Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փոխադարձ համաձայնությամբ, իսկ պարգևատրման կարգը՝ Երբեմն նաև օրենսդրությամբ նախատեսված կարգով: Հ–յան վերաբերյալ վեճը քննում է դատարանը:

ՀԱՄԱՀՆՉՅՈՒՆ, տարբեր բարձրության մի քանի հնչյունների միաժամանակյա զուգորդումը, հնչյունային միասնություն, որ ունի զուտ հարմոնիկ (ներդաշնակային) գունային հատկանիշներ և երաժշտական արտահայտչության միջոց է: Հիմնական տեսակներն են՝ միևնույն կամ տարբեր բարձրության երկու հնչյունի զուգորդումը (տես Ինտերվալ) և տարբեր տերցիային հարաբերությամբ կազմված երեք, չորս, հինգ հնչյունների զուգորդումը (տես` Ակորդ):

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ, տես Պայմանագիր միջազգային:

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ, բառերի շարահյուսական կապակցության եղանակ, երբ ստորադաս բառը քերականական հատկանիշներով նմանվում է գերադաս բառին: Հ. լինում է լրիվ և մասնակի: Ժամանակակից հայերենում Հ–յամբ կապակցվում են ենթական ու ստորոգյալը, բացահայտիչն ու բացահայտյալը: Ստորոգյալը ենթակային համաձայնում է դեմքով և թվով (մասնակի Հ.), բացահայտիչը բացահայտյալի հետ համաձայնում է դեմքով, թվով և հոլովով (լրիվ Հ.): Մասնակի թվային Հ. առկա է նաև բազմակիության իմաստ ունեցող որոշիչի և որոշյալի միջև: Գրաբարում թվային և հոլովական Հ. կա նաև ետադաս (երբեմն նաև` առաջադաս) ածական որոշիչի և որոշյալի միջև (օրինակ, տունք մեծք): Հ., որպես կապակցության եղանակ, հատուկ է հատկապես թեքական, մասամբ նաև՝ կցական լեզուներին:

Ն. Պառնասյան

ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ մետաղների, միահալույթներ, հեղուկ կամ պինդ համակարգեր, որոնք կազմված են երկու և ավելի մետաղներից, ինչպես նաև` մետաղներից ու ոչ մետաղներից: Ավելի լայն իմաստով Հ. են բոլոր այն համակարգերը, որոնք ստացվում են մետաղները, ոչ մետաղները, օքսիդները, սուլֆիդները, աղերը, օրգ. նյութերը ձուլելիս: Ոչ մետաղական Հ. են՝ լեռնային ապարները (գրանիտ, բազալտ ևն), սիլիկատային ապակին, մետալուրգիայի որոշ ոչ մետաղական նյութերը (շլակներ, ֆլյուս են): Տեխնիկայում կարևոր նշանակություն ունեն մետաղական Հ.:

Շատ Հ. (մետաղական և ոչ մետաղական) հայտնի են դեռ վաղ ժամանակներից և ունեցել են լայն կիրառություն: Մինչև XIX դ. վերջերը նոր Հ. ստացվում էին փորձարարական (էմպիրիկ) ճանապարհով, քանի որ հայտնի չէր դրանց ֆիզքիմիական բնույթը: Միայն XIX դ. վերջին և XX դ. սկզբին լայն թափ առավ Հ–ի ստացումը՝ շնորհիվ մետաղագրաֆիական և ֆիզքիմիական վերլուծության մեթոդների, մասնավորապես, ջերմային վերլուծության կիրառմանը Հ–ի ուսումնասիրության մեջ: Հ. ուսումնասիրելիս կիրառվեց բազմաբաղադրիչ համակարգերում հավասարակշռության թերմոդինամիկական տեսությունը: Այս բնագավառում զգալի ավանդ ունեն Պ. Պ. Անոսովը, Դ. Կ. Չեռնովը, Ն. Ս. Կուռնակովը, Գ. Թամանը, Գ. Ռոզեբոմը, Ջ. Գիբբսը: ժամանակակից Հայաստանի տարածքում անագապղինձը (բրոնզ) ստացվել է 4300 թ. մ. թ. ա.: 1965–66-ին Մեծամորում կատարված պեղումների ժամանակ մ. թ. ա. 3-րդ և 1-ին հազարամյակների շերտերում հայտնաբերվել են 12 տեսակ Հ.: Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի ձեռագրերում կան նախնադարից ըստ ավանդության մեզ հասած և միջնադարում գրառված, ինչպես նաև` միջնադարի հայ ալքիմիկոսների ստացած Հ–ի հարյուրավոր բաղադրատոմսեր: Մինչև մեր դարաշրջանը, ինչպես և խոր միջնադարում Հայաստանում Հ–ից պատրաստել են կահկարասի, զենք, աշխատանքի գործիքներ, պերճանքի առարկաներ, նկարչական ներկեր, թանաք են: Հ. դասակարգվում են՝ 1. ըստ բաղադրիչների թվի՝ կրկնակի, եռակի, քառակի են: 2. Ըստ կառուցվածքի՝ համասեռ (միաֆազ) և տարասեռ (բազմաֆազ): Վերջինները կարող են լինել կայուն և միջակայուն: 3. Ըստ Հ–ի հիմքը կազմող մետաղների բնույթի՝ սև (պողպատ, թուջ) և գունավոր (Al-ի, Cu-ի, W-ի, Zr-ի, Mo-ի, Ni-ի Հ.): 4. Ըստ բնութագրական հատկությունների՝ դժվարահալ, դյուրահալ, կարծր, կոռոզիա– և ջերմակայուն, հաղորդիչ, էլեկտրադիմադրողական են: 5. Ըստ տեխ. հատկանիշների՝ ձուլվող, դեֆորմացվող (կռելի ու կոփելի): Կախված բաղադրիչների քիմ. բնույթից՝ Հ. գոյացնում են՝ ա. պինդ լուծույթներ, բ. քիմ. միացություններ (միջմետաղական միացություններ, կարբիդներ, նիտրիդներ, սիլիցիդներ, ֆոսֆիդներ ևն): Որոշ դեպքերում Հ. պարունակում են քիմիապես պարզ նյութեր (P, Si, P՛b ևն), բայց ավելի հաճախ կազմված են պինդ լուծույթից և քիմ. միացությունից: Հ-ում քիմ. կապի բնույթը տարբեր է, բայց հիմնականում այն մետաղական է: Հ. կարելի է դիտել որպես ֆիզքիմիական բազմաբաղադրիչ համակարգեր, որոնք տարբեր վիճակներում հավասարակշռության մեջ գտնվող ֆազերի համախումբ են: Այս դեպքում կիրառելի է ֆազերի կանոնը: Հ–ի կառուցվածքը, կախված բաղադրությունից և ջերմաստիճանից, արտահայտվում է գրաֆիկորեն՝ վիճակի դիագրամների վրա: Այդպիսի դիագրամները, սովորաբար, կառուցվում են սառեցման ու տաքացման կորերի հիման վրա կամ ֆիզքիմիական վերլուծության այլ մեթոդներով:

Հ. ստանում են հալույթի բյուրեղացման, մետաղակերամիկական, դիֆուզիոն հագեցման, սուբլիմացման, գալվանական նստեցման, իսկ մեխանիկական ու ֆիզքիմիական որոշակի հատկություններով Հ.՝ ջերմային, ջերմաքիմիական, ճնշման (տաք և սառը մշակման) եղանակներով:

