գիրք), 13 թանգարան, այդ թվում՝ Մարդաբանության ազգային, Պատմության ազգային թանգարանները, պատկերասրահներ (Ժամանակակից և հին արվեստի, Գեղանկարչության և քանդակագործության Սան Կարլոս, Կրոնական արվեստի ևն)։
1972-ին աշխատել են Ազգային օպերան, Ազգային սիմֆոնիկ նվագախումբը, «Դել Բոսկե», «Մանուել Մ․ Պոնսե» և այլ երաժշտա–թատերական դահլիճները, «Խիմենես Ռուեդա», «Խոլա», «Հիդալգո», «Ինսուրխենտես», «Տեպեյակ» և այլ դրամատիկական թատրոններ, Մանկական և «Գինյոլ» տիկնիկային թատրոնները։
ՄԵԽԼՈՒ (իսկական անունը, ծն․ և մահ․ թթ․ անհտ․), գյուղացիական շարժման առաջնորդ Հայաստանում (XVII դ․ 1-ին քառորդ)։ Ծագումով՝ Ուտիքից։ Սովորել է Գանձասարի հայոց կաթողիկոսարանում և ստացել սարկավագի աստիճան։ Արցախում քարոզել է հակաեկեղեցական գաղափարներ, որի համար կարգալույծ է արվել։ Մ․ շարունակել է պայքարը հոգևոր ու աշխարհիկ ավատատերերի դեմ, քարոզել, որ վանքապատկան գյուղերի հողերը պատկանում են գյուղական համայնքներին, մերկացրել հոգևորականներին, պահանջել գույքային հավասարություն։ Շքեղազգեստ բարձրաստիճան վանականներից տարբերվելու համար կրել է երկու մեխով (որտեղից և «Մեխլու» մականունը) ամրացված այծամազե փալաս։ Ձևանալով որպես Քրիստոս՝ իր հետևորդներից էլ 12 հոգու (իբր Քրիստոսի 12 աշակերտներ) է ընտրել՝ հղփացած եկեղեցականներին պատժելու համար։ Մ–ի գլխավորած շարժումը սկզբում հանդես է եկել կրոնական քողի տակ, սակայն 1606–1620-ին ընդունել է մեծ թափ (մասնակիցների թիվն անցել է 500-ից) և ստացել սոցիալական բնույթ։ Վախենալով շարժման ծավալից՝ հոգևորականությունը պահանջել է Մ–ին հեռացնել Արցախից։ Իր հետևորդներով Մ․ անցել է Այրարատ և Քանաքեռում ընդհարվել Երևանի Ամիրգունա խանի զորքի հետ։ Շարժումը ճնշվել է, իսկ Մ․ արտաքսվել խանության սահմաններից։ Այնուհետև Մ․ եղել է Կարինում, Երուսաղեմում և Ամիդում։
Գրկ․ Զաքարիա Քանաքեռցի, Պատմագրութիւն, հ․ 1–3, Վաղ–պատ, 1870։ Գրիգոր Դարանաղցի, Ժամանակագրութիւն, Երուսաղեմ, 1915։ Հարությունյան Հ․, Գյուղացիական շարժումները Հայաստանում XVII դարի առաջին քառորդում, Ե․, 1939։
ՄԵԽՏԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մուշի գավառում։ 1909-ին ուներ 25 ընտանիք հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանցից շատերը զոհվել են աքսորի ճանապարհին։ Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։
ՄԵԾ ԱԳԱՐԱԿ, Մեծ Ագրակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում։ 1909-ին ուներ 57 ընտանիք հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Գյուղն ուներ եկեղեցի և դպրոց։ Մ․ Ա–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին, Կամախի կիրճում։
