Ուլենի, Բաբունք (Բաբանք), Տախտակք, Արկուգետ (Արգագետ), Անուշավանք, Աղդավ, Նորաշինիկ, Շմրթայի (Շոմրթայի), Արքույքա, Վասակակերտ (Վասակերտ), Ավերակք։ Այլ ձեռագրերում հիշատակվում են նաև Շահապոնք ավանը, Օծով և Ցեցիկ գյուղերը։
Գրկ․ Ստեփանոս Օրբելյան, Պատմութիուն նահանգին Սիսական, Թ,, 1910։ Ալիշան Ղ․, Սիսական, Վնտ․, 1893։ Հակոբյան Թ․ Խ․, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Ե․, 1968։ Այվազյան. Ա․, Նախիջևանի պատմաճարտարապետական հուշարձանները, Ե., 1978։
ՃԱՂԱՏՈՒԹՅՈՒՆ, գլխի մազածածկ մասի մասնակի կամ լրիվ մազաթափություն՝ մազերի աստիճանական ու հարաճուն բարակելու (ապաճելու), թափվելու և նոր մազերի աճման դանդաղեցման հետևանքով։ Պատճառներն են՝ ներզատիչ գեղձերի գործունեության խանգարումները, օրգանիզմի ժառանգական նախատրամադրվածությունը, կրած հիվանդությունները ևն։ Լինում է բնածին, ծերունական (տարիքային) և վաղաժամ (երիտասարդական)։ Բնածին Ճ–յան դեպքում երեխան ծնվում է առանց հոնքերի և արտևանունքների, գլխի վրա լինում են միայն աղվամազեր։ Վիճակը կարող է նորմալանալ սեռական հասունացման շրջանում, երբեմն՝ ավելի ուշ։ Ծերունական Ճ․ զարգանում է տարեց մարդկանց մոտ (55–60 տարեկան) նախապես սպիտակած մազերի ապաճման, բարակելու, դրանք աղվամազերով փոխարինվելու և թափվելու հետևանքով։ Մեծ մասամբ նկատվում է ճակատի ու գագաթի շրջանում։ Վաղաժամ Ճ․ բնորոշ է երիտասարդ և միջին տարիքի տղամարդկանց։ Ճ–յան վերջին երկու ձևերն ընթանում են առանց մաշկի փոփոխությունների։ Տարեց կանանց մոտ նկատվում է միայն մազերի տարածուն բնույթի նոսրացում։ Գոյություն ունի նաև վաղաժամ Ճ–յան յուրահատուկ ձև, որի պատճառը սեբոռեա (ճարպահոսություն) հիվանդությունն է։ Ուղեկցվում է գլխի մաշկի թեփոտումով, կարմրությամբ, քորով։ Բուժումը․ վիտամիններ A, B1, B6, ֆուրոկոմարինի շարքի պատրաստուկներ (պեուցեդանին, բերոքսան, ամիֆուրին)՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների զուգակցմամբ, հորմոնային միջոցներ։ Տեղական՝ պատիճավոր պղպեղի և փսխընկույզի (ստրիխնին) թուրմի քսումներ, ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրներ, մերսում։
ՃԱՂԱՐՅԱՆ Անդրանիկ Ջումշուդի [ծն․ 12․5․1916, գ․ Դաշբուլաղ (այժմ Ասկերանի շրջանում)], հայ սովետական վիրաբույժ, անատոմ, մարդաբան։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1957), պրոֆեսոր (1960), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1963)։ 1938-ին ավարտել է Երևանի բժշկ․ ինստ–ը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստ-ի կազմակերպիչներից է, 1957–1960-ին եղել է նույն ինստ–ի սրտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ (1958-ին կատարել է սրտի արատի առաջին վիրահատությունը Հայաստանում)։ 1960-ից Երևանի բժշկ․ ինստ–ի օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի վարիչն է։ Գիտական աշխատանքները վերաբերում են սրտի արատների վիրաբուժության, թոքային գերարյունության, աորտայի բնածին նեղացման, սրտի պսակաձև անոթների անբավարարության հարցերին։ Օժտված լինելով կերպարվեստագետի արտակարգ ձիրքով՝ նա ինքն է ստեղծել իր գրքերի բոլոր գունավոր ատլասները։ Ճ․ մշակել է դեմքի պլաստիկ վերականգնման մեթոդ։ 1970-ին ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստ–ին կից հիմնել է մարդաբանության լաբորատորիա, 1978-ին՝ ՀՍՍՀ ազգագրության թանգարանում (Սարդարապատ)՝ բրոնզեդարյան մարդկանց գանգերի հիման վրա վերականգնված դիմաքանդակների պատկերասրահ։ Վերականգնել է բանաստեղծ Պետրոս Դուրյանի դեմքը (1972), խուռիական (բրոնզեդարյան), ուրարտական և Շենգավիթի 6000 տարվա բնիկների դեմքերը։ Այդ դիմաքանդակներից մի քանիսը դարձել են Նոր Զելանդիայի և Լիբանանի ազգային թանգարանների սեփականությունը։ Ճ․ ԱՄՆ–ի հայ մասնագետների միության անդամ է (1967)։ Համաշխարհային «Գրանդ պրի» (Բրյուսել, 1958) և ՍՍՀՄ ԲԳԱ Ն․ Ն․ Բուրդենկոյի անվ․ մրցանակների դափնեկիր է։
Երկ․ Օպերատիվ վիրաբուժություն ն տեղագրական անատոմիա, Ե․, 1969։ Պետրոս Դուրյան։ Դեմքի վերականգնումը, Ե․, 1972։ Атлас врожденных пороков сердца и магистральных сосудов, М․, 1957․ Атлас хирургии сердца, Еч, 1961; Атлас ангиокардиографии (соавторы Вишневский А․ А․, Мазаев П․Н․), Е․, 1963․
ՃԱՃԱՆՉ–ԴԱԱՏԱԿԱՅԻՆ ՀՈԴ (articu-latio radiocarpea), մարդու նախաբազուկը ձեռքի հետ միացնող շարժուն միացում։ Բարդ հոդ է, կազմված է ճաճանչոսկրից և դաստակի մոտակա շարքի առաջին երեք ոսկրերից։ Հոդափոսը կազմում են ճաճանչի ստորին ծայրը՝ աճառածածկ, գոգ, դաստակային հոդամակերեսով և ներդաճառային եռանկյուն սկավառակը, որը հիմքով ամրացած է ճաճանչի ծղիկային կտրուճի ստորին եզրին, գագաթով՝ ծղիկի սլաքաձև ելուստին։ Հողագլուխը կազմում են դաստակի մոտակա շարքի մակույկաձև, կիսալուսնաձև և եռակող ոսկրերն իրենց կորնթարդ աճառածածկ հոդամակերեսով, որոնք միմյանց հետ միացած են միջդաստակային միջոսկրյա կապաններով ու հոդերով։ Ձվաձև հոդ է, լայնական առանցքի շուրջ կատարում է ծալում և տարածում, նետաձիգի շուրջ՝ զատում, առբերում։ Հոդում կատարվում է նաև շրջանաձև շարժում, որի ժամանակ ձեռքի մատների ծայրերը շրջան են գծում։
ՃԱՄԱՅԿԱ (Jamaica), պետություն Վեստ Ինդիայում, Կարիբյան ծովի Ճամայկա կղզու և հարակից մանր կղզիների վրա։ Մտնում է Բրիտանական համագործակցության մեջ։ Տարածությունը 11,5 հզ․ կմ² է, բն․՝ 2100 հզ․ (1979)։ Մայրաքաղաքը՝ Կինգսթոն։ Վարչականորեն բաժանվում է 3 կոմսությունների։
Պետական կարգը։ Ճ․ պառլամենտական միապետություն է։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1962-ից։ Պետության գլուխը անգլ․ թագուհին է, որը նշանակում է գեներալ–նահանգապետ։ Օրենսդրական իշխանությունն իրականացնում է պառլամենտը՝ կազմված գեներալ–նահանգապետից, ներկայացուցիչների պալատից ու սենատից։ Ընտրական իրավունքից օգտըվում են 18 տարին լրացրած քաղաքացիները։ Պրեմիեր մինիստրի գլխավորած կառավարության կազմը հաստատում է պառլամենտը։
Բնությունը։ Տարածքի մեծ մասը զբաղեցնում է կրաքարային սարավանդը (բարձրությունը՝ 500–1000 մ)։ Արլ․ մասում Բլու Մաունթին լեռներն են (մինչև 2256 մ)։ Հվ․ և արմ․ ափերի երկայնքով ձգվում են ալլյուվիալ հարթավայրերը։ Տարածված է կարստը։ Հաճախակի են երկրաշարժերը։ Հարուստ է բոքսիտներով (5-րդ տեղն աշխարհում)։ Կլիման արևադարձային պասսատային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը 24–25°C է, հուլիսինը՝ 26–27°C։ Տարեկան տեղումները հվ–ում 800 մմ են, հս–ում՝ 5000 մմ։ Տիրապետում են լեռնային դարչնակարմիր և կարմրագորշ հողերը։ Տարածված են սավաննաներն ու չորասեր անտառները։ Կան նաև մշտականաչ արևադարձային անտառներ։ Կենդանական աշխարհը աղքատ է (թռչուններ, մանր կրծողներ, սողուններ ևն)։
Բնակչությունը։ 90%–ը ճամայկացիներեն (գլխավորապես՝ նեգրեր ու մուլատներ)։ Պաշտոնական լեզուն անգլերենն է, կրոնը՝ քրիստոնեությունը, տոմարը՝ գրիգորյանը։ Կարևոր քաղաքներն են Կինգսթոնը,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/61
Արտաքին տեսք
Այս էջը հաստատված է
ՃԱՄԱՅԿԱ 61