թոշակավոր և կիսաթոշակավոր սաներ: Պահվում էր եկեղեցու գումարներով, խալիբյան մուծումներով և սաների վճարումներով: Չէր ենթարկվում լուսավորության մինիստրությանը: Առաջին ուս. տարում ուներ 39 աշակերտ, 1860–61-ին՝ 139, 1862–64-ին՝ 92, 1866–67-ին՝ 62: Դասընթացը բաժանվում էր 6 դասարանի: Խ. վ–ի սաները ստանում էին գիմնազիական կրթություն: Դասավանդվում էին հայերեն, ռուսերեն, ֆրանս., թուրք., թվաբանություն, երկրաչափություն, պատմություն, աշխարհագրություն, կրոն, նկարչություն, գեղագրություն, մարմնամարզություն, ֆիզիկա, քիմիա: Վերատեսուչներ են եղել Գ. Այվագովսկին, Ս. Տիգրանյանը (1865-ից): 1860–61-ին Խ. վ–ում գործում էր մեծահասակ կանանց և տղամարդկանց գիտելիքներ հաղորդելու լսարան: 1862-ին Խ. վ–ի համար շենք է կառուցվել: Խ. վ. ուներ հիվանդանոց, տպարան (հրատարակվել են դասագրքեր, գեղ., պատմական, թարգմանական և եկեղեցական գրականություն): 1865-ից նվազել է վարժարանի սաների թիվը: Փակվել է 1871-ին:
Գրկ. Այվազյան Գ., Պատմութիւն Խալիպյան ուսումնարանի ազգիս հայոց (1858–1871), Տփխիս, 1880: Միքայելյան Վ. Ա., Ղրիմի հայկական գաղութի պատմություն 0801 –1917), Ն., 1970, էջ 287 – 303;
Նկարում` Խալիբյան վարժարանի շենքը
ԽԱԼԻԼ ՉԱՎՈՒՇ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խնուս գավառում: 1909-ին ուներ 85 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:
ԽԱԼԻԼԻ Նիզար (ծն. 1925, Հալեպ, Սիրիա), արաբ թարգմանիչ, հայագետ, մանկավարժ: Բարձրագույն կրթությունն ստացել է Բեյրութում: 1943–46-ին աշխատել է Նոր գյուղի Զավարյան վարժարանում որպես արաբերենի ուսուցիչ: Հայերենի մեջ հմտացել է մանկավարժական աշխատանքի ընթացքում: Ուսումնասիրել է հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը, մասնավորապես՝ գեղ. գրականությունը: Մի քանի անգամ այցելել է Սովետական Հայաստան: Խ. հայ մշակույթին, հայարաբական գրական առնչություններին նվիրված բազմաթիվ հոդվածների հեղինակ է: Նրա թարգմանությամբ արաբերեն առանձին գրքույկներով հրատարակվել են Հ. Թումանյանի, Գ. Զոհրապի, Ա. Իսահակյանի, Հ. Շիրազի ստեղծագործությունները: Խ. հայերեն է թարգմանել արաբ հեղինակների գործերից: Գրում է նաև հայերեն բանաստեղծություններ:
ԽԱԼԻԼՈՎ Կուրբան Ալի օղլի (ծն. 1906), սովետական կուսակցական և պետական գործիչ: ՍՄԿԿ անդամ 1926-ից: 1933-ին ավարտել է Ադրբեջանի Մ. Ազիզբեկովի անվ. արդյունաբերական ինստ–ը: 1956–1958-ին եղել է Ադրբեջանական ՍՍՀ տեղական արդյունաբերության, 1958– 1969-ին՝ ֆինանսների մինիստր, 1969-ի դեկտեմբերից՝ Գերագույն սովետի Նախագահության նախագահ, ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության նախագահի տեղակալ (1970-ից): ՍՄԿԿ XXIV և XXV համագումարներում ընտրվել է ՍՄԿԿ Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ: Խ. ՍՍՀՄ VIII–IX գումարումների Դերագույն սովետի դեպուտատ է: Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1976):
ԽԱԼԻՍԱ, գյուղ Հայկական ՍՍՀ Արարատի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հարավ–արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբոստանային և կերային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ: Ունի ութամյա դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինո, կապի բաժանմունք, ավտոմատ հեռախոսակայան, բուժկայան:
ԽԱԼԻՖԱ (արաբ. բառացի՝ փոխանորդ, տեղապահ), արաբական պետությունում՝ բացարձակ միապետ, մահմեդական աշխարհի կրոնապետ, զինվորական առաջնորդ: Համարվել է Մուհամմեդի հաջորդը, իսկ Օմայաններից սկսած՝ աստծու տեղապահը: Ընտրվել է մահմեդական համայնքի ավագանու ժողովում: Օմայանների (661–750) և Աբբասյանների (750–1258) ժամանակ Խ. դարձել են ժառանգաբար: IX դ. 2-րդ կեսից, երբ հզորացել են վեզիրներն ու արքունի մյուս պաշտոնյաները, Խ.-ի հեղինակությունը ընկել է: X դ. Խ. են անվանվել նաև Իսպանիայի Օմայանները և Եգիպտոսի Ֆաթիմյանները: 1258-ին մոնղ. զորապետ Հուլպվուն գրավել է Բաղդադը, սպանել Խ–ին: Աբբասյան տան մնացորդները ապաստանել են Կահիրեում և մամլուք սուլթաններից ձևականորեն ճանաչվել Խ.: 1517-ին թուրք, սուլթան Սելիմ I գրավել է Եգիպտոսը և յուրացրել Խ, տիտղոսը, նստավայրը տեղափոխել Կ. Պոլիս: 1924-ին Խ. տիտղոսը վերացվել է:
Գրկ. Tyan E., Institutions du droit public musulmans, P., 1953. Ա. Տեր–Ղեոնդյան
ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅՈՒՆ, մահմեդական ֆեոդալական աստվածապետական (թեոկրատիկ) համակարգ խալիֆայի գլխավորությամբ: X դարից Արևմտյան Եվրոպայում Խ. են անվանել նաև Արևմտյան Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Հարավ–Արևմտյան Եվրոպայում արաբ. նվաճումների հետևանքով VII դ. ստեղծված պետությունը (661-ից Օմականների խալիֆայությունը, 750–1258-ին Աբբապանների խալիֆայությունը): X դ. կազմվել են Ֆաթիմյանների խալիֆայությունը և Կորղովայի խալիֆայոնթյունը: Հայաստանը արաբ. Խ.-յան տիրապետության տակ է գտնվել VII–IX դդ. (տես Արաբական նվաճումներ):
ԽԱԼԽԻՆ ԳՈԼ, գետ Չինաստանում ևՄոնղոլիայում: Երկարությունը 233 կմ է, ավազանը՝ 17,1 հզ. կմ2: Սկիզբ է առնում Մեծ Խինգանի արմ. լանջերից: Ստորին հոսանքում առաջացնում է երկու գետաբազուկ. ձախը թափվում է Բուիր–Նուր լիճը, աջը՝ Օրչուն–Դոլ գետը: Ունի անձրևային սնում, վարարում է ամռանը: 1939-ի մայիս–սեպտեմբերին սովետա–մոնղոլական միացյալ ուժերը ջախջախեցին այս շրջանը ներխուժած ճապոնական զորքերին, որոնք մտադիր էին զավթել ՄԺՀ–ի արլ. մասը և հենակետ ստեղծել սովետական Հեռավոր Արևելքի վրա հարձակվելու համար:
ԽԱԼԿԱՆԹԻՏ (< հուն. χάλχός – պղինձ և άύθός–ծաղիկ), պղնձի արջասպ, միներալ: Քիմ. կազմը՝ CuS04: Խառնուրդների ձևով պարունակում է երկաթ, երբեմն՝ ցինկ, կոբալտ ևն: Բյուրեղագիտական համակարգը տրիկլինային է: Սովորաբար առաջացնում է հոծ զանգվածներ կամ ստալաքտիտներ: Գույնը՝ երկնագույն, կանաչավուն, փայլը՝ ապակու: Կարծրությունը 2,5 է, խտությունը՝ 2300 կգ/մ3: Հանդիպում է պղնձի հանքավայրերի օքսիդացման զոնայում: ՀՍՍՀ–ում հայտնաբերվել է Ախթալայի բազմամետաղային հանքավայրում:
ԽԱԼԿԻԴԻԿԻ, Խալկեդոնի թերակղզի, թերակղզի Հունաստանի հյուսիս–արևելքում, Եգեյան ծովի Տերմաիկոս և Սարիմոնիկոս ծոցերի միջև: Երկարությունը 120 կմ է: Առաջացնում է երեք ելուստ՝ Կասանդրա, Սիտոնիա և Ագիոն–Օրոս թերակղզիները: Ունի լեռնային ռելիեֆ: Տիրապետում են միջերկրածովյան լանդշաֆտները: Հիմնական նավահանգիստը Սալոնիկն է:
ԽԱԼԿՈԶԻՆ (< հուն. χάλχός – պղինձ), պղնձի փայլ, միներալ: Քիմ. կազմը՝ Cu2S: Բյուրեղագիտական համակարգը ցածր ջերմաստիճանային պայմաններում ռոմբային է, բարձրի՝ հեքսագոնային: Բյուրեղները հազվադեպ են, սովորաբար առաջացնում է մանրահատիկ հոծ զանգվածներ: Գույնը՝ կապարի մոխրագույն: Կարծրությունը՝ 2,5–3, խտությունը՝ 5800 կգ/մ3: Ավելի տարածված երկրորդային Խ. հանդիպում է պղնձի և բազմամետաղային հանքավայրերի երկրորդային սուլֆիդային հարստացման զոնաներում:
ԽԱԼԿՈՊԻՐԻՏ (< հուն. χάλχός – պղինձ և πίρος – հուր), պղնձի հրաքար, միներալ: Քիմ. կազմը՝ CuFeS2: Բյուրեղագիտական համակարգը տետրագոնային է, բարձր ջերմաստիճանային պայմաններում՝ խորանարդային: Բյուրեղները հազվադեպ են: Սովորաբար առաջացնում է հոծ և հատիկավոր զանգվածներ: Գույնը՝ արույրի դեղին, ոսկու դեղին: Փայլը՝ մետաղի: Կարծրությունը 3–4 է, խտությունը՝ 4100–4300 կգ/մ3: Խ. հաճախ հանդիպում է պղնձի հիդրոթերմալ, հրաքարային, սկառնային, ինչպես նաև մագմատիկ ծագման պղինձ–նիկելային հանքավայրերում: Պղնձի գլխավոր հանքաքարն է:
ԽԱԼԿՈՖԻԼ ՏԱՐՐԵՐ (< հուն. χάλχός– պղինձ և φίέώ – սիրում եմ), սուլֆի–