Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վերլուծության կաղապարները հենվում են առաջին հերթին անմիջական բաղադրիչների կամ շարահյուսական կախումների, իսկ համադրության կաղապարները՝ սերող ձևային քերականությունների վրա: Անմիջական բաղադրիչների ձևային քերականությունը նկատի ունի այն փաստը, որ նախադասության մեջ կարելի է անջատել բառախմբեր, որոնք կատարում են մեկ բառի շարահյուսական ֆունկցիա: Այսպես, նախադասության անմիջական բաղադրիչներն են անվանական ու բայական բառախմբերը, որոնց շարահյուսական ֆունկցիաները համապատասխանաբար համընկնում են ենթակայի ու ստորոգյալի շարահյուսական ֆունկցիաների հետ: Անվանական բառախմբի մեջ կարելի է առանձնացնել բաղադրիչներ, որոնց շարահյուսական ֆունկցիաները կհամընկնեն ենթակայի (գոյականի) ու որոշիչի շարահյուսական ֆունկցիաների հետ ևն:
Շարահյուսական կախումների ձևային քերականության համար հիմք է ծառայում նախադասության մեջ բառերի անմիջական շարահյուսական կախման առկայությունը:
Օրինակ, ընդունված է, որ նախադասության մեջ ենթական շարահյուսորեն անմիջապես կախման մեջ է գտնվում ստորոգյալից, խնդիրներն ու պարագաները՝ ստորոգյալից (անմիջապես կամ կապի միջոցով), ենթակայի լրացումը՝ ենթակայից ևն:
Թե՛ անմիջական բաղադրիչների և թե՛ շարահյուսական կախումների քերականության միջոցով կատարված վերլուծությունը կարելի է պատկերել լեզվական տարբեր կարգի միավորների ծառաձև միացությունների տեսքով: Առաջին դեպքում այն կոչվում է անմիջական բաղադրիչների ծառ, իսկ երկրորդ դեպքում՝ կախումների ծառ: Օրինակ, երիտասարդ երկրաբանները գնացին դեպի հանքերը նախադասության անմիջական բաղադրիչների և կախումների ծառերը կունենան հետևյալ տեսքը՝ Գծ. 1, Գծ. 2:
Անմիջական բաղադրիչների ծառի վրա (տես գծ. 1) պարզ երևում է, որ նախադասությունը կազմում են երկու բաղադրիչներ՝ անվանական բառախումբը (երիտասարդ երկրաբանները) և բայական բառախումբը (գնացին դեպի հանքերը). անվանական բառախումբը կազմված է երիտասարդ և երկրաբանները բառերից, իսկ բայական բառախումբը՝ գնացին բայից և անվանական բառախմբից (դեպի հանքերը), որն իր հերթին կազմված է դեպի և հանքերը բառերից:
Կախվածությունների ծառի սկզբնակետը համապատասխանում է նախադասության ստորոգյալին: Երկրորդ գծագրից երևում է, որ տրված նախադասության ստորոգյալից անմիջական շարահյուսական կախման մեջ են գտնվում ենթական (երկրաբանները) և կապը (դեպի), ենթակայից անմիջական կախման մեջ է գտնվում նրա լրացումը (երիտասարդ), իսկ կապից՝ պարագան (հանքերը):
Սերող քերականությունը, որի հիման վրա կառուցվում են համադրության կաղապարներ, հնարավորություն է ընձեռում միակերպ ընթացակարգերի օգնությամբ կազմելու տվյալ լեզվին հատուկ նախադասություններ: Ընդհանուր տեսքով սերող քերականությունը դիտարկվում է որպես համակարգ, որտեղ -ն լեզվական միավորների վերջավոր բազմություն է, իսկ -ը՝ տեսքի արտածման կանոնների վերջավոր բազմություն: Արտածման կանոնների տեսքը ցույց է տալիս, որ սերման ընթացքում սլաքի ձախակողմյան միավորը փոխարինվում է աջակողմյան միավորով: Քանի որ բազմության մեջ ներառվում են ոչ ծայրագույն միավորներ (որոնք համապատասխանում են բառախմբերին) և ծայրագույն միավորներ (որոնք համապատասխանում են առանձին բառերին), ապա նախադասության սերման պրոցեսը կավարտվի, եթե սերված բառաշղթան բաղկացած լինի միայն ծայրագույն միավորներից, այսինքն՝ առանձին բառերից:
Եթե որպես բազմության տարրեր ընտրենք (նախադասություն), (բայական բառախումբ), (անվանական բառախումբ), (գոյական), (բայ), (ածական), (կապ), երկրաբանները, հանքերը, գնացին, երիտասարդ, դեպի միավորները, իսկ որպես բազմության տարրեր՝ , , , , երկրաբանները, հանքերը, երիտասարդ, դեպի արտածման կանոնները, ապա երիտասարդ երկրաբանները գնացին դեպի հանքերը նախադասությունը կարելի է բերել հետևյալ կերպ՝ Գծ. 3:
Էլեկտրոնային հաշվողական մեքենաների ստեղծումից հետո Մ. լ–յան հիմքի վրա ծագեց ու զարգացավ, այսպես կոչված, հաշվողական լեզվաբանությունը: Հաշվողական լեզվաբանության ուսումնասիրության հիմնական օբյեկտը արհեստական լեզուներն են, որոնք լայնորեն օգտագործվում են խնդիրների ծրագրավորման համար, ապահովում մարդու և հաշվողական մեքենայի երկխոսությունը: Հաշվողական լեզվաբանությունը նոր հեռանկարներ է բացում հաշվողական մեքենաների արդյունավետության բարձրացման ու կիրառման ոլորտի ընդարձակման համար:
Գրկ.Ուռուտյան Ռ. Լ., Կիբեռնետիկան և լեզվաբանությունը, Ե. 1978; Гладкий А. 3., Формальные грамматики и языки, М. 1973; Джаукян Г. Б., Общее и армянское языкознание, Е., 1978.Ռ. Ուռուտյան ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ, մաթեմատիկայի կիրառական բաժիններից. ուսումնասիրում է օպտիմալացման խնդիրների որոշակի տեսակների առանձնահատկությունները, մշակում դրանց լուծման տեսական հիմունքներ և արդյունավետ հաշվողական մեթոդներ: Օպտիմալ պլանավորման և կառավարման, ինչպես նաև ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառների մի շարք խնդիրներ մաթեմատիկորեն ձևակերպելիս բերվում են Մ. ծ–ման խնդիրներին: Վերջիններս ձևակերպվում են հետևյալ կերպ՝ գտնել փոփոխականների այնպիսի թվային արժեքներ, որոնք էքստրեմումի (մինիմումի կամ մաքսիմումի) հասցնեն ֆունկցիայի (կոչվում է նպատակային ֆունկցիա) արժեքը

(1)
(2)

սահմանափակումների առկայությամբ: –չափանի տարածության այն կետը, որը բավարարում է (1) և (2) սահմանափակումներին, կոչվում է խնդրի պլան կամ թույլատրելի լուծում: Այն պլանը, որի դեպքում նպատակային ֆունկցիան ընդունում է իր էքստրեմալ արժեքը, կոչվում է օպտիմալ պլան կամ օպտիմալ լուծում: Մ. ծ. ունի մի շարք բաժիններ, որոնց զգալի մասն արդեն հասել են զարգացման բարձր մակարդակի և ձևավորվել որպես ինքնուրույն առարկաներ: Այն խնդիրները, որոնցում և ֆունկցիաները գծային են, ուսումնասիրում է գծային ծրագրավորման տեսությունը: Վերջինս Մ. ծ–ման առավել հանգամանորեն մշակված բաժինն է, որի ընդհանուր խնդրի և նրա առանձին մասնավոր տեսքերի համար մշակվել են մի շարք ճշգրիտ և մոտավոր մեթոդներ: Ըստ այդմ էլ գծային ծրագրավորման շրջանակներում ստեղծվել են նոր ուղղություններ. պարամետրական ծրագրավորում (ուսումնասիրում է այնպիսի խնդիրներ, որոնցում սկզբնական տվյալները կամ նրանց մի մասը կախված են խնդրի անհայտների հետ կապ չունեցող պարամետրերից, ամբողջ–թվային (դիսկրետ կամ կոմբինատորային) ծրագրավորում (ուսումնասիրում է այնպիսի խնդիրներ, որոնցում փոփոխականների կամ նրանց մի մասի վրա դրվում է ամբողջ թիվ լինելու լրացուցիչ պայման), ստոխաստիկական ծրագրավորում (ուսումնասիրում է այնպիսի խնդիրներ, որոնցում սկզբնական տվյալները, ամբողջությամբ կամ մասնակիորեն, պատահական մեծություններ են) ևն: