Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձիթհանք: Ծ-ով է անցել Ախալցխա-էրզրում առևտրական ուղին: Հայերը (34 ընտանիք) գաղթել են Էրզրումի գավառի Նորշեն գյուղից, 1830-ին: Մ. Դարբինյան

ԾՂԱԼՏՈՒԲՈ, քաղաք Վրացական ՍՍՀ Ծղալտուբոյի շրջանում, Մեծ Կովկասի հարավային նախալեռներում, Քութայիսից 12 կմ հյուսիս-արևմուտք: 17 հզ. բն. (1974): Բալնեոլոգիական առողջարան է: Բուժիչ միջոցները տաք (32–35°C), թույլ հանքայնացված, ռադոնային աղբյուրներն են՝ ազոտի բարձր պարունակությամբ: Բուժվում են հոդերի, ծայրամասային նյարդային, սիրտ-անոթային համակարգերի հիվանդություններով և քրոնիկական թունավորումներով տառապողները: Գործում է ամբողջ տարին:

ԾՂԱԿ, Ծղկամ, գյուղ Արևմտյան Հայաստանի Բիթլիսի վիլայեթի Խլաթ գավառում, Վանա լճի հյուսիս-արևմտյան ափին: 1909-ին ուներ 60 տուն (496 շունչ) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Ուներ եկեղեցի (Ս. Թեոդորոս) և վարժարան: Գյուղի մոտ էր Ս. Աստվածածին կիսավեր վանքը: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը բնաջնջվել է, փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում:

Վ.Գրիգորյան

ԾՂՈՏ, հացազգի և թիթեռնածաղկավոր բույսերի չոր ցողունը, որ մնում է հասունացած սերմը կամ ունդը հեռացնելուց հետո: Օգտագործվում է որպես կեր: Լինում են աշնանացան և գարնանացան, հացազգի ու թիթեռնածաղկավոր տարբեր տեսակի բույսերի (ցորենի, գարու, եգիպտացորենի, տարեկանի, վարսակի, սոյայի ևն) Ծ-ներ: Ծ-ի քիմ. կազմը և սննդարարությունը կախված են բույսի տեսակից, կլիմայից, հողից, պահպանման ժամկետից և այլ պայմաններից: Ծ. պարունակում է շատ քիչ պրոտեին, ճարպ, հանքային նյութեր և վիտամիններ, սակայն հարուստ է թաղանթանյութով (38-45% ): Ծ-ի սննդարարությունն ավելացնելու նպատակով այն մշակում են կաուստիկ սոդայի, չհանգած կրի, կարբիդային շլամի լուծույթներով և շոգեխաշում բարձր ճնշման տակ:

ԾՂՐԻԴՆԵՐ (Tettigonioidea), ուղղաթևերի կարգի միջատների վերնաընտանիք: Ընդգրկում է 2 ընտանիք, թիթեղածղրիդներ կամ տերևածղրիդներ (Phaneropteridae) և իսկական Ծ. (Tettigoniidae): Մարմինը կողքերից սեղմված է, գլուխը՝ ձվաձև, բերանը կրծող տիպի է, բեղիկները թելանման են, ետին ոտքերը խիստ զարգացած են, թռչող: Էգերն ունեն թրաձև, կողքերից սեղմված, ատամնավոր ձվադիր: Արուների փորը վերջանում է ցերկերով: Ձվադրում են հողում, բույսերի վրա: Թրթուրը զարգանում է 1-2 ամսում՝ 5-8 անգամ մաշկափոխվելով: Որոշ տեսակներ խոտակեր են, մյուսներն օգտագործում են բուսական և կենդանական կեր: Կան նաև գիշատիչ տեսակներ: Ապրում են անտառի եզրերին, թփուտներում, քարերի տակ, գետնափոր բներում: Ամռանը Ծ-ի ճռռոցը լսվում է ամենուր՝ մարգագետիններում, անտառեզրերին, այգիներում: Հայտնի է մոտ 7 հզ. տեսակ՝ տարածված բարեխառն և տաք գոտիներում: ՍՍՀՄ-ում կա 200, ՀՍՍՀ-ում՝ 42 տեսակ, որոնցից շալա և Զաքարովի հաստամարմին տեսակները լուրջ վնաս են հասցնում բանջարանոցային, տեխ., պտղատու և հացահատիկային կուլտուրաներին, արոտավայրերին ու մարգագետիններին:

