Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյան ու մտքերի հաղորդակցման միջոցների իրացումը, դրսևորումն է։ Այս առումով խ–ի և լեզվի միջև կա մասնավորի և ընդհանուրի, կոնկրետի և վերացականի փոխհարաբերություն. դիալեկտիկական այդ հակադրամիասնության մեջ Խ. մասնավորն է, կոնկրետը, իսկ լեզուն՝ ընդհանուրը, վերացականը։ Լեզվի հասարակական դերի իրացումը կատարվում է անհատների միջոցով, ուստի և Խ. իր դրսևորման եղանակով, ոճական և այլ կողմերով կրում է անհատական բնույթ, այդուհանդերձ Խ իր հիմքով նույնպես հասարակական է։ Խ. մարդուն հատուկ հոգեբանական–ֆիզիոլոգիական գործունեության արտահայտություն է, ուստի նրա իրացումը լրիվ ավտոմատացված է, իսկ բովանդակության առումով նրա մեջ իշխում է գիտակցականը։ Խ., ըստ գործառության բնույթի, լինում է բուն կամ արտաքին, որով խոսողը իր միտքն է հաղորդում ուրիշին, և ներքին, որը չի հաղորդվում, այլ մտածական ներքին գործունեություն է և անհատի համար ունի ճանաչողական արժեք, որպես լեզվի մտածական դերի ներքին դրսևորում։ Ներքին Խ. հիմնականում կառուցվում է արտաքին խ–ի սկզբունքով՝ հաճախ պատկերների և այլ լրացուցիչ միջոցների օգտագործումով։ Ըստ դրսևորման եղանակի Խ. լինում է բանավոր և գրավոր։ Բանավոր Խ. լեզվի բնական արտահայտությունն է, որը իրացվում է արտասանական գործարանների շնորհիվ և լսելի է։ Գրավոր Խ. իրացվում է հատուկ մշակված գրային համակարգերի միջոցով։ Գրական լեզվի նորմաների տեսակետից այն սովորաբար լինում է ավելի կատարյալ, քան բանավոր խոսքը։ Ս. Աբրահամյան, Շ. Խուրշուդյան

«ԽՈՍՔ», քաղաքական, հասարակական և գրական շաբաթաթերթ։ Երևանի բոլշևիկյան կազմակերպության օրգան (1918-ից)։ Լույս է տեսել 1913–14, 1918–1919-ին, Երևանում։ Խմբագիր–հրատարակիչ՝ Ա. Մելիքյան։ Լուսաբանել է միջազգային բանվորական շարժումը, կոչ արել կազմակերպված պայքարի ընդդեմ կապիտալի, խրախուսել գործադուլները Երևանի նահանգում։ «Խ.» նպաստել է Հայաստանում մարքսիզմի տարածմանը, ծանոթացրել Վ. Ի. Լենինի աշխատություններին ու Հոկտեմբերյան մեծ հեղափոխության նպատակներին։ Թերթը հանդես է եկել դաշնակցականների, մենշևիկների ու մուսավաթականների դեմ, պրոպագանդել Անդրկովկասի ժողովուրդների եղբայրություն ու համագործակցություն, նրանց ազատագրումը կապել ռուս ժողովրղի և Սովետական Ռուսաստանի հետ։ Անդրադարձել է նաև գրականության հարցերին ու ժամանակի մամուլի նյութերին, տպագրել գրախոսականներ, ֆելիետոններ, ակնարկներ։ Թերթի հրատարակմանն աջակցել են Ս. Մարտիկյանը, Ս. Ալավերդյանը, աշխատակցել՝ Ղ. Ղուկասյանը, Ա. Կարինյանը, Ա. Խանջյանը, Հ. Ազիզյանը և ուրիշներ։ Ս. Նազարյան

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, տես Դեմոկրատական ազատություններ։

