Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 2.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամերիկյան բանակի պաշտպանությունը և մինչև դեկտ․ 26-ը խորացան 90 կմ Դինան քաղաքի ուղղությամբ։ Դեկտեմբերի վերջին գերմ․ զորքերի հարձակումը կասեցվեց դաշնակիցների պահեստային ուժերի հակահարվածով, սակայն Արևմտյան ռազմաճակատի դրությունը շարունակում էր մնալ լարված։ Հունվ․ 6-ին Անգլիայի պրեմիերմինիստր Ու․ Չերչիլը դաշնակիցների անունից դիմեց սովետական կառավարությանը՝ խնդրելով արագացնել հարձակումը սովետա–գերմ․ ռազմաճակատում։ Սովետական զորքերը հունվ․ 12-ին, նախատեսված ժամկետից 8 օր շուտ, հարձակման անցան Արևելյան Պրուսիայում և Լեհաստանում։ Գերմ․ հրամանատարությունը հարկադրված էր հրաժարվել հետագա հարձակողական գործողություններից Արևմտյան ռազմաճակատում և շտապ այնտեղից զորքեր (7 դիվիզիա) փոխադրել սովետա–գերմ․ ռազմաճակատ։ Հունվարի վերջերին դաշնակիցները վերականգնեցին դրությունը Արևմտյան ռազմաճակատում։ Ա․ օ–ում դաշնակիցների կորուստները (սպանված, վիրավոր և անհետ կորած) կազմեցին մոտ 77 հզ․, գերմանացիներինը՝ մոտ 93 հզ․ մարդ։

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ, ժողովրդական սպառման ապրանքներ, որ, ի տարբերություն պարենային ապրանքների, մարդկանց բազմակողմանի պահանջմունքները բավարարում են տևական ժամանակամիջոցում։ Ա․ ա․ բաժանվում են հետևյալ հիմնական խմբերի՝ գործվածքեղենի, կարի արտադրանքի, տրիկոտաժի, կոշկեղենի, պլաստմասսայի, քիմիա–մոսկատելայինի, ապակյա, շինանյութերի, մետաղյա–տնտեսական, գալանտերային, պարֆյումերային, կահույքի, ոսկերչականի, աղվամազա–մորթեղենայինի և տնային մեքենաների։ Ա․ ա–ի ստացման հիմնական աղբյուրը արդյունաբերությունն է։ ՍՍՀՄ–ում Ա․ ա–ի անվանացանկն այժմ 30 հզ․ միավորից ավելի է։ Ա․ ա–ի դասակարգումը հնարավորություն է տալիս բնակչության պահանջմունքին համապատասխան կարգավորել դրանց արտադրությունը, տեղաբաշխումը, վաճառքը։


ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ, անցում ձեռքի աշխատանքի վրա հիմնված մանուֆակտուրային արտադրությունից մեքենայական տեխնիկայով զինված ֆաբրիկա–գործարանային արտադրության։ Ա․ հ․ բեկում առաջացրեց հասարակական հարաբերությունների մեջ՝ շերտավորելով կապիտալիստական հասարակության երկու հիմնական դասակարգերին՝ արդյունաբերական պրոլետարիատին և բուրժուազիային։ Հեղաշրջման կարևորագույն սոցիալ–տնտեսական հետևանքը՝ կապիտալիզմի, որպես հասարակական–տնտեսական ֆորմացիայի, հաստատումն էր։ Ա․ հ․ հիմք ստեղծեց կապիտալիստական հասարակարգի արտադրողական ուժերի արագ զարգացման համար, առաջացավ խոշոր մեքենայական արտադրություն, խորացավ աշխատանքի հասարակական բաժանումը, հանդես եկան արտադրության նոր ճյուղեր, քաղաքներ ու արդյունաբերական կենտրոններ։ Կապիտալիզմն ստեղծեց համապատասխան նյութատեխնիկական բազա և իրեն ենթարկեց արտադրության մինչ–կապիտալիստական ձևերը։ Դրա հետ մեկտեղ խորացան կապիտալիզմի հակասությունները, որ դրսևորվեցին պարբերաբար կրկնվող գերարտադրության տնտեսական ճգնաժամերում, հարստության և աղքատության բևեռացման, դասակարգային պայքարի ուժեղացման մեջ։ Սոցիալ–տնտեսական տեղաշարժերը, համաշխարհային շուկայի կազմավորումը, գաղութներից թալանված հարստությունները խթանեցին կապիտալիստական արտադրության զարգացումը։

Առաջին Ա․ հ․ տեղի ունեցավ Անգլիայում (XVIII դ․ 60-ական թթ․)։ Այստեղ համեմատաբար շուտ սկսվեց գյուղացիության զանգվածային ունեզրկման պրոցեսը։ Բուրժուական հեղափոխությունը և շուկայական հարաբերությունների զարգացումն է՛լ ավելի արագացրին հեղաշրջումը։ Ա․ հ․ Անգլիայում սկսվեց բամբակեղենի արդյունաբերությունից։ Այն նշանավորվեց տեխնիկական կարևորագույն հայտնագործություններով։ Հարգրիվսի մեխանիկական ճախարակը (1765), Հայսի ուոթեր–մեքենան (ջրի ուժով աշխատող) (1767), Կարտրայտի գործվածքային հաստոցը (1785), Կրոմպտոնի մյուլ–մեքենան (մոտ 1799) արմատապես վերափոխեցին տեքստիլ արդյունաբերությունը։ Ա․ հ–ման մեջ կարևոր նշանակություն ունեցավ շոգեմեքենայի կիրառումը (1784)։ Սակայն արդյունաբերության ամբողջական վերակառուցումն իրականացվեց մեքենաշինության ստեղծմամբ, որն իր հերթին նպաստեց մետաղագործության զարգացմանը։ XVIII –XIX դդ․ Ա․ հ․ ծավալվեց Ֆրանսիայում (1789–94-ի բուրժուական հեղափոխությունից հետո), Դերմանիայում (1848–1849-ի հեղափոխությունից հետո), ԱՄՆ–ում (1861–65-ի քաղաքացիական պատերազմից հետո)։

