ՄԺԵԺ ԳՆՈՒՆԻ (ծն․ թ․ անհտ․ – մոտ 548), Հայաստանի մարզպան՝ մոտ 517-ից։ Սկզբում իշխել է Սասունում։ VI դ․ սկզբին, երբ հոները ասպատակեցին Հայաստանը, Մ․ Գ․ միավորեց հայկ․ որոշ իշխանների զորուժը և ջախջախեց հոներին։ Այս հաղթանակի համար պարսից արքան նրան նշանակեց Հայաստանի մարզպան։ Մ․ Գ–ու օրոք Հայաստանում տիրել է խաղաղություն։
ՄԺԵԺ ԳՆՈՒՆԻ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), VII դարի հայազգի բյուզանդական զորավար։ Հերակլիոս կայսրը 629-ին Մ․ Գ–ուն նշանակել է կայսրության արլ․ շրջանների կառավարիչ։ Միջամտել է Հայաստանի՝ պարսից տիրապետության տակ գտնվող մասի ներքին գործերին։ Մասնակցել է Հերակլիոսի դեմ դավադրության (դավադիրներից էին նաև հայ իշխաններ Վահան Խորխոռունին, Դավիթ Սահառունին ևն) ճնշմանը։ Մ․ Գ–ուն սպանել են Բյուզանդիայում ծառայող հայ զինվորականները՝ Դավիթ Սահառունու գլխավորությամբ։
ՄԺԵՂՆԵՐ (Simuliidae), երկթևանիների կարգի արյունածուծ միջատների ընտանիք։ Մարմնի երկարությունը 1,5–7 մմ է։ Կուրծքը սապատավոր է, հանգիստ վիճակում թևերը ծալվում են իրար վրա։ Թրթուրը և հարսնյակը զարգանում են հոսող ջրերում։ Ձմեռում են ձվերը, երբեմն՝ թրթուրները։ Տարեկան տալիս են 1–4 սերունդ։ Արուները սնվում են բույսերի հյութով, էգերը սովորաբար արյունածուծ են։ Թուքը թունավոր է։ Ակտիվ են առավոտյան և երեկոյան ժամերին։ Մ․ մարդու և ընտանի կենդանիների ճիճվային և վարակիչ հիվանդությունների հարուցիչների փոխանցողներ են (օնխոցերկոզ, տուլարեմիա ևն)։ Հայտնի է Մ–ի ավելի քան 1200 տեսակ (ՍՍՀՄ–ում՝ 300)։ ՀՍՍՀ ցածրադիր վայրերում տարածված Մ․ տարեկան տալիս են 2–4 սերունդ։ Յուրաքանչյուր սերնդի զարգացման տևողությունը 18–25 օր է։ Լեռնային բարձրադիր շրջանների հոսող ջրերում տալիս են 1 սերունդ, որի զարգացման տևողությունը 80–105 օր է։ ՀՍՍՀ–ում առավել վտանգավոր են Wilhelmia paraequina, W․ mediterranea, Odagmia kiritschenkoi, Od․ caucasica, Testisimulium condici տեսակները։ Պայքարի միջոցները՝ ինսեկտիցիդներ և վախեցնող նյութեր՝ ռեպելենտներ։
ՄԺՂՈՒԿՆԵՐ (Ceratopogonidae կամ Heleidae), երկթևանիների կարգի միջատների ընտանիք։ Մարմնի երկարությունը 1–2,5 մմ է։ Բեղիկները 13–15-հատվածանի են, թևերը՝ սովորաբար խայտաբղետ են, մազածածկ և բծավոր։ Մ–ի թրթուրները և հարսնյակները զարգանում են առվակներում, լճակներում, խոնավ հողում։ Ձմեռում են թրթուրները։ Հասուն ձևերն ի հայտ են գալիս ապրիլ–մայիսին։ Մ․ սնվում են բույսերի հյութով, արյունածուծ տեսակները (միայն էգերը)՝ մարդու և կենդանիների արյունով։ Տարածված են ամենուրեք, գլխավորապես անտառներում։ Հայտնի է Մ–ի 1000 տեսակ (մի քանի հարյուրը արյունածուծ են), ՀՍՍՀ–ում՝ մոտ 45 տեսակ, որից առավել տարածված են արյունածուծ Culicoides սեռի C․ pulicaris, С․ riethi, С․ puncticollis և С․ fascipennis տեսակները։ Արյունածուծ Մ․ մարդու և կենդանիների մակաբույծ որդերի միջանկյալ տերեր են։ Պաշտպանության միջոցները՝ վախեցնող նյութեր՝ ռեպելենտներ։
ՄԺՆԿԵՐՏ, Մաժանկերտ, Պժնկերտ, Մցնկերտ, բերդաքաղաք Մեծ Հայքի Այրարատ նահանգի Աբեղյանք գավառում։ XIII դ․ սկզբից մտել է Զաքարյանների իշխանության կազմի մեջ։ Մ․ եղել է նույնանուն գավառի կենտրոն, ուր նստում էր նաև եպիսկոպոսը։ Այնուհետև այն գրավել են մոնղոլ–թաթարները, XVI դ․ սկզբին՝ Օսմանյան Թուրքիան։ Եղել է Էրզրումի վիլայեթի սանջակի կենտրոն։ XIX դ․ սկզբին ուներ 500 տուն հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով և առևտրով։ Նրանք թուրք. կառավարության հարուցած բռնությունների, խտրականության պատճառով XIX դ․ 2-րդ կեսին հեռացել են տարբեր վայրեր։ XX դ․ սկզբին, Մ․ անշուք գյուղ էր Էրզրումի վիլայեթի Խնուս գավառում։ 1909-ին ուներ ընդամենը 5 տուն հայ բնակիչ, որոնք զոհ գնացին 1915-ին երիտթուրքական կառավարողների կազմակերպած ջարդերին։
«ՄԻ ՔԱՅԼ ԱՌԱՋ, ԵՐԿՈՒ ՔԱՅԼ ԵՏ (Ճգնաժամը մեր կուսակցության մեջ)», Վ․ Ւ․ Լենինի աշխատությունը, որի մեջ նա զարգացրել է պրոլետարական կուսակցության մասին մարքսիստական ուսմունքը, մշակել բոլշևիզմի կազմակերպական հիմունքները։ Գրվել է 1904-ի փետրվար–մայիսին, լույս է տեսել մայիսին, Ժնևում: Գրքում Վ․ Ի․ Լենինը խոր վերլուծության է ենթարկել ՌՍԴԲԿ երկրորդ համագումարի (1903) փաստաթղթերը և հետհամագումարյան իրադարձությունները, բացահայաել բոլշևիկների և մենշևիկների միջև ծագած տարաձայնությունների սկզբունքային բնույթը։ Կուսակցության II համագումարը խոշոր առաջընթաց քայլ էր հեղափոխական մարքսիստական կուսակցության ստեղծման ճանապարհին։ Մինչդեռ մենշևիկները չենթարկվեցին համագումարի որոշումներին, դրանով իսկ խորացնելով պառակտումը, կուսակցությունը ետ շպրտելով դեպի նախահամագումարյան շրջանը։ Մենշևիկները ժխտում էին կուսակցության, որպես բանվոր դասակարգի առաջավոր, գիտակից և կազմակերպված ջոկատի վերաբերյալ լենինյան դրույթը, չէին ընդունում դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքը, կուսակցության միասնության և երկաթյա կարգապահության անհրաժեշտությունը։ Լենինը համոզիչ փաստարկներով, գիտական խորությամբ ու սրությամբ քննադատեց մենշևիկների հայացքները և ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի նոր տիպի կուսակցությունը։ Մարքսիստական կուսակցությունը բանվոր դասակարգի առաջավոր, գիտակից, կազմակերպված ջոկատն է, զոդված կամքի, գործողությունների և կարգապահության միասնությամբ։ Նրա «․․․պարտականությունն է՝ ավելի ու ավելի լայն խավեր բարձրացնել մինչև այդ առաջավոր մակարդակը» (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 8, էջ 305)։ Հակառակ մենշևիկների, որոնք գտնում էին, թե յուրաքանչյուր գործադուլավոր կարոդ է մտնել կուսակցության մեջ, Լենինը ցույց տվեց, որ կուսակցությունը կազմակերպված ամբողջություն է, որն էլ հենց նրա ուժն է։ 1902-ին Լենինը գրում էր, թե «․․․տվեք մեզ ռևոլյուցիոներների կազմակերպություն, և մենք շո՛ւռ կտանք Ռուսաստանը» (նույն տեղում, հ․ 6, էջ 161), իսկ 1904-ին ընդգծում, թե «Իշխանության համար մղվող պայքարում պրոլետարիատն այլ զենք չունի, բացի կազմակերպությունից» (նույն տեղում, հ․ 8, էջ 510)։
Կոմունիստական կուսակցության կարևորագույն կազմակերպական սկզբունքներից մեկը դեմոկրատական ցենտրալիզմն է։ Նման սկզբունքով կուսակցության ստեղծումը նշանակում էր «․․․գաղափարների հեղինակության վերածում իշխանության հեղինակության, պարտիական ստորին ինստանցիաների ենթարկում բարձրագույն ինստանցիաներին» (նույն տեղում, էջ 447)։ Ցարիզմի պայմաններում, երբ կուսակցությունը գործում էր խորը ընդհատակում, հնարավոր չէր կուսակցական կազմակերպությունները կառուցել ներքևից վերև ընտրովիության և հաշվետվության սկզբունքով։ Ինքնակալության տապալումից հետո կուսակցական կազմակերպությունները ամբողջովին կառուցվեցին դեմոկրատական ցենտրալիգմի հիման վրա։ Լենինն իր աշխատությունը եզրափակում է․ «Բուրժուական աշխարհում տիրող անարխիական մրցության գերիշխանության պայմաններում բաժան–բաժան, կապիտալի համար կատարվող հարկադրական աշխատանքից ճզմված, շարունակաբար լիակատար թշվառության, վայրենացման և այլասերման «հատակը» նետվող պրոլետարիատը կարող է դառնալ և անխուսափելիորեն կդառնա անպարտելի ուժ միայն շնորհիվ այն բանի, որ նրա գաղափարական միավորումը մարքսիզմի սկզբունքներով ամրապնդվում է այն կազմակերպության նյութական միասնությամբ, որ միլիոնավոր աշխատավորներ է միավորում, ստեղծելով
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/521
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ
Մի 521