ԽՈԱՔԻ ՄԱՍԵՐ, լեզվի բառապաշարի բառաքերականական խմբերը, որոնք ընկած են քերականական կառուցվածքի հիմքում։ Խ. մ. հատուկ են աշխարհի բոլոր լեզուներին, բայց, պայմանավորված լեզվի, հիմնականում, կառուցվածքային տիպով, տարբեր է նրանց որոշման հիմունքը, ուրեմն և՝ քանակը։ Հայերենի Խ. մ. են՝ գոյականը, ածականը, թվականը, դերանունը, բայը, մակբայը, կապը, շաղկապը, եղանակավորող բառերը, ձայնարկությունը, որոնք որոշվում են համապատասխան բառախմբերի ընդհանուր նշանակությամբ։ Խ. մ. կազմում են բարդ համակարգ, որի բաղադրիչները միմյանց նկատմամբ նույնանման կապի ու հարաբերության մեջ չեն։ Կան անմիջականորեն հարաբերակից Խ. մ. (օրինակ, կապը և շաղկապը, մի կողմից՝ գոյականը, ածականը, թվականը, մակբայը, մյուս կողմից՝ դերանունը) և ոչ–անմիջականորեն հարաբերակից Խ. մ. (օրինակ, ձայնարկությունը և բայը, թվականը և շաղկապը)։ Ըստ քերականական ընդհանուր բնույթի՝ Խ. մ. բաժանվում են երեք խմբի՝ նյութական, քերականական և վերաբերմունքային։ Նյութական իմաստ ունեցող Խ. մ. (գոյական, ածական, դերանուն, թվական, մակբայ) արտահայտում են իրականությունը իր տարբեր հատկանիշներով, քերականական Խ. մ. (կապ, շաղկապ)՝ քերականական տարբեր հարաբերություններ, վերաբերմունքային Խ. մ. (եղանակավորող բառեր, ձայնարկություն)՝ խոսողի վերաբերմունք։ Ձևաբանական տեսակետից Խ. մ. ընդունված է բաժանել երկու խմբի՝ թեքվող և չթեքվող։ Հայերենի համար այս բաժանումը պայմանական է այնչափով, որչափով բուն թեքվող խ. մ. են գոյականը, բայը, ինչպես և դերանունների մի մասը, ածականը և թվականը, որոնք համարվում են թեքվող, հոլովվում են միայն փոխանվանական կիրառության դեպքում (լավը, լավից, երեքից, երեքով ևն), իսկ չթեքվող համարվող Խ. մ., թեև իրենց բուն կիրառության դեպքում չեն թեքվում, բայց մետալեզվում (որպես գործառական–իմաստային փոխանուններ) կարող են հոլովվել (եթե–ից, բայց–ով, ըստ–ի ևն)։ Ս. Աբրահամյան

ԽՈՍՔԻ ՄՇԱԿՈՒՅԹ, խոսքի համապատասխանությունը գրական լեզվի գործուն օրինաչափություններին. լեզվաբանության բնագավառներից մեկն է և նպատակ ունի առավելագույն չափով նպաստելու այդ համապատասխանությանը, որն անհրաժեշտ է թե` խոսողների բարձր մակարդակի ապահովման, թե՝ գրական լեզվի համաչափ զարգացման, կատարելագործման տեսակետից։ Ընդգրկում է լեզվի բոլոր բաղադրիչները բոլոր կողմերով՝ բառապաշար, քերականական կառուցվածք, ուղղախոսություն, ուղղագրություն, ոճաբանություն։ Նրա հիմքում դրված են գրական լեզվի նորմաները։ Լեզվական ճշտության հետ միաժամանակ Խ. մ–ի պահանջներից մեկն էլ խոսքի ոճական յուրահատկության հաշվառումն է, որով ապահովվում է խոսքի առավել արտահայտչականությունն ու նպատակայնությունը։ Ս. Աբրահամյան