Գ. Ավագյան

ԾՂՈԻԿ, Ծղուկք, գավառ Մեծ Հայքի Սյունյաց նահանգում: Ընդգրկում էր Որոտան գետի վերին հոսանքի շրջանը (Ծաղկո գետ): Արլ-ից սահմանակից էր Աղահեճք և Հաբանդ գավառներին՝ բնական սահմանագիծ ունենալով Իշխանասար լեռը, արմ-ից՝ ճահուկին և Վայոց ձորին, հվ-ից՝ Բաղք, Ձորք, Գողթն և Երնջակ գավառներին։ Վերջինների հետ սահման ծառայում էր Բարկուշատի լեռնաշղթայի Գազբոեյլ և Դեմիր դաղ գագաթների միջև ձգվող հատվածը: Հս-ում Ծ. սահմանակից էր Արցախի Ծար գավառին: Հիմնականում համապատասխանում է ներկայիս ՀՍՍՀ Սիսիանի շրջանին: Տաթևի վանքի հարկատու գյուղերի հին ցուցակում (կազմված X դ.) գավառի հվ-արլ. մասը կոչվել է Ծղուկ, իսկ հս-արմ-ը՝ Այլախ: XIII դարից գավառը կոչվել է նաև Որոտան, ավելի ուշ՝ Սիսիան: Կլիման ցամաքային է, ամառը՝ մեղմ, ձմեռը՝ երկարատև, ցրտաշունչ: Տարվա միջին ջերմաստիճանը + 10°С-ից ցածր է: Բուսականությունը աղքատ է, լեռները լերկ են, բացառությամբ Տաթևի շրջանի, որտեղ կան անտառակներ: Հարուստ է հանքային ջրերով (առավելապես ածխաթթվային): Ծ-ում եղել են արծաթի և պղնձի հանքեր: Լեռնագագաթներից են Գազբոեյլը, Պետրուսախաչը, Պզապերթը, Ցուրաքարը, Լորը, Սալվարդը, Քեչաբերդը, Լաստը: Կան մի քանի փոքր լճակներ, որոնցից են Կարմիր և Սև լճերը: Վաղ միջնադարում (III-VIII դդ.) Ծ. մտնում էր Սյունյաց նախարարության մեջ, V դ. Մամիկոնյանները պարսիկներից ազատագրել են Ծ-ի Որոտն և Վասակաշատ բերդերը: 821-ին Սյունիք է ներխուժել արաբ զորավար Սևադա ալ-Գահհաֆը և ամրացել Շաղատի բերդում: Սյունիքի գահերեց իշխան Վասակը խուրրամյանների առաջնորդ Բաբեկի օգնությամբ արաբներին դուրս է քշել Սյունիքից: Նույն թվականին մահացել է Վասակ գահերեցը, իսկ Բաբեկը ամուսնացել է նրա աղջկա հետ, որպես օժիտ սեփականացրել գավառը: X դ. սկզբից սկսվել և մի ամբողջ հարյուրամյակ են տևել Ցուր, Տալամեկք, Բերդ, Ավելադաշտ գյուղերի ընդվզումները Տաթևի վանքի դեմ: 932-ին Տաթևի վանահայր Հակոբ եպիսկոպոսը գնում է Ձագեձորի կամ Վարարակի ջուրը, կառուցում է ջրանցք և բերում Տաթևի վանքի մոտ գտնվող Ցաքուտ կոչված վայրը, որտեղ այգիներ է ստեղծում: Այդ վայրը կոչվում է Վարդուտ: X դ. վերջերից մինչև 1170-ը Ծ. եղել է Սյունյաց և Բաղաց թագավորության կազմում: 1104-ին սելջուկները գրավել են Ծ-ի Որոտն բերդը՝ շրջակա ամրությունների հետ: 1211-ին գավառը գրավել են Զաքարե ու Իվանե Զաքարյանները և հանձնել Լիպարիտ Օրբելյանին: XIII դ. կեսին Սմբատ Օրբելյան իշխանը մոնղոլ զորավար Բաչուի օգնությամբ նորից է տիրել իր կալվածքներին: 1699-ին Ծ-ի Անգեղակոթ գյուղում տեղի է ունեցել խորհրդաժողով՝ Իսրայել Օրու մասնակցությամբ: 1724-ին Գավիթ Բեկը գրավել է Ծ-ի Որոտան բերդը: Ծ-ի նշանավոր վայրերից էր Շաղատ գյուղաքաղաքը, որը Սյունյաց իշխանների գահանիստն էր և նահանգի եպիսկոպոսանիստը (IV-VIII դդ.): Շաղատում էր Սյունյաց հռչակավոր վարդապետարանը կամ ճեմարանը՝ ստեղծված Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի օրոք: V-VII դդ. հիշվում են այստեղ ուսանած վարդապետներ և քերթողներ Պետրոսը, Վրթանեսը, Թեոդորոսը, իսկ VIII դ. սկզբում՝ փիլիսոփա Ստեփանոս եպիսկոպոսը: Հետագայում վարդապետարանը Շաղատից տեղափոխվել է Տաթև: IX դ. եպիսկոպոսանիստ է դարձել Տաթևը: Գավառի նշանավոր պաշտպանական կառույցներից են եղել Որոտն, Վասակաշատ, Բորտի, Սյունի, Շաղատ բերդերը, Ցուրաքարը (Ցուրաբերդ): Նշանավոր վանքերից էին Տաթևը, Մեծ անապատը, Սյունին, Թանահատը, Որոտանը: Գավառի համար տնտ. մեծ նշանակություն է ունեցել Շաղատ Նախճավան ճանապարհը, որով կապվել է Դվին-Փայտակարան և Դվին-Նախճավան-Թավրիզ տարանցիկ ճանապարհների հետ:

