որոշվում է մածուցիկաչափով, որի աշխատանքը հիմնված է գազերի ու հեղուկների հոսքի, ինչպես նաև մածուցիկ միջավայրում մարմինների շարժման օրենքների վրա: Մ–յան մեթոդների ու սարքերի կառուցվածքի բազմազանությունը պայմանավորված է ինչպես մածուցիկության արժեքների լայն տիրույթով ( ն•վրկ/մ²-ուց մինչև ն•վրկ/մ²), այնպես էլ ցածր և բարձր ջերմաստիճանների ու ճնշումների պայմաններում մածուցիկությունը չափելու անհրաժեշտությամբ: Առավել տարածված են գազերի և հեղուկների Մ–յան երեք՝ մազական, ընկնող գնդի և համառանցք գլանների (ռոտացիոն) մեթոդները, որոնք համապատասխանաբար հիմնված են Պուազեյլի օրենքի, Ստոքսի օրենքի և համառանցք գլանների միջև հեղուկի հոսքի օրենքի վրա: Մածուցիկությունը որոշում են նաև պարբերական տատանումների ամպլիտուդի մարման կամ ոչ պարբերական շարժման արագության նվազման դիտումներով: Յուրահատուկ խումբ են կազմում միջավայրի չափազանց փոքր ծավալներում մածուցիկության (միկրոմածուցիկություն) չափման մեթոդները: ՄԱԾՈՒՑԻԿՈՒԹՅՈՒՆ, ներքին շփում, 1. գազերի և հեղուկների՝ իրենց առանձին մասերի փոխադարձ տեղաշարժմանը դիմադրություն ցույց տալու հատկությունը: Քանակապես որոշվում է մեծության արժեքով, որը կոչվում է դինամիկական մածուցիկության գործակից կամ պարզապես Մ. (ներքին շփման գործակից): մեծությունը կոչվում է հոսունություն: Հաճախ դիտարկում են նաև մեծությունը, որը կոչվում է կինեմատիկական մածուցիկություն (-ն գազի կամ հեղուկի խտությունն է): Միավորների միջազգային համակարգում Մ–յան միավորն ունի ն•վրկ/մ², իսկ CGS (ՍԳՎ) համակարգում՝ գ/սմ•վրկ (պուազ) չափայնություն. 1պզ=0,1 ն•վրկ/մ²: Կինեմատիկական Մ–յան միավորներն են, համապատասխանաբար, մ²/վրկ և սմ²/վրկ (ստոքս): Գազերի և հեղուկների Մ. որոշում են մածուցիկաչափով: Հաստատուն ջերմաստիճանում լամինար հոսանքի պայմաններում գազերի և նորմալ հեղուկների (այսպես կոչված, նյուտոնյան հեղուկներ) Մ. արագության գրադիենտից անկախ հաստատուն մեծություն է: Մ. նյութի կարևորագույն ֆիզիկաքիմիական բնութագիրն է: Մոլեկուլային–կինետիկ տեսությունն այն բացատրում է մոլեկուլների շարժմամբ և փոխազդեցությամբ:
Նյութ | -ն 20°C-ի դեպքում՝ արտահայտված ն•վրկ/մ²-ով կամ սպզ-ով |
---|---|
Ջրածին | 0,0088 |
Ազոտ | 0,0175 |
Թթվածին | 0,0202 |
Ջուր | 1,002 |
Էթիլ սպիրտ | 1,200 |
Սնդիկ | 1,554 |
Գլիցերին | 1500 |
Գազերում Մ. պայմանավորված է արագ շարժվող շերտի մոլեկուլներից դանդաղ շերտի մոլեկուլներին շարժման քանակի փոխանցմամբ, իսկ սովորական հեղուկներում՝ մոլեկուլների շարժունակությունը սահմանափակող միջմոլեկուլային փոխազդեցությամբ:
Աղյուսակում բերված են որոշ հեղուկների և գազերի Մ–յան արժեքները:
2. Մ. պինդ մարմիններում, տես Ներքին շփում:
ՄԱԿ, տես Միավորված ազգերի կազմակերպություն:
ՄԱԿԱԲԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, բաց մշակման դեպքում օգտակար հանածոն ծածկող և ներփակող ապարների հեռացում: Օգտակար հանածոներից զուրկ մակաբացման ապարները անվանում են դատարկ ապարներ: Դրանք հեռացվում են դեպի արտաքին կամ ներքին լցակույտերը: Եթե մակաբացման ապարները (օրինակ, կավերը, ավազները, կրաքարերը և այլն) պիտանի են որպես շինանյութ, ապա դրանք հետագա մշակումից (ջարդում, տեսակավորում և այլն) հետո ուղարկում են սպառողին: Մ. ա. ընդգրկում են ապարները հանման նախապատրաստելու պրոցեսները, հանման–բարձման աշխատանքները, փոխադրումը և լցակույտագոյացումը:
Մ. ա. տարվում են բացահանքի շինարարության ժամանակ՝ արդյունահանման աշխատանքների նախնական ճակատ ստեղծելու համար, և շահագործման ընթացքում՝ այդ ճակատը պահպանելու և ընդլայնելու նպատակով: Մ. ա–ի համար կիրառվում են ապարի զանազան փոխադրամիջոցներ և լցակույտային սարքավորումներ, ինչպես նաև հատուկ համալիրներ: Մ. ա. կարգավորվում են մշակման ընդունված համակարգերով (տես Բաց հանքային աշխատանքներ):
ՄԱԿԱԲՈՒԾԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, պարազիտիզմ, օրգանիզմների փոխհարաբերություն, երբ մի օրգանիզմ (մակաբույծը) օգտագործում է մյուսին (տիրոջը) որպես ապրելու միջավայր և սննդի աղբյուր: Մ. օրգանիզմների համակեցության ձևերից մեկն է, որի որակական առանձնահատկությունն այն է, որ միայն մակաբույծն է օգտագործում տիրոջը (միակողմանի կախում): Տարբերում են արտաքին Մ. (էկտոմակաբուծականություն), երբ մակաբույծն ապրում է տիրոջ արտաքին ծածկույթների վրա, և ներքին Մ. (էնդոմակաբուծականություն), երբ մակաբույծն ապրում է տիրոջ օրգաններում և հյուսվածքներում: Մ. լինում է ժամանակավոր և մշտական: Ժամանակավոր Մ. արտահայտվում է տարբեր ձևերով. 1. մակաբույծը (օրինակ, արյունածուծ մոծակները) ազատ ապրում է արտաքին միջավայրում և տիրոջ վրա է հարձակվում միայն սնվելու նպատակով, 2. մակաբույծն (օրինակ, արգասային տզերը) ապրում է տիրոջից ոչ հեռու, 3. մակաբույծը (օրինակ, լվերը) տիրոջ վրա է անցկացնում իր ողջ կյանքը կամ զարգացման շրջանի մեծ մասը: Մշտական Մ–յան դեպքում մակաբույծը չի կարող ապրել առանց իր տիրոջ (օրինակ, մալարիայի պլազմոդիում, էխինոկոկ ևն): Մակաբույծները հաճախ այս կամ այն չափով վնասում են տիրոջը: Ախտածին մակաբույծի ներկայությունը հիվանդություն կարող է և չառաջացնել, սակայն տերը մակաբույծի տարածման աղբյուր է դառնում (մակաբուծակրություն): Շատ մակաբույծներ հակածիններ են և տիրոջ օրգանիզմում առաջացնում են հակամարմիններ, որն իր հերթին հանգեցնում է իմունիտետի ռեակցիաների: Մ–յան ուսումնասիրությամբ և մակաբույծների դեմ պայքարի միջոցների մշակման հարցերով զբաղվում են պարազիտոլոգիան, մանրէաբանությունը, վիրուսոլոգիան և ֆիտոպաթոլոգիան: Կենդանիների Մ., մակաբույծ տեսակներ հանդիպում են կենդանիների համարյա բոլոր խմբերում (բացի փշամորթներից և ուսոտանիներից): Քորդավորներից կիսամակաբույծ կյանք են վարում քարալեզները, միքսինները և որոշ արյունածուծ չղջիկներ: Կան դասեր և կարգեր, որոնք կազմված են միայն մակաբույծներից: Մակաբույծների տեր կարող են լինել և՛ կենդանիները, և՛ բույսերը: Հաճախ օրգանիզմը վարակվում է մակաբույծների մի քանի տեսակներով, որոնք փոխհարաբերությունների մեջ են մտնում ոչ միայն տիրոջ, այլև միմյանց հետ: Մեկ տիրոջ մակաբույծների ամբողջությունը կոչվում է պարազիտոցենոզ: Հանդիպում են մեկ կամ մի քանի տեսակների մակաբույծներ: Հաճախ կենսական լրիվ շրջանն անցնելու համար մակաբույծին անհրաժեշտ են 2 կամ նույնիսկ 3, երբեմն՝ կարգաբանորեն իրարից հեռու տերեր: Օրինակ, մալարիայի հարուցիչի տերեր են մոծակը և մարդը, էխինոկոկինը՝ մարդը և շունը ևն: Տերը, որի օրգանիզմում մակաբույծը սեռահասուն է դառնում և բազմանում սեռական ճանապարհով, կոչվում է վերջնական, իսկ որի օրգանիզմում անցնում են թրթուրային փուլերը՝ միջանկյալ: Մակաբույծների դեմ պայքարում կարևոր է նաև միջանկյալ տերերի և փոխանցողների ոչնչացումը: Բույսերի Մ., հայտնի են մակաբույծ բակտերիաներ, սնկեր, վիրուսներ, ծաղկավոր բույսեր ևն: Չկան մակաբույծ մամուռներ, պտերանմաններ և մերկասերմեր: Մակաբույծ բույսերի համար տեր կարող են լինել ոչ միայն բույսերը, այլև կենդանիները և մարդը: Բակտերիաների առաջացրած հիվանդություններից են անգինան, տուբերկուլոզը, ժանտախտը, խոլերան ևն: Սնկերը վնասում են մաշկը, մազերը, թոքերը ևն: Մակաբույծի թափանցումը բույսի հյուսվածքների մեջ կախված է նրա ֆիզիոլոգիական ակտիվությունից և բույսի դիմադրողականությունից: Մակաբույծ բույսերը լինում են քլորոֆիլակիր և քլորոֆիլազուրկ: Առաջինները կանաչ մակաբույծներ են և իրենք են սինթեզում օրգանական նյութեր, իսկ տիրոջից վերցնում են գլխավորապես ջուր և հանքային աղեր: Սրանք կոչվում են կիսամակաբույծներ (օմելա, ճրագախոտ ևն): Երկրորդները լրիվ մակաբույծներ են և տիրոջից վերցնում են և՛ օրգանական, և՛ անօրգանական նյութեր: Հանդիպում են քիչ թե շատ պայմանական՝ ֆակուլտատիվ, և անպայման՝ օբլիգատ, մակաբույծ բույսեր: