Մ–ի աշխատանքները վերաբերում են թվերի տեսությանը, հավանականությունների տեսությանը, մաթ. անալիզին։ Մ–ի «Դրական որոշիչի բինար քառակուսային ձևերի մասին» աշխատանքը (1880) թվերի տեսության այդ բնագավառի հետագա հետազոտությունների հիմք ծառայեց։ Մաթ. անալիզի բնագավառում Մ–ի աշխատանքները վերաբերում են անընդհատ կոտորակների տեսությանը, ինտեգրալների սահմանային արժեքների ուսումնասիրությանը, շարքերի զուգամիտության լավացման հարցերին և լավագույն մոտավորությունների տեսությանը։ Հավանականությունների տեսությունում Մ․ առաջին անգամ տվել է հիմնական սահմանային թեորեմի լրիվ և խիստ ապացույցը բավական ընդհանուր պայմանների դեպքում։ Հետագա աշխատանքներում Մ․ ուսումնասիրել է կախյալ փորձերի հաջորդականություններ և դրանց հետ կապված պատահական մեծությունների գումարներ (այսպես կոչված, Մ–յան շղթաներ)։ Նրա այս աշխատանքներով սկիզբ դրվեց հավանականական մարկովյան պրոցեսների արդի տեսությանը։ Մ․ զբաղվել է հավանականությունների տեսության զանազան կիրառություններով և, մասնավորապես, տվել նվազագույն քառակուսիների մեթոդի հավանականական հիմնավորումը։
ՄԱՐԿՈՎ Գեորգի Մոկեևիչ (ծն. 6( 19).4. 1911, գ․ Նովոկուսկովո, այժմ՝ Տոմսկի մարզի Ասինոյի շրջանում), ռուս սովետական գրող, հասարակական գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Սովորել է Տոմսկի համալսարանում (1930-32)։ Հայտնի է Մ–ի «Ստրոգովներ» (գ․ 1-2, 1939-46, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1952) պատմա–հեղափոխական վեպը։ «Երկրի աղը» (գ․ 1-2, 1954-60), «Հայր և որդի» (մ․ 1-2, 1963-64, լենինյան կոմերիտմիության մրցանակ, 1980) վեպերը Սիբիրի սոցիալիստական վերակառուցման մասին են։ «Սիբիր» (գ․ 1-2, 1969-73, հայ․ հրտ․ 1978) վեպը պատկերում է մինչհոկտեմբերյան ժամանակների ռուսաստանյան իրականությունը, հեղափոխական լենինյանների գործունեությունը։ Մ․ հեղինակ է նաև վիպակների, պատմվածքների ու ակնարկների։ Գրականության հարցերին վերաբերող նրա հոդվածներն ու ելույթներն ամփոփված են «Կյանքը։ Գրականությունը։ Գրողը» (1971) գրքում։ 1980-ին լույս տեսավ Մ–ի հրապարակախոսական հոդվածների ժողովածուն («Պատանեկությանը»)։ Մ․ 1956-ից ՍՍՀՄ ԳՄ վարչության քարտուղար է, 1971-ից՝ 1-ին քարտուղարը։ Նրա գրքերը թարգմանված են ՍՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ 1966-71-ին եղել է ՍՄԿԿ Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ, 1971-ից՝ ՍՄԿԿ Կենտկոմի անդամ։ ՍՍՀՄ VII-X գումարումների Գերագույն տվետի դեպուտատ։ Լենինյան մրցանակ 1976)։ Պարգևատրվել է Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխության և այլ շքանշաններով։
ՍԱՐԿՈՎԻՉ (Марковић) Սվետոզար (1846-1875), սերբ հեղափոխական դեմոկրատ։ Մասնակցել է ռուս. հեղափոխական շարժմանը, 1-ին Ինտերնացիոնալի ռուս. սեկցիայի գործունեությանը։ Հրատարակել է Բալկաններում առաջին սոցիալիստական թերթը («Ռադենիկ», 1871-72)։ Մ․ սերբական հասարակական մտքի հեղափոխական ուղղության սկզբնավորողն է։ Նրա աշխարհայացքի վրա մեծ ազդեցություն են ունեցել ռուս հեղափոխական դեմոկրատների (հատկապես Ն․ Գ․ Չեռնիշևսկու) գաղափարները։ Մ–ի հայացքների հիմքը մատերիալիզմն է, որին, սակայն, բնորոշ են մարդաբանական մատերիալիզմի որոշ սահմանափակություններ։ Հասարակական երևույթների ըմբռնման հարցում իդեալիստ էր։ Ենթադրում էր, որ անցումը սոցիալիզմին հնարավոր է կիսանահապետական համայնք–զադրուգայի (գերդաստանի) միջոցով։ Պատմության զարգացման շարժիչ է համարել ժողովրդին, դեմոկրատական հանրապետության հաստատումը կապել է գյուղացիական հեղափոխության հետ։ Մ․ սկզբնավորել է Սերբիայի մատերիալիստական գեղագիտությունը և քննադատական ռեալիզմը։
Երկ․ Избр. СОЧ., М., 1956.
