ՂՐԻՄԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ՂԻՍՍՀ), ստեղծվել է 1921-ի հոկտեմբերի 18-ին, ՌՍՖՍՀ–ի կազմում։ Մայրաքաղաքը՝ Սիմֆերոպոլ։ 1945-ի հունիսի 30-ին վերակազմավորվել է ՌՍՖՍՀ–ի Ղրիմի մարզի, որը 1954-ի փետր․ 19-ին անցել է ՈւՍՍՀ–ին։
ՂՐԻՄԻ ԼԵՌՆԵՐ, գտնվում են Ղրիմի թերակղզու հարավում։ Երկարությունը մոտ 150 կմ է, լայնությունը՝ մինչև 50 կմ։ Կազմված են Գլխավոր (Հարավային) լեռնաշարքից (Յայլա) և կուեստային տիպի երկու առաջնային թմբաշարերից։ Յայլան արմ․ մասում սարավանդաձև է և բաժանվում է Այպետրիի, Յալթայի, Նիկիտի, Բաբուգանի, Չաթիրղաղի, Դեմերջիի, Կարաբիի և այլ յայլաների։ Ամենաբարձր գագաթը Ռոման Կոշն է (1545 մ)։ Առաջնային թմբաշարերը համեմատաբար ցածր են, Միջին կամ Ներքին (մինչև 750 մ) և Հյուսիսային կամ Արտաքին (մինչև 350 մ)։ Ղ․ լ․ Հարավային Եվրոպայի Ալպյան ծալքավոր մարզի հատվածն են՝ կազմված կավային թերթաքարերից, ավազաքարերից, կրաքարերից։ Զարգացած են կարստային երևույթները։ Կլիման Ղրիմի հվ, ափին միջերկրածովյան տիպի է, հունվարի միջին ջերմաստիճանը 1– 4°C է, հուլիսինը՝ 24°C, տարեկան տեղումները՝ 600 մմ, սարավանդին՝ հունվարին –1°C-ից –4°C, հուլիսին՝ 15–16°C, տարեկան տեղումները՝ 550–1200 մմ։ Գետերը (Սալգիր, Բուրուլչա, Բիյուկ Կարասու ևն) սնվում են մթնոլորտային տեղումներով և ստորերկրյա ջրերով։ Տարածված են լեռնաանտառային գորշ, լեռնամարգագետնային սևահողանման և լեռնային սևահողերը։ Լանդշաֆտները լեռնաանտառային, անտառատափաստանային և անտառաթփուտային են։
ՂՐԻՄԻ ԽԱՆՈՒԹՅՈԻՆ, Ոսկե հորդայից անջատված թաթարական ֆեոդալական պետություն Ղրիմում, XV–XVIII դդ․։ Բաթու խանի առաջնորդությամբ մոնղոլ–թաթարները, 1239-ին տիրելով Ղրիմի տափաստանային մասին, իրենց ենթարկեցին տեղի բնակիչներին (ալաններ, պոլովցիներ, սլավոններ, հայեր, հույներ)։ XIII դ․ վերջից Ղրիմը դարձավ քոչավայր նվաճողների վերնախավի՝ ֆեոդալական Շիրին, Բարին, Արգին, Ղփչաղ և այլ տոհմերի համար, որոնց տնտեսության հիմքը քոչվոր անասնապահությունն էր։ XIII –XIV դդ․ սահմանագծում այստեղ ստեղծվեց Ոսկե հորդայի խանի հատուկ կուսակալություն, որի կենտրոնը Սուրխաթ (Հին Ղրիմ) քաղաքն էր։ Երկպառակտչական արյունալի պայքարից հետո՝ 1433-ին իշխանությունն անցավ Գիրեյ տոհմին, և մայրաքաղաք դարձավ Բախչիսարայը։ Դևլեթ–Հաջի Գիրեյը (մահ․ 1466-ին) Լիտվական մեծ իշխանության աջակցությամբ 1443-ին ստեղծեց Ոսկե հորդայից անկախ Ղ․ խ․, որն ընդգրկում էր նաև ստորին Մերձդնեպրը։ Մենղլի Գիրեյ խանի օրոք (1468–1515) օսմանյան զորքերը 1475-ին ներխուժեցին Ղրիմ, ջախջախեցին հյուսիս–մերձսևծովյան ջենովական գաղթավայրերը և իրենց գերիշխանությունը հաստատեցին Ղ․ խ–յան վրա։ XVI–XVII դդ․ Ղ․ խ–յան թաթարները ասպատակեցին Ռուսաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի տարածքը, մի քանի անգամ պաշարեցին Մոսկվան, Տուլան ևն, գերեվարեցին հազարավոր ռուսների։ XVII դ․ վերջին Թուրքիայի դեմ պատերազմող ռուս. զորքերը 1687–89-ին ռազմ. ապարդյուն արշավանքներ ձեռնարկեցին նրա դաշնակից Ղ․ խ–յան դեմ։ 1774-ի Քյուչուք–Կայնարջիի պայմանագրով Ղ․ խ․ դադարեց Թուրքիայի վասալը լինելուց և անկախ հայտարարվեց, բայց Ռուսաստանի գերիշխանության ներքո, իսկ 1783-ին վերջնականապես միացվեց Ռուս. կայսրությանը։
Ղ․ խ–ում հայերը, թաթարներից հետո, իրենց թվով (ավելի քան 300 հզ․ մարդ) երկրորդն Էին։ Մեծ էր նաև հիմնականում երկրագործությամբ, արհեստներով և առևտրով զբաղվող հայերի տնտ․ դերը։ Մինչև օսմանյան գերիշխանության հաստատումը հայ–թաթարական փոխհարաբերությունները հարաբերաբար բարեկամական բնույթ էին կրում։ Գիրեյ տոհմի բժիշկները, խանության դրամատան վարիչները, որպես կանոն, հայեր էին լինում։ XV դ․ վերջից հայերն ընկան կրկնակի՝ սուլթանական և խանական հարկման տակ, ենթարկվեցին կրոնական հալածանքների և մասամբ արտագաղթեցին (տես նաև Ղրիմ, Հայերը Ղրիմում մասը)։
Գրկ․ Միքայելյան Վ․ Ա․․ Ղրիմի հայկական գաղութի պատմություն․ 1800–1917, Ե․, 1970։ Микаелян B․ A․, На Крымской земле, E., 1974; Смирнов H․ A․, Россия и Турция в XVI-XVII вв․, т․ 1-2, M․, 1946․
ՂՐԻՄԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ 1945, Յալթայի կոնֆերանս 1945, հակահիտլերյան կոալիցիայի երեք դաշնակից պետությունների ղեկավարների (ՍՍՀՄ ժողկոմխորհի նախագահ Ի․ Ստալին, ԱՄՆ պրեզիդենտ Ֆ․ Ռուզվելտ, Մեծ Բրիտանիայի պրեմիեր մինիստր Ու․ Չերչիլ) կոնֆերանս՝ արտգործմինիստրների, շտաբների պետերի և այլ խորհրդականների մասնակցությամբ։ Կայացել է Յալթայի մոտ (Լիվադիա), փետր․ 4–11-ը, երբ սովետական բանակի հզոր հարվածների հետևանքով ռազմ. գործողությունները տեղափոխվել էին գերմ․ տերիտորիան և պատերազմը թևակոխել էր իր ավարտական փուլը։ Ղ․ կ–ում համաձայնություն կայացվեց ֆաշիստական Գերմանիայի վերջնական ջախջախման, նրա նկատմամբ դաշնակցային հսկողության, ռազմատուգանքների հարցերի վերաբերյալ, ընդունվեցին աշխարհի ետպատերազմյան կազմակերպման, հատկապես Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ստեղծման ընդհանուր քաղ․ սկզբունքները։ Ղ․ կ․ ընդունեց «Ազատագրված Եվրոպայի մասին դեկլարացիա», որով դաշնակից տերությունները պատրաստակամություն հայտնեցին համաձայնեցնել իրենց գործողությունները ազատագրված Եվրոպայի քաղ․ և տնտ․ խնդիրները լուծելիս։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ սովետալեհական սահման պետք է դառնա «Քերզոնի գիծը», որ Լեհաստանի տարածքը զգալիորեն կընդլայնվի հս–ում և արմ–ում։ Ղ․ կ․ մի շարք հանձնարարականներ ընդունեց Հարավսլավիայում ժամանակավոր միացյալ կառավարության պառլամենտ ստեղծելու վերաբերյալ։ «Հեռավոր Արևելքի հարցերի շուրջը երեք մեծ տերությունների համաձայնագրով» նախատեսվում էր ՍՍՀՄ–ի մուտքը Ճապոնիայի դեմ պատերազմի մեջ՝ Գերմանիայի կապիտուլյացիայից 2–3 ամիս հետո։ Մասնավորապես նշվեց, որ պատերազմն ավարտվելուց հետո ՍՍՀՄ–ին կվերադարձվեն Հարավային Սախալինը՝ հարակից կղզիներով և կտրվեն Կուրիլյան կղզիները։ Ղ․ կ–ի բազմաթիվ որոշումներ այդպես էլ չիրականացան պատերազմն ավարտվելուց հետո սոցիալիստական պետությունների դեմ «սառը պատերազմի» ուղին բռնած արմ․ տերությունների մեղքով։
Գրկ․ Исраэлян В․ Л․, Дипломатическая история Великой Отечественной войны 1941–1945, M․, 1959; История внешней политики CCCP, ч․ 1, 1917-1945, M․, 1966․
ՂՐԻՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ, գործել են XI դարից սկսած, զարգացում են ապրել XIV–XV դդ․։ Նշանավոր էին Կաֆայից (Թեոդոսիա) ոչ հեռու գտնվող Ս․ Անտոն անապատի դպրոցը (1425–50) և Ս․ Խաչ վանքի ճեմարանը (XIV–XII դդ․)։ Անապատի դպրոցում աչքի է ընկել հռետոր, իմաստասեր Սարգիսը, Ս․ Խաչ վանքի ճեմարանում՝ րաբունապետ Ստեփանոս Թոխաթեցին, Հակոբ Կաֆայեցին։ Դպրոցներ են եղել նաև Ղարասուբազարի, Սուրխաթի հայկ․ եկեղեցիներին կից։ Դրանց կյանքում աշխուժացում է նկատվում Ղրիմը Ռուսաստանին միանալուց (1783) հետո։ Նոր Նախիջևան արտագաղթած հայերի որոշ մասը վերադառնում է Ղրիմ։ XX դ․ սկզբին ստվարանում է Արևմտյան Հայաստանից գաղթած հայերի թիվը։ Օգտվելով ռուս. կառավարության տված արտոնություններից՝ հայերը դպրոցներ են հիմնում Ղրիմի տարբեր քաղաքներում։ Դրանց մեջ առանձնանում է Մանվել Գյումուշխանեցու նախաձեռնությամբ և հայ հասարակայնության աջակցությամբ հիմնադրված Ղարասուբազարի միդասյան (1880-ական թթ․ երկդասյան) դպրոցը (1816), որը Լազարյան ճեմարանի նախապատրաստականներից էր։ Այստեղ է սովորել Կարա–Մուրզան։ Ղարասուբազարում գործել է նաև հայ կաթոլիկների դպրոց (1822-ից)։ 1800-ին Սիմֆերոպոլում հիմնադրվել է միդասյան ծխական երկսեռ դպրոց, որը վերելք է ապրել Ա․ Բահաթրյանի, Հովհ․ Նազարյանի օրոք։ Այստեղ 1895-ին քառաձայն երգչախումբ է ստեղծել նրա սան Ա․ Սպենդիարյանը։ 1860-ին Սիմֆերոպոլում հիմնվել է ևս մեկ երկդասյան ծխական դպրոց։ Սիմֆերոպոլի կաթոլիկ հայերը նույնպես ունեին իրենց դպրոցը (հիմն․ 1863-ին)։ Դպրոցներ են հիմնադրվել նաև Թեոդոսիայում (1817), Կերչում, Արմյանսկում, Եվպատորիայում, Յալթայում։ 1903-ին Ղրիմում գործել է տարրական ծխական երկսեռ 10 դպրոց, որտեղ ավանդվում էին հայոց լեզու, թվաբանություն, ռուսաց լեզու, հետագայում՝ բարոյագիտություն, քերականություն, աշխարհագրություն ևն։ Ղ․ հ․ դ–ից ամենանշանավորը Թեոդոսիայի Խալիբյան վարժարանն էր։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/45
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ
ՂՐԻՄԻ 45