Հ–ի բաղադրությունը, կառուցվածքը և հատկությունները որոշելու համար կիրառվում են տարբեր մեթոդներ: Այսպես, բաղադրությունը որոշում են քիմ., սպեկտրալ և ռենտգենակառուցվածքային վերլուծությամբ, կառուցվածքը՝ մետաղագրաֆիական ու ռենտգենագրաֆիական վերլուծությամբ և ավտոռադիոգրաֆիականմեթոդով: Ուսումնասիրում են նաև Հ–ի կարծրությունը, էլեկտրական ու մագնիսական հատկությունները, ընդարձակման գործակիցը, ջերմահաղորդականությունը: Փորձարկում են Հ–ի կոռոզիա– ու թթվակայունությունը ևն:

Տես նաև` տարբեր տեսակ Հ–ին վերաբերող հոդվածներ:

Գրկ. Խանզադյան Է. Վ., Մկրտչյան Կ. Հ., Պարսամյան Է. Ս., Մեծամոր, Ե., 1973: Kypнaков H. C., Избр. труды, т. 1–2, М., 1960–61; Бокштейн C.3., Стpoeниe и свойства металических cплавов, M., 1971,

ՀԱՄԱՃԱՐԱԿ, էպիդեմիա (<հուն.έλίδμος, έλί – մեջ և δξμος – ժողովուրդ), միատեսակ վարակիչ հիվանդությունների իրար հաջորդող պրոցես, որն արտահայտվում է որևէ կոլեկտիվում, բնակավայրում, շրջանում կամ երկրում դրանց նշանակալի տարածմամբ: Հ–ի բռնկմանը նպաստող նախադրյալներն են. սան. կանոնների խախտումը, վարակի աղբյուրների, փոխանցողների և բնակչության ընկալունության առկայությունը, առողջապահական օրգանների անբավարար կանխարգելիչ աշխատանքը ևն: Տվյալ վայրի և տվյալ պատմական պայմանների համար սովորական (նվազագույն) հիվանդությունը կոչվում է սպորադիկ, երբ արձանագրվում են հիվանդության իրար հետ կապ չունեցող առանձին դեպքեր: Ոչ մեծ տերիտորիայում (մեկ բնակավայր, քաղաքի կամ ավանի մի մաս, հանրակացարան, զորանոց) հիվանդության տարածումը, որն ընթանում է կարճ ժամանակամիջոցում, անվանում են համաճարակային բռնկում, իսկ մեծ տերիտորիաներում, երբեմն մի քանի երկրներում կամ մայր ցամաքներում, բնակչության զանգվածային ախտահարումը՝ աշխարհավարակ (պանդեմիա): Երբ վարակիչ հիվանդությունը որոշակի տերիտորիայում գրանցվում է մշտապես և շատ տարիների ընթացքում, անվանում են տեղաճարակ (էնդեմիա) կամ հիվանդության տեղաճարակայնություն, իսկ որոշակի տերիտորիայում երկարատև գրանցվող և վատ պայմանների հետ կապված հիվանդությունը (որովայնային տիֆ, դիզենտերիա, բծավոր տիֆ)՝ վիճակագրական համաճարակայնություն: Եթե հիվանդությունը կապված է բնական որոշակի պայմանների առկայության հետ (օրինակ, ժանտախտի հարուցիչի մշտական շրջանառությունը ավազամկների, արջամկների, գետնասկյուռների միջև), անվանում են իսկական տեղաճարակայնություն: Տվյալ բնակավայրին ոչ բնորոշ, այլ երկրներից ներմուծված վարակիչ հիվանդությունները կոչվում են էկզոտիկ՝ տարաշխարհիկ (օրինակ, ՍՍՀՄ–ի համար էկզոտիկ է բնական ծաղիկը): Նկատվում են վարակիչ հիվանդությունների քանակական տատանումներ՝ կապված տարվա եղանակների հետ (սեզոնականություն), որոնք պայմանավորված են փոխանցողների ակտիվության սեզոնային տատանումներով, վարակի աղբյուր հանդիսացող որոշ կենդանիների կյանքի առանձնահատկություններով (օրինակ, արջամկների և գետնասկյուռների ձմեռային քունը ընդհատում է դրանց շփումը մարդկանց հետ, և