Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(1835) հոգեբանական նովելը և «Վոյցեկ» (1835-36) պիեսը, որոնք մեծ նշանակություն են ունեցել համաեվրոպական ռեալիստական գրականության և թատրոնի համար։ Բ-ի ստեղծագործություններում իրականության, բնավորությունների և կոնֆլիկտների գեղարվեստական մարմնավորումը բնորոշվում է հասարակական երևույթների խոր իմացությամբ։

Լ․ Օոչովա

ԲՅՈՒԽՆԵՐ (Bŭchner) Լյուդվիգ (29․ 9․ 1824, Դարմշտադտ - 1․ 5․ 1899, Դարմշտադտ), գերմանացի բժիշկ, բնագետ և փիլիսոփա։ Գռեհիկ մատերիալիզմի ներկայացուցիչ։ Ժխտել է դիալեկտիկան և մարդու սոցիալական բնույթը, պաշտպանել սոցիալ–դարվինիզմը։ Գիտակցությունը, ըստ Բ-ի, իրականության հայելային արտացոլումն է, մատերիայի արգասիքը։ Քննադատել է ագնոստիցիզմը, որոշ վերապահումներով ընդունել աշխարհի ճանաչողությունը։ Հետևելով Ֆ․ Էնգելսին՝ շարժումը համարել է մատերիայի ատրիբուտը։ Երկ․ Природа и наука, Киев, 1881; Психическая жизнь животных, СПБ, 1902․

ԲՅՈՒՋԵ (<անգլ․ budget - պայուսակ), հաշվեկշռված նախահաշիվ՝ 1․ հերթական ժամկետի համար կազմված պետության դրամական եկամուտների և ծախսերի գրանցում (ցուցակ)։ Տե՛ս Բյուջե պետական։ 2․ Որոշակի ժամկետով ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կամ առանձին անձանց եկամուտների և ծախսերի պլան։ 3․ Ժամանակի Բ․՝ ժամանակի ծախսումների բաշխում (օրինակ՝ օր), ըստ նրա օգտագործման տեսակների՝ առանձին անձանց, ընտանիքների կամ ազգաբնակչության խմբերի։ Բ-ները լինում են պետական, տեղական ինքնակառավարման, քաղաքների ևն։

ԲՅՈՒՋԵ ԸՆՏԱՆԻՔԻ, ընտանիքի փաստացի եկամուտների և ծախսերի հաշվեկշիռ, ցույց է տալիս աշխատավորության տարբեր սոցիալական խմբերի ապրուստի միջին մակարդակը։ Ընտրանքային մեթոդով գրանցվում են բանվորների, ծառայողների և կոլտնտեսականների ընտանիքների՝ տարվա ընթացքում կատարված ծախսերը՝ համապատասխան խմբավորումներով (պարենային, արդ․ ապրանքներ, ծառայություններ) և նշվում եկամուտները՝ ըստ աղբյուրների։ Եկամտային մասում լրիվ չեն արտահայտվում մուտքերը հասարակական ֆոնդերից (անվճար բուժսպասարկում, ուսուցում, արտոնյալ պայմաններով բնակելի տարածության հատկացում ևն)։ Այս կարգի բյուջետային ուսումնասիրության արդյունքները մի շարք տարիների համար պարզում են երկրի ամբողջ բնակչության կենսամակարդակի բարձրացման ընթացքը՝ ըստ առանձին սոցիալական խմբերի և օգտագործվում որպես ժող․ տնտեսության պլանավորման հավաստի աղբյուր։ Սովետական Հայաստանում 1930-ական թթ․ կեսերից բյուջետային ուսումնասիրությունները կատարվում են սիստեմատիկաբար՝ յուրաքանչյուր տարի։ Տարեցտարի ընդլայնվում է ինչպես ցուցանիշների համակարգը, այնպես էլ ուսումնասիրվող տնտեսությունների թիվը, որի շնորհիվ բարձրանում է ընտանիքի ներկայացուցչականության աստիճանը և ավելի որոշակի պարզվում բնակչության կենսամակարդակի շարժման ընթացքը։ ՀՍՍՀ բյուջետային ուսումնասիրության տվյալներով արդյունաբերության բանվորների մեկ ընտանիքի տարեկան միջին եկամուտների գումարը 1972-ին 1953-ի համեմատությամբ աճել է 79%-ով, մեկ կոլտնտեսական ընտանիքի ընդհանուր եկամուտը՝ 3,4 անգամ։

ԲՅՈՒՋԵ ՊԵՏԱԿԱՆ, պետության դրամական եկամուտների և ծախսերի հաշվեկշիռ, որ կազմվում է որոշակի ժամանակահատվածի (սովորաբար մեկ տարվա) համար։ Բ․ պ–ի էությունը որոշվում է հասարակության տնտ․ կարգով, պետության բնույթով ու ֆունկցիաներով։ Կապիտալիստական երկրների Բ․ պ․ ենթակա է արտադրության տարերային օրինաչափություններին, ուստի այն հան– դես է գալիս որպես կողմնորոշիչ, մոտավոր նախահաշիվ։ Անկումներն ու ճգնաժամերը կրճատում են Բ. պ–ի եկամուտների մուտքերը՝ միաժամանակ առաջացնելով ծախսերի աճը։ Բ․ պ–ի անկայունությունը դրսևորվում է նաև նրա հաճախակի դեֆիցիտով, որը կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի ժամանակաշրջանում դառնում է մշտատև։ Ժամանակակից իմպերիալիստական պետությունների բյուջեներն արտահայտում են պետական–մոնոպոլիստական կապիտալիզմի էությունը։ Բուրժուական պետությունն ակտիվորեն թափանցում է էկոնոմիկայի ոլորտը՝ ներգործելով վերարտադրության պրոցեսի տարբեր կողմերի վրա։ Կենտրոնացնելով ազգային եկամտի զգալի մասը՝ պետությունն իրագործում է էկոնոմիկայի կարգավորիչի իր դերը և ազգային եկամուտը վերաբաշխում հօգուտ մոնոպոլիաների՝ ռազմական պատվերների, պետ․ սպառման և այլնի միջոցով։ Մեծանում է պետության ձեռքին կենտրոնացվող և բյուջեի միջոցով վերաբաշխվող ազգային եկամտի բաժինը։ Այսպես, XX դ․ սկզբներին զարգացած կապիտալիստական երկրներում պետությունը բյուջեում կենտրոնացնում էր ազգային եկամտի 5-10%-ը, իսկ 60-ական թթ․ վերջին արդեն՝ 30-45%-ը։ Մի շարք կապիտալիստական երկրներում Բ․ պ–ի միջոցով ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորվում է հիմնական կապիտալի բոլոր ներդրումների 1/3-ից մինչև կեսը։ Բյուջեի եկամուտների գլխավոր աղբյուրը ուղղակի կամ անուղղակի հարկերն են, որոնք կազմում են բյուջետային բոլոր եկամուտների 85-95%-ը և հիմնականում ընկնում են բանվոր-ծառայողների, գյուղացիների (ֆերմերների) և մանր բուրժուազիայի վրա։ Ոչ հարկային եկամուտները (5-15%) ստացվում են ձեռնարկություններից, պետ․ ունեցվածքից ևն։ Բյուջեի եկամուտների աղբյուր են նաև պետ․ փոխառություններն ու թղթադրամի էմիսիան։

Բ․ պ–ի ծախսերի մեջ հիմնականը ուղղակի և անուղղակի ռազմական ծախսերն են, որոնք որոշ կապիտայիստական երկրներում կլանում են բյուջեի համարյա 50%-ը։ Զգալի բաժին են կազմում պետ․ պարտքերի դիմաց վճարվող տոկոսները։ Խոշոր ծախսեր են կատարվում պետ․ ձեռնարկությունների, ճանապարհների, կամուրջների, նավահանգիստների, լուսավորության, առողջապահության և այլ հիմնարկությունների շինարարության վրա, ինչպես նաև ազգայնացված ձեռնարկությունների նախկին տերերին փոխհատուցելու համար։ Գիտատեխ․ հեղափոխության պայմաններում աճում են գիտական հետազոտությունների վրա կատարվող ծախսերը։ Զարգացած կապիտալիստական երկրներում այդ ծախսերի 60-70%-ը կատարվում է Բ․ պ–ի հաշվին։ Խոշոր միջոցներ են օգտագործվում արտահանման խրախուսման, արտասահմանյան երկրներին վարկեր տրամադրելու նպատակով։ Զգալի միջոցներ է կլանում պետ․ ապարատը։ Կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ծախսերը համեմատաբար փոքր են, սակայն դասակարգային պայքարի և որակավորված աշխատուժի նկատմամբ պահանջի մեծացմամբ դրանք աճում են։ Ունիտար (միացյալ) պետություններում (Անգլիա, Ֆրանսիա ևն) Բ․ պ․ կազմված է պետ․ բյուջեից և տեղական ինքնավար մարմինների բյուջեներից, ֆեդերատիվ պետություններում՝ կենտրոնական ֆեդերալ բյուջեից, ֆեդերացիայի անդամների բյուջեներից (ԱՄՆ, Շվեյցարիա, ԳՖՀ) և տեղական բյուջեներից։

Առանձնահատուկ գծեր ունեն զարգացող երկրների պետ․ բյուջեները, որոնց զգալի մասը (մոտ 50%-ը) օգտագործվում է ազգային էկոնոմիկայի զարգացման, պետ․ սեկտորի ընդլայնման, սոցիալկուլտուրական շինարարության, գաղութատիրության հետևանքները վերացնելու և անկախ էկոնոմիկա ստեղծելու համար։

Սոցիալիստական երկրների Բ․ պ․ պետության կենտրոնացված դրամական ֆոնդերի ստեղծման և օգտագործման հիմնական ֆինանսական պլանն է։ Բյուջեի միջոցները պլանային կարգով օգտագործվում են հասարակական արտադրության ընդլայնման, ժողովրդի նյութական և կուլտուրական պահանջմունքների, երկրի պաշտպանունակության ամրապնդման ու պետ․ ապարատի պահպանման համար։

Բյուջետային համակարգի կազմը որոշվում է տվյալ սոցիալիստական երկրի պետ․ կառուցվածքով։ Սովետական Միությունում այդ համակարգը ընդգրկում է միութենական բյուջեն, պետ․ սոցիալական ապահովագրության բյուջեն և միութենական հանրապետությունների պետ․ բյուջեները, որոնք միասին վերցրած կազմում են ՍՍՀՄ պետ․ բյուջեն։ Միութենական հանրապետությունների պետ․ բյուջեները բաղկացած են հանրապետական, ինքնավար հանրապետությունների և տեղական բյուջեներից։ Ցուրաքանչյուր միութենական ու ինքնավար հանրապետություն, երկրամասային, մարզային, շրջանային, քաղաքային, գյուղական և ավանային սովետ ունի իր բյուջեն։ Պետ․ բյուջեն բաղկացած է եկամտային և ծախսային մասերից։ Եկամուտների 90%-ից ավելին գոյանում է սոցիալիստական ձեռնարկությունների վճարումներից, որոնց մեջ հիմնական տեղը պատկանում է շրջանառության հարկին և շահույթից վճարումներին։ ՍՍՀՄ-ում 1972-ին բնակչությունից գանձվող հարկերը կազմել են բյուջեի եկամուտների ընդամենը 8,6%-ը։ Աստիճանաբար