ԾՆԾՂԱՆԵՐ, նվագախմբային հարվածային երաժշտական գործիք՝ պղնձի և անագի համաձուլվածքից երկու սկավառակ (մոտ 400 մմ տրամագծով), որոնց կենտրոնում, արտաքին կողմից, ամրացված են կաշեփոկեր: Ծ. միմյանց հարվածելիս առաջանում է երկարատև, զրնգուն ձայն: Օգտագործվել են դեռևս Հին Եգիպտոսում (137 մմ տրամագծով երկու զույգ Ծ. գտնվում են Լոնդոնի Բրիտանական թանգարանում): Հին Հայաստանում գործածվել են հոգևոր ծեսերի և աշխարհիկ հանդեսների ժամանակ: Կարմիր բլուրի պեղումներից հայտնաբերվել են ուրարտ. Ծ.: XV-XVI դարերից Ծ. պատրաստող վարպետներ է տվել Զիլճյան ընտանիքը:
ԾՆԿԱՁԵՎ ԼԻՍԵՌ, առանցքակալների վրա հենվող մեկ կամ մի քանի ծնկներից և մի քանի համառանցք հիմնական վզիկներից բաղկացած լիսեռ: Ցուրաքանչյուր ծունկ ունի երկու այտ և մեկ վզիկ՝ շարժաթևի միացման համար: Շարժաթևի վզիկների առանցքները Ծ. լ-ի առանցքի նկատմամբ շեղված են (նկ.): Ծ. լ. շուռտվիկային մեխանիզմի պտտվող օղակն է: Կիրառվում է մխոցային շարժիչներում, պոմպերում, կոմպրեսորներում, դարբնոցա-մամլիչային մեքենաներում: Ծ. լ. պատրաստում են ածխածնային և լեգիրված պողպատներից կամ բարձրամուր թուջից: Պարզագույն Ծ. լ. կարելի է համարել շուռտվիկը:
ԾՆԿԱՅԻՆ ՀՈԴ (Articulatio genus), մարդու մարմնի ամենախոշոր հոդը: Կազմությանը մասնակցում են ազդրոսկրի ստորին ծայրն իր աճառածածկ հոդամակերեսով, ոլոքի դրսային և միջային կոճերը՝ աճառածածկ գոգ հոդամակերեսներով, և ծնկոսկրը՝ իր հոդամակերեսով: Ծ. հ-ի հոդաշապիկը բավական պիրկ է, նրա ձուսպաթաղանթային շերտն առաջացնում է տարբեր չափերի բազմաթիվ ծալքեր, որոնք մեծացնում են մակերևույթը: Հոդն ամրացնում են միջային և դրսային համակողմնային ու ծնկոսկրի սեփական, ինչպես նաև ներհոդային առաջային ու ետին խաչաձև կապանները: Վերջիններս նաև սահմանափակում են հոդի շարժումների ծավալը: Ծ. հ-ում կատարվում է ծալում և տարածում, իսկ նրա ծայված վիճակում սրունքը կատարում է ներս և դուրս պտույտներ:
ԾՆԿՈՍԿՐ (Patella), ոսպանման ոսկոր, մասնակցում է ծնկային հոդի կազմությանը, շոշափվում նրա առաջային մակերեսին: Տեղադրված է ազդրոսկրի ծայրի առջևում՝ ազդրի քառագլուխ մկանի ջլի մեջ: Ետին մակերեսով հպվում է ազդրոսկրի կոճերի ծնկոսկրային հոդամակերեսին:
ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, հղիությունն ավարաող ֆիզիոլոգիական բարդ պրոցես, որի դեպքում բնական ծննդաբերական ուղիներով անցնում և մայրական օրգանիզմից արտամղվում են պտուղը, ընկերքն ու պտղաթաղանթները: Տարբերում են հասուն պտղով կամ բնականոն Ծ., որը տեղի է ունենում հղիության 40-րդ շաբաթվա վերջում, և անհաս, բայց կենսունակ պտղով Ծ. (վաղաժամ), հղիության 29-39-րդ շաբաթվա ընթացքում: Ծ-յան նախապատրաստմանը և իրականացմանը մասնակցում են կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգերը, ներզատիչ գեղձերը, հորմոնները, պտուղ-ընկերք համակարգում գոյացող կենսբ. այլ ակտիվ նյութեր և արգանդի նյարդամկանային ապարատը: Ծ-յան պրոցեսին մասնակցում են ծննդաբերական խողովակը, պտուղն իր հավելյալ մասերով, ծննդաբերական արտամղող ուժերը: Ծննդաբերական խողովակը կազմված է փոքր կոնքի ոսկրերից ու փափուկ հյուսվածքներից (արգանդի պարանոց, հեշտոց, կոնքի հատակի մկաններ): Պտուղն արտամղվում է իր գլխային մասով, որը պտղի ամենամեծ և ամենակարծր մասն է: Ծննդաբերական արտամղող ուժերը պայմանավորված են արգանդի մկանների կծկումներով (ծննդաբերական կծկանքներ), որոնք հետագայում փոխարինվում են ճիգերով: Ծննդաբերության սկզբում կծկանքները կրկնվում են 10-15, հետագայում՝ 2-3 ր մեկ անգամ: Ծ. ընթանում է 3 շրջանով, առաջին՝ պարանոցի բացման շրջան, երկրորդ՝ պտղի արտամղման շրջան, երրորդ՝ ընկերքային շրջան: Առաջին շրջանում արգանդի պարանոցն աստիճանաբար հարթվում է, ծննդաբերական խողովակը լայնանում, ուր տեղադրվում են պտղաձվի ստորին բևեռի թաղանթները՝ շուրջպտղային հեղուկի հետ միասին: Լրիվ բացումից հետո պտղապարկը պատռվում է, և պտղաջրերն արտահոսում են: Երբեմն պտղապարկը պատռվում է ավելի վաղ և դժվարացնում Ծ-յան ընթացքը («չոր Ծ.»): Հազվադեպ պտղապարկն ուշ է պատռվում և անհրաժեշտ է անմիջապես միջամտել: Արտամղման շրջանում պտուղն սկսում է առաջ շարժվել ծննդաբերական խողովակով: Կծկանքներին միանում են արտամղող ուժերը՝ ճիգերը, որոնց ազդեցության տակ պտղի առաջադիր մասը հաղթահարում է ոսկրային կոնքի և փափուկ հյուսվածքների խոչընդոտը: Այս շրջանում, ծննդաբերական ուղիներով անցնելով, պտղի գլուխը կատարում է մի շարք շարժումներ, որոնցով կազմվում է «ծննդաբերության մեխանիզմը»: Կոնքամուտքում պտղի գլխի նետաձև կարանը համընկնում է կոնքի միջաձիգ չափին, այնուհետև կատարում է խոնարհում և կզակը մոտեցնում կրծքավանդակին: Կոնքի խոռոչում գլուխը կատարում է պտտական շարժում՝ աստիճանաբար ծոծրակային մասը առաջ մղելով: Հետագա ճիգերի ժամանակ գլուխն սկսում է երևալ սեռական ճեղքից («դրսևորվել»): Ծոծրակային մասը ցայլքի տակ ֆիքսվելուց հետո գլուխն սկսում է կատարել ապախոնարհում, այնուհետև երևում է ճակատը և ամբողջ դեմքը: Գլուխը ծնվելուց անմիջապես հետո ծնվում են ուսերը և պտղի մարմինը: Պտուղը ծնվելուց հետո սկսվում է ընկերքային շրջանը, արգանդի մկանունքի կծկման շնորհիվ ընկերքն անջատվում է արգանդի պատից, արգանդ-ընկերքային անոթները պատռվում են, ընկերքի և արգանդի պատի միջև առաջանում է ետընկերքային արյունակույտ, որն իր հերթին նպաստում է ընկերքի հետագա պոկվելուն և լրիվ պոկվելուց հետո իջնում է պարանոց ու հեշտոց, ճիգերի շնորհիվ՝ արտամղվում: Առաջնածինների մոտ Ծ-յան ընդհանուր տևողությունը 15-24 ժ է, կրկնածիններինը՝ 10-12 ժ: Ընկերքը ծնվելուց հետո սկսվում է ետծննդյան շրջանը:
ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆ, Հիսուս Քրիստոսի ծննդյան առթիվ սահմանված ամենամյա տոն: Նշվում է դեկտ. 25 (հունվ. 7)-ին: Հին աշխարհի երկրագործ շատ ժողովուրդներ բնության զարթոնքը խորհրդանշող «մեռնող և հառնող» աստվածների (Աղոնիս, Դիոնիսոս, Թամուզ, Միհր, Օսիրիս) պաշտամունքը տոնել են ձմեռային արևադարձին (դեկտ. 21-25): Քրիստոնեական եկեղեցին IV դ. կեսին հարկադրված եղավ ժողովուրդների մեջ արմատավորված այդ տոնը վերափոխել Քրիստոսի Ծ. տ-ի: 431-ին Ծ. տ. օրինադրվեց Եփեսոսի ժողովում: Հունվարի 6-ը սահմանվեց իբրև Մկրտության և Հայտնության օր: Ծ. տ-ին եկեղեցին հավատացյալներին նախապատրաստում է «Ծննդյան» 40-օրյա պասին (պահքին):
Գրկ. Белов А.В. Рождество Христово,2 изд., М., 1975.
ԾՆՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿՈՒՄ, տես Ծնողական իրավունքներ և պարտականություններ հոդվածում:
ԾՆՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, օրենքով ծնողներին վերապահված անձնական և գույքային իրավունքներ ու պարտականություններ՝ զավակների դաստիարակությունն ու նյութական կարիքներն ապահովելու, ինչպես նաև նրանց իրավունքներն ու շահերը պաշտպանելու նպատակով: ՍՍՀՄ-ում ծնողները, անկախ ամուսնալուծությունից,