Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մինչդեռ գիտակցությունը, ըստ Բ-ի, դետերմինացված մեխանիզմ չէ, այլ ինքնակամ ակտիվություն, ընդհատ որոշակի տարրերի կրկնություն չէ, այլ որակապես նոր վիճակների անընդհատ մի հոսք՝ «տևողություն»: Զարգացման այս ըմբռնումը և նրա հիմնական հասկացությունը՝ «տևողությունը», Բ. ընդհանրացրել է որպես «ստեղծագործական էվոլյուցիայի» կոնցեպցիա և տարածել «ունիվերսումի» վրա. աշխարհի նվիրական էությունը, նրա գոյության իմաստը մատերիայի խորքում ընկած «կենսական պոռթկումն» է, որը հաղթահարում է միասեռ ու մեռյալ բնությունը և իրեն դրսևորում որպես օրգանական կյանք, բնազդ և ինտելեկտ՝ բանականություն։ Մարդկային բանականությունը պատմականորեն զարգացել է գործնական խնդիրների լուծման համար՝ որպես իրականության վերլուծություն, հասկացությունները, որոնցով գործառնում է այն, շարժվող իրականության ընդհատ լուսանկարներն են։ Իսկ աշխարհի ամբողջականությունն ու անընդհատականությունը բացահայտվում են իմացական բարձրագույն կարողության՝ ինտուիցիայի միջոցով, որն անմիջականորեն վերապրում, ըմբռնում ու իմաստավորում է աշխարհը ոչհասկացային ձևերով, ինչպիսիք են, հատկապես, գեղագիտական ընկալումը, արվեստի ստեղծագործությունը։ Այսպիսով, Բ-ի «կյանքի փիլիսոփայությունը» սերտորեն առնչվում է նրա ինտուիտիվիզմի հետ։ Բ-ի «ստեղծագործական էվոլյուցիայի» ուսմունքը բնագիտության, մասնավորապես կենսաբանության և հոգեբանության մեջ տեղ գտած մեխանիստական ու մետաֆիզիկական տենդենցների յուրատեսակ քննադատություն էր, տենդենցներ, որոնք հատուկ էին պոզիտիվիստ Սպենսերի էվոլյուցիոնիզմին և որոնցից զերծ չէր կազմավորվող փորձարարական հոգեբանությունը (Ֆեխներ, Վունդտ): Բայց միաժամանակ իր «կյանքի փիլիսոփայությամբ» և ինտուիտիվիզմով նա հակադրվում էր այն ռացիոնալիզմին՝ բանականության ուժին ապավինելու հավատին, որ բնագիտությունը ժառանգել էր XVII - XVIII դդ. փիլիսոփայությունից։ Տեխնիցիզմի տիրապետության պայմաններում, որը բնագիտության գործնական օգտակարությունը խզում է նրա իմացական արժեքից, սոցիալական այն իրավիճակում, որը երկվություն է առաջ բերում մարդու «բանականորեն կազմակերպված» ուտիլիտար գոյության և նրա հոգևոր՝ բարոյական ու էսթետիկական արժեքների միջև, Բ-ի ուսմունքը մեծ ազդեցություն ձեռք բերեց Ֆրանսիայում՝ դառնալով նոր էկզիստենցիալիզմի նախադրյալներից մեկը։ Հասարակական կյանքը Բ. քննել է բարոյականության և կրոնի հետ սերտորեն առնչված։ Նա զանազանել է երկու տեսակի հասարակություն՝ «փակ» և «բաց»: Առաջինը մարդկության պատմականորեն առաջացած միավորման իրական ձևերն են՝ ցեղը, ազգությունը, պետությունը, որոնք միշտ հակադրվել են միմյանց իրենց հասարակական, մշակութային, բարոյական, կրոնական հաստատություններով ու հայացքներով։ Երկրորդը Բ-ի բուրժուական ուտոպիական իդեալն է՝ խաղաղասիրական ու մարդասիրական գաղափարներով միավորված մարդկությունը։ Բ-ի ուտոպիզմը զուգորդվում է այնպիսի հետադիմական գաղափարների հետ, ինչպիսիք են մասնավոր սեփականության արդարացումը, հասարակական կյանքում «ընտրյալ անհատների» ջատագովությունը, կրոնական զգացմունքի բացարձականացումը ևն։ Բ-ի գլխավոր աշխատություններն են «Ծիծաղը» (1900), «Ստեղծագործական էվոլյուցիան» (1907), «Տևողություն և միաժամանակություն» (1922), «Բարոյականության և կրոնի երկու աղբյուրները» (1932):

Երկ. Собр. соч., тт. 1-5, СПБ, 1913-14.

Գրկ. Պլեխանով Գ. Վ., Անրի Բերգսոն, տես նրա Փիլիսոփայական ընտիր երկեր, հ. 3, Ե., 1964: Воронов А. И., Интуитивная философия Бергсона, М., 1962; Кузнецов В. Н., Французская буржуазная философия XX века, М., 1970, с. 48-80. Հ Գևորգյան

ԲԵՐԴ ն. Թովուզղալա քաղաքատիպ ավան, Հայկական ՍՍՀ Շամշադինի շրջանի վարչական կենտրոնը Տավուշ գետի հովտում։ 7799 բն. (1975), հայեր։ Կաթնաանասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև այգեգործությամբ, պտղաբուծությամբ, ծխախոտի և կարտոֆիլի մշակությամբ։ Բ-ում գործում են արդ. կոմբինատներ, մանկական խաղալիքների ֆաբրիկա, պանրագործարան։ Ունի 3 միջնակարգ դպրոց, որոնցից մեկը հիմնադրվել է 1871-ին (տես Բերդի դպրոց), երաժշտական և մարզական դպրոցներ, պրոֆտեխնիկական ուսումնարան, կուլտուրայի և մարզական պալատներ, 3 գրադարան, 4 մսուր-մանկապարտեզ, հիվանդանոց, հյուրանոց, կուլտուրայի և հանգստի զբոսայգի։ Բ. իր անունն ստացել է Տավուշ բերդի անունից և տեղադրված է եղել Տավուշ գետի ձախ ափին։ Կիրակոս Գանձակեցին Բ. հիշատակում է որպես վարչական կենտրոն՝ Ոլորուտ անունով։ Մոնղոլական արշավանքների ժամանակ գյուղն ամայանում է։ Հետագայում այդտեղ բնակվողները գյուղը կոչում են Բերդագյուղ, ապա՝ Բերդ գյուղ։ Պարսկ. և թուրք, արշավանքների ժամանակ Բ. կրկին ավերածության ու կոտորածի է ենթարկվում, և կենդանի մնացածները բնակություն են հաստատում ներկայիս Բ-ի տեղում։ Պարսկ. և թուրք, տիրապետության շրջանում գյուղը կոչում էին Թովուզղալա, Ղալա-քյանդ։ XVIII դ.

վերջին վրաց Հերակլ թագավորի հրամանով Բ-ի բնակչության մի ստվար մասը տեղափոխվում է Շուլավերի նահանգը, սակայն Արլ. Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո մեծ մասը վերադառնում է Բ.։ Տավուշ բերդում է գործել Հովհաննես վանական վարդապետը՝ Կիրակոս Գանձակեցու ուսուցիչը։ Զբոսայգու տարածքում գտնվում է կիկլոպյան ամրոցը, որի մոտ գտնվող վաղ հայկ. շրջանի դամբանադաշտից (V-IV դդ. մ. թ. ա.) հայտնաբերվել են մեծ քանակությամբ կավե անոթներ, երկաթե զենքեր, քորոցներ, կրծքազարդ, օձաձև ապարանջաններ, ապակե ուլունքներ ևն։ Պահպանվել են Տավուշ բերդի (X-XIII դդ.) կիսաբոլոր աշտարակներով միջնաբերդը և ստորին բերդի պատերի մի մասը։

ԲԵՐԴ գյուղ Արևմտյան Հայաստանում, Տուրուբերանի Մանազկերտ գավառում։ XX դ. սկզբին ուներ 65 տուն հայ և 100 տուն քուրդ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Հայ բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

ԲԵՐԴ Նորագյուղ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմարի գավառում։ XX դ. սկզբին ուներ 30 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

ԲԵՐԴ տես Ամրոց։

ԲԵՐԴ հայկական ժողովրդական հնագույն թիմային մարզախաղ։ Հայաստանի տարբեր գավառներում կոչվել է տարբեր անուններով («բոռ», «կտրոցի», «բերդ»), բոլոր դեպքերում խաղի էությունը եղել է նույնը՝ կանոնների որոշակի փոփոխությամբ։ Խաղին մասնակցում են 10-16 մարդուց բաղկացած 2 թիմեր։ վիճակահանությամբ թիմերից մեկը դառնում է հարձակվող, մյուսը՝ «բերդը» պաշտպանող («բերդը» հրապարակի կենտրոնում դրված սալաքար է): Հարձակվողները ձգտում են գրավել «բերդը», իսկ բերդապահները (պաշտպանները)՝ հարվածել բոլոր հարձակվողներին՝ ձեռք բերելով հարձակվող թիմի իրավունք։ Եթե հարձակվողներից որևէ մեկին հաջողվում է ճեղքել պաշտպանների շղթան և ոտքը դնել սալաքարին, ապա «բերդը» համարվում է գրավված, և թիմը շահում է միավոր։ Եթե բերդապահներին հաջողվում է ձեռքով հարվածել հարձակվողներից որևէ մեկին, ապա վերջինս դուրս է գալիս խաղից։ Հաղթող է առավել միավորներ շահած թիմը։

ԲԵՐԴ սեղանի տեսակավոր սպիտակ գինի։ Մշակվում է 1972-ից, Հայկ. ՍՍՀ Շամշադինի շրջանում, «Ռքածիթելի» և «Բանանց» խաղողի փոփոխակներից։ Թնդությունը՝ 9-11 ծավ.%, տիտրվող թթվությունը՝ 6 գ/լ։ «Բ.» բաց վարդագույն է։ Հնացման ընդհանուր ժամկետը՝ 2 տարի։

ԲԵՐԴԱԳՐԱԿ գյուղ Մեծ Հայքի Տայք նահանգի Ասեաց փոր գավառի Բերդագրակ գավառակում, ճորոխ գետի աջ ափին, Արսիս գյուղից հս-արմ.։ Բ-ի հայ բնակիչները XVIII դ. բռնությամբ մահմեդականացվել են։