պայմաններում աշխատանք–ապրանքը նույնպես պետք է փոխանակվի իր արժեքով, որն անհնարին է դարձնում շահույթի առաջացման գիտական բացատրությունը: Մարքսը ցույց տվեց, որ աշխատանքն աշխատուժի սպառման պրոցես է, որը ապրանք լինել, գնվել ու վաճառվել չի կարող: Ապրանք է աշխատուժը, որի արժեքը որոշվում է բանվորի և նրա ընտանիքի անդամների պահպանման համար անհրաժեշտ կենսամիջոցների արտադրության վրա ծախսված անհրաժեշտ աշխատաժամանակով, իսկ սպառողական արժեքը, նոր արժեք ստեղծելու, արժեքները մեծացնելու նրա ունակությունն է: Աշխատուժ–ապրանքի և նրա առանձնահատկությունների մասին ուսմունքի շնորհիվ պարզվեց, որ հավելյալ արժեքը ոչ թե կապիտալի բնական, կենսաբանական հատկությունն է, այլ կապիտալիստական հասարակության երկու գլխավոր դասակարգերի՝ կապիտալիստների և բանվորների արտադրական հարաբերությունների ծնունդը, կապիտալիստների կորմից պրոլետարիատի շահագործման արդյունքը:
Լուծելով հավելյալ արժեքի ստեղծման պրոբլեմը՝ Մարքսն ուսումնասիրել է բանվոր դասակարգի շահագործման աստիճանի բարձրացման և հավելյալ արժեքի մեծացման եղանակները: Առաջինը բացարձակ հավելյալ արժեքի արտադրությունն է, երբ կապիտալիստը երկարացնում է աշխատանքային օրը և բարձրացնում աշխատանքի լարունությունը: Աշխատօրը երկարացնելու կապիտալիստի իրավունքը հիմնված է արժեքի օրենքի վրա: Նա, որպես աշխատուժ–ապրանքի տեր, կարող է իր գնած ապրանքը սպառել ցանկացած ժամանակաընթացքում: Բայց բանվորը քաղաքականապես ազատ է, ճորտ կամ ստրուկ չէ և ձգտում է սահմանափակել աշխատանքային օրը: «Հետևապես, այստեղ ստացվում է մի անտինոմիա,— գրել է Մարքսը,— իրավունքը հակադրվում է իրավունքին, ընդ որում երկուսն էլ հավասարապես վավերացվում են ապրանքների փոխանակության օրենքով: Երկու հավասար իրավունքների բախման ժամանակ վճիռը պատկանում է ուժին» («Կապիտալ», հ. 1, էջ 246): Աշխատանքային օրվա սահմանների վերլուծությամբ նույնպես Մարքսը գիտականորեն հիմնավորել է կապիտալիստական կարգերի դեմ բանվոր դասակարգի պայքարի անհրաժեշտությունը: Երկրորդ եղանակը հարաբերական հավելյալ արժեքի ստացումն է աշխատանքային օրվա կառուցվածքի փոփոխմամբ, երբ արտադրության միջոցների կատարելագործման, աշխատանքի արտադրողականության բարձրացման հետևանքով իջնում է աշխատուժի վերարտադրության համար անհրաժեշտ կենսամիջոցների արժեքը, և մեծանում հավելյալ աշխատաժամանակը: Կապիտալիստական արդյունաբերության զարգացման երեք փուլերի՝ պարզ կոոպերացիայի, մանուֆակտուրայի և խոշոր մեքենական արտադրության ուսումնասիրության ընթացքում Մարքսը լուսաբանել է հարաբերական հավելյալ արժեքի ստացման մեթոդների էությունը և ցույց տվել, որ կապիտալիստական արտադրության զարգացումը գերազանցապես հարաբերական հավելյալ արժեքի արտադրության պրոցես է: Աշխատանքի բաժանման հետևանքով արտադրության պրոցեսը դառնում է ավելի պարզ, որակազրկում է աշխատուժը, արտադրության մեջ են ներգրավվում բանվորի ընտանիքի անդամները, իջնում է աշխատուժի արժեքը: Աշխատանքի մասնագիտացման շնորհիվ մեծ չափերով բարձրանում է աշխատանքի արտադրողականությունը, բովանդակազրկվում է բանվորի աշխատանքը: Այս պրոցեսն ավարտվում է խոշոր մեքենական արտադրության ժամանակ, երբ աշխատանքն ամբողջովին ենթարկվում է կապիտալին, իսկ բանվորը դառնում մեքենայի մի պտուտակը: Արդի գիտատեխնիկական հեղափոխության դարաշրջանում ավտոմատ մեքենաների ու սարքավորումների արմատավորումն արտադրության մեջ անհամեմատ ավելի է խորացնում բանվորների և մեքենաների հակամարտ հակասությունները:
Հավելյալ արժեքի տեսությունը, Վ. Ի. Լենինի բնորոշմամբ, Մ. տ. ու–ի անկյունաքարն է, որի շնորհիվ միայն Մարքսը կարողացավ գիտական հիմքի վրա դնել արժեքի աշխատանքային տեսությունը և աալ աշխատավարձի, շահույթի, տոկոսի և ռենտայի բովանդակության գիտական բացատրությունը: Աշխատավարձը բնութագրելով որպես աշխատուժի արժեքի փոխակերպված ձև, Մարքսը բացահայտեց կապիտալիստական շահագործման էությունը, ցույց տվեց, որ շահույթը, տոկոսը և ռենտան բանվորի անվճար աշխատանքի յուրացման ձևերն են, հավելյալ արժեքի փոխակերպված արտահայտությունները:
Պատմական մատերիալիզմի հետ հավելյալ արժեքի տեսությունը Մարքսի երկրորդ խոշոր հայտնագործությունն է, որի շնորհիվ սոցիալիզմի ուսմունքը ուտոպիայից դարձավ գիտություն: Կապիտալիստական արտադրության զարգացման բովանդակությունը բանվոր դասակարգի շահագործման աստիճանի բարձրացման ուղիով հավելյալ արժեքի անընդհատ մեծացումն է, որի հետևանքով խորանում են արտադրության այդ եղանակին ներհատուկ հակասությունները (տես Կապիտալիզմի հիմնական տնտեսական հակասություն), պարբերաբար բռնկվում գերարտադրության տնտեսական ճգնաժամեր: Ուսումնասիրելով կապիտալիզմի զարգացման օրինաչափությունները, Մարքսը հայանագործեց կապիտալիստական կուտակման ընդհանրական օրենքը, ըստ որի՝ հասարակության մի բևեռում փոքրաթիվ շահագործողներն առավել մեծ չափերով են կուտակում հասարակական հարստությունը, իսկ մյուսում տեղի է ունենում բանվոր դասակարգի դրության բացարձակ և հարաբերական վատթարացում:
Կապիտալի կուտակմանը զուգընթաց ուժեղանում են պրոլետարիատի հեղափոխական շարժումները, հասունանում են սոցիալիստական հեղափոխության օբյեկտիվ և սուբյեկտիվ նախադրյալները, բարձրանում է արտադրության հանրայնացման աստիճանը, արտադրական հարաբերությունները չեն համապատասխանում արտադրողական ուժերի բնույթին և արգելակում են դրանց զարգացումը: Բանվոր դասակարգն ուժեղանում է, բարձրանում է նրա կազմակերպվածության և ինքնագիտակցության աստիճանը, աշխատավոր զանգվածները պրոլետարիատի և նրա կոմունիստական ավանգարդի գլխավորությամբ համախմբվում և ոտքի են ելնում շահագործողական կարգերի դեմ. «Հնչում է կապիտալիստական մասնավոր սեփականության ժամը: Սեփականազրկողներին սեփականազրկում են» («Կապիտալ», հ. 1, էջ 796): Մարքսը պրոլետարական հեղափոխության և պրոլետարիատի դիկտատուրայի ուսմունքը համարել է իր գլխավոր հայտնագործությունը, որի տնտ. պատվանդանը հավելյալ արժեքի տեսությունն է: Գիտական սոցիալիզմը խարսխվելով կապիտալիստական արտադրության զարգացման օրինաչափությունների ուսումնասիրության վրա՝ օրգանապես ձուլվում է սոցիալիստական հեղափոխության հետ, որի սիրտը, Մարքսի արտահայտությամբ, պրոլետարիատն է, իսկ գիտական կոմունիզմի ուսմունքը՝ այդ շարժման գլուխը: Մ. տ. ու., որը ստեղծագործորեն զարգացրեց և շարունակեց Վ. Ի. Լենինը (տես Մարքսիզմ–լենինիզմ), սոցիալիստական երկրներում կոմունիզմի կառուցման գիտական հիմքն է, կապիտալի աշխարհում շահագործման լծի դեմ աշխատավորության պայքարի տեսական հզոր զենքը:
ՄԱՐՔՍԻԶՄ, տես Մարքսիզմ–լենինիզմ:
ՄԱՐՔՍԻԶՄ–ԼԵՆԻՆԻԶՄ, փիլիսոփայական, տնտեսագիտական և սոցիալ–քաղաքական հայացքների գիտական համակարգ. գիտություն աշխարհի ճանաչման և հեղափոխական վերափոխման, բնության, հասարակության և մարդկային մտածողության զարգացման օրենքների, բանվոր դասակարգի, կեղեքվող ու շահագործվող զանգվածների հեղափոխական պայքարի, կոմունիզմի կառուցման մասին: Մ–լ–ի հիմնադիրներն են Կ. Մարքսը և Ֆ. Էնգելսը, նրա զարգացման գործում ակնառու ներդրում ունի Վ. Ի. Լենինը: Մ–լ. մշտապես հարստանում է կոմունիստական և բանվորական կուսակցությունների տեսական գործունեությամբ: Մարքսի և Էնգելսի ուսմունքը՝ մարքսիզմը, որպես բուրժ. կարգերի դեմ բանվոր դասակարգի հեղափոխական պայքարի հոգևոր զենք, հանդես եկավ XIX դ. 40-ական թթ.. երբ արդեն շեշտակի ի հայտ էին եկել կապիտալիստական հասարակության ներքին հակասությունները, երբ պրոլետարիատը պատմական ասպարեզ էր իջել իբրև ինքնուրույն քաղ. ուժ:
Մարքսը և Էնգելսը, վերլուծելով բուրժ. հասարակարգի հակասությունները, XIX դ. 1-ին կեսի սոցիալ–քաղաքական իրադրությունը, փիլ. և տնտեսագիտական մտքի պատմական ժառանգությունը, բնագիտության նորագույն հայտնագործությունները, վճռական շրջադարձ կատարեցին հեղափոխական դեմոկրատիզմից դեպի դիալեկտիկական և պատմական մատերիալիզմը: Նրանք ձևակերպեցին տեսության դերի մասին դրույթը, ցույց տվեցին, որ առաջավոր տեսությունը կարող է նյութական ուժ դառնալ, բարեփոխել հասարակությունը:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/359
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