Գրկ. Ստեփանոս Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թ., 1910: Լալայան Ե., Զանգեզուրի գավառ, հ. 1, Թ., 1898: Ութմազյան Տ.Մ., Սյունիքը IX-X դարերում, Ե., 1958: Հակոբյան Թ. Խ., Սյունիքի թագավորությունը, Ե., 1966:

Ա. Ղարագյոզյան

ԾՄԱԿ, հայկական հեթանոսական տոմարի ամիսների 23-րդ օրվա անունը:

ԾՆԵԲԵԿ (Asparagus), ծնեփակ, շուշանազգիների ընտանիքի բույսերի ցեղ: Բազմամյա, խիստ ճյուղավորված կիսաթփեր են և լիաններ: Հայտնի է մոտ 300 տեսակ, ՍՍՀՄ-ում՝ 30, ՀՍՍՀ-ում՝ 7: Կոճղարմատավոր բույս է, ցողունի բարձրությունը՝ 120-150 սմ, ծաղիկները մանր են, բաց կանաչավուն, երբեմն՝ դեղնավուն, փոշոտումը խաչաձև է: Պտուղը գնդաձև, եռաբուն հատապտուղ է, հասունացման ժամանակ՝ կարմիր: Առավել տնտ. նշանակություն ունի դեղորայքային Ծ. (A. officinalis): Վայրի տեսակները տարածված են Արևմտյան Եվրոպայում, միջերկրածովյան երկրներում, Բալկաններում, ՍՍՀՄ-ում՝ եվրոպական մասում, Արևմտյան Սիբիրում, Կովկասում: Ծ-ի մի քանի վայրի՝ տեսակներ աճում են ՀՍՍՀ շատ շրջաններում: ՍՍՀՄ-ում մշակվում է եվրոպական մասի կենտրոնական և հվ. մասում, Անդրկովկասում, Ղրիմում, Հյուսիսային Կովկասում: Աննդի մեջ օգտագործում են ընձյուղները (խաշած, տապակած, պահածոյացված), որոնք հարուստ են վիտամիններով (A, B1, B2, C, P, PP), հանքային աղերով: Արմատները և մատղաշ ընձյուղները նաև դեղամիջոց են: Ծ. աճեցվում է տնկարաններում, բազմացվում է սերմերով՝ սածիլներով, և վեգետատիվ եղանակով՝ կոճղարմատների բաժանմամբ: Լուսասեր բույս է, լավ է աճում փուխր, օրգ. նյութերով հարուստ, թույլ հիմնային հողերում:

Ե. Աթաբեկյան