Էջ:Վահան Թոթովենց, Երկեր (Vahan Totovents, Works).djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնպիսի տպավորիչ գծերով, որ ընդմիշտ մնում են ընթերցողի հիշողության մեջ։

Գրքի հենց առաջին տողերից, հենց առաջին էպիզոդից, երբ հայրը իր համար դագաղ է պատվիրում ուստա Մարգարին՝ ընթերցողի առջև իր ամբողջ ինքնատիպությամբ կանգնում է խստաբարո, բծախնդիր, անկոտրում կամքի տեր հաջի էֆենդին։

«Ես կարծում եմ, որ աշխարհում եղել են երկու քրիստոնյա։ Մեկը ինքը՝ Քրիստոսը, հրեա, իսկ մյուսը՝ մայրս, հայ»։ Եվ ահա Քրիստոսից հետո առաջին ու միակ քրիստոնյա այդ մայրը մեր առջև պատկերանում է իբրև մարմնացյալ խոնարհություն, իր ամբողջ վարքով ու բարքով։

Թոթովենցը շեշտված համակրանքով ու ջերմությամբ է գրում հասարակության խոնարհ ու ճնշված խավերի մասին։ Նա ոչ միայն տեսնում է ազգային ճնշումն ու սուլթանական կառավարության հակամարդկային քաղաքականությունը տիրապետված ժողովուրդների նկատմամբ, այլև սոցիալական ներհակությունները հայ հասարակության ներսում։ Նա համակրական ու հուզիչ տողերով է նկարագրում հենց իր հոր՝ հաջի էֆենդու ագարակում աշխատող հայ մշակներին։

Թոթովենցի տեսողությունից չեն վրիպում ամերիկյան միսիոներների, գերման բողոքականների, քրիստոնյաների մեջ քրիստոնեություն տարածող այդ տարտյուֆների շահատակությունները և նրանց ցանցն ընկած ողորմելիների հոգեկան աշխարհի դատարկությունը, գավառական ջոջերի, ազգային հոգաբարձուների կամայականությունները։

Ցայտուն շտրիխներով են տրված կիսաֆեոդալական երկրի հասարակական տարբեր խավերի հարաբերությունները, ողբերգություններով հագեցված բարքերը։ Անմոռանալի և ցնցող մի դրամա է Վահրամ և Հրաչ եղբայրների սիրո արյունոտ պատմությունը, Վերոնիկայի եղերական վախճանը։ Մի ամբողջական ու տպավորիչ նովել է ուղտի համառության զարմանալի տեսարանի նկարագրությունը։ Ընդմիշտ մնում են ընթերցողի հիշողության մեջ «աղվնիկ խաղցնող Ակոբն» իր անմեղ կրքով ու ողբերգությամբ, քստմնեցուցիչ զբաղմունքի տեր՝ «գյոռ բաց անող» դիակապուտ Մանուկ փեսան, Ամերիկայից եկած «էշ Օհաննեսն» անգլերեն խոսելու իր ծամածռություններով։ Քյուլխան թեյի,— մոխրակույտի իշխան Ալու բարձրանալը սոցիալական կեցության աստիճաններով՝ մի հոյակապ պատկեր է այնքան հատկանշական Թուրքիայի միջնադարյան հետամնացության համար։

Վահան Թոթովենցը գույներ չի խնայել՝ տալու հայրենի բնաշխարհի հոգեպարար գեղեցկությունները, սիրով ու խանդաղատանքով է պատկերել իր մանկության տարիների շրջապատը, սիրած մարդկանց դիմաստվերները, անցյալի անմոռաց հիշատակները... Թեպետև նա նույնպիսի վարպետությամբ տվել է այդ անցյալի նաև բացասական երևույթներից ու եղելություններից մի ամբողջ շարք դրվագներ, սակայն այդ բոլորի վրա նետել է մի ինչ-որ ռոմանտիկական շղարշ, որոշ չափով մեղանչել է ռեալիզմի սկզբունքների