Շիլլերի, Ֆրանսի, Դոդեի, Զոլայի, Մոպասանի, Իբսենի և այլ գրողների ստեղծագործությունների թարգմանություններ, գրաքննադատական նյութեր, նկարիչների գործերի վերատպություններ (Ռաֆայել, Տիցիան), տեղագրական և հնագիտական լուսանկարներ՝ մասնագիտական մեկնաբանություններով։ Պարբերականի տեսաբանները հայ ժողովրդի գոյապահպանման հիմնական երաշխիքը համարել են հայ առաքելական եկեղեցին, մայրենի լեզուն, գրականությունը, թատրոնը, դպրոցն ու լուսավորությունը։ <Ա> լուսաբանել է Արևմտյան Հայաստանի կյանքը, ժողովրդի քաղաքական, տնտեսական ու բարոյական վիճակը, արտացոլել սուլթան Համիդի սանձազերծած ջարդերը և նշավակել եվրոպական դիվանագիտության դերը՝ հայկական նահանգներում անցկացվելիք բարենորոգումների ծրագրի ձախողման գործում։ «Ա․»-ի հրատարակությունը դադարեցվել է Կովկասի կառավարչապետ Գոլիցինի հրամանով՝ -«վտանգավոր գործունեության» պատճառաբանությամբ։
Մ․ Մխիթարյան
«ԱՐՁԱԳԱՆՔ», լրատու պարբերաթերթ։ Տպագրվել է 1958-59-ին, Բեյրութում (Լիբանան)։ Հրատարակություն Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Կիպրոսի մասնաճյուղերի։ Խմբագիր՝ Կ․ Փափազյան։ Լուսաբանել է ՀԲԸՄ Կիպրոսի մասնաճյուղերի (Նիկոսիա, Լառնաքա, Լիմասոլ, Ֆամագուստա) գործունեությունը, տեղի հայ հասարակական և կրթական–մշակութային կյանքը, գործնական օժանդակություն ցույց տվել Բարեգործականի այն միջոցառումներին, որոնք հետամտում էին հայերի ազգային ինքնության պահպանությանը։ Տպագրել է Հ․ Գասպարյանի և Վ․ Մալեզյանի հոդվածները ՀԲԸՄ գործունեության և նշանակության մասին։ Անդրադարձել է սփյուռքահայ իրականությանը։
Ա․ Գրիգորյան
«ԱՐՁԱԳԱՆՔ ՓԱՐԻԶԻ», երկշաբաթաթերթ, ապա՝ շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1916-25-ին, Փարիզում։ Հիմնադիր–տնօրեն՝ Հ․ Թյուրապյան (գրական կեղծանունը՝ Բ․ Վարազդատ)։ «Ա․ Փ․» անվանապես լույս է տեսել որպես անձնական պատասխանատվությամբ հրատարակվող թերթ, սակայն փաստորեն եղել է հնչակյանների օրգան։ Տպագրեք է նյութեր ֆրանսահայ գաղութի կյանքի, ընթացիկ քաղաքական անցուդարձի, հայկական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գործունեության ու այլ թեմաների շուրջ։ Ընդարձակ տեղ է հատկացրել Հայկական հարցին, հայ գաղթականության վիճակին, իսկ վերջին տարիներին՝ նաև Սովետական Հայաստանին, ցույց է տվել Հայաստանի դերը գաղութահայության գոյատևման գործում, կոչ արել օգնելու Սովետական Հայաստանի վերաշինությանը։ Տպագրել է նաև գեղարվեստական գործեր։ Շաբաթաթերթին կից հրատարակվել է պատկերազարդ բացառիկ։
Մ․ Բաբլոյան
ԱՐՁԱԿ (գեղարվեստական), գեղարվեստական ստեղծագործության կառուցման հիմնական տեսակներից մեկը։ Ի տարբերություն չափածոյի, Ա․ չունի պարբերաբար կրկնվող հավասար միավորներ (ոտք, անդամ, տող, տուն), զուրկ է կայուն ռիթմից։ Որպես կանոն Ա․ են գրվում պատմվածքը, նովելը, ակնարկը, վիպակը, վեպը ևն։
Է․ Ջրբաշյան
ԱՐՁԱԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ, փոքրածավալ արձակ ստեղծագործություն, զգացմունքային հագեցվածությամբ մոտենում է քնարական չափածո խոսքին։ Դեպքերի ընթացքը և բնավորությունները բացակայում են կամ բնութագրվում միայն մոտավոր գծերով։ Հայտնի են Ի․ Տուրգենևի, Շ․ Բոդլերի, Ռ․ Թագորի, Վ․ Փափազյանի, Գ․ Մահարու, Արազու Ա․բ–ները։
Է․ Ջրբաշյան
ԱՐՁԱԿՈՒՐԴ, աշխատողի հանգստի համար օրենքով տրվող ամենամյա աշխատանքային օրերի քանակ՝ աշխատատեղի (պաշտոնի) և աշխատավարձի պահպանմամբ։ Ըստ սովետական աշխատանքային իրավունքի, Ա․ լինում է հիմնական և լրացուցիչ։ Հիմնական Ա․, 15 օր տևողությամբ, տրվում է բոլոր բանվորներին և ծառայողներին, ովքեր տվյալ ձեռնարկությունում անընդմեջ աշխատել են 11 ամիս։ Մի շարք կատեգորիայի աշխատողների, այդ թվում և անչափահասների, տրվում է երկարացված Ա․ (անչափահասներին՝ 1 օրացուցային ամիս, վարչա–կառավարչական ապարատի աշխատողներին՝ 24 օր, գիտահետազոտական, ուսումնական և կուլտուր–լուսավորական հիմնարկների աշխատողներին՝ 24-48 օր ևն)։ Լրացուցիչ Ա․ (6-36 աշխատանքային օր տևողությամբ) տրվում է առողջության համար վնասակար պայմաններում, չնորմավորված աշխատանքային օրով, Հեռավոր հյուսիսում և նրան հավասարեցված վայրերում աշխատողներին։ Բանվորներին և ծառայողներին Ա․ տրվում է հերթականությամբ, ամբողջ տարվա ընթացքում՝ադմինիստրացիայի և արհմիութենական կոմիտեի սահմանած գրաֆիկով։ Ա․ դրամական հատուցմամբ փոխարինել չի թույլատրվում։ Ա․ է նախատեսվում նաև հղիության և ծննդաբերության, ժամանակավոր անաշխատունակության, ստեղծագործական հատուկ առաջադրանքներ կատարելու, առանց արտադրությունից կտրվելու սովորելու դեպքում։
Ռ․ Գուլքանյան
ԱՐՁԱՆ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ քրմապետ (III դ․ վերջ - IV դ․ սկիզբ)։ Ըստ պատմիչ Զենոբ Գլակի, Տարոն գավառի քրմական ուժերը (6946 մարդ) քրմապետ Ա–ի և նրա որդի Դեմետրի առաջնորդությամբ, Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու ժամանակ երկու անգամ ճակատամարտել են կենտրոնական իշխանության զորքերի դեմ՝ Աշտիշատի գլխավոր մեհյանը պահպանելու համար։ Տրդատ Գ և Գրիգոր Ա Լուսավորիչը արյունալի պատերազմով կործանել են մեհյանը և տեղը հիմնել եկեղեցի։ Ա․ սպանվել է Անգեղտան իշխանի հետ մենամարտում։
ԱՐՁԱՆ, քանդակի տեսակ, քարից (գրանիտ, մարմար ևն), մետաղից, փայտից, կավից, գիպսից, մոմից կերտված մարդու (կամ կենդանու) պատկեր, որն ունի լրիվ եռաչափ ծավալ և բնականին մոտ կամ գերազանցող մեծություն (բնականից զգալիորեն փոքրը՝ արձանիկ)։ Որպես հոմանիշ գործածվում է անդրի (հուն․ άνδριάς-άντος - արձան) անվանումը, որը նշանակում է մարդու արձան՝ ամբողջ հասակով (կեսից՝ կիսանդրի)։ Հնում «Ա․» բառը նշանակել է քարի, աղի կամ այլ պինդ նյութի բեկոր, որ կանգնեցվել է ի հիշատակ ննջեցյալների և ի նշան հաղթության, կամ իբրև սահմանանշան մահարձան, կոթող, սյուն, կիրառվել է նաև պարսպի բուրգ, բուրջ իմաստով։
ԱՐՁԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ (այլ անվամբ՝ Արջևան, Արղևան, Արզևան, ծն․և մահ․ թթ․ անհտ․), հայ առաջին թարգմանիչներից։ Աշակերտել է Մեսրոպ Մաշտոցին։ Ա․ Ա–ու անվամբ հայտնի է «Հարցմունք Արձանայ և պատասխանիք Եզնկայ» գործը, որի ձեռագրերը պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում և ուրիշ ձեռագրատներում։
ԱՐՁԱՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, անդրիագործություն, տես Քանդակագործություն։
ԱՐՁԱՆԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, օժանդակ պատմական դիսցիպլին, որի նպատակն է հավաքել և ուսումնասիրել ժայռերի, ճարտարապետական հուշարձանների, մետաղե և կավե իրերի վրա եղած արձանագրությունները։ Հին ու միջնադարյան ժողովուրդների գրերով և լեզվով պահպանված արձանագրությունները առատ նյութ են տալիս անցյալի քաղաքական, սոցիալ–տնտեսական և գաղափարական կյանքի վերաբերյալ։ Ա․ սկիզբ է առել Վերածնության դարաշրջանում։ Հիմնադիրն է իտալացի Կիրիակո Անկոնացին (1391 - 1452)։ Ա․ իսկական զարգացում է ապրել XIX դ․ կեսին, երբ հավաքված նյութերի մեծ ծավալը, բազմալեզու և բազմագիր բնույթն այն ճյուղավորեց ըստ մի քանի մասնավոր բնագավառների՝ գրերի սիստեմների և լեզուների։ Արձանագրագիտությունը հիմնականում զբաղվում է՝ ա․ անծանոթ նշաններով և անհետացած լեզուներով գրված բնագրերի, բ․ մեռած լեզուներով (գրաբար, հին սլավոներեն, հին հունարեն, լատիներեն) գրված արձանագրությունների վերծանությամբ։ Առաջին խնդրի լուծմանը մեծապես նպաստեցին երկլեզվյան և եռալեզվյան արձանագրությունների հայտնաբերումը, ինչպես՝ Դարեհ I-ի Բեհիսթունի արձանագրությունը և Ռոզեթյան քարի արձանագրությունը։ Սրանցում եղած լեզուներից մեկի ծանոթ լինելը և նրանում հատուկ անունների առկայությունը բանալի տվեցին անհայտ լեզվի վերծանման համար։ Երկրորդ խնդիրը լուծվում է մեռած լեզվի հիման վրա առաջացած կենդանի լեզվի աստիճանական զարգացման ուսումնասիրությամբ։ Եգիպտական հիերոգլիֆ (վերծանել է ֆրանս․ լեզվաբան Ֆրանսուա Շամպոլիոնը), սեպագիր, սեմական, հնդկական և այլ արձանագրությունները սկսեցին հրատարակվել XIX դ․, իսկ հունարենը և լատիներենը ավելի վաղ՝ XVII դ․։ ՍՍՀՄ–ում ուսումնասիրվում են հին (ուրարտերեն, հունարեն, լատիներեն ևն) և միջնադարյան արձանագրությունները։ Հայ Ա․ սկզբնավորվում է XIX դ․։ Հայաստանում արձանագրությունների հավաքման և ուսումնասիրման գործին առաջին անգամ ձեռնամուխ է եղել Ներսես Աշտարակեցին։ Մինչև XIX դ․ կեսը լույս