Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դիրեկտորն էր (1957-68-ին և 1970-1975-ին): Մ–ի գիտական աշխատանքները վերաբերում են ոչ հանքային հանածոների կոմպլեքսային օգտագործման եղանակների մշակմանը, բարձրորակ ապակիների ստացմանը և ալյումինատային լուծույթների մաքրմանը: Նեֆելինային սիենիտների քիմ. մշակման նրա (աշխատակիցների հետ) աոաջարկած եղանակը նախատեսում է կավահողի, ցեմենտի, մետասիլիկատների, մաքուր սիլիկահողի և այլ նյութերի միաժամանակյա ստացումը: Բացահայտել է մետասիլիկատների (որպես լվացող միջոցների) և սիլիկահողի (օպտիկական ապակի և բյուրեղապակի) տեխնիկական կիրառման ոլորտները: Ընտրվել է ՀՍՍՀ V, VI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով:
Երկ. Обескремнивание щелочных алюминатных растворов, Е., 1973 (соавтор Ханамирова А.); Спектроскопия активированных фторобериллантных стекол, Е., 1974 (соавтор Маргарян А.Ш.).
ՄԱՆՎԵԼՅԱՆ Միքայել Գևորգի (14(26).2. 1877, Ագուլիս – 7.10.1944, Երևան), հայ դերասան, թատերագիր, արձակագիր: ՀՍՍՀ ժող. արտիստ (1935): Բեմական գործունեությունն սկսել է 1895-ից, Թիֆլիսի հայկ. թատերախմբերում: 1903-1905-ին ուսանել է Մոսկվայում՝ Ի. Ումանեց–Ռայսկայայի դրամատիկական դասընթացներում: 1905-ից հանդես է եկել գլխավորապես Հայոց դրամատիկական ընկերության խմբում՝ Թիֆլիսի Արտիստական թատրոնի բեմում: Անձնավորել է ավելի քան 100 դեր: Դրանցից մի քանիսը խաղացել է տարիներ շարունակ՝ խորացնելով իր մեկնաբանությունը, դարձել դրանց լավագույն կատարողը հայ բեմում: Մ–ի դերասանական խառնվածքին բնորոշ դերերից են՝ Ֆրանց Մոորը (Շիլլերի «Ավազակներ», 1905), Շայլոկը (Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», 1908), Կույր վանականը (Շանթի «Հին աստվածներ», 1913), Սուլեյմանը (Ա. Յուժին–Սումբատովի «Դավաճանություն», 1915) ևն: Խարակաերային դերասանի ցայտուն տվյալներով (շեշտված դիմագծեր, փոքր–ինչ խանձված ձայն, կտրուկ շարժուձև) Մ. այդ դերերին տվել է հոգեբանական հարազատ, սուր և տպավորիչ մեկնաբանություն: «Աբելյան–Արմենյան» թատերախմբի կազմում հյուրախաղերով հանդես է եկել Կ. Պոլսում (1909), ուր և արժանացել է բարձր գնահատության:
Դժգոհություն, բողոք, մորմոք, հոգու ցավ, իդեալի և իրականության ցավագին բախումներ, այս բովանդակությունն է ունեցել Մ–ի ոչ միայն բեմական, այլև գրական ստեղծագործությունը՝ և՛ «Էսքիզներ» արձակ գրվածքների ժողովածուն (Թիֆլիս, 1904), և՛ փոքրածավալ պիեսները, որոնք բեմադրվել են հայ թատրոնում՝ «Շեղվածներ», «Գանգե», «Ուշ է» (1907), «Դեպի փայլող լույսը» (1909), «Ոստայն» (1912), «Հեքիաթ» (1914), «Հրաբուխ» (1915), «Դևերի քրքիջը» (1917), «Կեցցե կյանքը» (1919):
Անդրկովկասում սովետական կարգերի հաստատումից հետո Մ. աշխատել է Թիֆլիսի Շահումյանի անվ. թատրոնում, 1922-ից մինչև կյանքի վերջը՝ Երևանի Սունդուկյանի անվ. թատրոնում: Այստեղ Մ–ի խաղացած աչքի ընկնող դերերից են՝ Նիկեյման (Հաուպամանի «Ջրասույզ զանգ», 1922), դոկտոր Ռանկ (Իբսենի «Նորա», 1922), Պոլոնիուս, Յագո (Շեքսպիրի «Համլետ», 1924, «Օթելլո», 1934), Տուսով (Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», 1929), Կոստիլյով (Գորկու «Հատակում», 1932), Նըսր ոստիկան (Մուրացանի «Գևորգ Մարզպետունի», 1941): 1926-ից նկարահանվել է կինոյում: Հրապարակել է արձակ գրվածքներ: 1950-ին լույս է տեսել Մ–ի «Թերթիկներ իմ կյանքից» հուշերի գիրքը (անավարտ): Մ–ի «Եղսան մոքիրը» պատմվածքի հիման վրա «Հայֆիլմ»–ը նկարահանել է «Ղուլը» կինոնկարը: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