ՄԵԾ ԱՂԻ ԼԻՃ (Great Salt Lake), մնացորդային անհոսք աղի լիճ ԱՄՆ–ի արևմուտքում (Յուտա նահանգ)։ Բարձրությունը ծովի մակարդակից 1280 մ է, մակերեսը՝ 2500–6000 կմ²: Մակարդակի և մակերեսի փոփոխությունները պայմանավորված են ձնհալքով և մթնոլորտային տեղումներով։ Միջին խորությունը 4,5–7,5 մ է, առավելագույնը՝ 13–15 մ, աղիությունը՝ 137–300°/օօ։ Աղերի ընդհանուր պաշարները մոտ 6 մլրդ տ են (հիմնականում՝ կերակրի և գլաուբերյան)։ Լճի ափերին են Սոլթ Լեյք Սիթի, Օգդեն քաղաքները։ Լիճը հատվում է արհեստական հողաթմբի վրա կառուցված Հարավխաղաղօվկիանոսյան (Սաութ Պասիֆիկ) երկաթուղով։ Կա աղերի արդյունահանում։
ՄԵԾ ԱՅՐՈՒՄ, գյուղ Հայկական ՍՍՀ Թումանյանի շրջանում, Դեբեդ գետի բարձրադիր ձախ ափին, շրջկենտրոնից 17 կմ հյուսիս–արևելք։ Միավորված է Շնողի պտղաբուծական սովետական տնտեսության հետ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։ Հիմնադրվել է 1830-ին։
ՄԵԾ ԱՎԱԶԱՆ (Great Basin), բարձրավանդակ Հյուսիսային Ամերիկայի Կորդիլիերաներում, ԱՄՆ–ի արևմուտքում։ Տարածությունն ավելի քան 500 հզ․ կմ² է: Կազմված է բազմաթիվ կարճ լեռնաշղթաներից (բարձրությունը՝ մինչև 3900 մ) և ընդարձակ գոգավորություններից (ավազաններից)։ Ռելիեֆը ձևավորվել է մինչքեմբրյան–մեզոզոյան ծալքավորման հիմքի վրա։ Կայնոզոյում ենթարկվել է վարնետվածքային տեղախախտումների, որոնք ուղեկցվել են հրաբխային գործունեությամբ։ Կլիման խիստ ցամաքային է, մեծ մասում՝ մերձարևադարձային, հս–ում՝ բարեխառն։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 20–22°C է (առավելագույնը՝ 56,7°C), հունվարինը՝ 0–2°C (նվազագույնը՝ –30°C, լեռներում՝ մինչև –60°C), տարեկան տեղումները՝ մոտ 200 մմ, առանձին գոգավորություններում 100 մմ–ից էլ պակաս, լեռների արմ․ լանջերին՝ մինչև 500 մմ։ Գլխավոր գետը Հումբոլդտն է։ Խոշոր լճերն են Մեծ աղի լիճը, Պիրամիդը, Սևիրը, Յուտան։ Ոռոգման կարևոր աղբյուր են արտեզյան ջրհորները։ Տիրապետում են գորշ, ալկալի, աղուտային և լեռնաշագանակագույն հողերը։ Բուսածածկույթը հիմնականում անապատային և կիսաանապատային է։
ՄԵԾ ԱՐԱԳՅԱԼ, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Բոգդանովկայի շրջանում, Փարվանա գետի ափին, շրջկենտրոնից 7 կմ հյուսիս–արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, կուլտուրայի տուն, բուժկայան, մանկապարտեզ։ Կա եկեղեցի (1890)։ Գյուղը հիմնադրվել է 1829-ին։
ՄԵԾ ԱՐԳԵԼԱԽՈՒԹ (Great Barrier Reef), կորալային կղզիների և խութերի շարք։ Ձգվում է Ավստրալիայի հս–արլ․ ափին զուգահեռ՝ Նոր Գվինեայի հվ․ ափերից մինչև Սանդի Քեյփ հրվանդանը։ Ունի 2300 կմ երկարություն, 2 կմ–ից (հս–ում) 150 կմ (հվ–ում) լայնություն։ Խութերի մեծ մասը գտնվում է ջրի տակ և մերկանում է միայն տեղատվության ժամանակ։ Մ․ ա․ մայր ցամաքից բաժանվում է Մեծ ծովալճակով կամ «Ներքին ջրանցքով»։ Օվկիանոսի կողմից ունի մոտ 20 անցում։
ՄԵԾ ԱՐՋ (լատ․ Ursa Major), համաստեղություն երկնքի հյուսիսային կիսագնդում:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/403
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