Ռուսաստանում Ա․ հ․ սկսվեց XIX դ․ 30-ական թթ․, նախառեֆորմյան շրջանում։ Սակայն, ըստ ամենայնի, ծավալվեց 1861-ի գյուղացիական ռեֆորմից հետո։

Մեքենայական արտադրությունը Հայաստանի արդյունաբերության հիմնական ճյուղերում արմատավորվեց XIXդ․ վերջերին։ Այն իրականացվում էր գլխավորապես ռուսական ու արտասահմանյան կապիտալի և տեխնիկայի միջոցով։ Ռուսական կապիտալի նշանակությունը հատկապես մեծ էր գինու–կոնյակի (Երևանում և Արարատյան դաշտի մի շարք վայրերում), իսկ ֆրանսիականինը՝ պղնձարդյունաբերության (Ալավերդի, Ղափան) տեխնիկական վերակառուցման գործում։ Ազգային կապիտալը քիչ թե շատ նշանակալի դեր խաղաց Ղափանի լեռնահանքային շրջանում։ Հ․ Խոնդկարյան


ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ, արդյունաբերության մեջ արտադրության գործիքների, միջոցների և այլ նյութական ֆոնդերի ամբողջություն, որն օգտագործվում է մարդկանց կողմից արտադրանք թողարկելու համար։ Ա․ ձ–յան սոցիալական էությունը որոշվում է հասարակարգի բնույթով։ Կապիտալիստական հասարակարգում Ա․ ձ–ների գերակշռող մասը մասնավոր սեփականություն է։ Սոցիալիզմի օրոք Ա․ ձ․ սոցիալիստական արդյունաբերության կառավարման հիմնական օղակն է, սկզբնական տնտեսական բջիջը։ Սոցիալիստական Ա․ ձ․ հարաբերականորեն առանձնացված ապրանքարտադրող է, որը բնութագրվում է արտադրատեխնիկական, կազմակերպական և տնտեսական միասնությամբ։ Օգտագործելով ամրացված արտադրության միջոցները ժողովրդատնտեսական պլանի առաջադրանքների համաձայն՝ տնտեսական հաշվարկի հիման վրա իրականացնում է արտադրատնտեսական գործունեություն (արտադրանքի պատրաստում, ծառայությունների մատուցում) և օգտվում այդ գործունեության հետ կապված իրավունքներից։ Սովորաբար, Ա․ ձ․ նույնանում է գործարանի կամ ֆաբրիկայի հետ, որից յուրաքանչյուրը կազմված է արտադրական ներքին օղակներից՝ արտադրամասերից, տեղամասերից, տնտեսություններից և վարչության բաժիններից։ 1973-ին ՍՍՀՄ–ում կար 49 հզ․ Ա․ ձ․, որոնք ունեին ինքնուրույն բալանս։ Ա․ ձ–յան արտադրական կառուցվածքի վրա վճռական ազդեցություն է ունենում արտադրության հետագա կենտրոնացումը, որի հիմնական ուղղություններից մեկը արտադրական միավորումների ստեղծումն է։ 1973-ին արդյունաբերության մեջ գործում էր 1,3 հզ․ արտադրական միավորում, որոնք ընդգրկում էին 5,6 հզ․ ձեռնարկություն և արտադրական միավոր։ Դրանց կազմի մեջ մտնում են գործարաններ, ֆաբրիկաներ, գիտահետազոտական, կոնստրուկտորական, նախագծային–կոնստրուկտորական, տեխնոլոգիական և այլ կազմակերպություններ։ Արտադրամիավորումները հեռանկարային առումով պետք է դառնան հանրային արտադրության հիմնական տնտհաշվարկային օղակները։ Ա․ ձ–յան աշխատանքի կազմակերպումը, նրա գործունեության ղեկավարումը հիմնված են սոցիալիստական տնտեսավարման լենինյան սկզբունքների՝ հասարակական, կոլեկտիվ և անձնական շահերի միասնության, դեմոկրատական ցենտրալիզմի, միանձնյա ղեկավարման, սոցիալիստական պլանավորման, խնայողության ռեժիմի, բարոյական և նյութական շահագրգռվածության սկզբունքների վրա։

Հայաստանում առաջին արդ․ ձեռնարկությունների ստեղծումը կապված է եղել պղնձարդյունաբերության հետ։ 1763-ին սկսվեց Ախթալայի պղնձի և արծաթի հանքավայրերի, ավելի ուշ Ալավերդու և XIX դ․ 40-ական թթ․ Զանգեզուրի պղնձահանքերի շահագործումը։

XIX դ․ վերջին Հայաստանի պղնձարդյունաբերության ձեռնարկությունները ենթարկվեցին որոշ տեխնիկական վերակառուցման։ 1896-ին Մելիք Ազարյանցը կառուցեց Սյունիքի պղնձաձուլական գործարանը, որտեղ կիրառվում էին ֆրանսիական սիստեմի վատերժակետային հնոցներ, ամերիկյան բովիչ հնոցներ, կոնվերտորներ և այլն։ Օգտագործվում էր քարածուխ։ Չնայած դրան, Հայաստանի պղնձարդյունաբերությունն ընդհանուր առմամբ մնում էր տեխնիկապես հետամնաց։ XIX դ․ վերջին համեմատաբար խո–