Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/592

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

բնորոշ հիվանդություններ, հատկապես առանձնացրել է մշակվող նյութերի (սնդիկ, կապար), աշխատանքային հնարքների ու դիրքի (դերձակների, շինարարների), արտաքին միջավայրի վնասակար ազդեցությունները և մշակել դրանց դեմ պայքարի միջոցներ։ Ռ–ի անունով են կոչվում Իտալիայի, ԱՄՆ–ի և այլ երկրների պրոֆեսիոնալ հիգիենայի գիտական ընկերությունները։

ՌԱՄԲՈ (Rambaud) Ալֆրեդ (1842–1905), ֆրանսիացի պատմաբան և հասարակական գործիչ։ Բարոյական և քաղ․ գիտությունների ակադեմիայի անդամ (1897)։ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1876)։ 1881-ից Սորբոնի համալսարանի պրոֆեսոր։ 1895–1903-ին՝ սենատոր, 1896–98-ին՝ ժող․ լուսավորության մինիստր։ Քանիցս դիվանագիտական առաքելությամբ եղել է Ռուսաստանում։

Ռ․ իր աշխատություններում (որ գրված են չափավոր բուրժ․ լիբերալիզմի դիրքերից) հիմնականում լուսաբանել է քաղ․ (հատկապես Բյուզանդիայի, Ռուսաստանի, Գերմանիայի) և միջազգային հարաբերությունների պատմությունը։ Հաճախ անտեսել է դասակարգային պայքարի տնտ․ գործոնը։ 1870–71-ի ֆրանս–պրուս․ պատերազմից հետո հանդես է եկել Գերմանիայի դեմ ռեանշի պահանջով, պաշտպանել է ֆրանս–ռուս․ մերձեցումը, Ֆրանսիայի գաղութային քաղաքականությունը։ է․ Լավիսի հետ խմբագրել է «Ընդհանուր պատմությունը IV հարյուրամյակից մինչև մեր օրերը» աշխատությունը (հ․ 1 –12, 1893–1901), որի առաջին 8 հատորները ռուս. լույս են տեսել 1897–1903-ին, իսկ վերջին հատորները ռուս, են հրատարակվել «XIX դարի պատմությունը» խորագրով (հ․ 1–8, 1905–1907)։ Գ․ Քիլիմջյան

ՌԱՄԲՈՒԼԻԵ, նրբագեղմ բրդամսատու ոչխարների ցեղերի խումբ։ Ռ–ի առաջին ցեղը ստացվել է XIX դ․ Ֆրանսիայում՝ Ռամբուլիեում (Rambouillet) Իսպանիայից ներմուծված մերինոսների տարբեր տիպերի տրամախաչումից։ Ռ–ները տարբերվում են ելակետային ցեղերից խոշորությամբ, լավ մարմնակազմով, վաղահասությամբ, բարձր մսատվությամբ, խիտ և երկար բրդով։ Խոյերի կենդանի զանգվածը՝ 80–90, իսկ մաքիներինը 50–60 կգ է։ Բրդի երկարությունը 6–7 մ է, բարակությունը՝ 64–70 որակի։ Խոյերի բրդատվությունը՝ 8–10, մաքիներինը 5–7 կգ է։ Ռ․ ոչխարները արտահանվել են Գերմանիա, Ավստրիա, ԱՄՆ, Հարավային Ամերիկա։ ԱԱՀՄ ներմուծվել է ԱՄՆ–ի ց և օգտագործվել նրբագեղմ ոչխարների ցեղերի (ասկանիական, կովկասյան, ալթայան, ստավրոպոլյան են), իսկ ՀՍՍՀ–ում՝ արագածյան ոչխարների ցեղախմբի բուծման համար։ Մաքրացեղ Ռ․ ՍՍՀՄ–ում չի բուծվում։

ՌԱՄԶԱՅ (Ramsay), Ռեմզի, Ուիլյամ (1852–1916), անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս։ Բրիստոլի համալսարանի (1880-ից) և Լոնդոնի համալսարանական կոլեջի (1887–1913) պրոֆեսոր։ Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ (1913-ից)։ Սկզբում զբաղվել է մոլեկուլային ֆիզիկայի հարցերով։ 1884-ին որոշել է ցինկի ատոմական զանգվածը, 1887-ին ացետիլենից և ցիանաջրածնից սինթեզել է պիրիդին։ 1893-ին առաջարկել է հեղուկի մոլեկուլային կշռի որոշման եղանակ՝ ըստ նրա մակերևութային լարվածության մեծության։ 1895-ին ստացել է հելիում։ Զ․ Ռհւեյի հետ հայտնաբերել է արգոնը (1894), Մ․ Տրավերսի հեա՝ կրիպտոնը, քսենոնը, նեոնը (1898)։ 1910-ին հայտնագործել է միկրոկշեռքը, որի կշռման ճշգրտությունը եղել է 10~9 գ կարգի։ Նոբելյան մրցանակ (1904)։

ՌԱՄԶԵՍ, Ռամսես, Եգիպտոսի փարավոններ։ Առավել հայտնի են․

Ռ․ II, XIX դինաստիայի փարավոն (մ․ թ․ ա․ XIV դ․ վերջ –XIII դ․ կես)։ Սեթի I-ի որդին։ Նրա օրոք Եգիպտոսը հասել է մեծ հզորության։ Երկարատև պայքար է մղել խեթերի դեմ։ Մ․ թ․ ա․ մոտ 1296-ին խեթերի հետ կնքած պայմանագրով Եգիպտոսին են անցել Պաղեստինը, Հվ․ Ասորիքը, Փյունիկիան։ Ռ․ II նստավայրը Թեբեից տեղափոխելէ Նեղոսի դելտայի հս–արլ–ում կառուցած Փեր Ռամզես («Ռամզեսի տուն», հետագայում՝ Տանիս) քաղաքը։ Ծավալել է լայն շինարարություն․ կառուցվել են տաճարներ Աբիդոսում, Թեբեում, տաճարներին կից շինություններ Կսանակում և Լուքսորում, անձավային տաճարներ Աբու Սիմբլում ևն։ Պատերազմները և տաճարների կառուցման ու պահպանման համար ծախսվող հսկայական գումարները քայքայեյեն երկրի աշխատավոր զանգվածներին։

Ռ․ IV (III), XX դինաստիայի փարավոն (մ․ թ․ ա․ XIII դ․ վերջ –XII դ․ 70-ական թթ․)։ Երբեմն Ռ․ IV-ին անվանում են Ռ․ III՝ բաց թողնելով XIX դինաստիայի փարավոն Ռ․ Սիպտախին (կառավարել է մ․ թ․ ա․ մոտ 1210-ին)։ Ռ․ IV ետ է մղել Ստորին Եգիպտոսի վրա հարձակված «ծովի ժողովուրդներին»։ Նրա օրոք շարունակվել է մ․ թ․ ա․ XIII դ․ կեսից սկսված երկրի թուլացման ընթացքը։ Փորձել է հենվել վարձկանների և քրմության վրա։ Կառուցել է հոգեհանգստյան տաճար Մադինետ Աբուում (Թեբեի մոտ)։ Սպանվել է պալատական հեղաշրջման ժամանակ։

ՌԱՄԶԻՆ Լեոնիդ Կոնստանտինովիչ (1887–1948), ջերմատեխնիկայի բնագավառի սովետական գիտնական։ Ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխ․ ուսումնարանը (1914)։ 1920-ից նույն ուսումնարանի, 1944-ից՝ Մոսկվայի էներգետիկական ինստ–ի պրոֆեսոր։ Եղել է Համամիութենական ջերմատեխ․ ինստ–ի կազմակերպիչներից և առաջին դիրեկտորը (1921–30)։ Հիմնական աշխատությունները նվիրված են կաթսայաշինության պրոբլեմներին, կաթսայական տեղակայանքների հաշվարկներին, հնոցներում ճառագայթման տեսությանը, վառելիքի հետազոտմանը են։ Ռ․ ստեղծել է արդյունաբերական ուղղահոս կաթսայի կոնստրուկցիան (հայտնի է «Ռ–ի կաթսա» անվանումով)։ Մասնակցել է ԳՈԷԼՌՌ–ի պլանի մշակմանը։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1943)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

ՌԱՄԻ (Boehmeria), եղինջազգիների ընտանիքի բազմամյա բույսերի ցեղ։ Խոտաբույսեր կամ կիսաթփեր են։ Հայտնի է մոտ 100 տեսակ, առավելապես աճում են արևադարձային կլիմայի պայմաններում։ Թելի համար մշակվում է մեկ տեսակ։ Ռ․սպիտակը կամ չինական եղինջը (B․ nivea), խոտանման, կոճղարմատավոր բույս է, 2–3 մ (երբեմն 4 մ) բարձրությամբ, կանգուն, չճյուղավորված ցողուններով։ Տերևները խոշոր են, կլորավուն–ձվաձև, սուր, ատամնավոր եզրերով։ Ծաղիկները մանր են, բաժանասեռ՝ հավաքված բազմածաղիկ ծաղկաբույլերում (խոնարհված հուրան)։ Պտուղը շատ մանր սերմիկ է։ 100 պտղի կշիռը 0,14 գ է։ Ռ․ խոնավասեր բույս է, պահանջում է բերրի հողեր։ Հայրենիքը Չինաստանն է։ Մշակվում է նաև ճապոնիայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Կորեայում, Եգիպտոսում։ ՍՍՀՄ–ում տարածված չէ։ Ռ–ի թելը աչքի է ընկնում ամրությամբ, առաձգականությամբ, փայլով են։ Օգտագործվում է տեքստիլ և կոշիկի արդյունաբերության մեջ, ձկնորսական ցանցերի, գործվածքների, ինչպես նաև բարձրորակ թղթի արտադրության համար։

ՌԱՄԻԿՆԵՐ (պահլ․ ram – հոտ, ժողովուրդ բառից), անմիջական արտադրողների հիմնական զանգվածը միջնադարյան Հայաստանում։ Վաղ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում Ռ․ են կոչվել անձնապես ազատ, պետ․ հարկեր վճարող գյուղական և քաղաքային բնակչության ոչ արտոնյալ խավերը (տես Անազատներ), ի տարբերություն պետ․ հարկերի վճարումից ազատված ազնվականության և հոգևորականության։ Այդ ժամանակաշրջանում Ռ․ եղել են զինապարտ (վաղ․ հայկ․ աղբյուրներում հիշատակություններ կան «ռամիկ այրուձիու», «ռամիկ հեծեալների» մասին)։ Ավատատիրական հարաբերությունների խորացումը զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանում հանգեցրել է Ռ–ի գյուղական խավի՝ «ռամիկ շինականների» (ագատ համայնականներ) քանակական նվազմանը։ Տնտեսապես քայքայվելով և անձնական ազատությունը հետզհետե կորցնելով, նրանք ի վիճակի չեն եղել զինծառայության։ Այդ պատճառով Մխիթար Գոշը (XII դ․) իր «Դատաստանագրքում» Դվինի ժողովի ԺԲ կանոնի «ազատք ել ռամիկ հեծեալք» արտահայտությունը ձևակերպել է «ազատք եւ հեծեալք»։ XII–XIII դդ․ աղբյուրնե–