Երկ. Երկ., Ե., 1959:
Գրկ. Սարգսյան Ս., Միքայել Մանվելյան, Ե., 1955:Լ. Հախվերդյան ՄԱՆՎԵԼՅԱՆ Ռաֆայել Լևոնի (3.6.1896, Ելիզավետպոլ (այժմ՝ Կիրովաբադ) — 30.4.1978, Երևան), հայ սովետական բժիշկ, ինֆեկցիոնիստ: Բժշ. գիտ. դոկտոր (1961), պրոֆեսոր (1962): ՀՍՍՀ վաստ. բժիշկ (1943): ՍՄԿԿ անդամ 1942-ից: Ավարտել է Դոնի Ռոստովի Վարշավյան համալսարանի բնագիտության (1919) և Բաքվի համալսարանի բժշկ. (1923) ֆակուլտետները: 1926-33-ին աշխատել է Երևանի բժշկ. ինստ-ի ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնում, 1937–73-ին՝ վարակիչ հիվանդությունների ամբիոնի վարիչ: Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են աղիքային վարակի կլինիկա–համաճարակաբանական ուսումնասիրություններին: Մ. ՀՍՍՀ–ում ինֆեկցիոն ծառայության հիմնադիրն է, եղել է առողջապահության մինիսարության ինֆեկցիոնիստը, ՀՍՍՀ ինֆեկցիոնիստների ընկերության պատվավոր նախագահ (1973-ից): Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
Երկ. Клинико-эпидемиологическая характеристика дизентерийных заболевании, Е., 1960.
ՄԱՆՏԵՆՅԱ (Mantegna) Անդրեա (1431-1506), Վաղ Վերածննդի իտալացի նկարիչ, Պադուայի դպրոցի ներկայացուցիչ: Սովորել է հոգեհոր՝ Ֆ. Սկվարչոնեի մոտ: Կրել է Դոնատելլոյի, Անդրեա դել Կաստանյոյի և վենետիկյան գեղանկարչության ազդեցությունը: Կրոնական կոմպոզիցիաներում Մ. ներդրել է մարդկային անհատականության ուժն ու արժանապատվությունը հավաստող պաթոսով ներթափանցված հերոսական աշխարհազգացողությունը: Պադուայի Էրեմիտանի եկեղեցու Օվետարի կապելլայի որմնանկարներում (1449-55) արդեն նկատելի են Մ–ի խիստ, արխիտեկտոնիկ կոմպոզիցիան, հատու կրճատումները: Այս և հետագա աշխատանքներում (Վերոնայի Սան–Ձենո Մաջորե եկեղեցու եռապատկերը, 1457-59) կազմավորվել է թանկագին արծնի նման մետաղական փայլով շողշողացող գույների՝ Մ–ին բնորոշ գեղանկարչական եղանակը: 1460-ից Մ. ապրել է Մանտուայում, Լոդովիկո Գոնզագայի պալատում: Սան–Ջորջո դղյակի «Դելյի Սպոզիի սրահ»-ի որմնանկարներում (1474) Մ. իրականացրել է ճարտ–յան և գեղանկարչության համադրումը՝ ձգտելով ինտերիերի տեսողական–տարածական ամբողջականության: Հռոմ. անտիկ արվեստի խստաշունչ ոգով է տոգորված «Կեսարի հաղթարշավի» համար արված միագույն էսքիզաշարը (1485-88, 1490-1492, Հեմպտոն Կորտ, Լոնդոն): Ուշ շրջանի գործերից են՝ «Պառնաս» (1497, Լուվր, Փարիզ), «Սամսոն և Դալիլա» (1500-ական թթ., Ազգային պատկերասրահ, Լոնդոն): Մ–ի գրաֆիկական աշխատանքները (7 փորագրություն պղնձի վրա՝ «Ծովային աստվածությունների մարտը», մոտ 1470) աչքի են ընկնում կերպարների մոնումենտալությամբ, ձևերի պլաստիկությամբ և նրբագեղությամբ:
Պատկերազարդումը տես 248-րդ էջից հետո՝ ներդիրում:
Գրկ. 3намеρовская Т. П., Андреа Мантенья, Л., 1961; Лазарев В. Н., Мантенья, в его кн.: Старые итальянские мастера, М., 1972, с. 201-270.
ՄԱՆՏԵՆՑ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիզանի գավառում: 1909-ին ուներ 22 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: