բնակիչ։

ԲԴԵՅԱՆ Հմայակ Գուրգենի (ծն. 28.12.1925 Թիֆլիս), հայ սովետական նկարիչ։ ՀՍՍՀ վաստ. նկարիչ (1967): 1947-57-ին սովորել է Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիայում։ 1959-ին տեղափոխվել է Երևան։ Սկզբնական շրջանում ստեղծել է մանր խեցեգործական ձևեր (արձանիկներ, կժեր, սկահակներ, սպասքակալներ): Աշխատում է մոնումենտալ-դեկորատիվ խեցեգործության ասպարեզում։ Ձևավորել է Երևանի Մ. Մաշտոցի անվ. Մատենադարանի ինտերիերը (1961, Վ. Խաչատրյանի հետ), Երևանի քաղաքային սովետի ամառանոցը (1964), Սունդուկյանի անվ. թատրոնի ձմեռային այգին (1966), Շախմատի տունը (1969, Դ. Բաբայանի հետ):

ԲԴԵՇԽՈՒԹՅՈՒՆ (պհլ. bitaxs - տեղապահ կամ փոխարքա բառից), կուսակալություն հին Հայաստանում և Իրանում։ Հայաստանում Բ-ները եղել են յուրատեսակ կողմնապահ, սահմանապահ զորավարություններ կամ զորաթևեր՝ չորս կողմից հսկելով երկիրը արտաքին հարձակումներից։ Արտաշեսյան և Արշակունի թագավորների ժամանակ (մ.թ.ա. II - մ.թ. V դդ.) գոյություն են ունեցել Աղձնիքի, Կորդուքի, Նոր Շիրականի և Գուգարքի Բ-ները։ Մովսես Խորենացին հիշատակում է, որ Արտաշես Ա թագավորը բանակը բաժանել է չորս կողմնապահ զորավարության՝ երկրի արևելյան կողմի իշխանությունը հանձնելով Արտավազդ, արևմտյանը՝ Տիրան, հյուսիսայինը՝ Զարեհ որդիներին, հարավայինը՝ Սմբատ սպարապետին։ Բ-ների զինվորական դերի ու նշանակության մասին վկայում է նաև Ագաթանգեղոսը «… եւ ի զինւորական կողմանէն՝ զչորսին գահերեցն իւրոյ տաճարին [արքունի], որ բդեշխք կոչին» (Պատմութիւն Հայոց, 1909, էջ 459-460): Բ-ների կուսակալներին կամ բդեշխներին մեր պատմիչներն անվանել են «սահմանակալք», «սահմանապահք», «կողմնակալք», «կողմնապահք»: Սկզբնական ժամանակներում բդեշխներին նշանակել է թագավորը (սովորաբար մերձավորներից): Հետագայում, ավատատիրական հարաբերությունների հաստատմանը և խորացմանը զուգընթաց, նրանք դարձել են ժառանգական իշխողներ։ Ն. Ադոնցի կարծիքով Բ-ները նախապես եղել են անկախ թագավորություններ, որոնք միասնական պետության ստեղծումից հետո ճանաչել են Արտաշեսյան, ապա Արշակունի թագավորների քաղաքական գերիշխանությունը՝ պահպանելով իրենց ներքին ինքնավարությունը։ Ըստ Հ. Մարկվարտի, Տիգրան Բ Մեծին սպասարկող չորս թագավորների մասին Պլուտարքոսի հիշատակությունը վերաբերվում է Հայաստանի բդեշխներին։ Ազնվապետական գահակարգում բդեշխները դասվել են թագավորից անմիջաբար հետո՝ իբրև գահերեց իշխաններ։ Ունեցել են ընդարձակ կալվածներ, որի համար հաճախ կոչվել են «աշխարհատերեր» կամ «աշխարհակալներ»: Բ-յան մեջ մտնող իշխանությունները կամ նախարարությունները վասալական կախման մեջ են եղել բդեշխներից՝ վճարել են հարկեր, իսկ պատերազմների ժամանակ՝ տրամադրել զորք։ Հայաստանում Բ-ները վերացել են Արշակունիների թագավորության անկումից (428) հետո։

Գրկ. Փավստոս Բուգանդ, Պատմություն Հայոց, Ե., 1968: Մովսես Խորենացի. Պատմություն Հայոց, Ե., 1968: Մարկվարտ Հ., Հայ բդեաշխք, Վնն.. 1903: Адонц H., Армения в эпоху Юстиниана, 2 изд., Е., 1971.

ԲԴՈՅԱՆ Վարդ Հարությունի (ծն. 4.3.1910 գ. Փոքր Խանչալլի այժմ՝ Վրացական ՍՍՀ Բոգդանովկայի շրջանում), ազգագրագետ։ Պատմական գիտ. դ-ր։ 1959-ից ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստ-ի ավագ գիտաշխատող է։ Հավաքել և հրատարակել է հայ ազգագրությանն ու բանահյուսությանը վերաբերող նյութեր։ Առանձին գրքերով լույս են տեսել Բ-ի «Հայ ժողովրդական խաղեր»-ի I հատորը (1963), «Երկրագործական մշակույթը Հայաստանում» (1972) մենագրությունը և «Հայ ազգագրություն» (1974) համալսարանական ձեռնարկը։

ԲԵԲԲԻՋ (Babbage) Չարլզ (26.12.1792 Թոթնես Անգլիա 18.10.1871 Լոնդոն), անգլիացի մաթեմատիկոս, մեխանիկ, գյուտարար։ 1816-ին ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։ 1828-39-ին եղել է Քեմբրիջի համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր։ 1834-ին մշակել է մաթեմատիկական հաշ֊