բում Ռ․ են կոչված գերազանցապես անձնական ազատությունը պահպանած քաղաքային բնակչության ստորին խավերը (արհեստավորներ, մանր առևտրականներ, անորոշ զբաղմունքի տեր մարդիկ ևն)։ Հետագա դարերում Ռ․ տերմինը օգտագործվել է «հասարակ ժողովուրդ» իմաստով։
Գրկ․ Մանանղյան Հ․, Ֆեոդալիզմը հին Հայաստանում, Երկ․, հ․ 4, Ե․, 1981։ Հակոբյան Ս․, Հայ գյուղացիության պատմություն, հ․ 1, Ե․, 1957։ Հ․ Մարգարյան
ՌԱՄԻՇՎԻԼԻ Նինո Շալվայի (ծն․ 1910), բալետի վրացի սովետական արտիստուհի, բալետմայստեր։ ՍՍՀՄ ժող․ արտիստուհի (1963)։ 1922-27-ին սովորել է Թիֆլիսի օպերայի և բալետի թատրոնին կից բալետային ստուդիայում, ապա աշխատել նույն թատրոնի կորդեբալետում։ 1936–45-ին եղել է վրաց․ ֆիլհարմոնիայի ժող․ պարի անսամբլի առաջատար պարուհի, 1945-ից՝ Վրաստանի ժող․ պարի անսամբլի մենապարուհի (մինչև 1972-ը) և գեղարվեստական ղեկավար (ամուսնու՝ Ի․ Մուխիշվիչու հետ)։ Ռ․ իր բեմադրություններում հմտորեն օգտագործել է վրաց․ պարային ֆոլկլորը։ Անսամբլի հետ շրջել է Հունգարիայում, Ավստրիայում, ԱՄՆ–ում և այլուր։ Հյուրախաղերով հանդես է եկել նաև Երևանում (1968, 1974)։ ՍՍՀՄ (1949), Վրաց․ ՍՍՀ Շոթա Ռուսթավելու անվ․ (1974) պետ․ մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Գ․ Ստեփանյան
ՌԱՄԻՍ, Ռամիք, գյուղ պատմական Գողթն գավառում (այժմ՝ Նախիջևանի ԻՍՍՀ Օրդուբադի շրջանում)։ Գտնվում է Ցղնայի ձորի ամենավերին հատվածում, Զանգեզուրի լեռնաշղթայի բարձրադիր վայրում։ Միջնադարում ունեցել է մի քանի հզ․ հայ բնակիչ։ 1979-ին Ռ–ում բնակվել է 7 տուն հայ։ Ռ–ում և նրա շրջակայքում պահպանվել են մի քանի մատուռի, վանքի, բերդերի, ջրաղացների, գերեզմանատների ևն ավերակներ։ Ամենանշանավոր հուշարձանը Ս․ Աստվածածին եկեղեցին է, որը կանգուն վիճակում պահպանվել է գյուղի բարձրադիր թաղամասում։ Սրբատաշ բազալտով և գրանիտով կառուցված եկեղեցին ունի քառամույթ եռանավ բազիլիկի հորինվածք։ Մուտքերը երկուսն են՝ արմ–ից և հվ–ից, որոնք ունեն քանդակազարդ կամարներ և պատկերաքանդակ ներ։ Մույթերը խաչաձև են, ավանդատները՝ երկհարկանի ու թաքստոցներով։ Ներսում պահպանվել են XVIII–XIX դդ․ որմնանկարների հետքեր։ Ս․ Աստվածածին եկեղեցում և նրա շուրջը գտնվող շինություններում պահպանված զանազան մնացորդներ վկայում են, որ եկեղեցին կառուցվել է հեթանոսական պաշտամունքային շինության տեղում։ 1677–78-ին ռամիսցիներ մահտեսի Վարդանի, Նավասարդի, Ավետիսի և Անուշի միջոցներով եկեղեցին վերանորոգել է ուստա Մուրադ ճարտարապետը։ Ռ–ից 4 կմ ձորն ի վար՝ դեպի Ցղնա, Ս․ Սարգիս վանքի միանավ եկեղեցու ավերակներն են։
Գրկ․ Այվազյան Ա․, Ռամիսի եռանավբազիլիկան և նրա վիմագրերը, «ՊԲՀ», 1979, № 3։ Айвазян А․, Памятники армянской архитектуры Нахичеванской АССР, Е․, 1981․ Ա․ Այվազյան
ՌԱՄԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, 1․ բարբառաբանություն, որևէ բարբառի հատուկ, ոչ գրական բառ կամ արտահայտություն, որ գործածվում է իբրև ոճավորման կամ անհատականացման միջոց․ «– իդա յոնջենլե մեր է։ Վարկայության նախագահ բերեց հերու։ Անուշ բուս է։ Ինա կուտ (ցորեն) լե մեր է․․․։ – Մըր բախտ կապած ենք գդալ ջրի․․․։ էհ, հացի տեղ արուն շատ կերանք։ Հիմա որ սերմ թալինք, սերմ վերունք, էլի գոհություն» (Ա․ Բակունց)։ Բարբառաբանությունները որպես այդպիսիք են դիտվում միայն գրական խոսքում։ Ամբողջովին բարբառով կառուցված խոսքում բարբառային բառերը բարբառաբանությունն եր չեն։ 2․ Ընդհանրապես բարբառային բառ, որևէ բարբառի պատկանող բառ, բարբառային բառապաշար (տես նաև Գավառաբանություն)։ Ֆ․ Խլղաթյան
ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՌԱԿ), հայ լիբերալ–բուրժ․ կուսակցություն։ Հիմնադրվել է 1921-ի հոկտ․ 1-ին, Կ․ Պոլսում, Սահմանադիր Ռամկավար կուսակցության, Ազատական (վերակազմյալ հնչակյաններ) կուսակցու թյան ներկայացուցիչների և Հայ ժողովրդական կուսակցության սփյուռքում գտնվող անդամների կողմից։ ՌԱԿ–ի պատմագիրները հայ իրականության բոլոր լիբերալ–բուրժ․ կուսակցությունները ներառնում են իրենց կուսակցության պատմության մեջ, որը բաժանում են հետևյալ հիմնական փուլերի․ Արմենականների կուսակցություն, Վերակազմյալ հնչակյան կուսակցություն, Սահմանադիր Ռամկավար կուսակցություն և Հայ ժողովրդական կուսակցություն։ Սակայն տարբեր ժամանակ և տարբեր վայրերում ստեղծված հայ լիբերալ-բուրժուազիայի կուսակցությունները չի կարելի նույնացնել ՌԱԿ–ի հետ։ Դրանց պատմությունը կարող է համարվել լոկ ՌԱԿ–ի նախապատմություն։
ՌԱԿ–ի ծրագրած պետությունը բուրժուա–դեմոկրատական է՝ հիմնված մասնավոր սեփականության և անձնական ձեռներեցության վրա։ Պատմ․ բարդ պայմանների թելադրանքով, նրանք հարկադրված էին իրենց ծրագրում նախատեսել մասամբ հայ ազատագր․ պայքարից ժառանգած, մասամբ էլ՝ մարդկության զարգացման արդի փուլի հրատապ հարցերի հետ առնչվող խնդիրներ։ Հայկ․ հարցի լուծման և Սովետական Հայաստանի պետականության զարգացման ու հզորացման երաշխիքը նրանք տեսնում են սոցիալիզմի ու դեմոկրատիայի ուժերի հաղթանակի մեջ։ Դա օբյեկտիվորեն պայմանավորում է ՌԱԿ–ի տեղը սփյուռքահայ առաջադիմական ուժերի միասնական ճակատում։ ՌԱԿ–ի առաջին համագումարներում մշակված քաղ․ գծի հիմնական սկզբունքներից են՝ Սովետական Հայաստանի զարգացմանը, բարգավաճմանն ու առաջադիմությանը աջակցելը, Թուրքիայի տիրապետության ներքո գտնվող Արևմտյան Հայաստանի ազատագրումն ու միավորումը ՀՍՍՀ–ին, սփյուռքահայությանը ձուլումից փրկելու և ավելի կենսունակ դարձնելու համար պայքարը։ Արևմտյան պետությունների սին խոստումներից հուսախաբված ռամկավարները, տեսնելով Սովետական Հայաստանի աննախընթաց վերելքը, գտնում են, որ հայ ժողովրդի ապագան կապված է Սովետական Միության հետ։ ՌԱԿ–ի 8-րդ համագումարի (1947) ընդունած «Հայտարարության» «Մեր ընկերային դավանանքը» բաժնում նշված է, որ կուսակցությունը հավատարիմ է մնում իր բուրժ․ տեսաբանությանը և իդեալներին, որը «սակայն պատճառ մը չէ, որ Ռամկավար Ազատականը կորսնցնե իր իրատեսությունը և պայքարի ելլե բոլոր անոնց դեմ, որոնք կը դավանին ընկերային, տնտեսական և քաղաքական տարբեր վարդապետություններ»։ Ելնելով դրանից՝ ՌԱԿ ամենուրեք պրոպագանդում է խաղաղ գոյակցության գաղափարը, պաշտպանում գաղութային ժողովուրդների ազգային–ազատագրական պայքարը, դրվատում Սովետական Միությանը։ Դրա հետ մեկտեղ ռամկավարները գտնում են, որ սփյուռքահայությունը և նրա քաղ․ կազմակերպությունները չպետք է մասնակցեն հյուրընկալող երկրների դասակարգային պայքարին, չխառնվեն նրանց ներքին քաղ․ կյանքին։ Սփյուռքահայ քաղ․ կյանքում ՌԱԿ հանդես է գալիս առաջադիմական ուժերի ճակատում։ Դեռևս 1926-ին Փարիզում տեղի ունեցած համագումարում, նկատի ունենալով հնչակյանների և ռամկավար ների քաղաքականության ընդհանուր խնդիրների առկայությունը, ՌԱԿ որոշեց համագործակցել նրանց հետ։ Շատ հարցերում գործակցում է նաև հայ կոմունիստներին, անզիջում պայքար մղում դաշնակցության դեմ։ Սփյուռքահայ իրականության մեջ հասարակական–քաղ․ ակտիվ գործունեություն ծա վալա ծ ռամկավարների նախաձեռնությամբ ծնունդ են առել մեծ թվով մշակութային կենտրոններ։ ՌԱԿ–ի գործունեության ոլորտում է գտնվում Հայկ․ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)՝ իր կրթական, մարզական և մշակութային հաստատություններով։ Մեծ է նրա դերը ինչպես Սովետական Հայաստանի նվաճումների պրոպագանդման, այնպես էլ ներգաղթի կազմակերպման գործում։ ՌԱԿ կազմակերպություններ ունի՛ ԱՄՆ–ում, Լիբանանում, Ֆրանսիայում, Եգիպտոսում և այլուր։ Կուսակցության կենտրոնական օրգաններն են «Զարթոնք»-ը (Բեյրութ), «Նոր օր»-ը (Ֆրեզնո), «Պայքար»-ը (Բոստոն)։