ԽՈՍՔԻ ՌԻԹՄ, հնչյունական շղթայում որոշ պարբերականությամբ իրար հաջորդող շեշտված և անշեշտ (որոշ լեզուներում՝ երկար ու կարճ) վանկեր, արագ և դանդաղ արտասանվող հնչյունական հատվածներ։ Խ. ռ. սերտորեն կապվում է հնչերանգի հետ և կանխորոշում է տվյալ լեզվի ռիթմա–ինտոնացիոն կառուցվածքը։ Հայերենի հնչյունական շղթայում բառերի երկրորդական շեշտերի դրսևորումները մեծապես պայմանավորված են Խ. ռ–ով։ Ինչպես ցույց են տալիս փորձառական ուսումնասիրությունները, հայերենի բազմավանկ բառերում յուրաքանչյուր երրորդ վանկը ձգտում է լինել շեշտակիր, եթե այդ չի խանգարում իմաստային կամ տրամաբանական շեշտերի դրսևորմանը։ Ռ. Թոխմախյան, Ա. Խաչատրյան

ԽՈՍՔԻ ՏԵՄՊ, հնչյուններից կազմված շղթայի արտաբերման որոշակի արագություն, որը պայմանավորված է ժամանակի միավորում հանդես եկող վանկերի քանակով։ Այն կապված է մի կողմից՝ մարդու անհատական–արտասանական առանձնահատկությունների, տրամադրության, հոգեվիճակի, ինչպես և արտասանվածքի բովանդակության հետ, մյուս կողմից սերտորեն առնչվում է արտասանության ոճի հետ։ Տարբերում են Խ տ–ի երեք տեսակ՝ դանդաղ, միջին և արագ։ Դանդաղ տեմպը բնորոշ է հանդիսավոր, պաշտոնական արարողությունների ժամանակ արտասանվող խոսքին, միջինը՝ սովորական խոսակցական ոճին, արագը՝ անփույթ, ոչ պաշտոնական խոսակցական ոճին։ Արտասանության արագացումը խոսքի մեջ կարող է առաջացնել հնչյունական փոփոխություններ, օրինակ, բարի լույս–բարլուս, ինստիտուտ–ինստուտ։ Այսպիսի արտասանությունը հաճախ դժվարացնում է լսողական ընկալումը։ Խ. տ. հնչերանգի բաղկացուցիչ տարրն է։ Նրա փոփոխությունը իմաստային և հուզական նոր երանգներ է հաղորդում խոսքին։ Ա. Խաչատրյան, Ռ. Թոխմախյան

«ԽՈՎԱՆՇՉԻՆԱ», ստրելեցների շարժում 1682-ին, Ռուսաստանում։ Կոչվել է Ստրելեցյան պրիկազի պետ իշխան Ի. Խովանսկու անունով։ «Խ.» սյուժետ է ծառայել Մ. Մուսորգսկու համանուն օպերայի համար։ Տես Ստրեչեցյան խռովություններ։

ԽՈՏ, հնձած և չորացրած կանաչ։ Մսուրային շրջանի հիմնական կերերից է։ Կերային արժեքը կախված է կանաչի բուսաբանական կազմից, բերքահավաքի ձևերից ու ժամկետից, պահպանման պայմաններից։ Ըստ բուսաբանական կազմի լինում է թիթեռնածաղկավոր, հացազգի, տարաբույս և խառը։ Առավել արժեքավոր Խ. ստացվում է առվույտից, կորնգանից, ցանովի վիկից, հացազգի և լոբազգի բույսերից։ Որակով Խ. ստանալու համար պետք է կանաչը քաղել ծաղկման, իսկ հացազգիները՝ հասկակալման սկգբներին։ 100 կգ լավագույն Խ պարունակում է մոտ 50 կերամիավոր, 9,2 կգ մարսելի պրոտեին, 1000–1500 գ կալցիում, 200–220 գ ֆոսֆոր, կարոտին, B1, B2, D, C վիտամիններ։ Խ. պահում են դեզերով՝ բաց երկնքի, երբեմն՝ ծածկի տակ։ Տեղափոխելը հեշտացնելու նպատակով Խ. մամլում են։ ՍՍՀՄ–ում կենդանիների ձմեռային շրջանի կերային հաշվեկշռում Խ–ի բաժինը 40–45% կերամիավոր է։

ԽՈՏ, գյուղ Հայկական ՍՍՀ Գորիսի շըր–