ՄԱՐԿՈՎՅԱՆ ՊՐՈՑԵՍՆԵՐ, պատահական պրոցեսների առավել կարևոր դասերից մեկը. ուսումնասիրվում է մի համակարգ, որը ժամանակի ընթացքում ենթարկվում է պատահական փոփոխությունների, ընդ որում՝ ժամանակի յուրաքանչյուր պահին այն գտնվում է հնարավոր վիճակների բազմությանը պատկանող որևէ վիճակում։ Պրոցեսն անվանում են մարկովյան, եթե ժամանակի -ից մեծ պահերին համակարգի՝ այս կամ այս վիճակում (կամ վիճակների մի Γ(Γ ⊂ Ω) բազմության վրա) գտնվելու հավանականությունը լիովին որոշվում է վիճակով, և կախված չէ այն բանից, թե ինչպիսի վիճակներում է գտնվել համակարգը -ին նախորդող պահերին։ Մ․ պ․ բնորոշվում է P(s, x, t, Г) անցման ֆունկցիայով (հավանակնություններով), որը ցույց է տալիս, որ համակարգը ժամանակի պահին գտնվելով վիճակում, ժամանակի պահին հավանականությամբ կգտնվի վիճակների Г բազմության վրա։
Եթե ժամանակի պահերի բազմությունը ամբողջ թվերն են, ապա Մ․ պ․ անվանում են Մարկովի շղթա, և եթե -ն վերջավոր է կամ հաշվելի, ապա Մարկովի շղթան բնութագրվում է մատրիցով (-ը համակարգի հնարավոր վիճակների քանակն է)․ -ը հավանականությունն է այն բանի, որ եթե ժամանակի –րդ պահին համակարգը գտնվել է -րդ վիճակում, ապա հաջորդ՝ -րդ պահին կգտնվի -րդ վիճակում։
Մ․ պ–ի օրինակ է բրոունյան շարժումը՝ փոքր մասնիկի պատահական դեգերումները հեղուկում՝ մոլեկուլների հարվածների հետևանքով, եթե մասնիկի իներցիան հաշվի չի առնվում։
ՄԱՐԿՈՎՆԻԿՈՎ Վլադիմիր Վասիլևիչ (1837-1904), ռուս քիմիկոս։ Ա․ Մ․ Բուտլերովի աշակերտը։ 1860-ին ավարտել է Կազանի համալսարանը և 1862-ից դասախոսել նույն տեղում (1869-ից՝ պրոֆեսոր)։ 1873-ից Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր։ Մ–ի գիտական աշխատանքները վերաբերում են քիմ. կառուցվածքի տեսության զարգացման և նավթի ու ալիցիկլիկ ածխաջրածինների հետազոտման հարցերին։ Մ․ առաջինն է տվել (1865) իզոմերիայի երևույթը ճարպաթթուների շարքում, սահմանել մի շարք օրինաչափություններ տեղակալման, միացման և քայքայման ռեակցիաների վերաբերյալ (տես Մարկովնիկովի կանոն)։ Հետազոտել է Կովկասի նավթը (1880-ին), հայտնաբերել և ուսումնասիրել ածխաջրածինների նոր դաս, որն անվանել է նավթեններ։ Նավթից անջատել է արոմատիկ ածխաջրածիններ։
Երկ․ Избр. труды, М., 1955 (կա աշխատությունների ցանկ)։
Գրկ․ Плат А Փ․, Быков Г. В., Эвентова М.С., Владимир Васильевич Марковников, М., 1962.
ՄԱՐԿՈՎՆԻԿՈՎԻ ԿԱՆՈՆ, ասիմետրիկ օլեֆիններին հալոգենաջրածինների կամ ջրի միացման կարգը որոշող օրինաչափություն․ ջրածնի ատոմը միանում է ածխածնի առավել հիդրոգենացված ատոմին, իսկ հալոգենի ատոմը կամ հիդրօքսիլ խումբը՝ քիչ հիդրոգենացված ատոմին (Վ․ Մարկովնիկով, 1869)։ Ըստ ժամանակակից պատկերացման միացման այդպիսի կողմնորոշումը պայմանավորված է միացնող նյութերի մոլեկուլներում էլեկտրոնային խտության բաշխմամբ և առաջացող միջանկյալ կարբոնիում իոնի կայունությամբ։
Զուգորդված կրկնակի կապեր և էլեկտրաբացասական խումբ պարունակող միացություններին էլեկտրա- և նուկլեաֆիլ նյութերի միացումը տեղի է ունենում հակառակ Մ․ կ–ի։ Այդ բացատրվում է էլեկտրոնային խտության տեղաշարժով դեպի էլեկտրաբացասական ատոմը։
Մ․ կ․ խախտվում է նաև գերօքսիդների առկայությամբ օլեֆիններին միանալիս (Կարաշի էֆեկտ)։
Միացման դիրքորոշումը կանխատեսելու համար անհրաժեշտ է բազմակողմանիորեն հաշվի առնել մոլեկուլների էլեկտրոնային և տարածական գործոնները։
ՄԱՐԿՎԱՐՏ (Markwart) Յոզեֆ (9.12. 1864, Ռայխենբախ – 3.2.1930, Բեռլին), գերմանացի արևելագետ, հայագետ, բանասեր, լեզվաբան, աշխարհագրագետ։ Սովորել է Թյուբինգենի համալսարանում։ 1894-1900-ին եղել է նույն համալսարանի պրիվատ դոցենտ, 1900-1911-ին՝ Լեյդենի (Հոլանդիա) Նիդերլանդական ազգագրական թանգարանի ավանդապահ,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/325
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված է